Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 4)
Առնվազն ի՞նչ մարդկայնություն պետք է ունենա անձը, որպեսզի Սուրբ Հոգին օգտագործի նրան։ Առնվազն պետք է ունենա խիղճ և ողջամտություն։ Եթե զուրկ է խղճից և ողջամտությունից, դա խնդիր է, այսինքն՝ կմեծարի միայն իրեն, այլ ոչ թե Աստծուն։ Մի՞թե սա չի խանգարում Աստծու գործին։ Անկախ նրանից, թե ինչ ապականված խառնվածք ունի, պետք է առնվազն ունենա խիղճ, ողջամտություն և որոշակի որակ, որպեսզի, երբ Սուրբ Հոգին լուսավորություն բերի նրան, կարողանա հասկանալ, իսկ հասկանալուն պես կարողանա անմիջապես ընդունել ու հնազանդվել։ Միայն նման մարդիկ են որակավորված Աստծու կողմից օգտագործվելու համար։ Եթե մարդը գիտի և հասկանում է, որ ինչ-որ բան Սուրբ Հոգու գործն է, սակայն միտումնավոր ըմբոստանում է դրա դեմ և մերժում այն, ապա այդ մարդը կորցնում է Սուրբ Հոգու կողմից օգտագործվելու իր որակավորումը։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Ինչո՞ւ Սուրբ Հոգին չի կարող գործել շատ մարդկանց մեջ։ Հիմնական խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում ընդունել ճշմարտությունը։ Նույնիսկ երբ Սուրբ Հոգին լուսավորություն է բերում նրանց, և հասկանում են ճշմարտությունը, չեն ընդունում կամ կիրառում այն։ Սուրբ Հոգին տեսնում է դա և մտածում․ «Ես լուսավորություն եմ բերել և լուսավորել քեզ, բայց դու ոչ կիրառեցիր այն, ինչ հասկացել էիր, ոչ էլ անգամ ընդունեցիր այն։ Այսպիսով, Ես այլևս չեմ կարող լուսավորություն բերել քեզ։ Անօգուտ և ապարդյուն է քեզ լուսավորություն բերելը»։ Եվ այսպես, Աստված հրաժարվում է նման մարդկանցից։ Սակայն, երբ աղոթում են, նրանց խոսքերը հաճելի են հնչում․ «Ո՜վ Աստված, խնդրում եմ, լուսավորություն բեր և լուսավորիր ինձ, ես հաստատապես կկիրառեմ ճշմարտությունը»։ Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին սա լսելիս․ «Խոսքերդ հաճելի են հնչում, բայց քանի՞ անգամ եմ Ես լուսավորություն բերել քեզ, սակայն դեռ չես կիրառում։ Կեղծավոր և ստախոս ես»։ Տեսնո՞ւմ ես, ահա թե երբ են գործերը վատանում։ Եթե Սուրբ Հոգին ատի քեզ, Նա այլևս չի գործի քո մեջ։ Հետևաբար, արդյոք մարդը կարո՞ղ է օգտագործվել Աստծու կողմից, կախված է հիմնականում նրանից, թե արդյոք ունի՞ խիղճ ու ողջամտություն, և արդյոք կարո՞ղ է ընդունել ճշմարտությունը։ Երբ Սուրբ Հոգին խրատում և կարգավարժում է քեզ, եթե խիղճդ կարողանում է զգալ դա ու գործել, և կարող ես աղոթել Աստծուն ու ապաշխարել, Աստված կասի․ «Կարող ես ընդունել ճշմարտությունը և հնազանդվել Ինձ։ Ունես մարդկայնություն, և Ես կշարունակեմ գործել քո մեջ»։ Եթե չկարողանաս անել սա, Աստված միջոց չի ունենա քո մեջ գործելու կամ քեզ օգտագործելու։ Ավելին, եթե ուզում ես, որ Սուրբ Հոգին օգտագործի քեզ, կա ևս մեկ ամենահիմնարար պահանջ․ պետք է սիրտդ համահունչ դարձնես Աստծու սրտի հետ։ Պետք է միշտ մտածես․ «Որո՞նք են Աստծու պահանջները մարդկանց հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ աշխատանքս ավելի լավ և հանգամանորեն կատարել, որպեսզի գոհացնեմ Աստծու սիրտը։ Ինչպե՞ս կարող եմ համագործակցել Աստծու գործի հետ՝ նվազագույն պահանջները բավարարելու և իմ հետևից ոչ մի ափսոսանք չթողնելու համար»։ Պետք է միշտ մտածես այս բաների մասին, կենտրոնանաս Աստծու մտադրություններին համապատասխանելու ու Նրա պահանջները բավարարելու ձգտման վրա և միշտ կրես այս հոգսը սրտումդ։ Եթե այդպես վարվես, հաճախ կունենաս Սուրբ Հոգու գործը և հեռու չես լինի Նրա կողմից օգտագործվելուց։ Շատերը դառնում են բացասական և թույլ, երբ իրենց աշխատանքում թեկուզ մի փոքր դժվարության են հանդիպում, և չեն ցանկանում ձգտել բավարարել Աստծու պահանջները։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ օգտագործվել կամ կատարելագործվել Սուրբ Հոգու կողմից։ (Ո՛չ։) Որքա՞ն դժվար կարող է իրականում լինել ձեզ համար արտասահմանում եկեղեցու աշխատանք կատարելը։ Մի՞թե մայրցամաքային Չինաստանում եկեղեցիներն առաջնորդելու հետ կապված դժվարությունն ավելի մեծ չէ, քան արտասահմանում եկեղեցու աշխատանք կատարելը։ Դժվարությունը մայրցամաքային Չինաստանում մի քանի անգամ ավելի մեծ է։ Արտասահմանում աշխատելու հետ կապված առանձնապես մեծ դժվարություն չկա։ Հիմնական խնդիրներն առաջանում են ընտանեկան խճճված իրավիճակներից։ Օրինակ՝ որոշ մարդիկ տանը ունեն ֆինանսական դժվարություններ, ուստի նախ պետք է ապահովեն իրենց ընտանիքի ապրուստը, նախքան կկարողանան մի փոքր կատարել իրենց պարտավորությունը։ Մյուսները կաշկանդված են իրենց պարտավորության մեջ՝ հայրենիքում անհավատ ամուսնու կամ կնոջ կողմից հալածանքների և խոչընդոտների պատճառով։ Արտասահմանում Աստծու ընտրյալ մարդկանց համար մի՞թե միայն սրանք են այն դժվարությունները, որոնց բախվում են իրենց պարտավորության մեջ։ Բայց սրանք դժվարություններ են, որոնք ընդհանուր են ողջ ապականված մարդկության համար։ Մի՞թե Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ նույնպես չեն բախվում նման դժվարությունների։ Ավելին, Չինաստանում եկեղեցու աշխատանք կատարել նշանակում է բախվել ՉԿԿ-ի կատաղի ճնշումներին, ձերբակալություններին և դաժան հալածանքներին։ Դու չես կարող այնտեղ եկեղեցու աշխատանք կատարել, եթե վախկոտ ես կամ զուրկ իմաստությունից կամ զգուշությունից։ Միշտ ստիպված ես կատարել աշխատանքը՝ վտանգելով կյանքդ։ Սա ամենամեծ դժվարությունն է։ Արդյոք հե՞շտ է բախվել այս դժվարությանը։ (Ո՛չ, հեշտ չէ։) Բայց Չինաստանում Աստծու ընտրյալ մարդկանց մեծ մասը կարող է հաստատակամորեն կատարել իր պարտավորությունները և փորձառաբար ապրել Աստծու գործը նման դաժան միջավայրում։ Ասացե՛ք ինձ, եթե կարող են դիմանալ մինչև վերջ և հետևել Աստծուն մինչև ճանապարհի ավարտը, մի՞թե սա վկայություն չէ։ (Այդպե՛ս է։) Աշխարհի այլ երկրներում կան եղբայրներ և քույրեր, որոնք դառնում են բացասական ու թույլ իրենց պարտավորության վրա մի փոքր ժամանակ ծախսելուց հետո։ Երբ նրանց անհավատ ամուսինը կամ կինը խոչընդոտում է նրանց պարտավորության կատարմանը, կրկին դառնում են բացասական ու թույլ։ Նման հասակով եթե հավատայիր Աստծուն մայրցամաքային Չինաստանում, խնդիրներ կունենայիր և անկարող կլինեիր ընդունել Աստծու հանձնարարությունը։ Կրոնական աշխարհում կա մի օրհներգ, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Ո՜վ Տեր Հիսուս, խնդրում եմ, ուղարկի՛ր ինձ։ Ահա այստեղ եմ։ Պատրաստ եմ աշխատել Քեզ համար, քարոզել ավետարանը և իրագործել Քո կամքը»։ Կա՞ արդյոք նման օրհներգ։ (Կա՛։) Կրոնական մարդիկ միշտ խնդրում են Աստծուն ուղարկել իրենց, բայց ինչպիսի՞ մարդու է Աստված ուղարկում։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի մարդը, որպեսզի արժանի լինի Աստծու կողմից ուղարկվելուն։ Արդյոք կրոնական մարդիկ հասկանո՞ւմ են այս բաները։ (Ո՛չ։) Երբ ասում են․ «Ո՜վ Աստված, խնդրում եմ, ուղարկի՛ր ինձ։ Ահա այստեղ եմ», ի՞նչ նկատի ունեն դրանով։ Նրանք ասում են Աստծուն․ «Ո՜վ Աստված, Թայվանում եմ, Ամերիկայում եմ, Մեծ Բրիտանիայում եմ, չմոռանաս ուղարկել ինձ»։ Մի՞թե Աստված չգիտի, թե որտեղ ես։ Աստված քաջատեղյակ է դրանից, և Նա կարիք չունի, որ հիշեցնես Իրեն։ Քանի որ Աստծու կողմից չես ուղարկվել, ինչո՞ւ չես հարցնում ինքդ քեզ։ «Կարո՞ղ եմ արդյոք հետևել Աստծու ճանապարհին։ Կարո՞ղ եմ արդյոք քարոզել ավետարանը և ձեռք բերել մարդկանց։ Կարո՞ղ եմ արդյոք ուսերիս վերցնել այն աշխատանքը, որն Աստված հանձնարարել է ինձ, առանց կաշկանդվելու որևէ մարդուց, իրադարձությունից կամ իրողությունից։ Որքա՞ն ճշմարտություն և ի՞նչ հասակ պետք է ունենամ, որպեսզի արժանի լինեմ Աստծու կողմից ուղարկվելուն աշխատանքը կատարելու համար»։ Երբևէ մտածե՞լ ես այս հարցերի շուրջ։ Եթե Աստված քեզ հանձնարարի որևէ պարտավորություն, կարո՞ղ ես արդյոք տոկալ յուրաքանչյուր անհաջողությանը։ Կարո՞ղ ես արդյոք հասնել այն կետին, երբ չես հրաժարվի պարտավորությունիցդ, անկախ այն բանից, թե ինչպիսի հալածանքի և նեղության կբախվես։ Արդյոք ունե՞ս այդ հավատքը։ Ուր էլ որ գնաս՝ պարտավորությունդ կատարելու, եթե տեսնես, որ կենցաղային պայմաններն այնքան լավը չեն, որքան քո տանը, վիրավորված ես զգում և ուզում ես տուն գնալ։ Երբ գնում ես ավետարանը քարոզելու և զգում, որ պատին ես բախվում կամ սայթաքում, մտածում ես, որ ավետարանը քարոզելը հեշտ չէ, և դարձյալ ուզում ես տուն գնալ։ Նման հասակով՝ կարո՞ղ է արդյոք Աստված ուղարկել քեզ աշխատանքը կատարելու։ Արժանի՞ ես արդյոք։ (Ո՛չ։) Խնդրում ես Աստծուն ուղարկել քեզ, բայց արդյոք զինե՞լ ես քեզ ճշմարտությամբ։ Արդյոք քո հասակն աճե՞լ է։ Կարո՞ղ ես արդյոք մերժել Սատանայի մոլորությունները։ Կարո՞ղ ես արդյոք հստակ վկայություն կրել Աստծու գործի մասին։ (Ո՛չ։) Չես կարող անել այս բաներից և ոչ մեկը, սակայն դեռևս խնդրում ես Աստծուն ուղարկել քեզ։ Արժանի՞ ես արդյոք սրան։ Մի՞թե սա պարզապես երեխայի մեծախոսություն չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն ինչո՞ւ են կրոնական մարդիկ միշտ իրենց պահում երեխաների պես, ովքեր մեծ-մեծ են խոսում։ (Չեն ճանաչում իրենք իրենց և ողջամտություն չունեն։) Չեն ճանաչում իրենց չափը և ինքնագիտակցություն չունեն։ Արդյոք չափազանցնո՞ւմ ենք՝ ասելով սա նրանց մասին։ (Ո՛չ։) Այդ դեպքում, եթե իսկապես ունես սիրտ՝ Աստծու համար ծախսվելու համար, ապա ի՞նչ պետք է նախապատրաստես։ (Պետք է զինենք մեզ ճշմարտությամբ։) Նաև պետք է ունենաս տառապելու կամք։ Ընդունելի չէ նահանջել, երբ դժվարությունների ես բախվում։ Անկախ նրանից, թե որքան մեծ է այն դժվարությունը, որին բախվում ես, պետք է ամբողջությամբ նվիրվես քո պարտավորությանը և անձնվիրաբար ծառայես մինչև մահ՝ Աստծու հանձնարարությունն ավարտելու համար։ Եթե չունես աննկուն ոգի և շարունակում ես ցանկանալ ուղարկվել Աստծու կողմից, ապա երազկոտ հիմար ես։ ՉԿԿ-ի կողմից ձերբակալվելուց և մեկ օր խոշտանգվելուց հետո, որոշ մարդիկ ստորագրեցին «Երեք հայտարարությունները»։ Կասեի՞ք արդյոք, որ նման մարդը կարող է ուղարկվել Աստծու կողմից։ (Ո՛չ։) Պետք է վճռականություն ունենաս։ Նույնիսկ եթե ՉԿԿ-ի ոստիկանական ուժերը փշրեն քո ոսկորները, միևնույն է, պետք է վկայություն կրես Աստծու համար՝ նախընտրելով մեռնել, քան դավաճանել Նրան։ Առանց այս վճռականության չես կարող անել դա։ Տեսե՞լ եք «Իմ ուշացած վկայությունը» ֆիլմը։ (Այո՛։) Երբ գլխավոր հերոսը ձերբակալվեց երկրորդ անգամ, ինչպե՞ս պատահեց, որ նա ունեցավ համարձակություն մերժելու և հակահարված տալու Սատանային այնպես, ինչպես որ արեց։ (Զինել էր իրեն ճշմարտությամբ և հստակ տեսել էր մահը։ Երբ նրան ձերբակալեցին երկրորդ անգամ, վճռականություն ուներ մեռնելու՝ Աստծու համար իր վկայության մեջ հաստատուն մնալու նպատակով։) Նա անցավ տասը տարվա նախապատրաստություն, և այդ տասը տարիների ընթացքում շարունակաբար մտորում էր և հասկանում, թե որտեղ էր ձախողվել և ինչ ճշմարտություններ էր պակասում իրեն։ Նաև շարունակում էր աղոթել Աստծուն և զինել իրեն ճշմարտությամբ։ Ի վերջո, հստակ տեսավ մահվան հարցը, հասկացավ այն և վճռեց զոհել իր կյանքը՝ Աստծու համար վկայություն կրելու, Նրա սերը հատուցելու համար։ Ահա թե ինչպես համարձակվեց մերժել և հակահարված տալ Սատանային, երբ կրկին ձերբակալվեց։ Սա այն արդյունքն էր, որին նա հասավ տասը տարի իրեն ճշմարտությամբ զինելուց հետո։ Առանց դրա կհամարձակվե՞ր արդյոք ասել այն բաները, որոնք ասաց։ Կունենա՞ր արդյոք այն համարձակությունը, որն ուներ։ (Ո՛չ։) Հետևաբար, եթե ցանկանում ես ուղարկվել Աստծու կողմից ավետարանը քարոզելու համար, պետք է պատշաճ կերպով զինես քեզ ճշմարտությամբ։ Ներկայումս ճշմարտության չափազանց շատ պակաս ունեք և չեք կարող լուծել անգամ ձեր հանդիպած փոքրիկ դժվարությունը։ Երբ հանդիպում եք հակաքրիստոսների և դևերի, որոնք մոլորություններ են տարածում՝ մարդկանց մոլորեցնելու նպատակով, չգիտեք՝ ինչպես մանրամասն վերլուծել կամ հերքել դրանք։ Բացասական քարոզչության մի փոքրիկ կտորը կարող է տապալել քեզ՝ թողնելով անխոս և ստիպելով ընկճված հեռանալ։ Նման հասակով՝ դեռևս համարձակվում ես խնդրել, որ Աստված ուղարկի՞ քեզ։ Իհարկե, լավ է, որ ցանկանում ես ուղարկվել Աստծու կողմից։ Լավ է, որ մարդն ունի նման վճռականություն։ Բայց չունես այն հասակը, որն անհրաժեշտ է աշխատանքն ուսերիդ կրելու համար։ Աստված ցանկանում է օգտագործել ավելի շատ մարդկանց, ովքեր կաշխատեն Իր համար, բայց քանիսն են արդյոք Աստծու համար պիտանի լինելու։ Կարո՞ղ ես արդյոք Աստծու համար պիտանի լինել։ Արդյոք ունե՞ս աննկուն ոգի։ Կարո՞ղ ես արդյոք լքել ամեն ինչ։ Չես կարող լքել անգամ քո կողակցին, ով խոչընդոտում է քո հավատքը։ Ի՞նչ հասակ է դա։ Կարող ես սիրել քո կողակցին, երեխաներին և ծնողներին ողջ կյանքի ընթացքում, բայց պարզապես չես կարող սիրել Աստծուն։ Այդքան ցածր հասակով՝ դեռևս համարձակվում ես խնդրել Աստծուն ուղարկե՞լ քեզ։ Մի՞թե սա ծայրահեղ ամբարտավանություն և տգիտություն չէ։ (Այդպե՛ս է։) Երբ կրոնական մարդիկ երգում են այս օրհներգը, բոլորը ոգևորված են և կարծես մեծ վճռականություն ունեն, բայց արդյոք հասկանո՞ւմ են ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք վկայություն կրել Աստծու համար։ Կարո՞ղ են արդյոք զանազանել Սատանային։ Կարո՞ղ են արդյոք մերժել Սատանայի մոլորությունները։ Կարո՞ղ են արդյոք լուծել մարդկանց պատկերացումներն ու դժվարությունները։ Չեն պատրաստել այս բաներից և ոչ մեկը, և առհասարակ չունեն որևէ հասակ, սակայն անամոթաբար հայտարարում են։ «Ո՜վ Աստված, ահա այստեղ եմ, խնդրում եմ, ուղարկի՛ր ինձ»։ Դու արժանի չես Աստծու կողմից ուղարկվելուն։ Իսկ ի՞նչ կասես կրոնական աշխարհի որոշ այլ օրհներգերի մասին։ «Ո՜վ Աստված, խնդրում եմ, լսի՛ր ձայնս»։ Աստված արտահայտել է այնքան շատ ճշմարտություն, բայց արդյոք լսե՞լ ես։ Ինքդ չես ձգտում լսել Աստծու ձայնը, սակայն խնդրում ես Աստծուն լսել քոնը։ Մի՞թե սա ծայրահեղ անամոթություն չէ։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ կրոնավոր մարդիկ անհեթեթ են։ (Այո՛։) Օրհներգերը, որոնք երգում են կրոնավոր մարդիկ, այն ամենը, ինչ ասում են, նրանց մանտրաները և այն ամենը, ինչից կառչում են, բոլորը անհեթեթ ու ծիծաղելի են, և բնավ գործնական չեն։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ կրոնական աշխարհի մարդիկ ունեն որևէ որակ։ (Ո՛չ։) Նրանք բացարձակապես չունեն որևէ որակ և զուրկ են ճշմարտությունից։ Կոպիտ ասած՝ ոչինչ են։
Արդյոք հաղորդակցությունը, որը հենց նոր ունեցանք, օգտակա՞ր է ձեզ համար ավետարանը քարոզելու և ձեր պարտավորությունը կատարելու գործում։ (Այո՛։) Կարո՞ղ է այն արդյոք լուծել նաև ձեր խնդիրները։ (Այո՛։) Այսպիսով, այս առաջին խնդիրն այս կերպ լուծեցի։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Հիշե՛ք սա։ ավետարանը հավանական ընդունողներին մերձենալու հիմնական ճանապարհն ի սրտե խոսելն է, բոլորին հուզող թեմաներ քննարկելը և նրանց մտահոգող հարցերը լուծելու համար ճշմարտությունն օգտագործելը։ Եթե այս կերպ կիրառես, մարդիկ պատրաստակամորեն կշփվեն քեզ հետ, կխոսեն և կհաղորդակցվեն քեզ հետ։ Հասկանո՞ւմ ես։ (Այո՛։) Գուցե հասկանաս կիրառման այս սկզբունքը, բայց արդյոք այն կաշխատի՞, եթե չափազանց քիչ ճշմարտություն ես հասկանում։ (Ո՛չ։) Միևնույն է, պետք է քեզ ճշմարտությամբ զինես՝ նախքան կկարողանաս այն գործնականում կիրառել։ Եթե չզինես քեզ ճշմարտությամբ, ապա միայն կիրառման այս սկզբունքն ու ուղին իմանալն իզուր է, և դու չես կարողանա քայլել այս ճանապարհով։
Հարց 2․ Վերջերս որոշ երկրներում ավետարանի տարածումը դանդաղել է։ Սիրտս շատ ծանրացած է, կարծես չեմ կարողանում ուսերիս վերցնել Աստծու հանձնարարությունը։ Ինչպե՞ս պետք է ճիշտ մոտենամ այն դժվարություններին, որոնք ունենում եմ իմ պարտավորության մեջ, որպեսզի կարողանամ դիմանալ՝ առանց բացասական և թույլ դառնալու։ Ինչպե՞ս կարող եմ գտնել գործնական և արդյունավետ ճանապարհ՝ ավետարանի աշխատանքի արդյունքները բարելավելու համար։
Պատասխան․ Սա լավ հարց է, և իրականում՝ նաև շատ պարզ։ Ո՞րն է ավետարանը քարոզելու գործում արդյունքի հասնելու բանալին։ Քանի դեռ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, կարող են քարոզել ավետարանը և վկայել Աստծու գործի մասին։ Առանց ճշմարտությունը հասկանալու չեն կարող քարոզել ավետարանը։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն խնդրի արմատը գտնված է։ մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը։ Եթե ցանկանում ես լուծել այս խնդիրը, պետք է օգնես մարդկանց հասկանալ ճշմարտությունը։ Պետք է ավելի շատ հաղորդակցվես եղբայրների և քույրերի հետ ավետարանը քարոզելու ճշմարտությունների մասին։ Հաղորդակցվի՛ր ավետարանը քարոզելու ճշմարտությունների մասին ձեր այսօրվա հավաքույթի ժամանակ և վաղը նորից հաղորդակցվի՛ր դրանց մասին։ Պետք է հստակորեն հաղորդակցվես այն պատկերացումների և խնդիրների մասին, որոնք կրոնավոր մարդիկ նրանց առաջ կքաշեն ավետարանը քարոզելիս, իսկ հետո պետք է հաղորդակցվես այն մասին, թե ինչպես վկայել Աստծու գործի մասին։ Հստակ բացատրի՛ր, թե ինչպես հաղորդակցվել ճշմարտության հիմնական կողմերի մասին, ինչպիսիք են դատաստանի գործը և մարմնացումը։ Այնուհետև ամեն օր կրթի՛ր եղբայրներին և քույրերին՝ կիրառման հնարավորություն տալով․ թող մեկը հարցեր տա, իսկ մյուսը՝ պատասխանի։ Երբ բոլորը կարողանան հեշտությամբ պատասխանել այս հարցերին, կարող են գնալ և կիրառել ավետարանը քարոզելը։ Գիտե՞ք արդյոք, թե ինչպես այս կերպ կրթել նրանց։ (Այո՛։) Սա ճիշտ նման է զինվորներ կրթելուն։ նորակոչիկներին պետք է սովորեցնել, թե ինչի կհանդիպեն մարտում, և ինչ մեթոդներ պետք է օգտագործեն հաղթելու համար։ Ահա թե ինչպես կարող ես կրթել նրանց։ Եթե չկրթես և պարզապես ասես․ «Գնացե՛ք, ավետարան քարոզեք և եղե՛ք եռանդուն։ Պետք է նվիրված լինենք Աստծու համար ծախսվելուն», որևէ արդյունքի չես հասնի։ Նրանք կասեն․ «Ճշմարտություն չունեմ, ուստի չգիտեմ ինչպես հաղորդակցվել։ Երբ մարդիկ հարցեր են տալիս, գաղափար չունեմ՝ ինչպես պատասխանել նրանց։ Ահա թե ինչու ոչ մի արդյունք չեմ ունենում՝ անկախ նրանից, թե ինչպես եմ քարոզում ավետարանը»։ Արդյոք հե՞շտ է լուծել այս հարցը։ Պետք է հավաքեք կրոնական աշխարհից այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնալ ավետարանը քարոզելու ընթացքում։ Իրականում, այդպիսի խնդիրները տասը կամ քսանից ավել չեն։ Եվ կա միայն մոտ տասը կամ քսան ճշմարտություն՝ կապված Աստծու գործի վկայության հետ։ Եթե այս ամենի մասին հաղորդակցվեք եղբայրների և քույրերի հետ այնքան ժամանակ, մինչև հասկանան ու կարողանան հաղորդակցվել դրանց մասին, ապա կարող են գնալ և քարոզել ավետարանը։ Ընթացքում գուցե հանդիպեն մի քանի հատուկ խնդիրների, որոնք դեռ չեն հասկացել կամ որոնց պատրաստ չէին։ Այդ դեպքում կարող են սովորել և ընթացքում իրենց զինել ճշմարտությամբ, իսկ հետո շարունակել քարոզելը, երբ պատրաստ լինեն։ Եթե այս կերպ կրթես եղբայրներին և քույրերին, ապա աստիճանաբար կկարողանան լուծել կրոնական մարդկանց խնդիրների մեծ մասը։ Չլուծված խնդիրների քանակի նվազմանը զուգընթաց, ավետարանը քարոզելու արդյունքները գնալով կլավանան։ Մի՞թե այս ամենին չեն հասնում՝ ճշմարտությունը փնտրելով և խնդիրները լուծելու համար ճշմարտությունն օգտագործելով։ Դա նման է նրան, երբ առաջին անգամ փորձում ես կողակից գտնել։ Սկզբում փորձ չունես և չգիտես՝ ինչպես շփվել հավանական կողակիցների հետ, ուստի մի քանի անգամ ձախողվում ես։ Հետագայում, որոշ բաներ սովորելուց և քո խոսելու հմտությունները վարժելուց հետո, դառնում ես ավելի պերճախոս։ Մյուս անձը տեսնում է, որ որոշակի տաղանդ ունես և համակրում է քեզ։ Եթե այնուհետև ասես ևս մի քանի բան, որը նա հաճույքով կլսի, կսկսի համակրել քեզ և կցանկանա ամուսնանալ քեզ հետ։ Ավետարանը քարոզելը նման է կողակից գտնելուն։ Եթե իսկապես ունես ճշմարտությունը, կարող ես գրավել ավետարանը հավանական ընդունողներին՝ պարզապես նրանց հետ անկաշկանդ զրուցելով։ Կարող ես ասել․ «Գիտե՞ս, թե ինչպես հավատալ Տիրոջը, որպեսզի կարողանաս դիմավորել Նրան»։ Գուցե ասեն․ «Մեր պաստորն ասաց մեզ, որ հավատարիմ մնանք մեր հավատալիքներին, որտեղ էլ որ լինենք։ Քանի դեռ արթուն ենք, սպասում ենք և ամեն օր շատ աղոթում, Աստված չի լքի մեզ»։ Կարող ես հարցնել նրանց․ «Արդյոք ձեր պաստորի ասածը ճշմարիտ է»։ Կասեն․ «Ինչպե՞ս կարող է նրա ասածը սխալ լինել»։ Ապա կարող ես ասել նրանց։ «Ի՞նչ ասաց Տեր Հիսուսը։ Տեր Հիսուսի ասածը բավականին տարբերվում է ձեր պաստորի ասածից»։ Ապա գտի՛ր Տեր Հիսուսի խոսքերից մի երկու հատված՝ նրանց համար կարդալու։ Երբ լսեն այս հատվածները, կասեն․ «Օ՜, Տեր Հիսուսի ասածը ճիշտ է։ Մեր պաստորի ասածը չի համապատասխանում Տեր Հիսուսի խոսքերին։ Ուրեմն սա է նշանակում դիմավորել Տիրոջը»։ Այդ ժամանակ կտեսնեն լույսը։ Ուրեմն, արդյոք լա՞վ է մարդկանց հետ այդպես զրուցելը։ (Այո՛։) Եթե դեռևս շատ պատկերացումներ ունեն, կարող ես օգտագործել նրանց պատկերացումները՝ որպես օրինակներ։ Կարող ես ասել․ «Որոշ հավատացյալներ ունեն այս գաղափարը։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ դա ճիշտ է»։ Երբ լսեն սա, կմտածեն․ «Օ՜, ճիշտ այդպես եմ մտածում»։ Այնուհետև կարող ես ասել․ «Գիտե՞ս, թե ինչն է սխալ այս գաղափարի մեջ։ Համապատասխանո՞ւմ է արդյոք Տեր Հիսուսի խոսքերին։ Համապատասխանո՞ւմ է արդյոք ճշմարտությանը»։ Եթե այս մասին հստակորեն հաղորդակցվես նրանց հետ, նրանց խնդիրը կլուծվի, և նույնիսկ գուցե ասեն․ «Ճշմարտության ավելի խորը հասկացողություն ունես։ Իսկապես լավ ես կիրառում Տիրոջ հանդեպ քո հավատքը։ Կհետևեմ քո օրինակին։ Խնդրում եմ, պատմի՛ր ինձ ավելին»։ Մի՞թե սա չէ արդյունքի հասնելու ձևը։ Նախկինում հենց այսպես էի զրուցում Հիսուսին հավատացող մարդկանց հետ, և սկսում էին պատրաստակամորեն լսել իմ հաղորդակցությունը։ Հաշվի առնելով կրոնական մարդկանց փոքր հասակը՝ ասացե՛ք ինձ, արդյոք մեզ համար հե՞շտ է ասել մի քանի բան, ինչը կստիպի նրանց պատրաստակամորեն լսել։ (Այո՛, հեշտ է։) Շատ հեշտ է։ Քո սրտում պետք է իմանաս, որ խեղճ են, ողորմելի և կույր։ Չեն հասկանում ճշմարտությունից ոչ մի մասնիկ, որը հասկանում ես դու։ Նույնիսկ կրոնական աշխարհի պաստորները չեն հասկանում։ Նրանք ոչինչ են և առհասարակ չունեն որևէ ճշմարտություն։ Հենց որ վստահ լինես դրանում, նույնիսկ եթե որոշ մոլորություններ և խեղաթյուրված դատողություններ արտահայտեն, քեզ համար շատ հեշտ կլինի հերքել դրանք։ Եթե որոշակի ճշմարտություն ես հասկանում, կարող ես հերքել նրանց։ Դա այդքան հեշտ է։ Ուստի, պետք է առանձնացնեք այն ճշմարտությունները, որոնց մասին պետք է հաղորդակցվել, և այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն ավետարանը քարոզելու համար, և թող բոլորը զինեն իրենց դրանցով։ Երբ բոլորը երկու կամ երեք ամիս ծախսեն՝ իրենց այս ճշմարտություններով զինելու համար և կարողանան սահուն կերպով պատասխանել այս հարցերին, ապա կարող են գնալ և քարոզել ավետարանը։ Այս կերպ դժվարությունները շատ ավելի քիչ կլինեն։ Եվ հենց որ ձեռք բերեն մեկ կամ երկու մարդու և ճաշակեն հաջողությունը, շատ ավելի լավ կիմանան՝ ինչպես շարունակել ավետարանի քարոզումը։ Եթե ավետարանը քարոզելու ընթացքում նոր խնդիրների հանդիպեն, մի՞թե բոլորը չեն կարող պարզապես փնտրել ճշմարտությունն այդ ժամանակ դրանք լուծելու համար։ Եթե այս կերպ կատարես ավետարանի աշխատանքը, արդյոք դեռևս անհանգստանալու կարիք կունենա՞ս լավ արդյունքներ չունենալու համար։ Հիշի՛ր, անկախ նրանից՝ ավետարանն ես քարոզում, թե եկեղեցու աշխատանքն ես կատարում, եթե ցանկանում ես քո պարտավորությունն արդյունավետ կատարել, պետք է շարունակ զինես քեզ ճշմարտությամբ և փնտրես ճշմարտությունը, և միևնույն ժամանակ՝ ավելի շատ հաղորդակցվես ճշմարտության մասին եղբայրների և քույրերի հետ։ Եթե նրանց հետ մեկ կամ երկու անգամ հաղորդակցվելը բավարար չէ, ապա արա դա ևս մի քանի անգամ։ Օրինակ՝ դիտարկենք ինքն իրեն ճանաչելու ճշմարտության մասին հաղորդակցվելը։ Եթե երկու կամ երեք հավաքույթներից հետո մարդիկ լիովին չեն ընկալում այն, ապա ի՞նչ կլինի, եթե նրանց հետ տասն անգամ հաղորդակցվենք դրա մասին։ Արդյոք դա արդյունավետ կլինի՞։ (Այո՛։) Եթե տասն անգամը բավարար չէ, ապա կհաղորդակցվենք քսան կամ երեսուն անգամ, մինչև, ի վերջո, հասնենք արդյունքին։ Եթե հաղորդակցվեի մարդկանց հետ ինքն իրեն ճանաչելու այս ճշմարտության մասին և ոչ մի արդյունքի չհասնեի, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանեի։ Յուրաքանչյուր մարդու կմատնանշեի այն հատուկ խնդիրները, որոնք պետք է ճանաչեն իրենց մեջ և կտեսնեի՝ արդյոք կկարողանան ճանաչել իրենք իրենց։ Այնուհետև կգտնեի ինքն իրեն ճանաչելու մասին որոշ փորձառական վկայություններ և ֆիլմեր, որպեսզի դրանք դիտելով՝ կարողանային սովորել՝ ինչպես ճանաչել իրենք իրենց։ Շատ մեթոդներ ունեմ մարդկանց օգնել՝ մուտք գործելու ճշմարտության այս կողմի մեջ։ Պարզապես չեմ հավատում, որ այս խնդիրը չի կարող լուծվել։ Արդյոք կարծո՞ւմ ես, որ այս կերպ Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելը միևնույն է որևէ արդյունքի չի հասնի։ (Ո՛չ, այն կհասնի արդյունքների։) Երբ խոսքը վերաբերում է եկեղեցին առաջնորդելուն, բազմաթիվ մեթոդներ ունեմ։ Օրինակ՝ եկեղեցու աշխատանքը լավ կատարելու համար Աստծու խոսքերի գրքերը, օրհներգերի գրքերը, փորձառական վկայությունների գրքերը և ճշմարտության տարբեր ասպեկտների ամփոփումները տպագրել տվեցի, որպեսզի յուրաքանչյուր մարդ ունենա ամեն ինչից մեկ օրինակ։ Նաև ամեն օր ձեզ հետ հավաքույթներ եմ անցկացրել՝ հաղորդակցվելու ճշմարտության մասին։ Եթե կրթեմ ձեզ այսպես, չեմ կարծում, վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում չկարողանամ ձեզ լավ կրթել։ Երբ շրջում էի մայրցամաքային Չինաստանի եկեղեցիներով, յուրաքանչյուր եկեղեցում մնում էի և հավաքույթներ անցկացնում մի քանի ամիս։ Իմ ասածը լսելուց հետո եղբայրներն ու քույրերն ամբողջովին ոգևորվում էին։ Նույնիսկ ամենաանհոգ մարդիկ այրվում էին եռանդով, և բոլորն անհամբեր էին՝ ճշմարտությանը ձգտելու և իրենց պարտավորությունը կատարելու։ Նույնիսկ ամենաբացասական մարդիկ այլևս բացասական չէին և պատրաստակամ էին ծախսվելու Աստծու համար։ Տեսնո՞ւմ ես, երբ նրանց հետ մի քանի ամիս անցկացրի հավաքույթներ, նրանց բոլոր խնդիրները լուծվեցին։ Ուրեմն արդյոք դժվա՞ր է խնդիրները լուծելը։ (Դժվար չէ, եթե հասկանում ենք ճշմարտությունը։) Ճշմարտությանը ձգտելը կարող է լուծել ցանկացած խնդիր։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անես, եթե ավետարանը քարոզելիս արդյունքների չես հասնում։ (Ավելի շատ կիրառել ճշմարտության մասին հաղորդակցվելը։) Աստծու տունն ունի գրքեր, որոնք հատուկ նախատեսված են ավետարանը քարոզելու համար և բացատրում են այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ինչպես լուծել կրոնական մարդկանց պատկերացումներն ու խնդիրները, և ինչպես լուծել բացասական քարոզչության խնդիրները։ Այս խնդիրների պատասխանները բոլորն այս գրքերում են։ Պետք է վերցնեք այս գրքերը և հասնենք նրան, որ բոլորն ամեն օր կարդան դրանք։ Կարդալուց հետո պետք է անգիր անեն դրանք և հարցեր տան միմյանց։ Երբ բոլորը կարողանան հեշտությամբ պատասխանել այս հարցերին, կարող են գնալ և քարոզել ավետարանը։ Պետք է այս կերպ կրթես եղբայրներին և քույրերին ավետարան քարոզելու համար։ Եթե մեկ ամիս այսպես կրթելը բավարար չէ, ապա կրթի՛ր նրանց երկու կամ երեք ամիս, իսկ եթե դա էլ բավարար չէ, կրթի՛ր նրանց վեց ամիս։ Պարզապես չեմ հավատում, որ սա անելով արդյունքների չես հասնի։ Մի՞թե չէիք ասի, որ սա այդպես է։ (Այո՛։)