Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (4)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 1-ը հուլիսի, 2025թ. (Մաս 7)

II. Կյանքի մուտքի վերաբերյալ հարցեր

Հարց 6։ Ինչպե՞ս պետք է կիրառեմ, որպեսզի կարողանամ իսկապես ամեն ինչ լքել՝ Աստծու համար ծախսվելու նպատակով։

Պատասխան։ Ամեն ինչ լքելն ու Աստծու համար ծախսվելն այնպիսի բան չէ, որին կարող ես անմիջապես հասնել։ Ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ չես կարող անմիջապես հասնել դրան։ Նկատի ունեմ, որ երբ նոր ես սկսում ծախսվել Աստծու համար, անհնար է ամեն ինչ թողնել։ Արդեն իսկ բավականին լավ է, եթե կարողանաս լքել մեկ կամ երկու կապվածություն։ Ուրեմն՝ ի՞նչ է ներառում ամեն ինչ լքելը։ Այն ընդգրկում է բաների այնքան լայն շրջանակ։ Եթե լքես քո աշխարհիկ հեռանկարները, կարիերան, համբավն ու շահը, արդյո՞ք դա կհամարվի ամեն ինչ լքել։ (Ո՛չ։) Դա չի համարվում ամեն ինչ լքել։ Ուրեմն, եթե լքես աշխարհիկ կապվածությունները և քո աշխարհիկ հարաբերություններն ընտանիքի, բարեկամների ու ընկերների հետ, արդյո՞ք դա կհամարվի ամեն ինչ լքել։ (Ո՛չ։) Դա նույնպես չի համարվում։ Այսպիսով՝ ի՞նչ է ներառում ամեն ինչ լքելը։ Բացի իմ նշածներից, ուրիշ ի՞նչ պետք է լքես։ Սատանայական փիլիսոփայությունները, կյանքի հանդեպ սատանայական հայացքները, սատանայական արժեքները, աշխարհիկ գիտելիքն ու ուսումը, հետաքրքրություններն ու նախասիրությունները, բոլոր տեսակի տեսություններն ու գաղափարները և տարբեր ազգերի ավանդական մշակույթները՝ այս բոլոր բաները, որոնք Աստծու խոսքերի ճշմարտությունը չեն, պետք է լքել, հրաժարվել և ապստամբել դրանց դեմ։ Միայն այդ ժամանակ կարող ես ասել, որ ամեն ինչ լքել ես։ Դա նշանակում է լքել ամեն ինչ, բացի ճշմարտությունից. այսինքն՝ այն ամենը, ինչն աշխարհիկ է։ Դա ներառում է ծնողներին, կողակցին, երեխաներին, փառքը, շահն ու կարգավիճակը, աշխարհիկ մտքերն ու տեսակետները, գիտելիքն ու ուսումը, ավանդական մշակույթը և անգամ սեփական կյանքը լքելն ու դրանցից հրաժարվելը, և փոխարենը՝ ճշմարտությունն ընդունելն ու Աստծուն հնազանդվելը։ Սա՛ է նշանակում ամեն ինչ լքել։ Ուրեմն՝ ինչպե՞ս կարող ես տնօրինել ամեն ինչ լքելը։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այնպես, որ համապատասխանի սկզբունքներին։ Ոմանք ասում են. «Արդյո՞ք ամեն ինչ լքելը նշանակում է, որ չենք կարող ուտել։ Կամ հագուստ կրել։ Նստել ավտոմեքենա, գնացք կամ ինքնաթիռ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ամեն ինչ լքում ենք միայն այն դեպքում, եթե չենք օգտագործում այս բաները»։ Կա՞ն մարդիկ, որոնք այսպես են ընկալում դա։ Արդյո՞ք այս ընկալումը ճիշտ է։ (Ո՛չ։) Սա անհեթեթ տեսակետ է։ Ամեն ինչ լքելուց հետո արդյո՞ք վակուումի մեջ ես ապրում։ (Ո՛չ։) դու վակուումի մեջ չես ապրում, ապրում ես այս աշխարհում։ Մի՞թե չես ապրում անհավատների կառուցած տներում։ Չե՞ս օգտագործում անհավատների պատրաստած սարքավորումները։ Մի՞թե չես ուտում անհավատների պատրաստած սնունդը։ Այս բոլորը անհրաժեշտ են մարդու բնականոն գոյատևման համար։ Չես կարող լքել դրանք։ Եթե լքեիր այս բաները, ինչպե՞ս կապրեիր։ Չէիր կարողանա գոյատևել։ Այսպիսով՝ ի՞նչ է ենթադրում ամեն ինչ լքելու ճշգրիտ ընկալումը։ Պետք է լքես այն ճանապարհը, որին ձգտում էիր աշխարհում, և պետք է թողնես այն մտքերն ու տեսակետները, որոնք ընդունել էիր աշխարհում, որոնք սնուցում էին քո ջանքերը։ Բացի այդ, պետք է նաև լքես քո աշխարհիկ աշխատանքը, երբ քո փաստացի իրավիճակը պահանջում է դա։ Եթե դու Աստծու կողմից հատուկ կանչված մեկն ես, և Աստծու տունը կարիք ունի, որ լիաժամկետ ծառայես որպես առաջնորդող կամ աշխատող կամ կատարես որոշակի առաջադրանք այս իրավիճակում կարող ես լքել քո աշխատանքը, և Աստծու տունը պատասխանատվություն կկրի քո ապրուստի համար։ Եթե կանչված չես Աստծու տան կողմից, և հատկապես, եթե Աստված քեզ հատուկ չի հրահանգել, ապա առայժմ մի՛ լքիր քո աշխարհիկ աշխատանքը։ Եթե լքես այն, չես կարողանա ապրուստ վաստակել։ Դու պետք է շարունակես սովորականի պես աշխատանքի գնալ, ապահովես, ապրուստ, սնունդ ու հագուստ և ապա կատարես որոշակի պարտականություն՝ քո կարողության չափով։ Դա բավարար է։ Մի՛ ձգտիր կյանքի բարձր չափանիշների կամ շքեղ վերաբերմունք վայելելու։ Մի՛ ձգտիր այս բաներին։ Դրանց ձգտելը մսեղիի վայելքի ձգտելն է, և սա նշանակում է, որ դու ընդհանրապես ոչինչ չես լքել։ Այս աշխարհում մենք պետք է գոհ լինենք, եթե զբաղվում ենք այնպիսի աշխատանքով, որը կարող է ապահովել մեր ապրուստը, թույլ տալ մեզ ունենալ սնունդ ու հագուստ և չմնալ քաղցած կամ մրսած։ Այս կերպ մենք կարող ենք հետևել Աստծուն և բնականոն կերպով կատարել մեր պարտականությունը։ Սա մեր աշխարհիկ աշխատանքները լքելը կիրառելու ճիշտ ձևն է, այնպես չէ՞։ (Այդպես է։) Հետևաբար, մարդիկ պետք է մաքուր ըմբռնում ունենան ամեն ինչ լքելու վերաբերյալ։ Այնպես չէ, որ հենց հավատաս Աստծուն, պետք է լքես քո աշխարհիկ աշխատանքը, քո աշխարհիկ ընտանիքը և քո բոլոր աշխարհիկ հարաբերությունները։ Կիրառման այդ ձևը սխալ է։ Դու պետք է լքես բաները աստիճանաբար՝ համաձայն ճշմարտությունը հասկանալուդ աստիճանի և այն աշխատանքի ծավալի, որ պահանջում է քո պարտականությունը։ Եթե կա որևէ աշխարհիկ բան, որն ազդում է քո պարտականության և ճշմարտությանը ձգտելու վրա, ապա պետք է մտածես այն լքելու և դրանից հրաժարվելու մասին։ Օրինակ՝ եթե գտնես մի զուգընկերոջ, որն ազդում է քո պարտականության վրա, ապա պետք է լքես նրան։ Արդյո՞ք սա կիրառելու ճիշտ ձևն է։ (Այդպես է։) Այո, դա ճիշտ է։ Որպես մեկ այլ օրինակ՝ անհավատ աշխարհի կյանքի որոշ հայացքներ, արժեքներ, մտքեր ու տեսակետներ կաշկանդում են քեզ՝ շատ դժվարացնելով քեզ համար ճշմարտությանը ձգտելն ու այն ընդունելը։ Այս մտքերն ու տեսակետները գալիս են ավանդական մշակույթներից և անհավատ աշխարհի դասագրքերից. դրանք Սատանայից են։ Եթե դրանք ազդում են ճշմարտությանը քո ձգտելու վրա, արդյո՞ք պետք է հրաժարվես դրանցից։ (Այո։) Հետևաբար, ցանկացած բան, որը կարող է ազդել ճշմարտությանը քո ձգտելու, քո պարտականության կամ Աստծուն քո հետևելու վրա, պետք է լքել և դրանից հրաժարվել։ Սա՛ է նշանակում ամեն ինչ լքել։ Արդյո՞ք այս հասկացողությունը ճիշտ է։ (Ճիշտ է։) Բայց նախքան որևէ բան լքելը դու պետք է աղոթես։ Եթե քո միջավայրը թույլ չի տալիս դա, եթե քո աշխարհիկ աշխատանքը լքելը նշանակում է, որ եկամտի աղբյուր չես ունենա և գոյատևելու խնդիրներ կունենաս, ի՞նչ պետք է անես։ Արդյո՞ք պետք է այնուամենայնիվ լքես այն։ Սա կախված է փաստացի իրավիճակից։ Եթե մարդը կարող է և պատրաստակամ է պարտականություն կատարել որոշակի ասպարեզում, և նա նախաձեռնողաբար թողնում է ամեն ինչ՝ Աստծու համար ծախսվելու նպատակով, ապա եկեղեցին պետք է ընդունի նրան և պատասխանատու լինի նրա ապրուստի՝ սննդի, հագուստի, բնակարանի և տրանսպորտի համար։ Նայեք նրանց, ովքեր հիմա լիաժամկետ կատարում են իրենց պարտականությունը. եկեղեցին հիմնականում ապահովում է նրանց ապրուստը։ Եկեղեցին կազմակերպում է նրանց սնունդն ու կացարանը՝ սովորական կենսամակարդակի համաձայն՝ ապահովելով, որ նրանք ունենան սնունդ ու հագուստ և կարողանան նորմալ կատարել իրենց պարտականությունը։ Այդպես չէ՞։ (Այդպես է։) Բայց եթե ինչ-որ մեկը պիտանի չէ պարտականություն կատարելու համար և պարտականություն կատարելիս միշտ առաջացնում է խանգարում ու անհանգստություն, կամ նրա հասակը չափազանց փոքր է պարտականություն կատարելու համար, արդյո՞ք եկեղեցին պետք է պատասխանատու լինի նրա ապրուստի համար, եթե նա թողնի իր աշխատանքը և եկամտի աղբյուր չունենա։ (Ո՛չ։) Ավելի ստույգ՝ ումի՞ց է պահանջվում ամեն ինչ լքել։ Դա պահանջվում է նրանցից, ովքեր կանչված են Աստծու կողմից և կարող են անկեղծորեն ծախսվել Աստծու համար։ Այս մարդիկ պետք է լքեն որոշակի բաներ։ Պատճառն այն է, որ որքան ավելի շատ ճշմարտություններ հասկանաս և որքան ավելի շատ կյանքի մուտք ունենաս, այնքան կկարողանաս հստակ տեսնել, մերժել, ապստամբել դրանց դեմ և լքել այն բաները, որոնք ազդում են ճշմարտությանը քո ձգտելու վրա և հակառակ ու թշնամական են ճշմարտությանը։ Այդ պահից սկսած՝ Աստծու խոսքերի ճշմարտությունը կդառնա քո կյանքը, կյանքի հանդեպ քո հայացքը և քո արժեքները։ Այդ ժամանակ դու կատարելագործված և ձեռք բերված կլինես Աստծու կողմից։ Հետևաբար, ամեն ինչ լքելու ճիշտ կիրառումն այն է, որ քայլ առ քայլ ճշգրտորեն լքես և հրաժարվես բաներից՝ համաձայն ճշմարտությունը հասկանալուդ աստիճանի և քո այժմյան հասակի։ Եթե կուրորեն կիրառես կանոնները և պնդես լքել բաներ, երբ հասակդ ակնհայտորեն չի ներում դա, ի՞նչ կլինի հետևանքը։ Հետագայում կզղջաս և կտրտնջաս Աստծուց։

Դիտարկեք Աստծու ընտրյալ մարդկանց կողմից դրամական նվիրաբերություններ մատուցելու հարցը։ Որո՞նք են Աստծու տան կանոններն այս հարցի վերաբերյալ։ Նրանց, ովքեր հավատում են ընդամենը մեկ կամ երկու տարի, չի թույլատրվում նվիրաբերություններ մատուցել։ Պատճառն այն է, որ նոր հավատացյալները չեն հասկանում ճշմարտությունը և ընծայում են խանդավառությունից դրդված ու հետագայում կարող են զղջալ։ Այս պատճառով Աստծու տունը թույլ չի տալիս նոր հավատացյալներին նվիրաբերություններ մատուցել։ Աստծու տունը պետք է իմանա, թե քանի տարի են Աստծուն հավատացել նրանք, ովքեր ցանկանում են նվիրաբերություն մատուցել։ Եթե հավատում ես ընդամենը մեկ կամ երկու տարի և դեռ չես հասկանում ճշմարտությունը, և նվիրաբերությունը մատուցում ես խանդավառությունից դրդված, ապա Աստծու տունը չի ընդունի այն։ Եթե հավատում ես մեկ կամ երկու տարուց ավելի, հասկանում ես որոշ ճշմարտություններ և զգում ես, որ չափազանց շատ ես վայելել Աստծու սերը և ցանկանում ես որոշակի գումար մատուցել՝ Աստծու տան աշխատանքին նպաստելու համար, կամ նվիրաբերել՝ օգնելու նրանց, ովքեր լիաժամկետ են կատարում իրենց պարտականությունը, և լուծելու նրանց առօրյա կյանքի դժվարությունները, ապա քո մտադրությունը ճիշտ է։ Բայց արդյո՞ք դու աղոթել ես դրա համար։ Քանի՞ անգամ ես աղոթել։ Եթե աղոթել ես երեքից հինգ անգամ կամ ավելի, համոզված ես, որ հոժարակամ ես մատուցում և երբեք չես զղջա, նույնիսկ եթե մի օր ֆինանսական դժվարությունների բախվես. եթե հասել ես այս կետին, կարող ես ընծա մատուցել։ Այսպես է Աստծու տունը վերաբերվում մարդկանց կողմից նվիրաբերություններ մատուցելու հարցին. այսպես է դա կիրառվում։ Այսպիսով՝ եթե հիմա ցանկանում ես լքել քո աշխատանքը, պետք է հստակ իմանաս, թե ինչու ես այն լքում, արդյոք այն լքելուց հետո եկամտի աղբյուր կունենաս, և արդյոք հետագայում կզղջաս։ Եթե չես զղջա, ապա կարող ես լքել քո աշխատանքը։ Նախքան որևէ բան անելը պետք է աղոթես. չես կարող կուրորեն գործել։ Որոշ մարդիկ, երբ տեսնում են լավ որակ ունեցող նոր հավատացյալի, հարցնում են նրան, թե արդյոք լքել է իր աշխատանքը։ Եթե այս մարդը չի լքել այն, քանի որ իր ընտանեկան միջավայրը թույլ չի տալիս, նրանք ասում են. «Դու պետք է լքես այն։ Պետք է ծախսվես Աստծու համար և կատարես քո պարտականությունը։ Պետք է ապստամբես քո ընտանիքի դեմ և Սատանայի դեմ»։ Լա՞վ է արդյոք այսպես ասելը։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Նոր հավատացյալները չեն հասկանում ճշմարտությունը, և նրանց հասակը դեռ շատ փոքր է։ Եթե մենք այսպես հաղորդակցվենք նրանց հետ, նրանք գուցե լքեն իրենց աշխատանքը, բայց հավանաբար հետագայում կզղջան։) Ճիշտ է։ Սա պետք է կիրառվի՝ համաձայն մարդու հասակի, ճշմարտությունը հասկանալու նրա աստիճանի և նրա անհատական միջավայրի ու անցյալի։ Չես կարող ստիպել կամ պահանջել մարդկանցից, որ լքեն բաները։ Միայն այս կերպ կիրառելով նրանք հետագայում չեն զղջա, այնպես չէ՞։ (Այո։) Դա նույնն է, ինչ երբ մեկը ցանկանում է գումար մատուցել։ Բացի պարզելուց, թե որքան ժամանակ են նրանք հավատացել Աստծուն և արդյոք հասկանում են ճշմարտությունը, եկեղեցին պետք է նաև պարզի, թե արդյոք գումարն իրենց սեփական վաստակն է, իրենց ընտանիքի գումարը, թե ուրիշներից պարտքով վերցված։ Գումարը, որը մատուցում ես, պետք է լինի այն, ինչ ինքդ ես վաստակել և խնայել։ Նույնիսկ եթե քո անհավատ ընտանիքի անդամներն իմանան, որ նվիրաբերություն ես մատուցել, դա չպետք է խնդիր լինի. չպետք է ընտանեկան վեճեր առաջացնի։ Միայն այդ ժամանակ կարող ես նվիրաբերություն մատուցել։ Եթե գումարը, որ ցանկանում ես մատուցել, անպատշաճ աղբյուրից է կամ պատկանում է ուրիշին, և քո մատուցելը ընտանեկան վեճեր կառաջացնի, արդյո՞ք դա անարգանք չի բերի Աստծուն։ Եկեղեցին չի կարող ընդունել այս տեսակ գումարը։ Ամեն ինչում, ինչ անում ես, պետք է սկզբունքներ լինեն. չես կարող կուրորեն գործել։ Դու պետք է հաշվի առնես, թե արդյոք ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ լքի՝ ելնելով նրա հասակից և միջավայրից։ Պետք է պարզես, թե արդյոք տեղին է, որ նրանք այս կերպ լքեն բաները, արդյոք հետագայում կզղջան, և արդյոք դա ճշմարտությունը հասկանալու արդյունք է, թե ակնթարթային մղում։ Դու չես կարող կուրորեն կիրառել կանոնները։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։)

Հարց 7։ Եղբա՛յր, մենք հաճախ ենք լսել, որ հաղորդակցվում ես այն մասին, որ մեր պարտականությունը կատարելիս պետք է կենտրոնանանք կյանքի մուտքի վրա։ Կցանկանայի իմանալ, թե ինչ է կյանքի մուտքը, որոնք են կյանքի մուտքի վրա կենտրոնացողների դրսևորումներն ու կիրառումները, և ինչպես կարող եմ որոշել՝ արդյոք առաջընթաց եմ ապրում կյանքում։

Պատասխան։ Կյանքի մուտքի թեման բավականին լայն է, բայց կան սկզբունքներ, թե ինչպես կենտրոնանալ դրա վրա։ Դուք պետք է հիշեք. ինչպե՞ս է Աստված փրկում մարդկանց Թագավորության դարաշրջանում։ Նա փրկում է մարդկանց՝ ճշմարտությունն արտահայտելով։ Իսկ ի՞նչ է ճշմարտությունն արտահայտելով մարդկանց փրկելու գործը։ Դա վերջին օրերի դատաստանի և պատժի գործն է։ Հենց որ մենք խոսում ենք ճշմարտությունն արտահայտելու մասին, այն անխուսափելիորեն ենթադրում է դատաստան։ Ճշմարտությունն ինքնին դատաստանի խոսքն է. ճշմարտությունը դատում է ամեն ինչ, զննում և որոշում է ամեն ինչ։ Երբ Աստված արտահայտում է ճշմարտությունը, Նա կատարում է դատաստանի գործը։ Այսպիսով՝ ի՞նչ հիմքի վրա է կառուցվում մարդու կյանքի մուտքը։ Կյանքի մուտքն այն է, երբ մարդը փորձառաբար ապրում է Աստծու խոսքերի դատաստանը և սկսում է իսկապես ճանաչել ինքն իրեն ու իր ապականված խառնվածքը՝ դրանով իսկ աստիճանաբար դեն նետելով իր ապականված խառնվածքը, կիրառելով ճշմարտությունը և հնազանդվելով Աստծուն, և ի վերջո կարողանալով ճշմարիտ վկայություն կրել։ Հետևաբար, կյանքի մուտքի հասնելը հիմնված է Աստծու խոսքերի դատաստանը փորձառաբար ապրելու վրա։ Կյանքի մուտքի ամենահիմնարար ասպեկտն այն է, որ պետք է Աստծու խոսքերի հիման վրա դատես՝ արդյոք այն ամենը, ինչ անում և ասում ես, ճշգրիտ է և համապատասխանում է ճշմարտությանը։ Եթե ամեն ինչ բերես Աստծու առաջ՝ քննության համար, և ընդունես Նրա խոսքերի դատաստանը, ավելի ու ավելի կհասկանաս ճշմարտությունը, ավելի ու ավելի կհասկանաս Աստծու մտադրությունները, կիմանաս՝ ինչպես կիրառել ճշմարտությունը, և ի վիճակի կլինես հասնելու ճշմարտության իրականության մուտքին և Աստծուն հնազանդվելուն։ Սա՛ է կյանքի մուտք ունենալը։ Կյանքի մուտքն այն է, երբ Աստծուն հնազանդվելու կամ Աստծու դեմ ապստամբելու ու Նրան հակադրվելու իմաստը չհասկանալուց անցնում ես ճշմարտությունն աստիճանաբար հասկանալուն, քո իսկ սատանայական խառնվածքները վերլուծելուն ու ճանաչելուն և իմանալուն, որ Աստծու դեմ քո ապստամբության և Նրան հնազանդվելու անկարողության բուն պատճառը քո սատանայական խառնվածքներն են։ Այնուհետև, ճշմարտությունն ընդունելով, դեն ես նետում քո սատանայական խառնվածքները և ունակ ես դառնում հնազանդվելու Աստծուն։ Սա է կյանքի մուտքի գործընթացը։ Ուրեմն՝ ինչպե՞ս ես չափում՝ արդյոք մարդն առաջընթաց ունեցել է կյանքում։ Նախ՝ ճշմարտությունը հասկանալու և ինքն իրեն ճանաչելու աստիճանով, և երկրորդ՝ ճշմարտությունը կիրառելու և Աստծուն հնազանդվելու աստիճանով։ Ինքնաճանաչումը կյանքի մուտքի նախնական արդյունքն է։ Վերջնական արդյունքն այն է, որ կարող ես հնազանդվել Աստծուն և այլևս չդիմակայել Նրան։ Ահա թե ինչն է նշանակում, որ կյանքդ աստիճանաբար աճում է։ Եթե քո խոսքերն ու գործերն ամբողջությամբ հնազանդվում են Աստծուն և համապատասխանում են Նրա պահանջներին, և դու կարող ես վկայություն կրել Աստծու համար, մի՞թե կյանքդ չի աճել։ (Աճել է։) Այդ դեպքում ինչպե՞ս է կյանքդ աճում։ Մի՞թե դրան չես հասնում Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը փորձառաբար ապրելու միջոցով։ Ասա ինձ, մենք այսօր հասկանում ենք ճշմարտությունը, ուրեմն ինչո՞ւ կրոնական աշխարհում նրանք, ովքեր իրենց ողջ կյանքում հավատացել են Տիրոջը, չեն հասկանում ճշմարտությունը։ Մենք այսօր ճանաչում ենք ինքներս մեզ, ուրեմն ինչպե՞ս է պատահում, որ կրոնական աշխարհի մարդիկ դեռ չեն ճանաչում իրենց։ Մենք այսօր գիտենք, թե ինչ է նշանակում հնազանդվել Աստծուն, ուրեմն ինչո՞ւ նրանք, ովքեր երկար տարիներ պաստորներ ու երեցներ են եղել կրոնական աշխարհում և երկար տարիներ քարոզել են Աստվածաշունչը, դեռ չգիտեն, թե ինչ է նշանակում հնազանդվել Աստծուն։ Երբեմն նրանց արածը ակնհայտորեն դիմակայում է Աստծուն, սակայն նրանք դեռ կարծում են, թե հնազանդվում են Նրան։ Ինչո՞ւ է այդպես։ (Կրոնական աշխարհի մարդիկ փորձառաբար չեն ապրել վերջին օրերի Քրիստոսի դատաստանն ու պատիժը։ Նրանք չգիտեն իրենց իսկ ապականված խառնվածքները, և նույնիսկ եթե չարիք են գործում և դիմակայում են Աստծուն, չեն կարողանում ճանաչել դա։) Ճիշտ է։ Նրանք փորձառաբար չեն ապրել Աստծու դատաստանն ու պատիժը և ամենևին չունեն ճշմարտության իրականություն, ուստի երբ դիմակայում են Աստծուն, չեն կարողանում ճանաչել դա։ Մենք ունենք որոշակի ճշմարտության իրականություն, որովհետև Աստծու դատաստանն ու պատիժը փորձառաբար ապրելը որոշակի արդյունքներ է տվել։ Եթե մի օր մենք փորձառաբար ապրենք Աստծու գործն այն աստիճան, որ ի վերջո հասնենք Նրա ճանաչողությանը և կարողանանք հնչեղ վկայություն կրել Նրա համար, ապա մենք կլինենք մարդիկ, որոնք կատարելագործվել են Աստծու կողմից, մինչդեռ կրոնական մարդիկ դուրս կթողնվեն և կոչնչացվեն։ Ինչո՞ւ նրանք դուրս կթողնվեն և կոչնչացվեն։ Որովհետև նրանք չեն ընդունում Աստծու դատաստանն ու պատիժը, և նրանց ապականված խառնվածքներն ու Աստծուն դիմակայելու նրանց բնությունը դեռ գոյություն ունեն։ Աստված Իր գործում այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել, և Աստծու ընտրյալ մարդիկ այնքան շատ ֆիլմեր ու փորձառական վկայության տեսանյութեր են նկարահանել և տեղադրել համացանցում, սակայն նրանք կույր են դրանց հանդեպ։ Նրանք չեն ճանաչում, որ սա Աստծու գործն է, և նույնիսկ ունակ են դատապարտելու և դիմակայելու Աստծուն։ Ասա ինձ, որքա՞ն կույր պետք է լինեն նրանք։ Ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Արդյո՞ք Աստված բարկացած է նրանց վրա։ Կարո՞ղ է արդյոք Աստված, այնուամենայնիվ, գոհ լինել նրանցից։ (Ո՛չ։) Ուստի նրանք դատապարտվում են այն փաստով, որ Աստված արտահայտել է ճշմարտությունը, և որ Աստծու ընտրյալ մարդիկ ճշմարիտ վկայություն են կրել։ Նրանք արժանի են մեռնելու աղետների մեջ և պատժվելու։ Նման մարդիկ արժանի չեն գթության։ Արդյո՞ք լավ կլինի, եթե ես պարզապես պարզ պատասխան տամ կյանքի մուտքի վերաբերյալ այս հարցին։ (Այո։)

Հարց 8։ Քարոզ լսելուց հետո ես ոգեշնչվում եմ ընդամենը մի քանի օր, իսկ մի քանի օր անց վերադառնում եմ իմ հին սովորություններին։ Ինչպե՞ս կարող եմ անել, որ ճշմարտությանը ձգտելու իմ վճռականությունն ավելի երկար տևի։

Պատասխան։ Բոլոր մարդիկ լինում են այսպիսի վիճակում, երբ դեռ չեն հասկանում ճշմարտությունը։ Սա բնականոն երևույթ է։ Նախկինում, երբ ես շրջում էի մայրցամաքային Չինաստանի եկեղեցիներով, ամեն շրջանում, ուր գնում էի, ստիպված էի մի քանի օրով հավաքույթներ անցկացնել տեղի՝ Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Հավաքույթներից հետո եղբայրներն ու քույրերն ասում էին. «Հիմա սիրտս լուսավոր է, և հասակս շատ է աճել»։ Ես ասում էի. «Քանի՞ օր կտևի լուսավորության այս զգացումը»։ Ոմանք ասում էին, որ այն կտևի առնվազն մեկ ամիս, բայց ընդամենը երկու շաբաթ անց այն մարում էր։ Նրանք նորից հոգեպես ընկճվում էին, և կարիք ունեին, որ ես նորից ջրեի նրանց։ Ահա թե ինչպիսին են փոքր հասակ ունեցող մարդիկ։ Որքան էլ հստակ հաղորդակցվես նրանց հետ մեկ հավաքույթի ընթացքում, դա չի կարող ստիպել նրանց հիմք գցել, որովհետև նրանց չափազանց շատ բան է պակասում։ Դա նման է մի մարդու, որի ընտանիքը ոչինչ չունի, և որի կյանքը շատ դժվար է։ Եթե դու նրանց տաս երկու հարյուր յուան, ի՞նչ խնդիր կարող է դա լուծել։ Ոչ մի խնդիր։ Նրանց ընտանիքը չափազանց աղքատ է. երկու հարյուր յուանն ամբողջությամբ կծախսվի մի քանի անգամ ուտելու վրա, և դրանից օգուտ չի լինի։ Պետք է նրանց տաս հարյուր կամ երկու հարյուր հազար յուան, որպեսզի նրանք կարողանան լավ կյանքով ապրել։ Նույն կերպ դու չես կարող հասնել կյանքի աճի՝ պարզապես մի քանի քարոզ լսելով։ Կյանքի աճին հասնում են երկարատև փորձառության միջոցով։ Առանց երեքից հինգ տարվա ձգտման դու չես կարող հիմք գցել։ Եթե հիմք չունես, ապա որքան էլ հստակություն ձեռք բերես քարոզ լսելուց, այն կտևի ընդամենը մի քանի օր։ Այդպես չէ՞։ (Այդպես է։) Ուրեմն՝ ինչպե՞ս կարելի է լուծել այս իրավիճակը։ Ճշմարտությանը ձգտելով, աննկուն կերպով ձգտելով ճշմարտությանը։ Եթե համառորեն ձգտես երկու կամ երեք տարի, հիմք գցած կլինես։ Այդ ժամանակ ճշմարտությունը կազդի քեզ վրա։ Ինչ դժվարությունների էլ բախվես, երբեք չես ընկճվի, և ինչ տառապանքի էլ բախվես, երբեք բացասական չես լինի, այնպես չէ՞։ (Այո։) Նորմալ է, որ հիմա քարոզ լսելուց հետո որոշակի վճռականություն ունես, բայց հետո մի քանի օր անց վերադառնում ես քո հին սովորություններին։ Այսպես է լինում այն մարդկանց դեպքում, որոնք չեն հասկանում ճշմարտությունը։ Մի՛ հուսահատվիր։ Պարզապես կենտրոնացիր ճշմարտությանը ձգտելու վրա։ Պետք է աննկուն լինես ճշմարտությանը ձգտելիս, մինչև որ իսկապես հասակ ունենաս և հիմք գցես։ Այդ ժամանակ մի քանի օր անց չես վերադառնա քո հին սովորություններին, այլ, որքան էլ տարիներ անցնեն, դրանց վերադարձ չի լինի։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։) Ուրեմն՝ ի՞նչ է նշանակում հասակ ունենալ և հիմք գցել։ Թույլ տուր մի քանի պարզ օրինակ բերել։ Ենթադրենք, երբ դժվարությունների ես բախվում քո պարտականության մեջ, առանց ասելու գիտես, որ պետք է աղոթես Աստծուն և փնտրես ճշմարտությունը։ Մի՞թե սա որոշակի հասակ ունենալ չէ։ (Այդպես է։) Որոշ մարդիկ, երբ էտվում են կամ անհաջողություն են կրում, բացասական չեն դառնում և կարող են ճիշտ վերաբերվել դրան։ Նրանք անմիջապես ոտքի են կանգնում և դրանից ճշմարտություն են փնտրում։ Մի՞թե սա հասակ ունենալ չէ։ (Այդպես է։) Կան նաև որոշ հավատացյալներ, որոնց անհավատ կողակիցը, ծնողները և երեխաները հալածում են նրանց և փորձում են համոզել, որ դադարեն հավատալ։ Բայց նրանք բացասական չեն դառնում և կարող են ճիշտ վերաբերվել դրան։ Նրանք կաշկանդված չեն Սատանայի կողմից և կարող են համառել Աստծուն հավատալու և իրենց պարտականությունը կատարելու մեջ։ Մի՞թե սա հասակ ունենալ չէ։ (Այդպես է։) Սա՛ է հասակ ունենալը։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք սխալ գործելիս կարիք չունեն, որ ուրիշները մատնանշեն դա։ Նրանք ճանաչում են դա, հենց որ մտորում են իրենց մասին, և զղջում են ու արտասվելով աղոթում Աստծուն՝ երդվելով, որ այլևս երբեք նման բան չեն անի և չեն վշտացնի Աստծու սիրտը նմանատիպ հարցերում։ Այս մարդիկ հասակ ունեն և կարող են ինքնուրույն ապրել։ Հետևաբար, եթե հիմք ես գցել ճշմարտության մեջ, ապա ինչ դժվարությունների, անհաջողությունների, ձախողումների կամ էտման էլ բախվես, կարող ես ճիշտ վերաբերվել դրանց, գալ Աստծու առաջ՝ փնտրելու ճշմարտությունը, և համառել քո պարտականության մեջ։ Սա՛ է հասակ ունենալը և հիմք ունենալը։

Հարց 9։ Երբ ես հաղորդակցվում եմ ճշմարտության մասին եղբայրների և քույրերի հետ և մատնանշում եմ նրանց թերություններն ու խնդիրները, իմ մտադրությունն է օգնել և աջակցել նրանց՝ սիրուց դրդված։ Բայց հետո նրանցից ոմանք թյուրիմացություններ են ստեղծում և ապրում են բացասական վիճակում, ինչն ինձ ստիպում է զգալ, որ չեմ կարող անել աշխատանքը։ Հաջորդ անգամ, երբ բախվում եմ նմանատիպ խնդրի, չեմ համարձակվում մատնանշել նրանց խնդիրները։ Կցանկանայի փնտրել, թե ինչպես կարող եմ կիրառել ճշմարտությունը և օգնել մարդկանց՝ առանց նրանց գայթակղելու։

Պատասխան։ Ասա ինձ, արդյո՞ք արդյունավետ է ճշմարտությունն առանց սկզբունքների կիրառելը։ (Ո՛չ, արդյունավետ չէ։) Արդյո՞ք արդյունավետ է ճշմարտությունն առանց իմաստության կիրառելը։ (Ո՛չ, արդյունավետ չէ։) Իսկ ինչո՞ւ ոչ։ (Այն կարող է հեշտությամբ գայթակղել մարդկանց։) Այն կարող է հեշտությամբ մղել մարդկանց թյուրըմբռնման և բացասական դառնալու։ Քո մտադրությունն է օգնել մարդկանց դառնալ դրական և ճիշտ ձևով առերեսվել իրենց խնդիրներին, որպեսզի նրանք կարողանան լուծել դրանք և ավելի ու ավելի լավ արդյունքների հասնել իրենց պարտականության մեջ։ Քո մտադրությունը բարի է։ Բայց քո գործողությունները ոչ միայն չեն հասնում լավ արդյունքների, այլև բացասականություն են բերում ուրիշներին։ Սա ցույց է տալիս, որ քեզ պակասում են սկզբունքները, ճիշտ մոտեցումը և իմաստությունը ճշմարտությունը կիրառելիս, այնպես չէ՞։ (Այո։) Երբ ծնողները կարգավարժում են իրենց երեխաներին, նրանց մտադրությունները լավն են, բայց ասա ինձ. եթե նրանց պակասում են ճիշտ մեթոդներն ու իմաստությունը, կարո՞ղ են արդյոք լավ արդյունքների հասնել։ (Ո՛չ, չեն կարող։) Ուստի, եթե ինչ-որ մեկը չի հասկանում ճշմարտությունը, և դու ուղղակիորեն էտում ես նրան, նա բացասական կդառնա. չես կարող պարզապես ուղղակիորեն մատնանշել նրա խնդիրները։ Պետք է հաղորդակցվես նրա հետ ճշմարտության սկզբունքների մասին, և միևնույն ժամանակ պետք է ինքդ քեզ որպես օրինակ ծառայեցնես։ Կարող ես ասել. «Ահա թե ինչպես էի ես նախկինում անում սա», կամ «Ահա մի սխալ, որ ես նախկինում թույլ եմ տվել»։ Ապա թույլ տուր, որ նա զանազանի դա, հարցրու նրան, թե ինչպես պետք է այն լուծվի, և թող նա հաղորդակցվի քեզ հետ։ Երբ նա լսի սա, կմտածի. «Օ՜, դու առաջնորդող ես, սակայն ինձնից օգնություն ես խնդրում քո դժվարությունների հարցում, և ես նույնիսկ օգնել եմ քեզ։ Այս անգամ ես շատ ավելի լավն եմ, քան դու»։ Այդ իրավիճակում արդյո՞ք նա դեռ բացասական կդառնա։ (Ո՛չ։) Նա ուրախ կլինի։ Ուրախ զգալուց հետո նա մի փոքր ավելի կմտորի դրա շուրջ և կխորհի. «Սպասիր մի րոպե, այն, ինչի մասին նա խոսում էր, ճիշտ նույնն է, ինչ ես եմ անում։ Ես պարզապես մատնանշում էի նրա խնդիրը և օգնում էի նրան, բայց իրականում ես նույն խնդիրն ունեմ։ Դա նշանակում է, որ այն, ինչ ես եմ անում, նույնպես սխալ է»։ Տեսնո՞ւմ ես, նա ինքն է հասկացել դա։ Այդ իրավիճակում արդյո՞ք նա դեռ բացասական կդառնա։ (Ո՛չ։) Ուրեմն՝ սա մարդկանց օգնելու լա՞վ ձև է։ (Այդպես է։) Մի՞թե սա իմաստություն չէ։ (Այդպես է։) Սա՛ է կոչվում իմաստություն։ Դու պետք է իմաստություն ունենաս ճշմարտությունը կիրառելիս. չես կարող դա անել առանց իմաստության։ Փոքր հասակ ունեցող մարդկանց պետք է պատմես քո թույլ տված սխալների և բաներն անելու քո սխալ ձևերի մասին և հարցնես նրանց, թե ինչ անել։ Երբ նրանք տեսնեն, որ դու անում ես սա, կմտածեն. «Օ՜, դու կարող ես խոնարհեցնել քեզ և անկեղծանալ իմ առաջ քո իսկ այլանդակության, քո թերությունների և ապականության քո բացահայտումների մասին։ Ինչո՞ւ ես չեմ կարող դա անել։ Ինչո՞ւ եմ այդքան վախենում դեմքս կորցնելուց։ Ինչո՞ւ է իմ սնափառությունն այդքան ուժեղ։ Այսօր դու օրինակ ծառայեցիր ինձ համար և ստիպեցիր ամաչել ինքս ինձնից։ Ես նույնպես պետք է այս կերպ կիրառեմ»։ Ապագայում նրանք նույնպես կկարողանան անկեղծանալ այս բաների մասին։ Տեսնո՞ւմ ես, մի՞թե սա բաներն անելու լավ եղանակ չէ։ (Այդպես է։) Մարդկանց օգնելու համար դու պետք է իմաստուն լինես և ճիշտ մեթոդներ օգտագործես։ Պետք է գործես նրանց հասակի համաձայն և օգտագործես ապականության քո իսկ բացահայտումները՝ նրանց օգնելու և հիշեցնելու համար՝ դրդելով նրանց զանազանել և արթնանալ։ Եթե նրանք մարդիկ են, որոնք ընդունում են ճշմարտությունը, կգիտակցեն. «Ես ճիշտ այս խնդիրն ունեմ։ Ինձ հետ այս կերպ հաղորդակցվելով՝ դու օգնում ես ինձ։ Դու սիրող սիրտ ունես և իսկապես ուշադրություն ես դարձնում քո օգտագործած մեթոդներին»։ Ապա նրանք ուրախությամբ կընդունեն դա։ Ընդունելուց հետո նրանք գուցե նույնիսկ ասեն. «Այն, ինչի մասին դու այսօր խոսեցիր, ճիշտ իմ խնդիրն է։ Դու եկար ինձ օգնելու, և ես հավանություն եմ տալիս ու հիանում եմ քեզնով այն ձևի համար, որով օգնեցիր ինձ։ Ես անպայման կփոխվեմ»։ Ի՞նչ ես կարծում այս արդյունքի մասին։ (Այն լավն է։) Այսպիսով՝, երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը փոքր հասակ ունի, երբեք ուղղակիորեն մի՛ մատնանշիր նրա խնդիրները և հատկապես մի՛ խրատիր նրան։ Մարդկանց խրատելը մեծ տաբու է։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվես նրանց, ովքեր գիտակցաբար են հանցանք գործում։ Նախ՝ հաշվի առ, թե քանի անգամ ես հաղորդակցվել նրանց հետ ճշմարտության մասին։ Եթե մի քանի անգամ հաղորդակցվել ես նրանց հետ, բայց նրանք դեռ չեն հասկանում ճշմարտությունը, և չեն կարծում, թե իրենց արածը սխալ է, կամ նույնիսկ կարծում են, որ իրենց մտադրությունները լավն են, և որ իրենք փորձում են պաշտպանել Աստծու տան գործը, ապա մի՛ էտիր նրանց։ Եթե շատ անգամներ ես հաղորդակցվել նրանց հետ, և նրանք դեռ գիտակցաբար հանցանք են գործում՝ չնայած ճշմարտությունն իսկապես հասկանալուն, և դու համոզված ես, որ նրանք մշտապես այսպիսին են, ապա կարող ես ուղղակիորեն քննել և էտել նրանց։ Այնուամենայնիվ, դեռ պետք է հաշվի առնես՝ արդյոք նրանք կարող են ընդունել էտվելը, թե կհեռանան։ Եթե նրանք չկարողանան ընդունել դա և հեռանան, որո՞նք կլինեն հետևանքները։ Սրանք հարցեր են, որոնք պետք է հաշվի առնվեն, այնպես չէ՞։ (Պետք է։) Բացի այդ, պետք է հաշվի առնես, թե իրականում ինչպիսի արդյունքների են նրանք հասնում իրենց պարտականության մեջ։ Ենթադրենք՝ նրանք դեռ որոշակի արդյունքների են հասնում, բայց հենց որ դու խստորեն էտում ես նրանց, նրանք բացասական են դառնում և հեռանում են։ Արդյո՞ք դեռ պետք է էտես նրանց այդ իրավիճակում։ (Ո՛չ։) Չպետք է։ Բայց եթե նրանց խնդիրները որոշ չափով ազդում են իրենց պարտականության արդյունքների վրա, ինչպե՞ս կարող ես օգնել նրանց արդյունքների հասնել՝ առանց ստիպելու բացասական դառնալ և հեռանալ։ Պետք է աղոթես և փնտրես և տեսնես, թե նրանց օգնելու որ մոտեցումը լավագույնը կլինի՝ ապահովելով, որ բացասական կողմնակի հետևանքներ չլինեն։ Եթե զգում ես. «Այս մարդն արհամարհում է և իր սրտում չի սիրում ինձ, ուստի եթե փորձեմ օգնել նրան, լավ արդյունքների չեմ հասնի։ Բայց եթե ես գտնեմ մեկին, ում նա սիրում է, որպեսզի օգնի նրան, նա հաստատ բացասական չի լինի և կլսի ամեն ինչ», ապա պետք է գտնես մեկ ուրիշին՝ նրան օգնելու համար։ Եթե հիմա նրան օգնելու համար ամենահրմար մարդը դու ես, և նա բացասական չի դառնա ու կարող է ընդունել քո օգնությունը՝ անկախ նրանից, թե ինչպես ես դա անում, ապա կարող ես օգնել նրան այնպես, ինչպես հարմար ես գտնում։ Կարճ ասած՝ ինչ մոտեցում էլ օգտագործես, պետք է հաշվի առնես՝ արդյոք այն արդյունքների կհասնի։ Սա ամենակարևոր և վճռորոշ բանն է։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։) Արդյո՞ք այս խնդիրը հեշտ է լուծել։ (Հեշտ է։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով