Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (4)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 1-ը հուլիսի, 2025թ. (Մաս 1)

Եկեք սկսենք պատասխանել հարցերին։ Ի՞նչ կասեք, եթե այսօր սկսենք ավետարանը քարոզելուն վերաբերող հարցերից։ (Լա՛վ։)

I. Ավետարանը քարոզելուն վերաբերող հարցեր

Հարց 1։ Երբ մենք վկայություն ենք տալիս և հիշատակում, որ այժմ մտել ենք Թագավորության դարաշրջան, ավետարանը հավանակ ընդունողներից ոմանք հարցնում են. «Ի՞նչ է Թագավորության դարաշրջանը»։ Մի՞թե Թագավորության դարաշրջան մտնելը չի նշանակում, որ մենք մտել ենք մեր հրաշալի հանգրվանը։ Եթե Թագավորության դարաշրջանն արդեն եկել է, ապա ինչո՞ւ աշխարհի չար մարդիկ չեն կործանվել։ Ի՞նչ է իրականում տեղի ունենալու Թագավորության դարաշրջանից հետո։ Եվ որո՞նք են տարբերությունները Թագավորության դարաշրջանի և Հազարամյա Թագավորության դարաշրջանի միջև։

Պատասխան։ Շատ մարդիկ չեն հասկանում այս հարցը։ Ի՞նչ է նշանակում «Թագավորության դարաշրջան մտնելը»։ Այն վերաբերում է Աստծու գործին՝ Թագավորության դարաշրջան մտնելուն, ինչը նշանակում է, որ Աստված սկսել է Թագավորության դարաշրջանի գործը։ Այն, որ Աստված անում է Թագավորության դարաշրջանի գործը, չի նշանակում, որ մենք արդեն մուտք ենք գործել Հազարամյա Թագավորության դարաշրջան։ Հայտնության գիրքը շատ հստակ է Հազարամյա Թագավորության դարաշրջանի վերաբերյալ․ երբ աշխարհի ազգերը կործանվեն վերջին օրերի մեծ աղետներից, մարդիկ, որոնք կփրկվեն, կմտնեն Հազարամյա Թագավորության դարաշրջան, որն Աստված նախասահմանել է։ Հազարամյա Թագավորության դարաշրջանը հայտնվում է միայն վերջին օրերի մեծ աղետների ավարտից հետո։ Ոմանք հարցնում են՝ եթե Աստծու գործն այժմ հասել է Թագավորության դարաշրջանին, ինչո՞ւ աշխարհի ազգերը դեռ գոյություն ունեն։ Նրանք չեն կարողանում հասկանալ սրա խորքը։ «Տիրոջը հանդիպելն աղետների ժամանակ» ֆիլմում հաճախ է հիշատակվում մի խոսք՝ «Աստված կմարմնանա և գաղտնի կիջնի՝ մեծ աղետներից առաջ Իր գործի մի փուլ իրականացնելու համար»։ Շատ մարդիկ չեն հասկանում սա։ Նրանք մտածում են․ «Աղետներից հետո Աստված պետք է որ բացահայտորեն իջնի ամպի վրա, ուրեմն ինչո՞ւ Նա պետք է գաղտնի իջնի՝ ճշմարտությունն արտահայտելու և դրանցից առաջ գործի մի փուլ իրականացնելու համար»։ Դե, եթե որոշ մարդիկ ողջ են մնում մեծ աղետները փորձառաբար ապրելուց հետո և տեսնում են Հազարամյա Թագավորությունը, քո կարծիքով՝ ինչպե՞ս են նրանք ողջ մնում։ Նրանք ողջ են մնում, որովհետև աղետներից առաջ կամ դրանց ընթացքում ընդունել են Աստծու դատաստանն ու պատիժը, մաքրագործվել և Աստծու համար գեղեցիկ ու հնչեղ վկայություն կրել։ Այս փաստը մեզ ցույց է տալիս աղետներից առաջ Աստծու դատաստանի և պատժի գործի նպատակը․ այն է՝ փրկել մարդկանց մի խումբ՝ Աստծու նախասահմանած ընտրյալ մարդկանց յուրաքանչյուր ազգից և երկրից՝ փրկելով նրանց Սատանայի իշխանությունից, որպեսզի նրանք զերծ մնան մեծ աղետների ժամանակ կործանվելուց։ Այսպիսով, երբ մեծ աղետներն ավարտվեն, մարդկանց մի խումբ ողջ կմնա։ Այս մարդիկ ողջ կմնան, որովհետև ընդունել են Աստծու դատաստանի գործը, և նրանց կյանքի բնույթը փոխվել է։ Եթե այս մարդիկ ընդունած չլինեին Աստծու դատաստանն ու պատիժը, կկարողանայի՞ն արդյոք ողջ մնալ, երբ մեծ աղետները վրա հասնեին։ (Ո՛չ։) Իսկ ո՞րն է նրանց մահվան պատճառը, ովքեր կկործանվեն մեծ աղետների ժամանակ։ Պատճառն այն է, որ նրանք աղետներից առաջ կամ դրանց ընթացքում չեն ընդունել Ամենակարող Աստծու դատաստանի գործը, ուստի նրանց ապականված խառնվածքները երբեք չեն մաքրագործվել կամ փոխվել։ Ի վերջո, նրանք կկործանվեն՝ կորստյան մատնվելով մեծ աղետներից։ Ասացե՛ք ինձ, մի՞թե նրանց կործանումն արդարացի չէ։ (Այո՛։) Ուստի կա՞ արդյոք հակասություն աղետներից առաջ և դրանց ընթացքում Աստծու կողմից Թագավորության դարաշրջանի գործն անելու և դրանցից հետո Հազարամյա Թագավորության իրագործման միջև։ (Ո՛չ։) Ոչ մի հակասություն չկա։ Հիմա, երբ ես այսպես հաղորդակցվեցի դրա մասին, դուք հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Ոմանք սխալ պատկերացումներ ունեն այդ մասին։ Նրանք ասում են․ «Եթե Թագավորության դարաշրջանը եկել է, ինչո՞ւ աշխարհի չար մարդիկ դեռ գոյություն ունեն։ Եթե այն իսկապես եկած լիներ, նրանք պետք է կործանված լինեին»։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու են մարդիկ այսպես մտածում. որովհետև նրանք չգիտեն Աստծու գործը և Նրա՝ փրկության գործը շատ պարզ են պատկերացնում։ Ասացե՛ք ինձ, ինչո՞ւ մենք՝ Աստծու գործը ընդունած մարդկանց խումբը, դեռ պետք է փորձառաբար ապրենք Սատանայի հալածանքը, բանտարկությունը և ճնշումը։ Ինչո՞ւ մենք դեռ պետք է փորձառաբար ապրենք չարակամ ուժերի հարձակումները, զրպարտությունը և դատաստանը, հատկապես՝ կրոնական աշխարհի վարկաբեկումը, դատապարտումը և մերժումը։ Ինչո՞ւ պետք է փորձառաբար ապրենք այս բաները։ Իրականում, Աստված ստեղծում է այդս միջավայրը՝ մեզ կրթելու և դեպի բոլոր ճշմարտություններն առաջնորդելու համար՝ ստիպելով մեզ դասեր քաղել Սատանայի չարակամ ուժերի հալածանքից և դատապարտումից։ Ի՞նչ դասեր ենք մենք քաղում։ Մի կողմից՝ մենք սկսում ենք ճանաչել, թե որքան ողորմելի ենք՝ ապրելով մեր ապականված խառնվածքներով՝ առանց ճշմարտության, որտեղ մենք կարող ենք միայն խաբվել և վնասվել Սատանայի կողմից՝ ճիշտ անհավատների պես։ Մյուս կողմից՝ մենք նաև սովորում ենք զանազանել Սատանային, զանազանել չարակամ ուժերին և զանազանել Աստծուն հակառակվող մեր բնական էությունը։ Սա հնարավորություն է տալիս մեզ գիտակցաբար ապստամբել մսեղիի դեմ, կիրարկել ճշմարտությունը և պահպանել ճշմարտության սկզբունքները, որպեսզի կարողանանք անձնվիրաբար կատարել մեր պարտականությունները և Աստծու համար հնչեղ վկայություն կրել։ Առանց այս չարակամ աշխարհի գոյության, առանց Սատանայի չարակամ ուժերի հալածանքի և դատապարտման, ինքներս մեզ ճանաչելու և մսեղիի դեմ ապստամբելու մասին մեր խոսակցությունները որոշ չափով դատարկ կլինեին։ Սատանայի դեմ պատերազմելու մասին մեր խոսակցությունները նույնպես դատարկ և անիրագործելի կլինեին։ Առանց այս իրական միջավայրերի և նախադրյալների` թագավորության համար կրթվելու մասին խոսակցությունները պարզապես կդառնային դատարկ խոսքեր, անիրական մի բան։ Այդպես չէ՞։ (Այո՛։) Նրանք, ում Աստված կատարյալ է դարձնում, նրանք են, ովքեր փնտրում և գտնում են ճշմարտությունը։ Միայն երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը և տիրապետում ճշմարտության իրականությանը, նրանք կարող են հաղթահարել Սատանայի ազդեցությունը և Աստծու համար հնչեղ վկայություն կրել։ Ուրեմն ի՞նչ է նշանակում հաղթել Սատանային։ Դա նշանակում է հաղթահարել սեփական մսեղիդ՝ ի վիճակի լինելով ապստամբել մսեղիիդ դեմ և կիրարկել ճշմարտությունը։ Իսկ ի՞նչն է քեզ զորացնում՝ անելու դա։ Ինքդ քեզ ճանաչելը։ Եվ ինչպե՞ս ես սկսում ճանաչել ինքդ քեզ։ Նախապայմանը դատաստանն ու պատիժը փորձառաբար ապրելն է և ճշմարտության ըմբռնմանը հասնելը։ Երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, նրանք կարող են ճանաչել իրենց։ Այդժամ նրանք կարող են ատել իրենց ապականված խառնվածքը, ատել իրենց մսեղին և ատել Սատանային. այնուհետև կարող են ապստամբել մսեղիի և Սատանայի դեմ, սկսել կիրարկել ճշմարտությունը և ազատվել Սատանայի ազդեցությունից։ Ահա թե ինչպես են նրանք դառնում հաղթողներ։ Հաղթողները նրանք են, ովքեր կարող են ապավինել Աստծու խոսքերին՝ ապստամբելու Սատանայի դեմ, ազատվելու նրա խավար ազդեցությունից և նրա հանդեպ հաղթանակի հնչեղ վկայություն կրելու, մինչ այս չարակամ աշխարհը դեռ գոյություն ունի, և մարդիկ դեռևս կաշկանդված ու շղթայված են Սատանայի ազդեցությամբ և սատանայական ապականված խառնվածքով։ Սրանք են հաղթողները։ Միայն հաղթողներն են որակավորված ողջ մնալու մեծ աղետներից և մտնելու հաջորդ՝ Հազարամյա Թագավորության դարաշրջան։ Հասկանո՞ւմ եք արդյոք այս հարցը հիմա, երբ ես այսպես հաղորդակցվեցի դրա մասին։ (Հասկանո՛ւմ ենք։)

Ո՞ր դարաշրջանում ենք մենք հիմա։ Մենք վերջին օրերի մեծ արհավիրքների սկզբի դարաշրջանում ենք։ Այս մեծ արհավիրքներն արդեն սկսվել են։ Հայտնության գիրքն ասում է, որ մեծ արհավիրքները բաժանված են երկու փուլի՝ առաջին երեքուկես տարին և վերջին երեքուկես տարին։ Այստեղ մի խորհուրդ կա, և մենք այսօր կհաղորդակցվենք դրա մասին։ Մարգարեություններում «առաջին երեքուկես տարին» վերաբերում է այն ժամանակին, երբ Աստված գործում է՝ փրկելու համար Իր ընտրյալ մարդկանց աշխարհի բոլոր ազգերում։ Արհավիրքներից առաջ Աստված նախ հաղթողների մի խումբ է ձևավորում Չինաստանում։ Ապա՝ աղետների ընթացքում, Նա հաղթողներ է դարձնում նաև Իր ընտրյալ մարդկանց ամբողջ աշխարհից։ Այն բանից հետո, երբ պատրաստված կլինեն հաղթողներ բոլոր ազգերից, կսկսվեն վերջին երեքուկես տարվա մեծ արհավիրքները։ Ո՞րն է տարբերությունը վերջին երեքուկես տարվա մեծ արհավիրքների և առաջին երեքուկես տարվա մեծ արհավիրքների միջև։ Առաջին երեքուկես տարին այն ժամանակն է, երբ աշխարհում բոլորը փորձվում և զտվում են։ Այսինքն՝ աշխարհի յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր ազգ կմտնի փորձությունների, զտման և աղետի ժամանակաշրջան։ Սակայն սա չի ազդի մարդկանց կողմից Աստծու գործի կամ Նրա դատաստանի և պատժի ընդունման վրա։ Աղետի այս իրական միջավայրում Աստծու ընտրյալ մարդիկ ամբողջ աշխարհից ընդունում են Աստծու գործը, սկսում ապրել եկեղեցական կյանքով և ի վիճակի են կատարել իրենց պարտավորությունները և տարածել Աստծու թագավորության ավետարանը։ Այս գործընթացի միջոցով նրանք փորձառաբար ապրում են Աստծու դատաստանն ու պատիժը, աստիճանաբար սկսում են հասկանալ ճշմարտությունը, մտնում են ճշմարտության իրականության մեջ ու դեն նետում իրենց ապականված բնավորությունը։ Ի վերջո, նրանք կատարում են իրենց պարտավորությունները և դառնում հավատարիմ ու հոգատար Աստծու հանդեպ։ Սա Աստծու համար գեղեցիկ և հնչեղ վկայություն է տալիս, և նման մարդիկ վերածվում են հաղթողների։ Սա այն արդյունքն է, որին Աստծու գործը հասնում է առաջին երեքուկես տարվա ընթացքում։ Երբ Աստծու ընտրյալ մարդիկ ամբողջ աշխարհից մտնեն ճշմարտության իրականության մեջ, այսինքն՝ երբ բոլոր նրանք, ում Աստված նախասահմանել և ընտրել է, լիովին վերադառնան Ամենակարող Աստծուն, Նրա փրկության գործը կավարտվի, փրկության դուռը կփակվի, և կսկսվեն վերջին երեքուկես տարվա մեծ արհավիրքները։ Վերջին երեքուկես տարվա մեծ արհավիրքները տարբերվում են առաջին երեքուկես տարվա մեծ արհավիրքներից. դրանք արհավիրքներ են, որոնք կկործանեն մարդկությանը։ Առաջին երեքուկես տարվա ընթացքում միայն որոշ մարդիկ կկործանվեն։ Սա պարզապես նրա համար է, որ բոլորը տեսնեն, որ արհավիրքները եկել են, զգան, որ իրենց փրկությունը վտանգված է, և որպեսզի ցույց տրվի նրանց, որ եթե չփնտրեն ճշմարիտ ճանապարհը, անշուշտ կկործանվեն։ Կարելի է ասել, որ առաջին երեքուկես տարվա ընթացքում Աստված օգտագործում է աղետները՝ ստիպելու Իր ընտրյալ մարդկանց ընդունել Իր գործը։ Սա մարգարեացված է Աստվածաշնչում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ «Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի Ինձ» (Անգե 2:17)։ Դա ճիշտ նման է Հին Կտակարանի պատմությանը Հովսեփի՝ Եգիպտոսում մեծ քանակությամբ հացահատիկ ամբարելու մասին։ Սովի տարիներին մարդիկ ստիպված էին գնալ Հովսեփի մոտ՝ հացահատիկի համար, այլապես նրանք ուտելու ոչինչ չէին ունենա և սովամահ կլինեին։ Հետևաբար աղետների վրա հասնելու հետևում Աստծու մտադրությունն է. Նրա մտադրությունն է ստիպել մարդկանց փնտրել ճշմարիտ ճանապարհը և վերադառնալ Իր առաջ՝ ստանալու Իր փրկությունը։ Աղետներն այժմ ավելի ու ավելի են մեծանում, և ամբողջ աշխարհում շատ կրոնական մարդիկ տենչում են Աստծու վերադարձը և փնտրում են Նրա հայտնությունը։ Ուրեմն ինչպե՞ս է Աստված հայտնվում մարդկությանը։ Նա դա անում է՝ արտահայտելով ճշմարտությունը՝ դատաստանի գործն անելու համար։ Բոլոր նրանք, ովքեր Աստծու ոչխարներն են, կարող են լսել Նրա ձայնը և ողջունել Տիրոջը։ Նրան ողջունելուց հետո, եթե նրանք կարողանան ուտել և խմել Աստծու խոսքերը, փորձառաբար ապրել Նրա դատաստանն ու պատիժը և ի վերջո մաքրագործվել, ապա նրանք ավարտուն կդարձվեն և որակավորված կլինեն ողջ մնալու և մտնելու Աստծու թագավորություն։ Նրանք, ովքեր չեն ընդունում վերջին օրերում Աստծու դատաստանի գործը, դուրս են մղվում։ Ուստի, երբ յուրաքանչյուր ազգից և երկրից շատ մարդիկ ընդունեն Ամենակարող Աստծու գործը, Նրա մեծ գործը մեծ մասամբ ավարտված կլինի։ Այս իրականությունն այժմ մոտենում է։ Նայե՛ք, յուրաքանչյուր երկրում Աստծու ընտրյալ մարդկանց թիվն առնվազն հարյուրների է հասնում, իսկ որոշ երկրներում՝ մի քանի հազարի և նույնիսկ տասնյակ հազարների։ Մի՞թե սա շատ ավելին չէ, քան Նոյի ժամանակ տապան մտած մարդկանց թիվը։ (Այո՛։) Շա՜տ, շատ ավելին։ Երբ այս մարդիկ մտնեն ճշմարտության իրականության մեջ, կսկսվեն վերջին օրերի մեծ արհավիրքները, և Աստծու փրկության գործը կավարտվի։ Ոմանք հարցնում են․ «Ինչպե՞ս է ավարտվելու Աստծու գործը»։ Աստծու գործի այս փուլն արվում է մսեղիով, ուստի այն ամենևին էլ գերբնական չէ։ Մտածե՛ք դրա մասին․ երբ աղետները հասնեն ծանրության որոշակի աստիճանի, կարո՞ղ է արդյոք Աստծու գործը շարունակվել։ (Ո՛չ։) Այդ պահին Աստծու գործը բնականաբար կմոտենա իր ավարտին։ Եթե միջուկային պատերազմ բռնկվի, եթե շատ ազգերի մեջ տեղի ունենան մեծ երկրաշարժեր և ցունամիներ, եթե շատ հրաբուխներ ժայթքեն, և համացանցն անջատվի, կարո՞ղ է արդյոք Աստծու գործը դեռ բնականոն կերպով ընթանալ։ Այդ ժամանակ անհնար կլինի հավաքվել թե՛ առցանց, թե՛ տեղերում։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք այս մեծ արհավիրքները սկսվելուն մոտ են։ (Այո՛։) Ինչպե՞ս կարող ենք հասկանալ։ Նախ՝ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է իր գագաթնակետին։ Երկրորդ՝իսրայելա-պաղեստինյան պատերազմը կարող է է՛լ ավելի սրվել։ Երրորդ՝ Թայվանի նեղուցում պատերազմը նույնպես բռնկվելու եզրին է։ Չորրորդ՝ սպասվում են նաև մեծ ցունամիներ առաջացնող հզոր երկրաշարժեր։ Հաջորդիվ մեծ աղետները վրա կհասնեն մեկը մյուսի հետևից։ Երբ այս աղետները հարվածեն, միայն մեկ երկրի մարդիկ չէ, որ ի վիճակի չեն լինի հավաքվել և կատարել իրենց պարտականությունները. շատ երկրներ կտուժեն։ Վերցնենք, օրինակ, ծայրահեղ շոգը։ Մի՞թե մարդկության համար հեշտ է տանել այս անոմալ եղանակը։ (Ո՛չ։) Երբ ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի հիսուն կամ վաթսուն աստիճանի, մարդկանց համար դժվար է ողջ մնալ։ Կարծում ես՝ կկարողանայի՞ր արդյոք տաշտը լցնել սառը ջրով և նստել դրա մեջ։ (Ո՛չ։) Երբ ջերմաստիճանն այդքան բարձրանա, տաշտի ջուրը նույնպես կտաքանա բավականաչափ, որպեսզի եփի մարդուն։ Նույնիսկ ծովը նետվելը չի օգնի։ Եթե չփախչես լեռներում գտնվող մի քարանձավ կամ երեք մետր խորությամբ թունել չփորես ու չսողոսկես դրա մեջ, փախչելու տեղ չես ունենա։ Տեսնո՞ւմ ես, միայն ծայրահեղ շոգը արդեն իսկ փոքր աղետ չէ. շատ մարդիկ կմահանան դրանից։ Աղետներն ավելի ու ավելի են մեծանում։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք նշանակում է, որ շուտով կսկսվեն մեծ արհավիրքները։ (Այո՛։) Շատերը հարցնում են․ «Այսպիսով՝ որքա՞ն ենք մենք հեռու մեծ արհավիրքներից՝ վերջին երեքուկես տարվա արհավիրքներից»։ Ասացե՛ք ինձ, կարո՞ղ է արդյոք դա հեռու լինել։ (Ո՛չ։) Ես չեմ համարձակվի հստակ ժամանակ նշել, բայց դա հեռու չէ։ Որոշ վայրերում այն շատ շուտով վրա կհասնի։ Բայց մենք չգիտենք և չենք կարող հստակ բացատրել, թե որքան ծանր կլինեն այս արհավիրքները, կամ քանի մարդ կմահանա դրանցից։ Ամեն դեպքում, այս արհավիրքները բավականաչափ ծանր կլինեն՝ մարդկության մի մասը կործանելու համար։ Մի՞թե սա չի նշանակում, որ մեծ արհավիրքները գրեթե այստեղ են։ Հենց որ մեծ արհավիրքները վրա հասնեն, Աստծու գործն անմիջապես կդադարի։ Նայե՛ք, այսօր մենք դեռ կարող ենք առցանց հավաքվել, բայց ապագայում այս հնարավորությունը չենք ունենա։ Նույնիսկ եթե ուզենաս հավաքվել, չես կարողանա, և հավանաբար ավետարանը քարոզելու հնարավորություն էլ չես ունենա։

Հարցի մեջ հիշատակված «Թագավորության դարաշրջան մտնել» արտահայտությունը վերաբերում է վերջին օրերի Աստծու գործին, որը տեղի է ունենում Թագավորության դարաշրջանում։ Այսինքն՝ Աստված գործում է՝ փրկելու մարդկանց արհավիրքներից առաջ և դրանց ընթացքում, և Նրա գործը կավարտվի, երբ սկսվեն մեծ արհավիրքները։ Ոմանք ասում են․ «Մենք՝ Աստծու ընտրյալ մարդիկս ամբողջ աշխարհից, ընդամենը մի քանի տարի ենք հավատացել Ամենակարող Աստծուն. ոմանք՝ մեկ կամ երկու, ոմանք՝ երեքից հինգ, և առավելագույնը՝ յոթ կամ ութ։ Այսքան կարճ ժամանակում կարո՞ղ ենք արդյոք լիովին մտնել ճշմարտության իրականության մեջ։ Կարո՞ղ ենք արդյոք հասնել մեր բնավորության փոփոխության»։ Մտահոգվա՞ծ եք արդյոք այս հարցով։ (Այո՛։) Բոլորդ էլ մտահոգված եք։ Իրականում, Աստծու ընտրյալ մարդիկ ամբողջ աշխարհից կարող են ավարտուն դարձվել արհավիրքների ընթացքում մի քանի տարի փորձառաբար ապրելուց հետո։ Տեսե՞լ եք արդյոք սա՝ հիշատակված Աստծու խոսքերում։ Ի՞նչ է ասում Աստված․ «Իսրայելացիներն ավարտուն կդարձվեն ընդամենը մի քանի ամսում, և քանի որ նրանք ստիպված չեն լինի անցնել մեծ կարմիր վիշապի թույնը դեն նետելու փուլով, նրանց համար հեշտ կլինի ճիշտ ուղու վրա կանգնել տարբեր տեսակի առաջնորդությունների ներքո» («Խոսքը հայտնվում է մսեղիում», հատոր 1։ «Աստծու հայտնվելը և գործը»։ «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» գլխի Խորհուրդների բացահայտումներ», Գլուխ 27)։ Թույլ տվեք ասել ձեզ՝ Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ իրենց մեջ ունեն մեծ կարմիր վիշապի թույները, ուստի նրանք ավելի երկար ժամանակ պետք է փորձառաբար ապրեն Աստծու գործը՝ հրաժարվելու համար այս թույներից։ Որքա՞ն երկար։ Այնքան, որքան այն երեսուն և ավելի տարիները՝ սկսած այն պահից, երբ Աստված սկսեց խոսել, մինչև մեծ արհավիրքների վրա հասնելը։ Թեև դուք՝ Աստծու ընտրյալ մարդիկդ այլ երկրներից, նույնպես ապականվել եք Սատանայի կողմից, ձեր մեջ չունեք մեծ կարմիր վիշապի թույները, ուստի ձեզ այդքան երկար փորձառաբար ապրելու ժամանակաշրջան պետք չէ։ Ձեզ ընդամենը պետք է մի քանի տարի փորձառաբար ապրել աղետների ընթացքում՝ ավարտուն դարձվելու համար։ Հենց հիմա ամբողջ աշխարհից Աստծու ընտրյալ մարդկանց մեծ մասը հավատացել է երեքից հինգ տարի։ Ուրեմն, փորձառության ի՞նչ մակարդակի եք հասել դուք այդ ընթացքում։ Այժմ բոլորդ էլ հոժարակամ եք ձգտելու ճշմարտությանը և կատարելու ձեր պարտավորությունը։ Բայց հենց որ սկսում եք կատարել ձեր պարտավորությունը և կոնկրետ առաջադրանքներ, զգում եք, որ կան շատ դժվարություններ և մեծ ճնշում, ու չգիտեք՝ ինչպես լավ անել աշխատանքը։ Ո՞րն է խնդիրն այստեղ։ (Ճշմարտության սկզբունքների պակասը։) Սա փոքր հասակ ունենալու նշան է։ Ճշմարտության ձեր հասկացողությունը շատ հիմնավոր չէ, սկզբունքների ձեր ընկալումը ճշգրիտ չէ, կան շատ բաներ, որոնք դեռ չեք կարողանում հստակ տեսնել, և երբ ճնշումը մի փոքր մեծանում է, չեք կարողանում գլուխ հանել դրանից։ Ուզում եք ընկրկել ու փախչել, սպիտակ դրոշ բարձրացնել և թողնել ձեր պարտավորությունը։ Այդպիսին են փոքր հասակ ունեցող մարդիկ. անխուսափելի է, որ նրանք երբեմն տկար են, իսկ երբեմն՝ բացասական։ Բայց մի՛ մոռացեք՝ մարդու հասակն աստիճանաբար աճում է Աստծու գործն անընդհատ փորձառաբար ապրելու գործընթացում։ Այսօր քո հասակը փոքր է, բայց վաղը և մյուս օրը դու առաջընթաց ունեցած կլինես։ Այս տարի քո հասակը փոքր է, բայց մեկ կամ երկու տարվա փորձառությունից հետո՝ հաջորդ տարի և դրան հաջորդող տարում, այն աճած կլինի։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպե՛ս է։) Դուք զգում եք, որ ձեր հասակը փոքր է, բայց մի՞թե կարծում եք, որ ես հասկանում էի բոլոր ճշմարտությունները, երբ նոր էի սկսել եկեղեցական աշխատանք անել։ (Ո՛չ։) Այն ժամանակ ճշմարտության իմ հասկացողությունը շատ մակերեսային ու սահմանափակ էր, ճիշտ այնպես, ինչպես ձերն է հիմա։ Երբ բախվում էի շատ դժվարությունների, կարող էի միայն աղոթել Աստծուն և կարդալ Նրա խոսքերը՝ ճշմարտությունը փնտրելու համար։ Մինչև այսօր ես քիչ-քիչ փորձառաբար ապրել եմ նման բաներ և աստիճանաբար ձեռք եմ բերել ճշմարտության հստակ հասկացողություն։ Մարդու հասակի աճը գործընթաց է։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Արդյո՞ք այն դժվարությունները, որոնց դուք հիմա բախվում եք, նույնքան մեծ են, որքան նրանք, որոնց բախվել են Աստծու ընտրյալ մարդիկ Չինաստանում իրենց աշխատանքն անելիս։ (Ո՛չ։) Դուք առնվազն չեք բախվում կառավարության հալածանքին։ Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ կատարում են իրենց պարտավորությունները դաժան հալածանքի ներքո՝ հետապնդվելով ՉԿԿ-ի ռեժիմի կողմից։ Ասացե՛ք ինձ, մի՞թե դա մեծ դժվարություն չէ։ (Այդպե՛ս է։) Դա հսկայական դժվարություն է։ ՉԿԿ-ի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո նրանց կյանքը մշտական վտանգի տակ է։ ՉԿԿ-ն ունի մի քաղաքականություն, ըստ որի՝ «Ամենակարող Աստծուն հավատացողները կարող են ծեծվելով սպանվել անպատիժ կերպով»։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ՉԿԿ-ի ոստիկանությունը ձերբակալությունից հետո ծեծելով սպանի Ամենակարող Աստծուն հավատացողին, պետությունը նրանց պատասխանատվության չի ենթարկի. նրանք ստիպված չեն լինի կրել որևէ իրավական պատասխանատվություն։ Ասացե՛ք ինձ, մի՞թե այս հալածանքը դաժան չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն, Չինաստանից բացի, էլ ո՞ր երկրներում են Աստծու ընտրյալ մարդիկ բախվում կառավարության հալածանքին, հետապնդմանը, ձերբակալությանը և բանտարկությանը՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Քանի՞ այդպիսի երկիր կա։ Գրեթե ոչ մի։ Ներկայում, Մյանմարից բացի, կան կոմունիստական կառավարմամբ մի քանի այլ երկրներ, որոնք հալածում և ձերբակալում են Աստծու ընտրյալ մարդկանց։ Օրինակ՝ Վիետնամում կա որոշակի հալածանք, բայց առայժմ այն մեծ ռիսկ չի ներկայացնում. մենք չենք լսել կառավարության կողմից ինչ-որ լայնամասշտաբ ձերբակալությունների մասին։ Արևմուտքի ժողովրդավարական երկրներում հավատացյալներն ընդհանրապես չեն ենթարկվում հալածանքի կամ ձերբակալության ռիսկի։ Հետևաբար, այն դժվարություններն ու ճնշումները, որոնց Աստծու ընտրյալ մարդիկ ամբողջ աշխարհում բախվում են իրենց պարտավորությունները կատարելիս, շատ ավելի փոքր են, քան նրանք, որոնց բախվում են Աստծու ընտրյալ մարդիկ մայրցամաքային Չինաստանում։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպե՛ս է։) Դուք պետք է հստակ տեսնեք այս հարցը։ Ի՞նչ եք կարծում, Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ ինչպե՞ս են հասել մինչև այս կետը։ Նրանք վերապրել են մեծ մահացու վտանգը։ Այնքան շատերն են ծեծվելով սպանվել, այնքան շատերն են ծեծվել մինչև հաշմանդամ դառնալը, և այնքան շատերի ընտանիքներն են քանդվել, ու կյանքեր են կորսվել. նման անթիվ դեպքեր կան։ Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ հաղթահարել են դա քայլ առ քայլ՝ աղոթելով Աստծուն և ապավինելով Աստծուն, Նրա խոսքերին և Նրա հանդեպ իրենց հավատին ու հնազանդությանը։ Շատերը հզոր և հնչեղ վկայություններ են կրել՝ ամոթահար անելով Սատանային և մեծ կարմիր վիշապին։ Սրանք են հաղթողները։ Հիմա, երբ դուք՝ Աստծու ընտրյալ մարդիկդ ամբողջ աշխարհից, բախվում եք որոշ դժվարությունների ավետարանը քարոզելիս, չգիտեք ինչ անել։ Ձեզնից ոմանք ասում են․ «Ճնշումը չափազանց մեծ է։ Ես այնքան շատ դժվարությունների եմ բախվել։ Չգիտեմ ինչպես անել աշխատանքը։ Չգիտեմ ինչպես կատարել իմ պարտավորությունն այնպես, որ բավարարեմ Աստծուն։ Ես ինձ այնքան բացասական և տկար եմ զգում»։ Երբ ես լսում եմ սա, ասում եմ ձեզ, որ դա միանգամայն բնականոն է։ Քանի դեռ չես ընկրկում, չես թողնում քո պարտավորությունը, չես դավաճանում Աստծուն, և քանի դեռ աղոթում ես Աստծուն, ապավինում ես Նրան և փնտրում ես ճշմարտությունը, չկան դժվարություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել, չկան խոչընդոտներ, որոնք չես կարող անցնել։ Հիմա հասկանո՞ւմ եք։ (Հասկանո՛ւմ ենք։)

Վերջին օրերում Աստծու գործի դարաշրջանը Թագավորության դարաշրջանն է, բայց այն գալիս է նախքան այս չարասեր դարաշրջանի ավարտը։ Դա այն ժամանակն է, երբ Աստված մարմնանում է, գաղտնի իջնում է և հայտնվում է՝ գործելու համար։ Հենց այս ժամանակահատվածում է Աստված անում վերջին օրերի դատաստանի գործը։ Աստված մտադիր է հաղթողների մի խումբ ստեղծել՝ նախքան մեծ աղետների վրա հասնելը։ Նա մտադիր է ավարտուն դարձնել մարդկանց մի խումբ ձեռք բերել մարդկանց մի խումբ։ Սա Աստծու ծրագիրն է, մի ծրագիր, որը Նա ուներ աշխարհի արարումից առաջ։ Սա է այն, ինչ Աստված մտածել և որոշել է արարչագործության ժամանակ։ Հետևաբար Աստծու մտքերն ու գաղափարները շատ ավելի խորն են և շատ ավելի վեհ, քան մարդունը։ Մարդու մտքերն ու գաղափարները չափազանց պարզ են, ոչ շատ ավելի բարձր, քան կենդանիներինը։ Աստծու մտքերն ու գաղափարներն այնքան վեհ են, որ Նա նախասահմանել և կարգավորել է ամեն բան հազարավոր տարիներ առաջ։ Այն, որ Աստված նախապես կհայտնվեր՝ գործելու և ճշմարտությունն արտահայտելու համար, որ փրկի մարդուն նախքան այս դարաշրջանի ավարտը, առավել ևս մի բան է, որն Աստված նախասահմանել է վաղուց։ Աստծու տան կողմից արտադրված մի ֆիլմ կա, որը կոչվում է «Իմ ուշացած վկայությունը»։ Այդտեղ, այն բանից հետո, երբ գլխավոր հերոսներին սկսում են հետապնդել, գլխավոր հերոսի հետ համագործակցող եղբայրն ասում է. «Այս մեծ կարմիր վիշապն այնքան գարշելի է։ Ինչո՞ւ Աստված ավելի շուտ չի կործանում այն»։ Այս խոսքերը բխում են սրտից։ Երբ մարդիկ հետապնդվում և հալածվում են, բոլորն այդպես են մտածում, և ես նույնպես այդպես էի մտածում․ «Աստվա՛ծ, խնդրում եմ, արագ կործանի՛ր մեծ կարմիր վիշապին։ Այն իսկապես դիվային խմբավորում է, Աստծու ոխերիմ թշնամին»։ ՉԿԿ-ն աշխարհի ամենաչարասեր ռեժիմն է, Սատանայի և չար դևերի բուն մարմնացումը։ Այն աշխարհը քաոսի մեջ է գցել, ուստի բնականոն է, որ մարդիկ այսպես են մտածում։ Բայց ի՞նչ ասաց ֆիլմի գլխավոր հերոսն այն ժամանակ։ Նա ասաց․ «Եթե Աստված կործաներ մեծ կարմիր վիշապին, մենք ո՞ւր կգնայինք վկայություն կրելու։ Մենք ընդհանրապես վկայություն կրելու հնարավորություն կունենայի՞նք»։ Ի՞նչ եք մտածում նրա ասածի մասին։ (Դա լավ է։) Ինչո՞ւ Աստված պարզապեսանմիջապես չի ուղարկում աղետներ և չի կործանում մեծ կարմիր վիշապին, մինչ այն դաժանորեն հալածում է Իր ընտրյալ մարդկանց։ Ոմանք հասկանում են Աստծու մտադրությունները և կարող են տեսնել, որ «Աստված օգտագործում է մեծ կարմիր վիշապին՝ ծառայություն մատուցելու համար։ Մեծ կարմիր վիշապը դարձել է հակադրություն Աստծու գործի համար։ Սա այնքան իմաստալից է. այն բացահայտում է Աստծու իմաստությունը»։ Սակայն, զուտ մեր սեփական եսասիրական շահի համար, ժամանակավոր ֆիզիկական հարմարավետության համար մենք ուզում ենք, որ Աստված կործանի մեծ կարմիր վիշապին։ Ասացե՛ք ինձ` արդյո՞ք նման մտադրությունները ճիշտ են։ (Ո՛չ։) Ահա թե ինչու է Աստված առայժմ թույլ տալիս, որ այս չարասեր աշխարհը գոյություն ունենա։ Միայն այն բանից հետո, երբ ավարտուն դարձնի Իր բոլոր ընտրյալ մարդկանց, Նա աղետներ կուղարկի՝ այն կործանելու համար։ Այն, ինչ Աստված անում է այստեղ, այնքան իմաստալից է։ Մենք պետք է հասկանանք սա։ Ուստի, քանի դեռ այս աշխարհը չի ավարտվել, ինչպե՞ս պետք է Աստծու ընտրյալ մարդիկ փորձառաբար ապրեն Նրա գործը։ Մենք պետք է ժամանակ չկորցնենք՝ զինելով մեզ ճշմարտությամբ, արագորեն ընդունենք դատաստանն ու պատիժը՝ մաքրագործվելու համար, և Աստծու համար հնչեղ վկայություն կրենք։ Միևնույն ժամանակ մենք՝ որպես արարածներ, պետք է շտապենք կատարել մեր պարտավորությունները։ Սա է այն, ինչը համապատասխանում է Աստծու մտադրությանը։ Եթե դու միշտ տարված ես նրանով, որ Աստված կործանի այս չարասեր աշխարհը, արդյո՞ք դա տեղին է։ Եթե այս աշխարհը հենց հիմա կործանվեր, դու ի՞նչ ձեռք բերած կլինեիր։ Արդյո՞ք հենց հիմա ձեռք ես բերել ճշմարտությունը։ Արդյո՞ք ճշմարիտ վկայություն ես կրել։ Արդյո՞ք բավարար չափով բարի գործեր ունես։ Արդյո՞ք ավարտուն ես դարձվել Աստծու կողմից։ Դու ոչինչ ձեռք չես բերել։ Եթե Աստված հենց հիմա կործաներ այս աշխարհը, դու կկործանվեիր դրա հետ միասին։ Չէիր ստանա Աստծու օրհնությունները։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն, կուզենայի՞ք արդյոք, որ Աստված հենց հիմա կործաներ այս չարասեր աշխարհը։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Մենք դեռ չենք ձեռք բերել ճշմարտությունը։ Եթե Աստված հիմա կործաներ այս չարասեր աշխարհը, մենք նույնպես կկործանվեինք։) Եթե մենք չենք ձեռք բերել ճշմարտությունը և ավարտուն չենք դարձվել Աստծու կողմից, և Նա կործաներ այս չարասեր աշխարհը, մի՞թե մեր կյանքերը կորուստ չէին կրի։ (Այո՛։) Հենց որ դու հստակ տեսնես այս հարցը, կդադարես հիմար բաներ ասել։ Կդադարես գործել քո պատկերացումների և երևակայությունների հիման վրա։ Դու ի վիճակի կլինես հնազանդվելու Աստծու կարգավորումներին և հարմարեցումներին ներդաշնակեցումներին ու առավելագույնս օգտագործելու ժամանակը՝ ձգտելու և զինելու ինքդ քեզ ճշմարտությամբ։ Դա ամենակարևոր բանն է։

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով