Աստծու ամենօրյա խոսքեր. Աշխատանքի երեք փուլերը | Քաղվածք 23

Թեպետ Հիսուսը Իր մարմնացման մեջ ամբողջովին զուրկ էր մսեղավոր զգացմունքներից, Նա միշտ մխիթարում էր Իր աշակերտներին, ապահովում էր նրանց, օգնում և աջակցում նրանց։ Նա այնքան շատ աշխատանք էր կատարում, այնքան տառապանք էր կրում, և երբեք չափազանց մեծ պահանջներ չէր ներկայացնում մարդկանց, այլ միշտ համբերատար և հանդուրժող էր նրանց մեղքերի նկատմամբ, այնպես որ Շնորհքի դարաշրջանի մարդիկ Նրան սիրով անվանում էին «սիրելի Փրկիչ Հիսուս»։ Այդ ժամանակի մարդկանց համար, բոլոր մարդկանց համար այն, ինչ Հիսուսն ուներ և էր, գթասրտությունն ու ողորմածությունն էր։ Նա երբեք չէր հիշում մարդկանց հանցանքները, և նրանց հանդեպ Նրա վերաբերմունքը երբեք նրանց հանցանքներով պայմանավորված չէր։ Քանի որ դա այլ դարաշրջան էր, Նա հաճախ մարդկանց առատ կերակուր էր պարգևում, որպեսզի նրանք կշտանային։ Նա բոլոր մարդկանց, որ հետևում էին Իրեն, վերաբերվում էր շնորհով՝ բժշկելով հիվանդներին, քշելով դևերին և հարություն տալով մեռելներին։ Որպեսզի մարդիկ հավատան Նրան և տեսնեն, որ այն ամենը, ինչ Նա անում էր, կատարվում էր անկեղծորեն և ճշմարտապես, Նա այնքան հեռու գնաց, որ հարություն տվեց արդեն փտող մի դիակի՝ ցույց տալով նրանց, որ Նրա ձեռքերում նույնիսկ մեռելները կարող են վերակենդանանալ։ Նա միշտ լուռ համբերում էր և նրանց մեջ կատարում Իր փրկագնման գործն այս կերպ։ Սա նշանակում է՝ խաչին գամվելուց առաջ Հիսուսն արդեն Իր վրա էր վերցրել մարդկության մեղքերը և դարձել էր մեղքի զոհ մարդկության համար։ Մինչև խաչվելը Նա բացել էր խաչի ճանապարհը, որպեսզի փրկագնի մարդկությանը։ Վերջապես Նա գամվեց խաչին՝ հանուն խաչի զոհաբերելով Իրեն, և Իր ամբողջ ողորմածությունը, գթասրտությունը և սրբությունը պարգևեց մարդկությանը։ Մարդկության հանդեպ Նա միշտ հանդուրժող էր, երբեք վրեժխնդիր չէր լինում, ներում էր նրանց մեղքերը, հորդորում էր ապաշխարել և սովորեցնում էր ունենալ համբերություն, հանդուրժողականություն և սեր, հետևել Իր հետքերին և զոհաբերել իրենց հանուն խաչի։ Նրա սերը եղբայրների և քույրերի հանդեպ ավելի մեծ էր, քան Նրա սերը Մարիամի հանդեպ։ Այն գործը, որ Նա կատարում էր, հիմնված էր այն սկզբունքի վրա, որ բժշկի հիվանդներին և քշի դևերին, և այս ամենը՝ Իր փրկագնության համար։ Անկախ նրանից, թե ուր էր գնում, բոլոր նրանց, ովքեր հետևում էին Նրան, վերաբերվում էր շնորհով։ Նա աղքատներին հարուստ էր դարձնում, անդամալույծներին քայլել էր տալիս, կույրերին՝ տեսնել, և խուլերին՝ լսել։ Նա նույնիսկ հրավիրում էր ամենացածր, ունեզուրկ մարդկանց՝ մեղավորներին, նստել Իր հետ նույն սեղանի շուրջը՝ երբեք չքամահրելով նրանց, այլ միշտ համբերատար լինելով նրանց հանդեպ։ Նա նույնիսկ ասում էր․ «Եթե հովիվը հարյուր ոչխարից մեկը կորցնի, ապա իննսունինը կթողնի և կգնա փնտրելու կորած ոչխարին, և երբ այն գտնի, մեծապես կուրախանա»։ Նա սիրում էր Իր հետևորդներին, ինչպես մաքին սիրում է իր գառներին։ Չնայած նրանք հիմար ու անգետ էին և մեղավորներ Նրա աչքում, ավելին՝ հասարակության ամենանվաստ անդամներն էին, Նա այս մեղավորներին՝ մարդկանց, որոնց ուրիշներն արհամարհում էին, համարում էր Իր աչքի լույսը։ Քանի որ Նա նայում էր նրանց բարեհաճությամբ, Նա զոհաբերեց Իր կյանքը հանուն նրանց, ինչպես գառը զոհաբերվում էր զոհասեղանի վրա։ Նա նրանց մեջ շրջում էր այնպես, կարծես նրանց ծառան լիներ՝ թույլ տալով, որ նրանք օգտագործեն և մորթեն Իրեն՝ անվերապահորեն հնազանդվելով նրանց։ Իր հետևորդների համար Նա սիրելի Փրկիչ Հիսուսն էր, բայց փարիսեցիների հանդեպ, որոնք բարձր ամբիոնից քարոզ էին կարդում մարդկանց գլխին, Նա ցույց չէր տալիս ողորմություն և գթասրտություն, այլ զզվանք և հակակրանք։ Նա փարիսեցիների մեջ շատ գործ չարեց. միայն երբեմն խրատում և հանդիմանում էր նրանց։ Նա չէր անում փրկագնման գործը նրանց միջավայրում և ոչ էլ հրաշքներ էր գործում ու նշաններ անում։ Նա Իր ամբողջ ողորմությունն ու գթասրտությունը շնորհեց Իր հետևորդներին՝ այս մեղավորների համար մինչև վերջ համբերելով, մինչև այն պահը, երբ խաչին գամվեց ու կրեց ամեն տեսակ նվաստացում, մինչև լիովին փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Սա էր Նրա գործի հանրագումարը։

Առանց Հիսուսի փրկագնման՝ մարդկությունը հավերժ կապրեր մեղքի մեջ ու կդառնար մեղքի սերունդ, դևերի հետնորդ։ Այսպես շարունակելով՝ ամբողջ աշխարհը կդառնար այն երկիրը, որտեղ Սատանան է բնակվում, կդառնար նրա բնակավայրը։ Սակայն փրկագնման գործը պահանջում էր մարդկության նկատմամբ ողորմություն ու գթասրտություն ցուցաբերել. միայն այդ ձևով մարդկությունը կարող էր ներում ստանալ և վերջապես արժանանալ ավարտուն դարձվելու և Աստծու կողմից լիովին ձեռք բերվելու։ Առանց գործի այս փուլի` վեցհազարամյա տնօրինման ծրագիրը չէր կարողանա առաջընթաց ապրել։ Եթե Հիսուսը խաչված չլիներ, միայն բժշկեր հիվանդներին ու դևերին քշեր, ապա մարդիկ չէին կարող լիովին ներում ստանալ իրենց մեղքերից։ Այն երեքուկես տարվա ընթացքում, որ Հիսուսը ներդրեց երկրի վրա Իր աշխատանքը կատարելու մեջ, Նա ավարտեց Իր փրկագնության գործի կեսը միայն, այնուհետև խաչին գամվելով և մեղսալի մսեղիի նմանությունն ընդունելով, չարի ձեռքն անցնելով՝ Նա ավարտեց խաչելության գործն ու տնօրինեց մարդկության ճակատագիրը։ Միայն Սատանայի ձեռքը հանձնվելուց հետո Նա փրկագնեց մարդկությանը։ Երեսուներեքուկես տարի Հիսուսը տառապեց երկրի վրա՝ ենթարկվելով ծաղրի ու զրպարտության, լինելով լքված, այն աստիճանի, որ նույնիսկ տեղ չուներ գլուխը դնելու, հանգստանալու տեղ չուներ, իսկ հետո Նա խաչվեց. Նրա ամբողջ էությունը՝ սուրբ և անմեղ մարմինը, գամվեց խաչին։ Նա կրեց ամեն տեսակ տառապանք։ Իշխանություն ունեցողները ծաղրում ու մտրակում էին Նրան, իսկ զինվորները նույնիսկ թքում էին Նրա երեսին. սակայն Նա լուռ էր մնում և համբերում մինչև վերջ՝ անվերապահորեն հնազանդվելով մինչև իսկ մահը, որի արդյունքում Նա փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Միայն այդժամ Նա սկսեց վայելել հանգիստը։ Հիսուսի կատարած գործը ներկայացնում է միայն Շնորհքի դարաշրջանը. այն չի ներկայացնում Օրենքի դարաշրջանն ու չի փոխարինում վերջին օրերի գործին։ Սա է Հիսուսի գործի էությունը Շնորհքի դարաշրջանում՝ երկրորդ դարաշրջանում, որի միջով անցել է մարդկությունը՝ Փրկագնության դարաշրջանը։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով