Կիրարկում (1)
Նախկինում մարդկանց փորձառության ուղիներում կային շատ շեղումներ և նույնիսկ անհեթեթություններ։ Նրանք պարզապես չէին հասկանում Աստծու պահանջած չափանիշները, ուստի շատ ոլորտներում մարդկանց փորձառությունները ձախողվում էին։ Այն, ինչ Աստված պահանջում է մարդկանցից, բնականոն մարդկայնությունը կյանքով արտահայտելու նրանց կարողությունն է։ Օրինակ՝ մարդկանց համար ընդունելի է սննդի և հագուստի հարցում հետևել ժամանակակից սովորույթներին, կրել կոստյում և փողկապ, մի փոքր սովորել ժամանակակից արվեստի մասին, իսկ ազատ ժամանակ վայելել արվեստ, մշակույթ և ժամանց։ Նրանք կարող են հիշարժան լուսանկարներ անել, կարդալ և օգտակար գիտելիքներ ձեռք բերել և ունենալ համեմատաբար լավ կենսապայմաններ։ Այս ամենը բնականոն մարդկայնության կյանքին վայել բաներ են, սակայն մարդիկ դրանք համարում են Աստծու կողմից ատելի բաներ և զսպում իրենց դրանք անելուց։ Նրանց կիրարկումը բաղկացած է պարզապես մի քանի կանոնների հետևելուց, ինչը հանգեցնում է մի կյանքի, որը չափազանց ձանձրալի է և լիովին զուրկ իմաստից։ Իրականում, Աստված երբեք չի պահանջել, որ մարդիկ այդպես վարվեն։ Մարդիկ բոլորը ցանկանում են զսպել սեփական խառնվածքը՝ իրենց հոգիներում անդադար աղոթելով, որպեսզի ավելի մոտ լինեն Աստծուն, իրենց մտքերում մշտապես խորհելով այն մասին, թե ինչ է ցանկանում Աստված, իրենց աչքերով մշտապես դիտարկելով այս կամ այն բանը՝ մեծապես վախենալով, որ իրենց կապն Աստծու հետ կխզվի։ Այս ամենն այն եզրակացություններն են, որոնց մարդիկ ինքնուրույն են հանգել. դրանք կանոններ են, որոնք մարդիկ սահմանել են իրենք իրենց համար։ Եթե չգիտես քո բնական էությունը և չես հասկանում, թե ինչ մակարդակի կարող է հասնել քո կիրարկումը, ապա ոչ մի կերպ չես կարողանա հստակ իմանալ, թե հատկապես ինչ չափանիշներ է Աստված պահանջում մարդուց, և ոչ էլ կունենաս կիրարկման ճշգրիտ ուղի։ Քանի որ չես կարողանում ըմբռնել մարդու հանդեպ Աստծու ճշգրիտ պահանջները, միտքդ միշտ փոթորկում է, գլուխ ես կոտրում՝ վերլուծելով Աստծու ցանկությունները և խարխափում ես՝ փնտրելով որևէ ճանապարհ՝ Սուրբ Հոգու կողմից հուզվելու և լուսավորվելու համար։ Արդյունքում մշակում ես որոշակի կիրարկումներ, որոնք հարմար ես համարում։ Դու պարզապես գաղափար անգամ չունես մարդու հանդեպ Աստծու ճշգրիտ պահանջների մասին. միայն անհոգ կերպով իրականացնում ես քո սեփական կիրարկումների շարքը՝ քիչ հոգալով արդյունքի մասին և է՛լ ավելի քիչ այն մասին, թե արդյոք քո կիրարկման մեջ կան խեղաթյուրումներ։ Այսպիսով՝ քո կիրարկումը բնականաբար զուրկ է ճշգրտությունից և անսկզբունքային է։ Այն, ինչ հատկապես պակասում է դրան, բնականոն մարդկային ողջամտությունն ու խիղճն են, ինչպես նաև Աստծու հավանությունն ու Սուրբ Հոգու հաստատումը։ Հետևելով քո սեփական ճանապարհին չափազանց հեշտ է դառնում մոլորվելը։ Այսպիսի կիրարկումը պարզապես կանոններին հետևելն է կամ միտումնավոր ավելի շատ հոգս վերցնելը՝ ինքդ քեզ զսպելու և վերահսկելու համար։ Սակայն կարծում ես, թե քո կիրարկումը կատարելապես ճշգրիտ է՝ չիմանալով, որ քո կիրարկման մեծ մասը բաղկացած է անհրաժեշտություն չներկայացնող գործընթացներից կամ արարողակարգերից։ Շատերն են տարիներ շարունակ այսպես կիրարկում՝ հիմնականում առանց իրենց խառնվածքի որևէ փոփոխության, առանց նոր հասկացողության և առանց նոր մուտքի։ Նրանք անգիտակցաբար կրկնում են նույն հին սխալները և լիովին ազատություն են տալիս իրենց անասնական բնույթին, ընդհուպ մինչև այն աստիճան, որ շատ անգամներ անում են բաներ, որոնք զուրկ են ողջամտությունից և մարդկայնությունից, և պահում են իրենց այնպես, որ մարդիկ տարակուսում են և լիովին շփոթվում։ Կարելի՞ է արդյոք ասել, որ նման մարդիկ խառնվածքի փոփոխություն են փորձառաբար ապրել։
Այժմ առ Աստված հավատը մուտք է գործել Աստծու խոսքի դարաշրջան։ Համեմատաբար ասած՝ մարդիկ այնքան շատ չեն աղոթում, որքան նախկինում։ Աստծու խոսքերը հստակորեն հաղորդակցվել են ճշմարտության բոլոր կողմերի և կիրարկման ուղիների մասին, ուստի այլևս կարիք չկա, որ մարդիկ փնտրեն և խարխափեն։ Թագավորության դարաշրջանի կյանքում Աստծու խոսքերը տանում են մարդկանց դեպի առաջ, և դա մի կյանք է, որտեղ ամեն ինչ պարզորոշ է դարձված նրանց տեսնելու համար, քանզի Աստված ամեն ինչ հստակորեն ներկայացրել է, և մարդն այլևս ստիպված չէ խարխափելով անցնել կյանքի միջով։ Ինչ վերաբերում է ամուսնությանը, աշխարհիկ գործերին, կյանքին, սննդին, հագուստին և կացարանին, միջանձնային հարաբերություններին, թե ինչպես կարելի է ծառայել այնպես, որ բավարարվեն Աստծու մտադրությունները, թե ինչպես պետք է ապստամբել մսեղիի դեմ և այլն, այս բաներից ո՞ր մեկն Աստված չի բացատրել ձեզ։ Արդյո՞ք դեռ պետք է գնաք աղոթելու և փնտրելու։ Դրա կարիքն իսկապես չկա՛։ Եթե դեռ անում ես այս բաները, ապա պարզապես անտեղի ես գործում։ Դա տգետ ու հիմար արարք է և միանգամայն անհրաժեշտ չէ՛։ Միայն նրանք, ովքեր չափազանց զուրկ են որակից և ի վիճակի չեն հասկանալու Աստծու խոսքերը, անվերջ կուրորեն կաղոթեն։ Ճշմարտությունը կիրարկելու բանալին այն է, թե արդյոք ունես վճռականություն, թե ոչ։ Որոշ մարդիկ պնդում են իրենց գործողություններում հետևել իրենց մսեղավոր նախասիրություններին նույնիսկ այն ժամանակ, երբ գիտեն, որ դա չի համապատասխանում ճշմարտությանը, և դա դրանով իսկ խոչընդոտում է կյանքում նրանց սեփական առաջընթացին։ Նույնիսկ աղոթելուց և փնտրելուց հետո նման մարդիկ դեռ ցանկանում են գործել՝ հնազանդվելով մսեղիին։ Այսպես վարվելով՝ մի՞թե նրանք գիտակցաբար սխալ չեն գործում։ Ինչպես նրանք, ովքեր տենչում են մսեղիի հաճույքները և շատ են փող ցանկանում, իսկ հետո աղոթում են Աստծուն՝ ասելով՝ «Աստվա՛ծ։ Թույլ կտա՞ս ինձ արդյոք տենչալ մսեղիի հաճույքները և հարստություն։ Մի՞թե Քո մտադրությունն է, որ ես փող վաստակեմ»։ Արդյո՞ք սա աղոթելու հարմար ձև է։ Մարդիկ, ովքեր անում են սա, քաջ գիտեն, որ Աստված չի հաճում այս բաները, և հետևաբար պետք է հրաժարվեն դրանցից, բայց այն բաները, որոնք պահում են իրենց սրտերում, արդեն որոշված են, և երբ աղոթում ու փնտրում են, փորձում են ստիպել Աստծուն՝ թույլ տալ իրենց այդպես վարվել։ Իրենց սրտերում կարող են նույնիսկ պահանջել, որ Աստված մի բան ասի՝ սա հաստատելու համար. ահա թե ինչն է կոչվում ապստամբություն։ Կան նաև այնպիսիք, ովքեր եկեղեցու եղբայրներին ու քույրերին գրավում են իրենց կողմը և ստեղծում իրենց սեփական անկախ թագավորությունները։ Շատ լավ գիտես, որ այս գործողությունները հակադրվում են Աստծուն, բայց երբ վճռում ես նման բան անել, դեռ գնում ես փնտրելու և աղոթելու Աստծուն՝ հանգիստ և անվախ։ Որքա՜ն անամոթ և լկտի ես։ Ինչ վերաբերում է աշխարհիկ բաները լքելուն, ապա այս մասին վաղուց է խոսվել։ Կան ոմանք, ովքեր հստակ գիտեն, որ Աստված ատում է աշխարհիկ բաները, սակայն դեռ աղոթում են՝ ասելով. «Աստվա՛ծ։ Հասկանում եմ, որ Դու չէիր ցանկանա, որ համակերպվեմ աշխարհիկ բաների հետ, բայց դա անում եմ, որպեսզի Քո անվան վրա ամոթ չբերվի. ես դա անում եմ, որպեսզի աշխարհիկ մարդիկ կարողանան տեսնել Քո փառքն իմ մեջ»։ Ի՞նչ տեսակ աղոթք է սա։ Կարո՞ղ եք ասել։ Դա մի աղոթք է, որը նպատակ ունի հարկադրել Աստծուն և ստիպել Նրան։ Մի՞թե ամոթ չես զգում այսպես աղոթելիս։ Մարդիկ, ովքեր այսպես են աղոթում, միտումնավոր հակադրվում են Աստծուն, և այս տեսակ աղոթքը լիովին կասկածելի դրդապատճառների հարց է. դա իսկապես սատանայական բնավորության բացահայտում է։ Աստծու խոսքերը բյուրեղի պես պարզ են, հատկապես նրանք, որոնք ասվել են Նրա մտադրությունների, Նրա բնույթի և այն մասին, թե ինչպես է Նա վերաբերվում տարբեր տեսակի մարդկանց։ Եթե չես հասկանում ճշմարտությունը, ապա պետք է ավելի շատ կարդաս Աստծու խոսքերը. սա անելու արդյունքները շատ ավելի լավն են, քան կուրորեն աղոթելն ու փնտրելը։ Կան շատ դեպքեր, երբ փնտրելն ու աղոթելը պետք է փոխարինվեն Աստծու խոսքերն ավելի շատ կարդալով և ճշմարտության մասին հաղորդակցվելով։ Քո կանոնավոր աղոթքներում պետք է խորհես և փորձես ավելի շատ ճանաչել ինքդ քեզ Աստծու խոսքերի ներսում։ Սա ավելի օգտակար է կյանքում քո առաջընթացի համար։ Եթե հիմա դեռ փնտրում ես՝ աչքերդ երկինք բարձրացնելով, մի՞թե դա ցույց չի տալիս, որ դեռ հավատում ես մշուշոտ Աստծու։ Նախկինում արդյունքներ էիր տեսնում քո փնտրելուց և աղոթելուց, և Սուրբ Հոգին որոշ չափով հուզում էր քո հոգին, որովհետև դա Շնորհքի դարաշրջանի ժամանակն էր։ Դու չէիր կարող տեսնել Աստծուն, ուստի այլ ընտրություն չունեիր, քան խարխափելով առաջ գնալ և փնտրել այդ կերպ։ Այժմ Աստված եկել է մարդկանց մեջ, Խոսքը մսեղիում հայտնվել է, և տեսել ես Աստծուն։ Ուստի Սուրբ Հոգին այլևս չի գործում այնպես, ինչպես նախկինում։ Դարաշրջանը փոխվել է, և փոխվել է նաև Սուրբ Հոգու գործելակերպը։ Թեև մարդիկ գուցե այնքան շատ չեն աղոթում, որքան նախկինում, քանի որ Աստված երկրի վրա է, մարդն այժմ հնարավորություն ունի սիրելու Աստծուն։ Մարդկությունը մուտք է գործել Աստծուն սիրելու ժամանակաշրջան և կարող է բնականոն կերպով ավելի մոտենալ Աստծուն իր ներսում. «Աստվա՛ծ։ Դու իսկապես այնքան բարի ես, և ես ցանկանում եմ սիրել Քեզ»։ Ընդամենը մի քանի պարզ և հստակ խոսքեր արտահայտում են մարդկանց սրտերում Աստծու հանդեպ եղած սերը. այս աղոթքն ասվում է միայն մարդու և Աստծու միջև սերը խորացնելու համար։ Երբեմն կարող ես տեսնել, որ որոշակի ապստամբություն ես դրսևորում, և ասել. «Աստվա՛ծ։ Ինչո՞ւ եմ այսքան ապականված»։ Ուժեղ ցանկություն ես զգում մի քանի անգամ հարվածել ինքդ քեզ, և արցունքներ են հայտնվում քո աչքերում։ Նման պահերին զղջում և վիշտ ես զգում քո սրտում, բայց այս զգացմունքներն արտահայտելու ոչ մի միջոց չունես։ Սա Սուրբ Հոգու ներկայիս գործն է, բայց միայն նրանք, ովքեր ձգտում են կյանքի, կարող են հասնել դրան։ Զգում ես, որ Աստված մեծ սեր ունի քո հանդեպ, և յուրահատուկ զգացողություն ունես։ Թեև չունես խոսքեր՝ հստակ աղոթելու համար, միշտ զգում ես, որ Աստծու սերը օվկիանոսի պես խորն է։ Չկան հարմար խոսքեր՝ այս վիճակն արտահայտելու համար, և սա մի վիճակ է, որը հաճախ է առաջանում հոգու ներսում։ Մարդու սրտում Աստծուն մոտենալու այս տեսակ աղոթքն ու հաղորդակցությունը բնականոն են։
Թեև այն ժամանակը, երբ մարդիկ ստիպված էին խարխափել և փնտրել, այժմ անցել է, դա չի նշանակում, որ այլևս աղոթելու և փնտրելու կարիք չունեն, ոչ էլ այնպես է, որ մարդիկ կարիք չունեն սպասելու, որ Աստծու մտադրությունները բացահայտվեն նախքան աշխատանք կատարելը. սրանք պարզապես մարդու թյուրըմբռնումներն են։ Աստված եկել է մարդկանց մեջ՝ ապրելու նրանց հետ, լինելու նրանց լույսը, նրանց կյանքը և նրանց ճանապարհը. սա փաստ է։ Իհարկե, երկիր գալով՝ Աստված անշուշտ մարդկությանը բերում է գործնական ճանապարհ և կյանք, որը համապատասխանում է նրանց հասունությանը, որպեսզի վայելեն. Նա չի եկել կոտրելու մարդու բոլոր կիրարկումները։ Մարդն այլևս չի ապրում խարխափելով և փնտրելով, որովհետև դրանք փոխարինվել են Աստծու երկիր գալով, որպեսզի գործի և ասի Իր խոսքը։ Նա եկել է ազատելու մարդուն այն մշուշոտ, խավար կյանքից, որով ապրել է, և հնարավորություն տալու ունենալ լույսով լի կյանք։ Ներկայիս գործը բաները հստակ մատնանշելն է, հստակ խոսելը, ուղղակիորեն տեղեկացնելը և բաները հստակորեն սահմանելը, որպեսզի մարդիկ կարողանան կիրարկել այս բաները ճիշտ այնպես, ինչպես Եհովա Աստված առաջնորդեց Իսրայելի ժողովրդին՝ ասելով, թե ինչպես զոհեր մատուցեն և ինչպես կառուցեն տաճարը։ Հետևաբար, այլևս կարիք չունեք ապրելու խարխափելու և փնտրելու կյանքով, ինչպես անում էիք Տեր Հիսուսի հեռանալուց հետո։ Արդյո՞ք ապագայում պետք է խարխափելով գտնեք ձեր ճանապարհն ավետարանը քարոզելու գործում։ Արդյո՞ք պետք է խարխափեք՝ փորձելով գտնել ապրելու պատշաճ ճանապարհ։ Արդյո՞ք պետք է խարխափեք՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է կատարեք ձեր սեփական պարտավորությունները։ Մի՞թե անհրաժեշտ է, որ երեսնիվայր ընկնեք գետնին՝ փնտրելով, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է վկայություն կրեք։ Մի՞թե անհրաժեշտ է, որ ծոմ պահեք և աղոթեք՝ իմանալու համար, թե ինչպես պետք է հագնվեք կամ ապրեք։ Մի՞թե անհրաժեշտ է, որ ջերմեռանդորեն և անդադար աղոթեք երկնքում գտնվող Աստծուն՝ իմանալու համար, թե ինչպես պետք է ընդունեք Աստծու կողմից նվաճվելը։ Մի՞թե անհրաժեշտ է, որ անդադար աղոթեք գիշեր ու ցերեկ՝ իմանալու համար, թե ինչպես պետք է հնազանդվեք Աստծուն։ Ձեր մեջ կան շատերը, ովքեր ասում են, թե ի վիճակի չեն կիրարկելու, որովհետև չեն հասկանում։ Մարդիկ պարզապես ուշադրություն չեն դարձնում Աստծու ներկայիս գործի՛ն։ Շատ խոսքեր Ես վաղուց եմ ասել, բայց դուք երբեք նվազագույն ուշադրություն անգամ չեք դարձրել դրանք կարդալուն, ուստի զարմանալի չէ, որ չգիտեք, թե ինչպես կիրարկել։ Իհարկե, այսօրվա դարաշրջանում Սուրբ Հոգին դեռ հուզում է մարդկանց՝ թույլ տալով նրանց վայելք զգալ, և Նա ապրում է մարդու հետ միասին։ Սա է այն[ա] յուրահատուկ, հաճելի զգացումների աղբյուրը, որոնք հաճախ առաջանում են քո կյանքում։ Ժամանակ առ ժամանակ գալիս է մի օր, երբ զգում ես, որ Աստված այնքան սիրելի է, և չես կարողանում զսպել քեզ՝ չաղոթելով Նրան. «Աստվա՛ծ։ Քո սերն այնքան գեղեցիկ է, և Քո պատկերն այնքան մեծ է։ Ցանկանում եմ սիրել Քեզ ավելի խորապես։ Ցանկանում եմ նվիրել իմ ողջ անձը՝ ծախսելու իմ ամբողջ կյանքը։ Ամեն ինչ կնվիրեմ Քեզ, քանի դեռ դա Քեզ համար է, քանի դեռ սա անելով՝ ի վիճակի եմ սիրելու Քեզ…»։ Սա հաճույքի զգացում է, որը տրվել է քեզ Սուրբ Հոգու կողմից։ Դա լուսավորություն չէ, ոչ էլ լուսավորում է. դա հուզված լինելու փորձառությունն է։ Նմանատիպ փորձառություններ տեղի կունենան ժամանակ առ ժամանակ՝ երբեմն, երբ աշխատանքի գնալու ճանապարհին ես, կաղոթես և կմոտենաս Աստծուն, և կհուզվես այն աստիճան, որ արցունքները կթրջեն քո դեմքը, և կկորցնես ողջ ինքնատիրապետումը և անհամբեր կլինես գտնելու հարմար մի վայր, որտեղ կկարողանաս արտահայտել քո սրտի ողջ եռանդը… Կլինեն ժամանակներ, երբ կգտնվես որևէ հասարակական վայրում և կզգաս, որ վայելում ես Աստծու սերն այնքան շատ, որ քո վիճակն ամենևին էլ սովորական չէ, և առավել ևս, որ ապրում ես քո կյանքն ավելի մեծ իմաստով, քան որևէ մեկ ուրիշը։ Դու խորապես կիմանաս, որ Աստված բարձրացրել է քեզ, և որ սա Աստծու մեծ սերն է քո հանդեպ։ Քո սրտի ամենախորքերում կզգաս, որ Աստծու մեջ կա մի տեսակ սեր, որն անարտահայտելի և անըմբռնելի է մարդու համար, ասես գիտես այն, բայց նկարագրելու ոչ մի միջոց չունես՝ միշտ համարելով այն մտորումների տեղիք տվող, սակայն ի վիճակի չլինելով լիովին արտահայտել այն։ Նման պահերին նույնիսկ կմոռանաս, թե որտեղ ես, և կբացականչես. «Աստվա՛ծ։ Դու այնքա՜ն անըմբռնելի ես և այնքա՜ն սիրելի»։ Սա մարդկանց տարակուսանքի մեջ կգցի, բայց բոլոր նման բաները բավականին հաճախ են տեղի ունենում։ Դուք այնքան շատ եք փորձառաբար ապրել այս տեսակ բաները։ Սա այն կյանքն է, որը Սուրբ Հոգին տվել է քեզ այսօր, և այն կյանքը, որով այժմ պետք է ապրես։ Դա քեզ կյանքով ապրելուց կանգնեցնելու համար չէ, այլ հակառակը՝ քո կյանքն ապրելու ձևը փոխելու համար է։ Դա մի զգացում է, որը հնարավոր չէ նկարագրել կամ արտահայտել։ Դա նաև մարդու ճշմարիտ զգացումն է և, առավել ևս, դա Սուրբ Հոգու գործն է։ Դու կարող ես հասկանալ դա քո սրտում, բայց ոչ մի կերպ չես կարող հստակ արտահայտել այն որևէ մեկին։ Սա այն պատճառով չէ, որ դանդաղախոս ես կամ կակազում ես, այլ որովհետև դա մի տեսակ զգացում է, որը հնարավոր չէ նկարագրել բառերով։ Քեզ թույլատրված է վայելել այս բաներն այսօր, և սա այն կյանքն է, որով պետք է ապրես։ Իհարկե, քո կյանքի մյուս կողմերը դատարկ չեն. պարզապես հուզված լինելու այս փորձառությունը դառնում է մի տեսակ ուրախություն քո կյանքում, որը ստիպում է քեզ միշտ պատրաստակամ լինել վայելելու նման փորձառություններ Սուրբ Հոգուց։ Բայց պետք է իմանաս, որ այս կերպ հուզվելը տեղի չի ունենում նրա համար, որ վեր կանգնես մսեղիից և գնաս երրորդ երկինք կամ ճանապարհորդես ամբողջ աշխարհով մեկ։ Հակառակը՝ դա նրա համար է, որ զգաս և ճաշակես Աստծու սերը, որը վայելում ես այսօր, փորձառաբար ապրես Աստծու գործի նշանակությունն այսօր և վերստին ծանոթանաս Աստծու հոգածությանն ու պաշտպանությանը։ Այս բոլոր բաները նրա համար են, որ գուցե սկսես ավելի մեծ գիտելիք ձեռք բերել այն գործի մասին, որն Աստված անում է այսօր. սա է Աստծու նպատակն այս գործն անելիս։
Փնտրելն ու խարխափելը կյանքի եղանակն էր նախքան Աստծու մարմնացումը։ Այն ժամանակ մարդիկ չէին կարող տեսնել Աստծուն, ուստի այլ ընտրություն չունեին, քան փնտրել և խարխափել։ Այսօր դու տեսել ես Աստծուն, և Նա ուղղակիորեն ասում է քեզ, թե ինչպես պետք է կիրարկես. ահա թե ինչու այլևս կարիք չունես խարխափելու կամ փնտրելու։ Այն ուղին, որով Նա առաջնորդում է մարդուն, ճշմարտության ճանապարհն է, և այն բաները, որոնք Նա ասում է մարդուն, և որոնք մարդն ընդունում է, կյանքն ու ճշմարտությունն են։ Դու ունես ճանապարհը, կյանքը և ճշմարտությունը, ուստի ի՞նչ կարիք կա ամենուր փնտրելու։ Սուրբ Հոգին միաժամանակ գործի երկու փուլ չի անի։ Եթե, երբ ավարտել եմ Իմ խոսքն ասելը, մարդիկ ուշադրությամբ չեն ուտում և խմում Աստծու խոսքերը և պատշաճ կերպով չեն ձգտում ճշմարտությանը՝ դեռևս անդադար աղոթելով և փնտրելով, ինչպես անում էին Շնորհքի դարաշրջանում, կույր մարդու պես, որ խարխափելով առաջ է գնում, մի՞թե դա չի նշանակի, որ Իմ գործի այս փուլը՝ խոսքերի գործը, իզուր է արվում։ Թեև չնայած որ Ես ավարտել եմ Իմ խոսքն ասելը, մարդիկ դեռ լիովին չեն հասկանում, և դա այն պատճառով է, որ նրանց որակը թույլ է։ Այս խնդիրը կարող է լուծվել՝ ապրելով եկեղեցական կյանքով և միմյանց հետ հաղորդակցվելով։ Նախկինում՝ Շնորհքի դարաշրջանում, թեև Աստված մարմնացած էր, Նա չարեց խոսքերի գործը, ահա թե ինչու Սուրբ Հոգին այն ժամանակ այդպես էր գործում՝ աշխատանքը պահպանելու համար։ Այն ժամանակ հիմնականում Սուրբ Հոգին էր անում գործը, բայց հիմա մարմնացած Աստված Ինքն է անում դա՝ զբաղեցնելով Սուրբ Հոգու գործի տեղը։ Նախկինում, քանի դեռ մարդիկ հաճախակի աղոթում էին, խաղաղություն և ուրախություն էին փորձառաբար ապրում. կար հանդիմանություն, ինչպես նաև կարգավարժանք։ Սա ամբողջը Սուրբ Հոգու գործն էր։ Հիմա այս վիճակները հազվադեպ են։ Սուրբ Հոգին կարող է միայն մեկ տեսակի գործ անել ցանկացած դարաշրջանում։ Եթե Նա միաժամանակ երկու տեսակի գործ աներ՝ մսեղին աներ մի տեսակի գործ, իսկ Սուրբ Հոգին՝ մեկ այլ տեսակի գործ մարդկանց ներսում, և եթե այն, ինչ մսեղին ասում էր, հաշվի չառնվեր, և միայն այն, ինչ Հոգին էր անում, հաշվի առնվեր, ապա Քրիստոսը չէր ունենա ոչ մի ճշմարտություն, ճանապարհ կամ կյանք, որի մասին կարող էր խոսել։ Սա ինքնահակասություն կլիներ։ Կարո՞ղ էր արդյոք Սուրբ Հոգին այսպես գործել։ Աստված ամենակարող է և ամենաիմաստուն, սուրբ և արդար, և Նա բացարձակապես ոչ մի սխալ չի անում։
Մարդկանց անցյալի փորձառություններում չափազանց շատ խեղաթյուրումներ կային։ Կային որոշ բաներ, որոնք բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ պետք է ունենային կամ անեին, կամ կային սխալներ, որոնցից դժվար էր խուսափել մարդկային կյանքում, և երբ այս բաները վատ էին արվում, մարդիկ դրանց պատասխանատվությունը դնում էին Աստծու վրա։ Կար մի քույր, ով հյուրեր ուներ իր տանը։ Նրա շոգեխաշած բուլկիները ճիշտ չէին շոգեխաշվել, ուստի նա մտածեց. «Սա հավանաբար Աստծու կարգավարժանքն է։ Աստված նորից էտում է իմ սնափառ սիրտը՝ իմ սնափառությունն իսկապես չափազանց ուժեղ է»։ Իրականում, որքանով որ վերաբերում է մարդու բնականոն մտածելակերպին, երբ հյուրեր են գալիս, հուզվում ես և շտապում, անկազմակերպ ես այն ամենում, ինչ անում ես, կա՛մ այրում ես բրինձը, կա՛մ ճաշատեսակները չափազանց աղի ես սարքում։ Սա առաջանում է չափազանց հուզված լինելուց, բայց մարդիկ ի վերջո դա վերագրում են «Աստծու կարգավարժանքին»։ Իրականում, սրանք բոլորը պարզապես մարդկային կյանքում թույլ տրված սխալներ են։ Մի՞թե նույնպես հաճախ չէիր հանդիպի այս տեսակ բաների, եթե չհավատայիր Աստծուն։ Առաջացող խնդիրները հաճախ մարդկանց թույլ տված սխալների արդյունք են՝ պարզապես այնպես չէ, որ նման սխալները Սուրբ Հոգու արածն են։ Նման սխալները ոչ մի կապ չունեն Աստծու հետ։ Ինչպես այն ժամանակ, երբ ուտելիս կծում ես լեզուդ՝ կարո՞ղ է դա լինել Աստծու կարգավարժանքը։ Աստծու կարգավարժանքն ունի սկզբունքներ. ընդհանուր առմամբ, Նա կարգավարժում է քեզ, երբ գիտակցաբար սխալ ես գործում, և երբ այն, ինչ անում ես, առնչվում է Աստծու անվանը, Աստծու վկայությանը կամ Աստծու գործին։ Մարդիկ այժմ բավականաչափ հասկանում են ճշմարտությունը՝ ներքին գիտակցություն ունենալու այն բաների մասին, որոնք անում են։ Օրինակ՝ կարո՞ղ էիր արդյոք ոչինչ չզգալ, եթե սեփականացնեիր եկեղեցու փողերը կամ անխոհեմաբար ծախսեիր դրանք։ Մի բան կզգայիր դա անելիս։ Հնարավոր չէ մի բան զգալ միայն այն ժամանակ, երբ արարքն արդեն արված է։ Հստակ գիտես քո սրտում այն բաների մասին, որոնք անում ես, և որոնք դեմ են քո խղճին։ Քանի որ մարդիկ ունեն իրենց սեփական հավանած բաներն ու նախասիրությունները, նրանք պարզապես տրվում են իրենց ցանկություններին, թեև հստակ գիտեն, թե ինչպես կիրարկել ճշմարտությունը։ Որպես այդպիսին, մի բան անելուց հետո ոչ մի ակնհայտ հանդիմանություն չեն զգում կամ որևէ ակնհայտ կարգավարժանքի չեն ենթարկվում։ Նրանք գիտակցաբար սխալ են գործել, ուստի Աստված չի կարգավարժում նրանց. երբ գա արդար դատաստանի ժամանակը, Աստծու արժանի պատիժը կբերվի յուրաքանչյուրի վրա՝ ըստ նրանց գործողությունների։ Ներկայումս եկեղեցում կան որոշ մարդիկ, ովքեր սեփականացնում են փողեր, ոմանք, ովքեր հստակ սահմաններ չեն պահպանում տղամարդկանց և կանանց միջև, և ոմանք, ովքեր դատում են, արհամարհում և փորձում են գաղտնի քանդել Աստծու գործը։ Ինչո՞ւ է նրանց հետ դեռ ամեն ինչ լավ։ Նման բաներ անելիս նրանք ունեն գիտակցություն և նախատինք են զգում իրենց սրտերում, և դրա պատճառով երբեմն մատնվում են հանդիմանության և զտման, բայց պարզապես չափազանց անամո՛թ են։ Ճիշտ այնպես, ինչպես երբ մարդիկ ներգրավվում են անառակության մեջ՝ գիտակցում են, թե ինչ են անում այդ պահին, բայց նրանց ցանկասիրությունը չափազանց մեծ է, և չեն կարողանում վերահսկել իրենց։ Նույնիսկ եթե Սուրբ Հոգին կարգավարժի նրանց, դա ապարդյուն կլինի, ուստի Սուրբ Հոգին կարգավարժանք չի կիրառի։ Եթե Սուրբ Հոգին չի կարգավարժում նրանց այն ժամանակ, եթե նրանք ոչ մի նախատինք չեն զգում, և նրանց մսեղիի հետ ոչինչ չի պատահում, ի՞նչ նախատինք կարող է լինել դրանից հետո։ Արարքն արված է՝ ի՞նչ կարգավարժանք կարող է լինել։ Դա միայն ապացուցում է, որ նրանք չափազանց անամոթ են և զուրկ մարդկայնությունից, և որ արժանի են անեծքների և պատժի՛։ Սուրբ Հոգին իզուր չի գործում։ Եթե լավ գիտես ճշմարտությունը, բայց չես կիրարկում այն, եթե ընդունակ ես ամեն ինչի, ապա այն ամենը, ինչ կարող ես անել, սպասելն է այն օրվան, երբ կպատժվես չարի հետ միասին։ Սա լավագույն ելքն է քեզ համա՛ր։ Այժմ Ես բազմիցս քարոզել եմ խղճի մասին, որը նվազագույն չափանիշն է։ Եթե մարդիկ զուրկ են խղճից, ապա կորցրել են Սուրբ Հոգու կարգավարժանքը. նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են, և Աստված նրանց ուշադրություն չի դարձնում։ Նրանք, ովքեր իսկապես ունեն խիղճ և ողջամտություն, կգիտակցեն դա, երբ սխալ բան անեն։ Անհանգիստ կզգան, հենց որ մի փոքր հանդիմանություն զգան իրենց խղճում. նրանք ներքին պայքար կմղեն և ի վերջո կապստամբեն մսեղիի դեմ։ Չեն հասնի այն կետին, որ անեն մի բան, որը չափազանց ծանր կերպով հակադրվում է Աստծուն։ Անկախ նրանից, թե արդյոք Սուրբ Հոգին կարգավարժում և հանդիմանում է նրանց, մարդիկ բոլորը որոշակի զգացում կունենան, երբ սխալ բան անեն։ Հետևաբար, մարդիկ այժմ հասկանում են բոլոր տեսակի ճշմարտությունները, և եթե չեն կիրարկում դրանք, ապա դա մարդկային խնդիր է։ Ես ընդհանրապես չեմ արձագանքում նման մարդկանց, ոչ էլ որևէ հույս եմ տածում նրանց հանդեպ։ Կարող ես վարվել այնպես, ինչպես ցանկանում ես։
Երբ որոշ մարդիկ հավաքվում են, մի կողմ են դնում Աստծու խոսքը և միշտ խոսում են այն մասին, թե ինչպիսին է այս կամ այն մարդը։ Իհարկե, լավ է մի փոքր զանազանող լինել, որպեսզի անկախ նրանից, թե ուր կգնաս, հեշտությամբ չմոլորվես, ոչ էլ հեշտությամբ խաբվես կամ հիմարացվես. սա նույնպես մի կողմ է, որը մարդիկ պետք է ունենան։ Բայց չպետք է կենտրոնանաս բացառապես այս կողմի վրա։ Սա վերաբերում է բաների բացասական կողմին, և չես կարող միշտ աչքերդ հառած պահել ուրիշ մարդկանց վրա։ Այժմ չափազանց քիչ գիտելիք ունես այն մասին, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին, քո հավատն առ Աստված չափազանց մակերեսային է, և չափազանց քիչ դրական բաներ ունես։ Նա, ում հավատում ես, Աստված է, և Նա, ում պետք է հասկանաս, Աստված է, ոչ թե Սատանան։ Եթե միայն ճանաչում ես, թե ինչպես է գործում Սատանան, և այն բոլոր եղանակները, որոնցով գործում են չար ոգիները, բայց ընդհանրապես ոչ մի գիտություն չունես Աստծու մասին, ի՞նչ իմաստ կլիներ դրանում։ Մի՞թե Աստված չէ Նա, ում հավատում ես այսօր։ Ինչո՞ւ քո գիտությունը չի ներառում այս դրական բաները։ Դու պարզապես ուշադրություն չես դարձնում մուտքի դրական կողմին, ոչ էլ ըմբռնում ունես դրա մասին, ուստի ի՞նչ ես ուզում ձեռք բերել քո հավատի մեջ։ Մի՞թե չգիտես, թե ինչպես պետք է ձգտես։ Շատ բան գիտես բացասական օրինակների մասին, բայց ոչինչ չգիտես մուտքի դրական կողմի մասին, ուստի ինչպե՞ս կարող է քո հասունությունը երբևէ աճել։ Զարգացման ի՞նչ ապագա հեռանկարներ կունենա քեզ նման մարդը, որ խոսում է միայն Սատանայի հետ պատերազմի մասին։ Մի՞թե քո մուտքը չափազանց հնացած չէր լինի։ Ի՞նչ կկարողանայիր ձեռք բերել ներկայիս գործից՝ սա անելով։ Այժմ առանցքայինն այն է, որ հասկանաս, թե ինչ է ուզում անել Աստված հիմա, ինչպես պետք է մարդը համագործակցի, ինչպես պետք է սիրի Աստծուն, ինչպես պետք է հասկանա Սուրբ Հոգու գործը, ինչպես պետք է մտնի այն բոլոր խոսքերի մեջ, որոնք Աստված ասում է այսօր, ինչպես պետք է ուտի և խմի, փորձառաբար ապրի և հասկանա դրանք, ինչպես պետք է բավարարի Աստծու մտադրությունները, լիովին նվաճվի Աստծու կողմից և հնազանդվի Աստծուն… Սրանք այն բաներն են, որոնց վրա դու պետք է կենտրոնանաս, և որոնց մեջ պետք է մտնել հիմա։ Հասկանո՞ւմ ես արդյոք։ Ի՞նչ օգուտ կա բացառապես ուրիշ մարդկանց զանազանելու վրա կենտրոնանալուց։ Դու կարող ես զանազանել Սատանային այստեղ, զանազանել չար ոգիներին այնտեղ՝ կարող ես լիարժեք հասկացողություն ունենալ չար ոգիների մասին, բայց եթե ի վիճակի չես որևէ բան ասելու Աստծու գործի մասին, կարո՞ղ է արդյոք նման զանազանությունը փոխարինել Աստծուն հասկանալուն։ Նախկինում հաղորդակցվել եմ չար ոգիների գործի դրսևորումների մասին, բայց սա դրա հիմնական մասը չի եղել։ Իհարկե, մարդիկ պետք է որոշակի զանազանություն ունենան, և սա մի կողմ է, որը Աստծուն ծառայողները պետք է ունենան՝ հիմար բաներ անելուց և Աստծու գործը խաթարելուց խուսափելու համար։ Այնուամենայնիվ, ամենակարևոր բանը մնում է Աստծու գործի մասին գիտություն ունենալը և Աստծու մտադրությունները հասկանալը։ Աստծու գործի այս փուլի մասին ի՞նչ գիտելիք կա քո ներսում։ Կարո՞ղ ես խոսել այն մասին, թե ինչ է անում Աստված, որոնք են Աստծու մտադրությունները, որոնք են քո սեփական թերությունները, և ինչ բաներով պետք է զինես քեզ։ Կարո՞ղ ես ասել, թե որն է քո նորագույն մուտքը։ Պետք է ի վիճակի լինես պտուղ քաղելու և հասկացողության հասնելու նոր մուտքի մեջ։ Մի՛ ձևացրու, թե շփոթված ես. պետք է ավելի շատ ջանք գործադրես նոր մուտքի մեջ՝ խորացնելու քո սեփական փորձառությունն ու գիտությունը, և առավել ևս պետք է ըմբռնես ներկայիս նորագույն մուտքերը և փորձառելու ամենաճիշտ եղանակը։ Ավելին, նոր գործի և նոր մուտքերի միջոցով պետք է զանազանություն ունենաս քո նախկին հնացած և խեղաթյուրված կիրարկումների վերաբերյալ և փնտրես, թե ինչպես հրաժարվել դրանցից՝ նոր փորձառությունների մեջ մտնելու համար։ Սրանք բաներ են, որոնք այժմ հրատապ կերպով պետք է հասկանաս և մտնես դրանց մեջ։ Պետք է հասկանաս հին և նոր մուտքերի միջև եղած տարբերություններն ու կապը։ Եթե չես ըմբռնում այս բաները, ապա առաջընթացի ոչ մի միջոց չես ունենա, քանի որ ի վիճակի չես լինի համընթաց քայլելու Սուրբ Հոգու գործի հետ։ Պետք է ի վիճակի լինես ընդունելու Աստծու խոսքի բնականոն ուտելն ու խմելը և բնականոն հաղորդակցությունը և օգտագործելու դրանք՝ փոխելու քո նախկին հնացած կիրարկումները և քո հին ավանդական պատկերացումները, որպեսզի կարողանաս մտնել նոր կիրարկման մեջ և մտնել Աստծու նոր գործի մեջ։ Սրանք բաներ են, որոնց պետք է հասնես։ Ես հիմա պարզապես չեմ խնդրում քեզ պարզել, թե ճշգրտորեն որքանով ես համապատասխանում չափանիշին. սա չէ նպատակը։ Ավելի շուտ, խնդրում եմ քեզ լրջորեն վերաբերվել ճշմարտության քո կիրարկմանը և կյանքի մուտքի քո հասկացողությանը։ Ինքդ քեզ ճանաչելու քո կարողությունը քո ճշմարիտ հասունության ներկայացումը չէ։ Եթե կարող ես փորձառաբար ապրել Աստծու գործը, փորձառական հասկացողություն ունես Աստծու խոսքերում եղած ճշմարտությունների վերաբերյալ և ի վիճակի ես զանազանելու քո նախկին պատկերացումներն ու սխալները, ապա սա քո ճշմարիտ հասունությունն է և մի բան է, որին ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասնի։
Կան շատ իրավիճակներ, երբ դուք պարզապես չգիտեք, թե ինչպես կիրարկել, և է՛լ ավելի քիչ գիտեք, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին։ Երբեմն անում ես մի բան, որը հստակորեն չի հնազանդվում Սուրբ Հոգուն։ Աստծու խոսքերն ուտելու և խմելու միջոցով արդեն ըմբռնում ես հարցի սկզբունքը, ուստի նախատինք ես զգում և խաղաղ չես քո ներսում. իհարկե, սա մի զգացում է, որը մարդ կզգա միայն որոշակի ճշմարտություն իմանալու նախապայմանով։ Եթե մարդիկ չեն համագործակցում կամ չեն կիրարկում Աստծու այսօրվա խոսքի համաձայն, ապա խոչընդոտում են Սուրբ Հոգու գործը և անշուշտ խաղաղ չեն լինի իրենց ներսում։ Ասենք՝ հասկանում ես որոշակի կողմի սկզբունքը, բայց չես կիրարկում դրան համապատասխան, հետևաբար ներքին նախատինքի զգացում կկրես։ Եթե չես հասկանում սկզբունքը և ընդհանրապես չգիտես ճշմարտության այս կողմը, ապա պարտադիր չէ, որ նախատինքի զգացում ունենաս այս հարցում։ Սուրբ Հոգու հանդիմանությունը միշտ համատեքստ ունի։ Կարծում ես, որ քանի որ չես աղոթել և չես համագործակցել Սուրբ Հոգու գործի հետ, ուշացրել ես գործը։ Իրականում, այն չի կարող ուշանալ։ Սուրբ Հոգին կհուզի մեկ ուրիշին. Սուրբ Հոգու գործը ոչ մեկի կողմից չի սահմանափակվում։ Զգում ես, որ հուսախաբ ես արել Աստծուն, և սա մի զգացում է, որը պետք է ունենաս քո խղճում։ Արդյոք կարող ես ձեռք բերել ճշմարտությունը, թե ոչ, քո սեփական գործն է և կապ չունի Աստծու հետ։ Երբեմն քո սեփական խիղճն է, որ մեղադրված է զգում, բայց սա Սուրբ Հոգու լուսավորությունը կամ լուսավորումը չէ, ոչ էլ Սուրբ Հոգու նախատինքն է։ Փոխարենը դա մի զգացում է մարդկային խղճի ներսում։ Եթե անխոհեմաբար սխալ արարքներ ես գործում այն հարցերում, որոնք առնչվում են Աստծու անվանը, Աստծու վկայությանը կամ Աստծու գործին, ապա Աստված բաց չի թողնի քեզ։ Բայց կա սահման՝ Աստված չի զբաղվի քեզնով սովորական, փոքր հարցերում։ Նա անտեսելու է քեզ։ Եթե խախտում ես սկզբունքները և խանգարում ու անհանգստացնում ես Աստծու գործը, Նա Իր զայրույթը կթափի քեզ վրա և բացարձակապես բաց չի թողնի քեզ։ Մարդկային կյանքի ընթացքում որոշ սխալներ, որոնք թույլ ես տալիս, անխուսափելի են։ Օրինակ՝ ճիշտ չես շոգեխաշում քո բուլկիները և ասում ես, որ դա Աստված է կարգավարժում քեզ. սա միանգամայն անհիմն ասվածք է։ Նախքան քո՝ Աստծուն հավատալը, մի՞թե այս տեսակ բան հաճախ չէր պատահում։ Զգում ես, որ դա կարծես Սուրբ Հոգու կարգավարժանքն է, բայց իրականում դա այդպես չէ (բացառությամբ որոշ բացառիկ հանգամանքների), որովհետև այս գործն ամբողջությամբ չի գալիս Սուրբ Հոգուց, այլ ավելի շուտ՝ մարդկային զգացմունքներից։ Այնուամենայնիվ, հավատքի մարդկանց համար բնականոն է այս ուղղությամբ մտածելը։ Դու չէիր կարող այսպես մտածել, երբ չէիր հավատում Աստծուն։ Երբ սկսեցիր հավատալ Աստծուն, սկսեցիր քո մտքերն ուղղել դեպի այս բաները, և ուստի բնականաբար սկսեցիր մտածել այս ուղղությամբ։ Սա առաջանում է բնականոն մարդկանց մտածելակերպից և պատկանում է մարդկային մտքի գործունեությանը։ Բայց ասեմ քեզ՝ նման մտածելակերպը Սուրբ Հոգու գործի շրջանակներում չէ։ Սա մի օրինակ է, երբ Սուրբ Հոգին մարդկանց բնականոն ռեակցիա է տալիս իրենց մտքերի միջոցով. բայց պետք է հասկանաս, որ այս ռեակցիան Սուրբ Հոգու գործը չէ։ Այս տեսակ «գիտելիք» ունենալը չի ապացուցում, որ ունես Սուրբ Հոգու գործը։ Քո գիտելիքը չի առաջանում Սուրբ Հոգու լուսավորությունից, առավել ևս դա Սուրբ Հոգու գործը չէ։ Դա լոկ բնականոն մարդկային մտքի արդյունք է, և այն բացարձակապես ոչ մի կապ չունի Սուրբ Հոգու լուսավորության կամ լուսավորման հետ՝ սրանք երկու լիովին տարբեր բաներ են։ Նման բնականոն մարդկային միտքն ամբողջությամբ չի արտադրվում Սուրբ Հոգու գործով։ Երբ Սուրբ Հոգին գործում է՝ լուսավորություն բերելու մարդկանց, Նա ընդհանուր առմամբ նրանց գիտելիք է տալիս Աստծու գործի և նրանց ճշմարիտ մուտքի ու ճշմարիտ վիճակի մասին։ Նա նաև թույլ է տալիս նրանց հասկանալ Աստծու հրատապ մտադրությունները և մարդու հանդեպ Նրա պահանջներն այսօր, որպեսզի նրանք վճռականություն ունենան զոհաբերելու ամեն ինչ՝ Աստծուն բավարարելու համար, սիրելու Աստծուն, նույնիսկ եթե հանդիպեն հալածանքի և նեղության, և հաստատուն կանգնելու իրենց վկայության մեջ Աստծու համար, նույնիսկ եթե դա նշանակում է թափել իրենց արյունը կամ տալ իրենց կյանքը, և անել դա առանց զղջալու։ Եթե ունես այս տեսակ վճռականություն, դա նշանակում է, որ ունես Սուրբ Հոգու հուզումներն ու գործը. բայց իմացիր, որ չես տիրապետում նման հուզումների ամեն մի անցնող պահի։ Երբեմն հավաքույթների ժամանակ, երբ աղոթում ես և ուտում ու խմում ես Աստծու խոսքերը, կարող ես չափազանց հուզված և ոգեշնչված զգալ։ Այնքան նոր և թարմ է թվում, երբ ուրիշները հաղորդակցվում են Աստծու խոսքերի իրենց փորձառական հասկացողության մասին, և քո սիրտը կատարելապես պարզ և լուսավոր է։ Սա ամբողջը Սուրբ Հոգու գործն է։ Եթե առաջնորդող ես, և Սուրբ Հոգին քեզ բացառիկ լուսավորություն և լուսավորում է տալիս, երբ գնում ես եկեղեցի՝ աշխատելու, տալիս է քեզ խորաթափանցություն եկեղեցու ներսում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ, թույլ է տալիս քեզ իմանալ, թե ինչպես հաղորդակցվել ճշմարտության մասին՝ դրանք լուծելու համար, դարձնում է քեզ անհավանականորեն եռանդուն, պատասխանատու և լուրջ քո աշխատանքում, այս ամենը Սուրբ Հոգու գործն է։
Ծանոթագրություններ.
ա. Բնագիր տեքստում ասվում է. «Սրանք որոշներն են»։