Ճշմարիտ սրտով Աստծուն հնազանդվողներն անշուշտ ձեռք կբերվեն Աստծու կողմից
Սուրբ Հոգու գործն օրեցօր փոխվում է։ Ամեն քայլի հետ ավելի է բարձրանում, վաղվա հայտնությունն ավելի բարձր է քան այսօրվանը՝ քայլ առ քայլ անընդհատ վեր մագլցելով։ Աստված հենց այսպիսի գործով է կատարելագործում մարդուն։ Եթե մարդիկ չեն կարողանում համընթաց քայլել, ապա ցանկացած պահի կարող են դուրս թողնվել։ Եթե նրանք հնազանդվող սիրտ չունենան, չեն կարողանա հետևել մինչև վերջ։ Նախկին դարաշրջանն անցել է։ Հիմա նոր դարաշրջան է։ Իսկ նոր դարաշրջանում պետք է նոր գործ արվի։ Հատկապես վերջին դարաշրջանում, երբ մարդիկ կատարելագործվում են, Աստված ավելի նոր գործ է կատարելու, ավելի արագ, ուստի, եթե մարդիկ գիտակցաբար չհնազանդվեն, նրանց համար դժվար կլինի հետևել Աստծու հետքերին։ Աստված չի պահպանում որևէ կանոն, ոչ էլ Իր գործի որևէ փուլ համարում է հավերժ անփոփոխ։ Փոխարենը՝ Նա հետևողականորեն կատարում է երբեւէ ավելի նոր ու երբեւէ ավելի բարձր գործ։ Ամեն փուլի հետ Նրա գործը դառնում է ավելի ու ավելի գործնական և ավելի ու ավելի է համապատասխանում մարդու իրական կարիքներին։ Միայն այսպիսի գործը փորձառաբար ապրելով մարդիկ կարող են հասնել իրենց խառնվածքի վերջնական փոխակերպմանը։ Կյանքի մասին մարդու ճանաչողությունը հասնում է ավելի ու ավելի բարձր մակարդակների, և նույն կերպ Աստծու գործն է հասնում ավելի ու ավելի բարձր մակարդակների։ Միայն այսպես մարդը կարող է կատարելագործվել և պիտանի դառնալ Աստծու համար։ Աստված այսպես է գործում մի կողմից՝ մարդու պատկերացումներըետ մղելու և դրանք ետ շրջելու համար, իսկ մյուս կողմից՝ մարդուն ավելի բարձր ու ավելի գործնական վիճակի, Աստծուն հավատալու բարձրագույն ոլորտ առաջնորդելու համար, որպեսզի ի վերջո Աստծու կամքը կատարվի։ Ըմբոստ բնություն ունեցող բոլոր նրանք, ովքեր կամայականորեն հակառակվում են, դուրս կթողնվեն Աստծու արագ ու հզոր գործի այս փուլով։ Միայն նրանք կարող են առաջ շարժվել մինչև ճանապարհի վերջը, ովքեր գիտակցաբար հնազանդվում են և ուրախությամբ խոնարհեցնում են իրենց։ Այսպիսի գործի մեջ բոլորդ պետք է սովորեք՝ ինչպես հնազանդվել և ինչպես բաց թողնել ձեր պատկերացումները։ Պետք է զգույշ լինեք ձեր արած յուրաքանչյուր քայլում։ Եթե անփույթ լինեք, անշուշտ կդառնաք մեկը, ով արհամարհանքով մերժվում է Սուրբ Հոգու կողմից, մեկը, ով խաթարում է Աստծու գործը։ Նախքան գործի այս փուլով անցնելը, մարդու հին կանոններն ու օրենքներն այնքան անթիվ էին, որ նա կորցրեց գլուխը, ինքնահավան դարձավ ու մոռացավ ինքն իրեն։ Սրանք բոլորը խոչընդոտներ են, որոնք ետ են պահում մարդուն Աստծու նոր գործն ընդունելուց։ Դրանք Աստծու մասին մարդու ճանաչողության թշնամիներն են։ Վտանգավոր է, երբ մարդիկ իրենց սրտերում ո՛չ հնազանդություն ունեն, ո՛չ էլ ճշմարտության հանդեպ փափագ։ Եթե հնազանդվում ես միայն պարզ գործին ու խոսքերին և անընդունակ ես ընդունելու ավելի խորը որևէ բան, ապա մեկն ես, ով կառչում է հնից և չի կարողանում համընթաց քայլել Սուրբ Հոգու գործի հետ։ Աստծու կատարած գործը դարաշրջանից դարաշրջան տարբերվում է։ Եթե մի փուլում լավ ես հնազանդվում Աստծու գործին, բայց հաջորդ փուլում Նրա գործի հանդեպ հնազանդությունդ վատ է կամ անկարող ես հնազանդվել, ապա Աստված կլքի քեզ։ Համընթաց ես քայլում Աստծու հետ, երբ Նա անում է այս քայլը, և պետք է շարունակես համընթաց քայլել, երբ Նա բարձրանում է հաջորդին։ Միայն այդ ժամանակ կլինես մեկը, ով հնազանդվում է Սուրբ Հոգուն։ Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է հաստատուն մնաս քո հնազանդության մեջ։ Չես կարող պարզապես հնազանդվել, երբ ցանկանում ես, և հրաժարվել հնազանդվելուց, երբ չես ցանկանում։ Աստված հավանություն չի տալիս այսպիսի հնազանդությանը։ Եթե չես կարողանում համընթաց քայլել նոր գործի մասին Իմ հաղորդակցության հետ և շարունակում ես կառչել նախկին ասածներից, ապա ինչպե՞ս կարող է առաջընթաց լինել քո կյանքում։ Աստծու գործն Իր խոսքերի միջոցով քեզ մատակարարելն է։ Երբ հնազանդվում և ընդունում ես Նրա խոսքերը, Սուրբ Հոգին անշուշտ կգործի քո մեջ։ Սուրբ Հոգին գործում է ճիշտ այնպես, ինչպես Ես եմ խոսում։ Արա այնպես, ինչպես Ես ասել եմ, և Սուրբ Հոգին անմիջապես կգործի քո մեջ։ Ես նոր լույս եմ արձակում, որպեսզի տեսնեք՝ բերելով ձեզ ներկայի լույսի մեջ, և երբ մտնես այս լույսի մեջ, Սուրբ Հոգին անմիջապես կգործի քո մեջ։ Կան ոմանք, ովքեր կարող են ըմբոստանալ՝ ասելով. «Պարզապես չեմ կիրառի այն, ինչ Դու ասում ես»։ Այդ դեպքում Ես ասում եմ քեզ, որ այժմ հասել ես ճանապարհի ավարտին. չորացել ես և զուրկ ես կյանքից։ Ուստի, խառնվածքիդ վերափոխումը փորձառաբար ապրելիս ոչինչ ավելի վճռորոշ չէ, քան ներկայի լույսի հետ համընթաց քայլելը։ Սուրբ Հոգին ոչ միայն գործում է որոշ մարդկանց մեջ, ովքեր օգտագործվում են Աստծու կողմից, այլև ավելին՝ եկեղեցում։ Նա կարող է գործել ցանկացածի մեջ։ Նա կարող է գործել քո մեջ ներկա ժամանակահատվածում, և դու փորձառաբար կապրես այս գործը։ Հաջորդ ժամանակահատվածում Նա կարող է գործել մեկ ուրիշի մեջ, եւ այդ դեպքում պետք է շտապես հետևել. որքան սերտորեն հետևես ներկայի լույսին, այնքան շատ կարող է աճել կյանքդ։ Անկախ այն բանից, թե ինչպիսի մարդ է ինչ-որ մեկը, եթե Սուրբ Հոգին գործում է նրա մեջ, ապա պետք է հետևես։ Երբ ինքդ անցնես բաների միջով, իրական փորձառություն ձեռք բեր այն ամենի վերաբերյալ, ինչի միջով նրանք անցել են, և կստանաս է՛լ ավելի բարձր բաներ։ Այսպիսի կիրառման միջոցով ավելի արագ կառաջադիմես։ Սա մարդու կատարելագործման ուղին է և միջոց, որով կյանքն աճում է։ Կատարելագործվելու ուղուն հասնում ես Սուրբ Հոգու գործին քո հնազանդության միջոցով։ Դու չգիտես, թե ինչպիսի մարդու միջոցով Աստված կգործի՝ քեզ կատարելագործելու համար, ոչ էլ այն, թե ինչ մարդու, իրադարձության կամ բանի միջոցով Նա թույլ կտա քեզ ձեռք բերել և տեսնել բաներ։ Եթե կարող ես ոտք դնել այս ճիշտ ուղու վրա, ապա դա ցույց է տալիս, որ մեծ հույս կա, որ կկատարելագործվես Աստծու կողմից։ Եթե չես կարող, ապա դա ցույց է տալիս, որ քո ապագան մռայլ է՝ զուրկ լույսից։ Հենց որ բռնես ճիշտ ուղին, հայտնություն ձեռք կբերես ամեն ինչում։ Անկախ այն բանից, թե Սուրբ Հոգին ինչ է հայտնում ուրիշներին, եթե առաջ շարժվես նրանց ճանաչողության հիման վրա՝ ինքնուրույն փորձառաբար ապրելու բաները, ապա դա կդառնա քո կյանքի մի մասը, և կկարողանաս մատակարարել ուրիշներին այս փորձառությունից ելնելով։ Նրանք, ովքեր մատակարարում են ուրիշներին՝ բառեր կրկնելով, մարդիկ են, ովքեր ոչ մի փորձառություն չեն ունեցել։ Պետք է սովորես ուրիշների լուսավորության և լուսավորման միջոցով գտնել կիրառման ուղի, նախքան կկարողանաս խոսել քո իսկ իրական փորձառության և ճանաչողության մասին։ Սա ավելի մեծ օգուտ կբերի քո իսկ կյանքին։ Պետք է այսպես փորձառաբար ապրես՝ հնազանդվելով այն ամենին, ինչ գալիս է Աստծուց։ Պետք է փնտրես Աստծու մտադրություններն ամեն ինչում և դասեր քաղես ամեն ինչից, որպեսզի կյանքդ աճի։ Այսպիսի կիրառումն ապահովում է ամենաարագ առաջընթացը։
Սուրբ Հոգին լուսավորություն է բերում քեզ քո իրական փորձառությունների միջոցով և կատարելագործում է քեզ հավատքիդ միջոցով։ Արդյոք իրապես պատրաստակա՞մ ես կատարելագործվելու։ Եթե իրապես պատրաստակամ ես կատարելագործվելու Աստծու կողմից, ապա քաջություն կունենաս լքելու մսեղիդ, կկարողանաս կիրառել Աստծու խոսքերը և չես լինի բացասական կամ թույլ։ Կկարողանաս հնազանդվել այն ամենին, ինչ գալիս է Աստծուց, և կկարողանաս քո բոլոր գործերը՝ անկախ այն բանից՝ արվել են ուրիշների ներկայությամբ, թե նրանց մեջքի ետևում, ներկայացնել Աստծուն։ Եթե վարվես որպես ազնիվ մարդ և կիրառես ճշմարտությունն ամեն ինչում, ապա կլինես մեկը, ով կատարելագործվում է։ Այն նենգ մարդիկ, ովքեր ուրիշների ներկայությամբ մի կերպ են վարվում, իսկ նրանց մեջքի հետևում՝ մեկ այլ կերպ, պատրաստակամ չեն կատարելագործվելու։ Նրանք բոլորը կործանման որդիներ են և ոչնչացման որդիներ. նրանք Սատանայից են և ընտրված չեն Աստծու կողմից։ Աստված չի՛ ընտրում այսպիսի մարդկանց։ Եթե քո գործերն ու պահվածքը չեն կարող ներկայացվել Աստծու առաջ կամ զննվել Աստծու Հոգու կողմից, ապա սա ապացույց է, որ քեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Պետք է ընդունես Աստծու դատաստանն ու հանդիմանությունը և կենտրոնանաս խառնվածքիդ վերափոխման վրա. միայն այդ ժամանակ կկարողանաս ոտք դնել կատարելագործվելու ուղու վրա։ Եթե իրապես պատրաստակամ ես կատարելագործվելու Աստծու կողմից և հետևելու Աստծու կամքին, ապա պետք է հնազանդվես Աստծու ողջ գործին՝ առանց տրտունջի որևէ խոսքի, առանց Աստծու գործի վերաբերյալ կամայական դատողություններ կամ հետևություններ անելու։ Սրանք Աստծու կողմից կատարելագործվելու նվազագույն պահանջներն են։ Աստծու կողմից կատարելագործվել ձգտողների համար անհրաժեշտ պահանջը սա է. ամեն ինչում գործել աստվածասեր սրտով։ Ի՞նչ է նշանակում գործել աստվածասեր սրտով։ Նշանակում է, որ քո բոլոր գործերն ու պահվածքը կարող են ներկայացվել Աստծու առաջ։ Եվ քանի որ ունես ճիշտ մտադրություններ, անկախ այն բանից՝ գործողություններդ ճիշտ են, թե սխալ, չես վախենում դրանք ցույց տալ Աստծուն կամ եղբայրներիդ ու քույրերիդ և համարձակվում ես երդում տալ Աստծու առաջ։ Պետք է քո յուրաքանչյուր մտադրություն, միտք և գաղափար ներկայացնես Աստծու առաջ՝ Նրա զննման համար։ Եթե այսպես կիրառես և մտնես, ապա կյանքիդ առաջընթացն արագ կլինի։
Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է հավատ ընծայես Աստծու բոլոր խոսքերին և Նրա ողջ գործին։ Այսինքն՝ քանի որ հավատում ես Աստծուն, պետք է հնազանդվես Նրան։ Եթե անկարող ես դա անել, ապա ոչ մի տարբերություն չկա՝ հավատում ես, թե ոչ։ Եթե երկար տարիներ հավատում ես Աստծուն և այնուամենայնիվ երբեք չես հնազանդվել Նրան և չես ընդունում Նրա խոսքերի ամբողջությունը, և փոխարենը պահանջում ես, որ Աստված հնազանդվի քեզ և գործի քո պատկերացումների համաձայն, ապա ամենաըմբոստն ես բոլորից, չհավատացող ես։ Ինչպե՞ս կարող են այսպիսի մարդիկ ի վիճակի լինել հնազանդվելու Աստծու գործին ու խոսքերին, որոնք չեն համապատասխանում մարդու պատկերացումներին։ Բոլորից ամենաըմբոստն այն մարդիկ են, ովքեր գիտակցաբար հրաժարվում են ենթարկվել Աստծուն և դիմակայում են Աստծուն։ Նրանք Աստծու թշնամիներն են՝ հակաքրիստոսները։ Նրանք միշտ թշնամական վերաբերմունք են տածում Աստծու նոր գործի հանդեպ։ Երբեք հնազանդվելու ամենափոքր հակումն անգամ չունեն, ոչ էլ երբևէ ուրախությամբ հնազանդվել կամ խոնարհեցրել են իրենց։ Ուրիշների առաջ ամենամեծամիտներն են և երբեք ոչ մեկին չեն հնազանդվում։ Աստծու առաջ իրենց համարում են լավագույնը «քարոզներ» տալու մեջ և ամենահմուտը՝ ուրիշների վրա աշխատելու մեջ։ Նրանք երբեք բաց չեն թողնում իրենց տիրապետության տակ գտնվող «գանձերը»։ Փոխարենը՝ վերաբերվում են դրանց որպես ընտանեկան ժառանգության, որը պետք է պաշտվի և քարոզվի ուրիշներին, և օգտագործում են դա՝ խրատելու այն բթամիտներին, ովքեր կուռք են դարձնում իրենց։ Եկեղեցում իսկապես կան որոշակի թվով այսպիսի մարդիկ։ Կարելի է ասել, որ նրանք «աննկուն հերոսների տոհմ» են, որոնք սերնդեսերունդ բնակվում են Աստծու տանը։ Նրանք «քարոզներ» (վարդապետություններ) տալը համարում են իրենց բարձրագույն պարտավորությունը։ Տարեցտարի, սերնդեսերունդ նրանք խստորեն կատարում են իրենց «սրբազան և անխախտելի» պարտավորությունը։ Ոչ ոք չի համարձակվում դիպչել նրանց։ Ոչ մի մարդ չի համարձակվում բացեիբաց հանդիմանել նրանց։ Նրանք դառնում են «թագավորներ» Աստծու տանը՝ սանձարձակորեն բռնանալով ուրիշներին դարեդար։ Չար դևերի այս ոհմակը ձգտում է միավորվել՝ Իմ գործը քանդելու համար։ Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ այս կենդանի դևերը գոյություն ունենան Իմ աչքի առաջ։ Նույնիսկ նրանք, ովքեր միայն կիսով չափ են հնազանդ, չեն կարող շարունակել մինչև վերջ, ուր մնաց այս բռնակալները, որոնց սրտերում հնազանդության նշույլ անգամ չկա՛։ Աստծու գործը հեշտությամբ ձեռք չի բերվում մարդու կողմից։ Նույնիսկ օգտագործելով իրենց ողջ ուժը՝ մարդիկ կարող են ձեռք բերել դրա միայն մի մասը, ինչն ի վերջո թույլ է տալիս նրանց կատարելագործվել։ Իսկ ի՞նչ կասեք հրեշտակապետի սերունդների մասին, ովքեր ձգտում են ոչնչացնել Աստծու գործը։ Մի՞թե նրանք է՛լ ավելի քիչ հույս չունեն Աստծու կողմից ձեռք բերվելու։ Նվաճման գործն անելու Իմ նպատակը ոչ միայն հանուն նվաճման նվաճելն է, այլ նվաճելը՝ արդարությունն ու անարդարությունը բացահայտելու համար, մարդու պատժի համար ապացույցներ ստանալու համար, չարը դատապարտելու համար և, առավել ևս, նվաճելը՝ հանուն նրանց կատարելագործման, ովքեր գիտակցաբար հնազանդվում են։ Ի վերջո բոլորը կդասակարգվեն ըստ իրենց տեսակի, և կատարելագործվողների մտքերն ու գաղափարները լի կլինեն հնազանդությամբ։ Սա այն գործն է, որն ի վերջո կիրագործվի։ Մինչդեռ ըմբոստ արարքներով լի մարդիկ կպատժվեն և կնետվեն վառվող կրակի մեջ և կդառնան հավիտենական անեծքի առարկա։ Երբ գա այդ ժամանակը, «մեծ և աննկուն հերոսների այդ տոհմը», որը գոյություն է ունեցել դարերի ընթացքում, կդառնա ամենաստոր և ամենաարհամարհված «թույլ և անկարող վախկոտների տոհմը»։ Միայն սա կարող է բացահայտել Աստծու ողջ արդարությունը և Նրա բնույթը, որը չի հանդուրժում մարդու կողմից վիրավորանք, և միայն սա կարող է հանդարտեցնել Իմ սրտի ատելությունը։ Մի՞թե համաձայն չեք, որ սա միանգամայն ողջամիտ է։
Ոչ բոլոր նրանք, ովքեր փորձառաբար ապրում են Սուրբ Հոգու գործը, և ոչ էլ բոլոր նրանք, ովքեր այս հոսքի մեջ են, կարող են կյանք ձեռք բերել։ Կյանքը բոլոր մարդկանց կողմից կիսվող ընդհանուր սեփականություն չէ, և բոլորը չէ, որ հեշտությամբ հասնում են խառնվածքի փոփոխությունների։ Աստծու գործին հնազանդությունը պետք է իրականություն ունենա և կյանքով արտահայտվի։ Միայն մակերեսային հնազանդությունը չի կարող արժանանալ Աստծու հավանությանը, և լոկ Աստծու խոսքի մակերեսային կողմերին հնազանդվելը՝ առանց սեփական խառնվածքի փոփոխության ձգտելու, չի համապատասխանում Աստծու մտադրություններին։ Աստծուն հնազանդվելը և Աստծու գործին հնազանդվելը նույն բանն են։ Նրանք, ովքեր հնազանդվում են միայն Աստծուն, բայց ոչ Նրա գործին, չեն կարող հնազանդ համարվել, էլ ուր մնաց նրանք, ովքեր ճշմարտապես չեն հնազանդվում, բայց արտաքուստ շողոքորթ են։ Բոլոր նրանք, ովքեր ճշմարտապես հնազանդվում են Աստծուն, ի վիճակի են շահելու գործից և հասնելու Աստծու բնույթի ու գործի հասկացողությանը։ Միայն այսպիսի մարդիկ են ճշմարտապես հնազանդվում Աստծուն։ Այսպիսի մարդիկ ի վիճակի են նոր գիտելիք ձեռք բերելու և նոր փոփոխությունների ենթարկվելու նոր գործի միջոցով։ Միայն այս մարդիկ են արժանանում Աստծու հավանությանը, միայն այս մարդիկ են կատարելագործվում, և միայն նրանց խառնվածքներն են փոխվել։ Աստծու հավանությանն արժանացողներն այն մարդիկ են, ովքեր ուրախությամբ հնազանդվում են Աստծուն և Նրա խոսքին ու գործին։ Միայն այսպիսի մարդիկ են ճիշտ մարդիկ, միայն այսպիսի մարդիկ են անկեղծորեն ուզում Աստծուն և անկեղծորեն փնտրում Աստծուն։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր լոկ բերանով են խոսում Աստծու հանդեպ իրենց հավատքի մասին, բայց ըստ էության վիրավորանքներ են հասցնում Նրան, մարդիկ են, ովքեր քողարկում են իրենց, ովքեր կրում են օձի թույնը. նրանք բոլորից ամենանենգն են։ Վաղ թե ուշ սրիկաների այս ոհմակի ստոր դիմակները կպատռվեն։ Մի՞թե սա այն գործը չէ, որն արվում է այսօր։ Չար մարդիկ միշտ չար կլինեն և երբեք չեն խուսափի պատժի օրվանից։ Բարի մարդիկ միշտ բարի կլինեն և կբացահայտվեն, երբ Աստծու գործը մոտենա ավարտին։ Չարերից ոչ մեկն արդար չի համարվի, ոչ էլ արդարներից որևէ մեկը չար կհամարվի։ Մի՞թե Ես թույլ կտամ, որ որևէ մարդ անարդարացիորեն մեղադրվի։
կյանքիդ առաջընթացին զուգընթաց՝ պետք է միշտ նոր մուտք և նոր, ավելի բարձր խորաթափանցություն ունենաս, որոնք ամեն քայլի հետ ավելի են խորանում։ Սա այն է, ինչի մեջ յուրաքանչյուրը պետք է մտնի։ Եթե հաղորդակցվելու, քարոզներ լսելու, Աստծու խոսքը կարդալու կամ որևէ հարց լուծելու միջոցով նոր խորաթափանցություն և նոր լուսավորություն ես ձեռք բերում, երբեք չես ապրում հին կանոնների և հին ժամանակների մեջ, և միշտ ապրում ես նոր լույսի մեջ՝ չշեղվելով Աստծու խոսքից. ապա հենց սա է նշանակում ոտք դնել ճիշտ ուղու վրա։ Լոկ մակերեսային մակարդակում գին վճարելը բավարար չէ։ Օրեցօր Աստծու խոսքն ավելի մեծ բարձունքների է հասնում, և ամեն օր նոր բաներ են հայտնվում, և մարդը նույնպես պետք է ամեն օր նոր մուտք գործի։ Խոսելով՝ Աստված իրագործում է այն ամենը, ինչ խոսել է, և եթե չկարողանաս համընթաց քայլել, ապա ետ կմնաս։ Պետք է ավելի խորանաս քո աղոթքներում։ Աստծու խոսքն ուտելն ու խմելը չեն կարող ընդհատումներով լինել։ Խորացրու ստացածդ լուսավորությունն ու լուսավորումը, և պատկերացումներդ ու երևակայություններդ պետք է աստիճանաբար նահանջեն։ Պետք է նաև ուժեղացնես դատողությունդ, և ինչի էլ որ բախվես, պետք է ունենաս քո սեփական մտքերը դրա վերաբերյալ և ունենաս քո սեփական տեսակետները։ Հասկանալով հոգու որոշ հարցեր՝ պետք է խորաթափանցություն ձեռք բերես արտաքին բաների նկատմամբ և ընկալես այս խնդիրների էությունը։ Եթե զինված չես այս բաներով, ինչպե՞ս կկարողանաս առաջնորդել եկեղեցին։ Եթե խոսես միայն բառերի և վարդապետությունների մասին առանց որևէ իրականության և առանց կիրառման ուղու, ապա կկարողանաս յոլա գնալ միայն մի կարճ ժամանակ։ Դա կարող է փոքր-ինչ ընդունելի լինել նոր հավատացյալների հետ խոսելիս, բայց որոշ ժամանակ անց, երբ նոր հավատացյալները որոշակի գործնական փորձառություն ունենան, այլևս չես կարողանա մատակարարել նրանց։ Ապա ինչպե՞ս ես պիտանի Աստծու համար։ Առանց նոր լուսավորության չես կարող աշխատել։ Նոր լուսավորություն չունեցողները նրանք են, ովքեր չգիտեն՝ ինչպես փորձառաբար ապրել, և այսպիսի մարդիկ երբեք նոր ճանաչողություն կամ նոր փորձառություն ձեռք չեն բերում։ Եվ կյանք մատակարարելու հարցում երբեք չեն կարող կատարել իրենց գործառույթը, ոչ էլ կարող են պիտանի դառնալ Աստծու համար։ Այսպիսի մարդն անպիտան է, խոտան։ Իրականում, այսպիսի մարդիկ լիովին անկարող են կատարել իրենց գործառույթն աշխատանքի մեջ, նրանք բոլորն անպիտան են։ Ոչ միայն չեն կարողանում կատարել իրենց գործառույթը, այլև իրականում շատ ավելորդ խնդիրներ են բերում եկեղեցուն։ Հորդորում եմ այս «պատկառելի ծերունիներին» շտապ հեռանալ եկեղեցուց, որպեսզի ուրիշներն այլևս ստիպված չլինեն նայել քեզ։ Այսպիսի մարդիկ նոր գործի մասին ոչ մի հասկացողություն չունեն և լի են պատկերացումներով։ Նրանք եկեղեցում ընդհանրապես ոչ մի գործառույթ չեն կատարում։ Փոխարենը՝ տարաձայնություններ են սերմանում և ամենուր բացասական դիտողություններ են տարածում և նույնիսկ անխոհեմաբար չարագործություններ են կատարում ու խառնաշփոթ են հրահրում եկեղեցում՝ դրանով իսկ զանազանություն չունեցողներին գցելով շփոթության և անկարգության մեջ։ Այս կենդանի դևերը, այս չար ոգիները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան եկեղեցուց, որպեսզի եկեղեցին կորուստ չկրի քո պատճառով։ Գուցե չես վախենում այսօրվա գործից, բայց մի՞թե չես վախենում վաղվա արդար պատժից։ Եկեղեցում կան մեծ թվով մարդիկ, ովքեր ձրիակերներ են, և մեծ թվով գայլեր, ովքեր ձգտում են կործանել Աստծու բնականոն գործը։ Այս բաները բոլորը գլխավոր դևի կողմից ուղարկված դևեր են, դաժան գայլեր, ովքեր ձգտում են լափել տգետ գառներին։ Եթե այս այսպես կոչված մարդիկ չվտարվեն, ապա կդառնան մակաբույծներ եկեղեցու վրա, ցեցեր, որոնք լափում են ընծաները։ Վաղ թե ուշ կգա մի օր, երբ այս արհամարհելի, տգետ, ստոր, ցածր որդերը կպատժվեն։