Պատվիրանները պահելը և ճշմարտությունը կիրառելը
Գործնականում պատվիրանները պահելը պետք է կապված լինի ճշմարտությունը կիրառելու հետ։ Պատվիրանները պահելուն զուգընթաց՝ պետք է կիրառել ճշմարտությունը։ Ճշմարտությունը կիրառելիս չպետք է դեմ գնալ պատվիրանների սկզբունքներին, ոչ էլ խախտել պատվիրանները. պետք է անես այն ամենը, ինչ Աստված պահանջում է քեզանից։ Պատվիրանները պահելն ու ճշմարտությունը կիրառելը փոխկապակցված են, ոչ թե միմյանց հակասող գործողություններ։ Որքան ավելի շատ ես կիրառում ճշմարտությունը, այնքան ավելի ունակ ես դառնում պահելու պատվիրանների էությունը։ Որքան ավելի շատ կիրառես ճշմարտությունը, այնքան ավելի ավելի պարզ կդառնա քեզ համար, և կհասկանաս Աստծու խոսքը, ինչպես արտահայտված է պատվիրաններում։ Ճշմարտությունը կիրառելն ու պատվիրանները պահելը միմյանց հակասող գործողություններ չեն․ դրանք փոխկապակցված են։ Սկզբում միայն պատվիրանները լավ պահելուց հետո մարդը կարող էր կիրառել ճշմարտությունը և լուսավորություն ստանալ Սուրբ Հոգուց, բայց սա Աստծու սկզբնական մտադրությունը չէ։ Աստված քեզնից պահանջում է, որ սրտանց երկրպագես Իրեն, այլ ոչ թե պարզապես լավ վարք դրսևորես։ Այնուամենայնիվ, պետք է լավ պահես պատվիրանները, առնվազն՝ արտաքուստ։ Միայն այն ժամանակ, երբ մարդն աստիճանական փորձառության ընթացքում ավելի հստակորեն է ճանաչում Աստծուն, չի ըմբոստանում Նրա դեմ, չի դիմակայում Նրան և կասկածներ չի տածում Նրա գործի վերաբերյալ, նա կարող է հավատարիմ մնալ պատվիրանների էությանը։ Եվ ուստի առանց ճշմարտությունը կիրառելու պարզապես պատվիրանները պահելը դեռևս արդյունք չի տալիս և Աստծու ճշմարիտ երկրպագություն չէ, քանի որ դեռ ձեռք չես բերել իրական հասակ։ Առանց ճշմարտության պարզապես պատվիրանները պահելը հավասարազոր է կանոններից կուրորեն կառչելուն։ Եթե այսպես վարվես, պատվիրանները քեզ համար կդառնան սոսկ օրենք՝ անկարող լինելով օգնելու քեզ աճել կյանքում։ Ընդհակառակը, դրանք կդառնան քո հոգսը և Հին Կտակարանի օրենքների պես ամուր կկաշկանդեն քեզ՝ պատճառ դառնալով, որ կորցնես Սուրբ Հոգու ներկայությունը։ Հետևաբար միայն ճշմարտությունը կիրառելով կարող ես լավ պահել պատվիրանները, իսկ պատվիրանները լավ պահելը ճշմարտությունը կիրառելու համար է։ Պատվիրանները պահելու ընթացքում է՛լ ավելի շատ ճշմարտություններ կկիրառես, իսկ ճշմարտությունը կիրառելիս է՛լ ավելի խորությամբ կհասկանաս, թե իրականում ինչ են նշանակում պատվիրանները։ Պատվիրանները պահելու վերաբերյալ մարդու հանդեպ Աստծու պահանջի նպատակն ու իմաստն այն չէ, որ նա հետևի կանոններին, ինչպես կարող է պատկերացնել, այլ կապված է նրա կյանքի մուտքի հետ։ Քո կյանքի աճի չափն է թելադրում այն աստիճանը, որով ի վիճակի կլինես պահելու պատվիրանները։ Թեև պատվիրաններն այն բանի համար են, որ մարդը պահի դրանք, պատվիրանների էությունը պարզ է դառնում միայն մարդու կյանքի փորձառության միջոցով։ Մարդկանց մեծամասնությունը ենթադրում է, թե պատվիրանները լավ պահելը նշանակում է, որ իրենք «լիովին պատրաստ են, և մնում է միայն հափշտակվել»։ Այսպիսի մտածելակերպը շռայլություն է։ Դա Աստծու մտադրությունը չէ։ Դա առաջադիմելու ձգտում չունեցողների և մսեղին տենչացողների խոսակցությունն է։ Դա մոլորությո՛ւն է։ Դա չի՛ համապատասխանում իրականությանը։ Առանց պատվիրանները փաստացիորեն պահելու` պարզապես ճշմարտությունը կիրառելն Աստծու մտադրությունը չէ։ Այդպես վարվողները հաշմանդամ են՝ նման մի ոտքը կորցրած մարդու։ Պարզապես պատվիրանները պահելը, կարծես կանոններին հետևելով, սակայն ճշմարտությունը չունենալով, նույնպես չի կարող բավարարել Աստծու մտադրությունը, ինչպես որ մեկ աչքը կորցրած մարդիկ, միևնույնն է, հաշմանդամ են։ Կարելի է ասել, որ եթե լավ պահես պատվիրանները և հստակ հասկացողություն ձեռք բերես գործնական Աստծու մասին, ապա կունենաս ճշմարտությունը․ հարաբերականորեն ասած՝ ձեռք բերած կլինես իրական հասակ։ Եթե կիրառես այն ճշմարտությունը, որը պետք է կիրառես, ապա կպահես նաև պատվիրանները, և այս երկուսը չեն հակասում միմյանց։ Ճշմարտությունը կիրառելն ու պատվիրանները պահելը երկու հիմնական համակարգեր են, որոնք երկուսն էլ մարդու կյանքի փորձառության անբաժանելի մասն են։ Մարդու փորձառությունը պետք է ներառի պատվիրանները պահելու և ճշմարտությունը կիրառելու միասնությունը, այլ ոչ թե բաժանումը։ Այնուամենայնիվ այս երկուսի միջև կան և՛ տարբերություններ, և՛ կապեր։
Նոր դարաշրջանի պատվիրանների հրապարակումն ապացույց է այն բանի, որ բոլոր մարդիկ, որոնք այս հոսքի մեջ են, բոլոր նրանք, ովքեր այսօր լսում են Աստծու արտահայտումը, մուտք են գործել նոր դարաշրջան։ Սա նոր սկիզբ է Աստծու գործի համար, ինչպես նաև Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի գործի վերջին մասի սկիզբը։ Նոր դարաշրջանի պատվիրանները խորհրդանշում են, որ Աստված և մարդը մուտք են գործել նոր երկնքի և նոր երկրի ոլորտ, և որ Աստված, ճիշտ ինչպես Եհովան էր գործում իսրայելցիների մեջ, և Հիսուսն էր գործում հրեաների մեջ, ավելի շատ գործնական աշխատանք կանի և է՛լ ավելի շատ ու է՛լ ավելի մեծ գործ կկատարի երկրի վրա։ Դրանք նաև խորհրդանշում են, որ մարդկանց այս խումբն Աստծուց կստանա ավելի շատ ու ավելի մեծ հանձնարարություններ, գործնական կերպով կապահովվի, կսնուցվի, կաջակցվի, կխնամվի և կպաշտպանվի Նրա կողմից, կստանա է՛լ ավելի գործնական կրթում Նրանից և կէտվի, կկոտրվի ու կզտվի Աստծու խոսքով։ Նոր դարաշրջանի պատվիրանների նշանակությունն իսկապես խորիմաստ է։ Դրանք հուշում են, որ Աստված գործնականորեն կհայտնվի երկրի վրա, որտեղից Նա կնվաճի ողջ տիեզերքը՝ մսեղիում բացահայտելով Իր ողջ փառքը։ Դրանք նաև հուշում են, որ գործնական Աստված պատրաստվում է ավելի շատ գործնական աշխատանք կատարել երկրի վրա՝ Իր բոլոր ընտրյալներին կատարելագործելու համար։ Ավելին՝ Աստված երկրի վրա ամեն ինչ կիրագործի խոսքերով և իրականություն կդարձնի այն, որ «մարմնացած Աստված կբարձրանա մինչև ամենաբարձրը, և Նրան կպատվեն որպես մեծագույնի, իսկ բյուրավոր ազգերն ու մարդիկ ծնկի կիջնեն՝ երկրպագելու Աստծուն, որին պատվում են որպես մեծագույնի»։ Թեև նոր դարաշրջանի պատվիրաններն այն բանի համար են, որ մարդը պահի դրանք, և թեև դա անելը մարդու պարտավորությունն է և այն է, ինչին մարդը պետք է հասնի, դրանց ներկայացրած իմաստը չափազանց խոր է՝ մեկ կամ երկու բառով լիովին արտահայտվելու համար։ Նոր դարաշրջանի պատվիրանները փոխարինում են Հին Կտակարանի օրենքներին և Նոր Կտակարանի կարգադրություններին, որոնք հրապարակվել են Եհովայի և Հիսուսի կողմից։ Սա ավելի խորիմաստ դաս է, ամենևին էլ այնքան պարզ հարց չէ, որքան մարդիկ կարող են պատկերացնել։ Նոր դարաշրջանի պատվիրանները գործնական նշանակության կողմ ունեն։ Դրանք անցումային կետն են Շնորհքի դարաշրջանի և Թագավորության դարաշրջանի միջև։ Նոր դարաշրջանի պատվիրանները վերջ են դնում հին դարաշրջանի բոլոր գործելակերպերին ու կարգադրություններին, ինչպես նաև Հիսուսի դարաշրջանի և դրան նախորդած բոլոր գործելակերպերին։ Դրանք մարդուն բերում են ավելի գործնական Աստծու ներկայությանը, որպեսզի նա սկսի ընդունել անձամբ Նրա կողմից կատարելագործվելը․ դրանք կատարելագործման ուղու սկիզբն են։ Ուստի պետք է ճիշտ վերաբերմունք ունենաք նոր դարաշրջանի պատվիրանների նկատմամբ և դրանց չվերաբերվեք անփութորեն կամ թեթևամտորեն։ Նոր դարաշրջանի պատվիրանները հատուկ շեշտադրում են կատարում մի որոշակի կետի վրա՝ որ մարդը պետք է երկրպագի Իրեն՝ այսօրվա գործնական Աստծուն, ինչը ենթադրում է ավելի գործնականորեն հնազանդվել Հոգու էությանը։ Պատվիրանները նաև շեշտում են այն սկզբունքը, որով Աստված կդատի մարդուն՝ համարելով կա՛մ մեղավոր, կա՛մ արդար, այն բանից հետո, երբ հայտնվի որպես արդարության Արեգակ։ Պատվիրաններն ավելի հեշտ է հասկանալ, քան գործի դնել։ Սրանից երևում է, որ եթե Աստված ցանկանում է կատարելագործել մարդուն, ապա Նա պետք է դա անի Իր իսկ խոսքերի և ուղղորդման միջոցով, և մարդը չի կարող կատարելության հասնել միայն իր բնածին խելքի միջոցով։ Արդյոք մարդը կարող է պահել նոր դարաշրջանի պատվիրանները, թե ոչ, կապված է նրա՝ գործնական Աստծու ճանաչողության հետ։ Հետևաբար պատվիրաններին հավատարիմ լինելուն չես կարող հասնել ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Սա շատ խորիմաստ դաս է, որը պետք է սովորել։
Ճշմարտությունը կիրառելն այն ուղին է, որով մարդու կյանքը կարող է աճել։ Եթե չկիրառեք ճշմարտությունը, ապա ձեզ կմնա միայն տեսությունը, և իրական կյանք չեք ունենա։ Ճշմարտությունը մարդու հասակի խորհրդանիշն է, և արդյոք կիրառում ես ճշմարտությունը, թե ոչ, կապված է այն բանի հետ, թե արդյոք ունես իրական հասակ։ Եթե չես կիրառում ճշմարտությունը, արդարացիորեն չես գործում կամ գործում ես զգացմունքների թելադրանքով և տուրք ես տալիս մսեղիին, ապա պատվիրանները պահելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Սա դասերից ամենախորիմաստն է։ Յուրաքանչյուր դարաշրջանում կան բազմաթիվ ճշմարտություններ, որոնց մեջ մարդիկ պետք է մտնեն և որոնք պետք է հասկանան, բայց նաև յուրաքանչյուր դարաշրջանում կան տարբեր պատվիրաններ, որոնք ուղեկցում են այդ ճշմարտություններին։ Այն ճշմարտությունները, որոնք մարդիկ կիրառում են, վերաբերում են տվյալ դարաշրջանին, ինչպես նաև այն պատվիրանները, որոնք նրանք պահում են։ Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր ճշմարտությունները, որոնք պետք է կիրառվեն, և ավելին՝ իր պատվիրանները, որոնք պետք է պահվեն։ Այնուամենայնիվ, կախված Աստծու հրապարակած պատվիրաններից, այսինքն՝ կախված տարբեր դարաշրջաններից՝ մարդու կողմից ճշմարտության կիրառման նպատակն ու արդյունքը համապատասխանաբար տարբերվում են։ Կարելի է ասել, որ պատվիրանները ծառայում են ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը գոյություն ունի՝ պատվիրանները պահելու համար։ Եթե լինի միայն ճշմարտությունը, ապա Աստծու գործի մեջ խոսելու արժանի ոչ մի փոփոխություն չի լինի։ Այնուամենայնիվ, անդրադառնալով պատվիրաններին, մարդը կարող է բացահայտել Սուրբ Հոգու գործի միտումների աստիճանը և իմանալ այն դարաշրջանը, որում Աստված գործում է։ Կրոնի մեջ կան շատ մարդիկ, որոնք կարող են կիրառել այն ճշմարտություններից շատերը, որ մարդիկ կիրառում էին Օրենքի դարաշրջանում։ Սակայն նրանք դեռ չեն ստացել նոր դարաշրջանի պատվիրանները, ոչ էլ կարող են պահել դրանք։ Նրանք դեռևս հետևում են հին սովորույթներին և շարունակում են մնալ նախնադարյան մարդիկ։ Նրանց չեն ուղեկցում գործի նոր մեթոդները, և նրանք չեն կարող տեսնել նոր դարաշրջանի պատվիրանները։ Որպես այդպիսին, նրանք չունեն Աստծու գործը։ Դա նման է դատարկ ձվի կճեպներ հսկելուն․ եթե ներսում ճուտ չկա, ապա հոգի էլ չկա։ Ավելի ստույգ ասած՝ դա նշանակում է, որ նրանք կյանք չունեն։ Այդպիսի մարդիկ դեռ մուտք չեն գործել նոր դարաշրջան և բազմաթիվ քայլերով հետ են մնացել։ Հետևաբար, առանց նոր դարաշրջանի պատվիրանների միայն նախկին դարաշրջանների ճշմարտություններն ունենալն անօգուտ է։ Ձեզանից շատերը կիրառում են այսօրվա ճշմարտությունը, բայց չեն պահում այսօրվա պատվիրանները։ Ոչինչ ձեռք չեք բերի, իսկ ձեր կիրառած ճշմարտությունը կլինի անարժեք ու անիմաստ, և Աստված հավանություն չի տա ձեզ։ Ճշմարտությունը կիրառելը պետք է արվի Սուրբ Հոգու ներկայիս գործի մեթոդների շրջանակներում։ Այն պետք է արվի՝ ի պատասխան այսօրվա գործնական Աստծու արտահայտմանը։ Առանց դա անելու ամեն ինչ զուր է` նման բամբուկե զամբյուղով ջուր վերցնելու փորձին։ Սա նաև նոր դարաշրջանի պատվիրանների հրապարակման գործնական իմաստն է։ Եթե մարդիկ պետք է լավ պահեն պատվիրանները, ապա առնվազն պետք է ճանաչեն Աստծուն, որ գործնականորեն հայտնվում է մսեղիում, և շփոթութան մեջ չլինեն Նրա հարցում։ Այլ կերպ ասած՝ մարդիկ պետք է ընկալեն պատվիրանները լավ պահելու սկզբունքները։ Պատվիրանները պահելը չի նշանակում հետևել դրանց անկանոն կերպով կամ կամայականորեն, այլ պահել դրանք՝ հիմնավորված, նպատակաուղղված և սկզբունքներին հետևելով։ Առաջին բանը, որին պետք է հասնել, այն է, որ հստակություն ունենաս տեսիլքների վերաբերյալ։ Եթե հիմնովին հասկանաս Սուրբ Հոգու գործը ներկա ժամանակում և եթե մտնես գործի այսօրվա մեթոդների մեջ, ապա բնականաբար հստակ հասկացողություն ձեռք կբերես պատվիրանները պահելու վերաբերյալ։ Եթե գա այն օրը, երբ թափանցես նոր դարաշրջանի պատվիրանների էության մեջ և կարողանաս պահել պատվիրանները, ապա կատարելագործված կլինես։ Սա է ճշմարտությունը կիրառելու և պատվիրանները պահելու գործնական նշանակությունը։ Արդյոք կարող ես կիրառել ճշմարտությունը, թե ոչ, կախված է նրանից, թե ինչպես ես ընկալում նոր դարաշրջանի պատվիրանների էությունը։ Սուրբ Հոգու գործը շարունակաբար կհայտնվի մարդուն, և մարդու հանդեպ Աստծու պահանջներն աստիճանաբար կմեծանան։ Հետևաբար ճշմարտությունները, որոնք Աստված մարդկանցից պահանջում է կիրառել, է՛լ ավելի կշատանան և է՛լ ավելի մեծ կդառնան, իսկ պատվիրանները պահելու արդյունքները կդառնան է՛լ ավելի նշանակալի։ Հետևաբար պետք է կիրառեք ճշմարտությունը և միաժամանակ պահեք պատվիրանները։ Ոչ ոք չպետք է անտեսի այս հարցը․ թող նոր ճշմարտությունն ու նոր պատվիրանները միաժամանակ սկիզբ առնեն այս նոր դարաշրջանում։