Գլուխ 41
Աստված ինչպե՞ս է գործում մարդու վրա։ Հասկացե՞լ եք սա հանգամանորեն մտածելուց հետո։ Դա ձեզ համար պա՞րզ է։ Իսկ ինչպե՞ս է Նա գործում եկեղեցում։ Ինչպիսի՞ն է ձեր հասկացողությունն այս մասին։ Երբևէ մտածե՞լ ես այս հարցերի շուրջ։ Ի՞նչ է Նա ցանկանում իրագործել եկեղեցում Իր գործի միջոցով։ Արդյոք այս բոլոր բաները հստա՞կ են ձեզ համար։ Եթե ոչ, ապա այն ամենը, ինչ անում եք, ապարդյուն է և սի՛ն։ Այս խոսքերը դիպե՞լ են սրտիդ։ Պարզապես ակտիվորեն առաջադիմելն առանց պասիվ կերպով նահանջելու․ կարո՞ղ է արդյոք սա համապատասխանել Աստծու մտադրություններին։ Արդյոք հիմար համագործակցությունը բավակա՞ն է։ Ի՞նչ պետք է արվի, եթե տեսիլքները ձեզ համար հստակ չեն։ Հնարավո՞ր է չփնտրել։ Աստված ասում է․ «Ժամանակին մարդկանց մեջ մի մեծ գործ ձեռնարկեցի, բայց նրանք դա չնկատեցին, ուստի ստիպված եղա Իմ խոսքով այն բացահայտել նրանց՝ մաս առ մաս։ Այնուամենայնիվ, մարդիկ չկարողացան հասկանալ Իմ խոսքերը և անտեղյակ մնացին Իմ ծրագրի նպատակին»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Երբևէ մտածե՞լ եք այս նպատակի մասին։ Արդյոք Աստված իսկապե՞ս կուրորեն է արել սա՝ առանց որևէ նպատակի։ Ո՞րը կլիներ դրա իմաստը։ Եթե այս նպատակն անհստակ և անըմբռնելի է, ապա ինչպե՞ս կարելի է հասնել իսկական համագործակցության։ Աստված ասում է, որ ողջ մարդկության ձգտումներն անծայրածիր ծովերի վրա են՝ դատարկ բառերի և վարդապետությունների մեջ։ Ինչ վերաբերում է ձեր ձգտումներին, նույնիսկ դու անկարող ես բացատրել, թե որ դասին են դրանք պատկանում։ Ի՞նչ է Աստված ցանկանում իրագործել մարդու մեջ։ Պետք է հստակորեն հասկանաք այս բոլոր բաները։ Արդյո՞ք դա միայն բացասական կողմից մեծ կարմիր վիշապին ամոթ բերելու համար է։ Մեծ կարմիր վիշապին ամոթ բերելուց հետո արդյո՞ք Աստված պարզապես դատարկաձեռն կգնար լեռները և կապրեր այնտեղ մեկուսացման մեջ։ Այդ դեպքում ի՞նչ է ուզում Աստված։ Արդյոք Նա իսկապե՞ս ուզում է մարդու սիրտը։ Թե՞ ուզում է նրա կյանքը։ Թե՞ նրա հարստությունն ու ունեցվածքը։ Ի՞նչ օգուտ դրանցից։ Աստծու համար դրանք անօգուտ են։ Արդյոք Աստված այսքան գործ է արել մարդու վրա միայն այն բանի համար, որ օգտագործի նրան որպես Սատանայի հանդեպ Իր հաղթանակի ապացույց, որպեսզի Նա կարողանա դրսևորել Իր «կարողություննե՞րը»։ Արդյոք Աստված այդ ժամանակ բավական «մանրախնդի՞ր» չէր թվա։ Արդյոք Աստված ա՞յդ տեսակի Աստված է։ Երեխայի պես մեկը, ով մեծահասակներին ներքաշում է ուրիշների հետ կռիվների մե՞ջ։ Ո՞րը կլիներ դրա իմաստը։ Մարդը մշտապես օգտագործում է իր սեփական պատկերացումները՝ Աստծուն չափելու համար։ Աստված մի անգամ ասել է․ «Տարին ունի չորս եղանակ, և յուրաքանչյուր եղանակ՝ երեք ամիս»։ Մարդը լսեց այս խոսքերը, մտապահեց դրանք և միշտ ասում էր, որ տարին ունի չորս եղանակ, իսկ մեկ եղանակը՝ երեք ամիս։ Երբ Աստված հարցրեց՝ «Քանի՞ եղանակ ունի տարին։ Եվ քանի՞ ամիս ունի մեկ եղանակը», մարդը միաձայն պատասխանեց՝ «Չորս եղանակ, երեք ամիս»։ Մարդը միշտ փորձում է սահմանել Աստծուն կանոնների միջոցով, և հիմա, մուտք գործած լինելով «տարին ունի երեք եղանակ, մեկ եղանակը՝ չորս ամիս» դարաշրջան, մարդը մնում է անտեղյակ, կարծես կուրացել է՝ բոլոր բաներում կանոններ փնտրելով։ Եվ այսօր մարդը փորձում է իր կանոնները կիրառել Աստծո՛ւ վրա։ Նա իսկապես կո՛ւյր է։ Մի՞թե չի տեսնում, որ հիմա չկա «ձմեռ», այլ կա միայն «գարուն, ամառ և աշուն»։ Մարդն իսկապես հիմա՛ր է։ Այս պահին մարդիկ դեռ չգիտեն, թե ինչպես ճանաչել Աստծուն։ Դա ճիշտ նման է այն բանին, որ 1920-ականների մեկը դեռ մտածի, թե տրանսպորտն անհարմար է, որ մարդիկ բոլորը քայլում են կամ փոքրիկ էշ են քաշում, որ մարդիկ նավթաճրագներ են օգտագործում, կամ որ դեռևս գերակշռում է կյանքի պրիմիտիվ ձևը։ Մի՞թե այս բոլորը պատկերացումներ չեն, որ գոյություն ունեն մարդու ուղեղում։ Ինչո՞ւ է նա այսօր դեռ խոսում ողորմության և սիրառատ բարության մասին։ Ի՞նչ օգուտ դրանից։ Դա նման է պառավ կնոջ՝ իր անցյալի մասին շաղակրատանքին․ ի՞նչ օգուտ այս խոսքերից։ Ի վերջո ներկան ներկա է․ կարելի՞ է արդյոք ժամանակը 20 կամ 30 տարով հետ տալ։ Բոլոր մարդիկ հետևում են հոսանքին․ ինչո՞ւ է մարդն այսքան նեղմիտ։ Հանդիմանության ներկա դարաշրջանում ի՞նչ օգուտ ունի ողորմության և սիրառատ բարության մասին խոսելը։ Ողորմություն և սիրառատ բարություն՝ մի՞թե միայն այսքանը կարելի է ասել Աստծու մասին։ Ինչո՞ւ այս «ալյուրի և բրնձի» դարաշրջանում մարդը շարունակում է մատուցել «մղեղ և վայրի բանջարեղեն»։ Այն, ինչ Աստված չի ցանկանում անել, մարդը ստիպում է Նրան։ Եթե Նա դիմադրում է, Նրան պիտակավորում են որպես «հակահեղափոխական»։ Բազմիցս ասվել է, որ Աստված ի բնե ողորմած կամ սիրող Աստված չէ, բայց ո՞վ է լսում։ Մարդը չափազանց անհեթեթ է։ Կարծես թե Աստծու խոսքը որևէ ազդեցություն չունի։ Մարդը միշտ Իմ խոսքերն այլ լույսի տակ է նայում։ Աստված ողջ ընթացքում հալածվել է մարդկության կողմից, իբրև թե անմեղ մարդկանց անհիմն կերպով հանցանքներ են վերագրվել, ուստի ո՞վ կարող է Աստծու հետ միաբան լինել։ Միշտ պատրաստակամ եք ապրելու Աստծու ողորմության և սիրառատ բարության մեջ, ուստի ի՞նչ է մնում Աստծուն անելու, եթե ոչ հանդուրժել մարդու վիրավորանքները։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ լրջորեն կուսումնասիրեք, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին, նախքան Աստծու հետ վիճելը։ Սակայն Ես հորդորում եմ քեզ ուշադիր քննել Աստծու խոսքի սկզբնական իմաստը․ մի՛ համարիր քեզ խելացի՝ հավատալով, թե Աստծու խոսքերը «լցոնված» են անճշմարտություններով։ Դրա կարիքը չկա՛։ Ո՞վ կարող է ասել, թե որքան «լցոնված» է Աստծու խոսքը։ Այսինքն՝ եթե Աստված ուղղակիորեն չի ասում դա կամ հստակորեն չի մատնանշում։ Այդքան բարձր կարծիքի մի՛ ունեցիր ինքդ քո մասին։ Եթե կարող ես տեսնել կիրառման ուղին Նրա խոսքերից, ապա բավարարած կլինես Նրա պահանջները։ Էլ ի՞նչ ես ցանկանում տեսնել։ Եթե չես կարողանում անգամ ընկալել Աստծու այնպիսի ակնհայտ և պարզ հայտարարության իմաստը, ինչպիսին է՝ «Ես կդադարեմ որևէ ողորմություն ցուցաբերել մարդու թուլության հանդեպ», ապա ո՞րը կլիներ հետագա ուսումնասիրության և հետազոտության իմաստը։ Առանց նույնիսկ մեխանիկայի ամենատարրական գիտելիքների՝ արդյոք որակավորվա՞ծ կլինեիր հրթիռ կառուցելու համար։ Մի՞թե նման մարդը չէր լինի դատարկ պարծենկոտությամբ զբաղվող մեկը։ Մարդը չունի ռեսուրսներ Աստծու գործն անելու համար․ սա պարզապես Աստծու գովաբանումն է։ «Սպասարկել» Նրան՝ առանց իմանալու, թե ինչ է Նա սիրում կամ ինչ է Նա ատում․ մի՞թե սա աղետի բաղադրատոմս չէ։ Մարդիկ չեն ճանաչում իրենց, բայց իրենց արտասովոր են համարում։ Ի՞նչ որակավորումներ ունեն նրանք։ Նրանք գաղափար չունեն, թե ինչն է լավ, կամ ինչն է վա՛տ։ Ջա՛նք գործադրիր՝ հետ նայելու անցյալին և առաջ նայելու ապագային․ ինչպե՞ս է դա հնչում։ Դրանից հետո ճանաչի՛ր ինքդ քեզ։
Աստված շատ բան է մերկացրել մարդու մտադրությունների և նպատակների վերաբերյալ։ Նա ասել է․ «Միայն այդ ժամանակ Ես հստակ տեսա մարդու մտադրություններն ու նպատակները։ Ես հառաչեցի ամպերի միջից․ ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենց համար գործում։ Մի՞թե Իմ պատիժները նրանց կատարելության հասցնելու համար չեն։ Մի՞թե Ես դիտավորյալ ճնշում եմ նրանց խանդավառությունը»։ Որքա՞ն բան եք սովորել ինքներդ ձեր մասին այս խոսքերից։ Արդյոք մարդու մտադրություններն ու նպատակներն իսկապե՞ս վերացել են։ Ինքներդ քննե՞լ եք սա։ Լավ կլիներ՝ գայիք Աստծու առաջ և փորձեիք հասկանալ սա․ ի՞նչ արդյունքի է հասել հանդիմանության այն գործը, որն Աստված կատարել է ձեզ վրա։ Եզրակացություն արե՞լ եք սրա մասին։ Գուցե արդյունքը չնչին է, այլապես արդեն վեհասքանչ եզրույթներով կխոսեիք դրա մասին։ Ի՞նչ է Աստված ուզում, որ իրագործեք։ Աստված շատ խոսքեր է ասել ձեզ․ դրանցից քանի՞սն եք իրագործել, և քանի՞սն են իզուր ասվել։ Աստծու աչքերում Նրա խոսքերից միայն մի քանիսն են իրագործվել։ Սրա պատճառն այն է, որ մարդը մնում է անտեղյակ Նրա խոսքերի սկզբնական իմաստին, և այն, ինչ նա ընդունում է, լոկ խոսքերի արձագանքներն են, որոնք անդրադառնում են պատից։ Մի՞թե սա է Աստծու մտադրությունները ճանաչելու ճանապարհը։ Մոտ ապագայում Աստված մարդուն կհրահանգի կատարել Իր գործի ավելի մեծ մասը․ կարո՞ղ է արդյոք մարդը կատարել այդ գործն այն փոքրիկ հասակով, որն ունի հիմա։ Երբ չի շեղվում, անհեթեթ է լինում կամ էլ ամբարտավան է լինում․ կարծես թե այսպիսին է մարդկային բնությունը։ Ինձ համար դժվար է սա հասկանալը․ թեև Աստված այսքան շատ բան է ասել, ինչո՞ւ մարդը դրանցից ոչ մեկը սրտին մոտ չի ընդունում։ Մի՞թե Աստված կատակով է խոսում մարդու հետ և ոչ մի արդյունք չի փնտրում։ Թե՞ այնպես է անում՝ մարդը խաղա մի ներկայացում, որը կոչվում է «Ուրախություն, զայրույթ, տխրություն և երջանկություն»։ Մի՞թե Նա մի պահ ուրախացնում է մարդուն, հաջորդ պահին՝ այնպես անում, որ լաց լինի, իսկ հետո, երբ մարդն իջնում է բեմից, թողնում է նրան իր հույսին։ Ի՞նչ արդյունքներ կտար սա։ «Ինչո՞ւ են մարդկանց հանդեպ Իմ պահանջները միշտ ապարդյուն լինում։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ես շանը ստիպում եմ ծառ բարձրանալ։ Կամ փորձո՞ւմ եմ անախորժություն ստեղծել առանց պատճառի»։ Աստծու բոլոր խոսքերն ուղղված են մարդու իրական վիճակին։ Վնաս չէր լինի նայել բոլոր մարդկանց ներսը՝ տեսնելու, թե ով է ապրում Աստծու խոսքի մեջ։ «Նույնիսկ այսօր շատ հողեր շարունակում են փոխվել։ Եթե մի օր այդ հողն իսկապես ուրիշ տեսակ դառնա, Ես պարզապես մի մատնազարկով կազատվեմ դրանից․ չէ՞ որ սա է հենց Իմ գործը ներկա փուլում»։ Իսկապես, Աստված հիմա զբաղված է այս գործով, սակայն այն, ինչ Նա ասաց «մի մատնազարկով դրանից ազատվելու» մասին, վերաբերում է ապագային, որովհետև ամեն ինչ պետք է գործընթաց ունենա։ Աստծու ներկայիս գործը միտված է դրան․ սա հստա՞կ է ձեզ համար։ Մարդու շարժառիթների արատի պատճառով անմաքուր հոգիները կառչել են ներս մտնելու այս հնարավորությունից։ Այս ժամանակ «հողն ուրիշ տեսակ է դառնում»։ Այդ ժամանակ մարդիկ որակական փոփոխության ենթարկված կլինեն, թեև ոչ իրենց բուն էության փոփոխության, քանզի բարելավված երկրի վրա այլ բաներ կլինեն։ Այլ կերպ ասած՝ սկզբնական երկիրը ցածրորակ էր, բայց բարելավումից հետո այն կարող է օգտագործվել։ Սակայն որոշակի ժամանակահատված օգտագործվելուց հետո, երբ այն այլևս չի օգտագործվում, աստիճանաբար կվերադառնա իր հին տեսքին։ Սա Աստծու գործի հաջորդ քայլի ամփոփումն է։ Ապագա գործն ավելի բարդ է լինելու, որովհետև ժամանակն է լինելու, որ բոլոր բաները դասակարգվեն ըստ իրենց տեսակի։ Ի վերջո, երբ ամեն ինչ եզրափակվի, հավաքատեղին անխուսափելիորեն քաոսի մեջ կլինի։ Մարդը սեփական մտքեր չունի․ ճիշտ այնպես է, ինչպես Աստված ասել է․ «Մարդիկ բոլորը կատարողներ են, որոնք ձայնակցում են, ինչ մեղեդի էլ հնչի»։ Հենց այն պատճառով, որ մարդիկ ունեն «ինչ մեղեդի էլ հնչի, ձայնակցելու» այս կատարողական հմտությունը, Աստված Իր գործի հաջորդ քայլն անում է՝ թիրախավորելով հենց այս թերությունը, դրանով իսկ հնարավորություն տալով բոլորին շտկել այս թերությունը։ Քանի որ մարդիկ իրական հասակ չունեն, դառնում են պատի վերևում աճող խոտ։ Եթե իսկապես հասակ ձեռք բերեին, կդառնային վեր խոյացող, երկնքին հասնող ծառեր։ Աստված մտադիր է օգտագործել չար ոգիների գործի մի մասը՝ մարդկության մի մասին կատարելագործելու համար, հնարավորություն տալով այս մարդկանց լիովին թափանցելու չար դևերի պահվածքի մեջ և թույլ տալով ողջ մարդկությանն իսկապես ճանաչել այս չար դևերի «նախնիներին»։ Միայն այս կերպ մարդիկ կարող են ամբողջովին խզել կապերն այս դևերի հետ՝ ոչ միայն լքելով չար դևերի զավակներին, այլև նույնիսկ չար դևերի նախնիներին։ Սա է մեծ կարմիր վիշապին լիակատար պարտության մատնելու Աստծու ճշմարիտ նպատակը՝ այնպես անել, որ ողջ մարդկությունը ճանաչի մեծ կարմիր վիշապի իրական դեմքը և ամբողջությամբ պատռի նրա դիմակը՝ նրա իրական դեմքը տեսնելու համար։ Սա է այն, ինչ Աստված ցանկանում է իրագործել, սա երկրի վրա Նրա կատարած ողջ գործի վերջնական նպատակն է, և սա է այն, ինչ Նա նպատակ ունի իրագործելու ողջ մարդկության մեջ։ Սա հայտնի է որպես բոլոր բաները հմտորեն բանեցնել՝ Աստծուն ծառայություն մատուցելու համար։
Ինչ վերաբերում է ապագա գործին, արդյոք հստա՞կ է ձեզ համար՝ ինչպես է այն արվելու։ Այս բաները պետք է հասկանալի լինեն։ Օրինակ՝ ինչո՞ւ է Աստված ասում, որ մարդիկ երբեք չեն զբաղվում իրենց իսկական գործով։ Ինչո՞ւ է Նա ասում, որ կան շատ մարդիկ, որոնք չեն հաջողում ավարտել այն «տնային աշխատանքը», որը Նա հանձնարարել է նրանց։ Ինչպե՞ս կարելի է իրագործել այս բաները։ Երբևէ մտածե՞լ ես այս հարցերի շուրջ։ Արդյոք սրանք դարձե՞լ են հաղորդակցության թեմաներ քեզ համար։ Գործի այս փուլում մարդուն պետք է հասկացնել Աստծու ներկայիս մտադրությունները։ Այն բանից հետո, երբ սա իրագործված լինի, կարելի է քննարկել այլ բաներ․ մի՞թե սա գործելու հիանալի եղանակ չէ։ Այն, ինչ Աստված ցանկանում է իրագործել մարդու մեջ, անհրաժեշտ է հստակ բացատրել, այլապես ամեն ինչ ապարդյուն կլիներ, և մարդն անկարող կլիներ մտնել դրա մեջ, առավել ևս՝ իրագործել այն, և ամենը դատարկ խոսակցություն կլիներ։ Ինչ վերաբերում է այն բանին, ինչ Աստված ասել է այսօր, արդյոք գտե՞լ եք այն գործնականում կիրառելու ուղի։ Մարդիկ բոլորը տագնապի զգացում ունեն Աստծու խոսքերի հանդեպ։ Չեն կարողանում լիովին ըմբռնել դրանք, սակայն նաև երկյուղում են Աստծուն վիրավորանք հասցնելուց։ Աստծու խոսքերն ուտելու և խմելու այն ձևերից, որոնք մատնանշվել են ներկա օրերում, քանի՞սն են գտնվել։ Մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը․ ինչպե՞ս կարելի է լուծել սա։ Արդյոք գտա՞ք ուտելու և խմելու ձև այսօրվա խոսքերի մեջ։ Հիմա ինչպե՞ս ես փորձում համագործակցել դա անելիս։ Եվ երբ բոլորդ ուտեք ու խմեք խոսքերը, ի՞նչ միջոցներով կքննարկեք ձեր մտորումները դրանց վերաբերյալ։ Մի՞թե սա այն չէ, ինչ մարդը պետք է անի։ Ինչպե՞ս ճիշտ դեղամիջոց ընտրել տվյալ հիվանդության համար։ Արդյոք դեռ կարիք ունե՞ք, որ Աստված ուղղակիորեն արտահայտում անի։ Արդյոք սա անհրաժե՞շտ է։ Ինչպե՞ս կարելի է վերոհիշյալ խնդիրներն ամբողջությամբ արմատախիլ անել։ Սա կախված է այն բանից, թե արդյոք ի վիճակի եք համագործակցելու Սուրբ Հոգու հետ ձեր գործնական գործողություններում։ Եթե լինի համապատասխան համագործակցություն, Սուրբ Հոգին մեծ գործ կանի։ Եթե չլինի համապատասխան համագործակցություն, այլ միայն՝ խառնաշփոթ, Սուրբ Հոգին ի վիճակի չի լինի արձակելու Իր զորությունը։ «Ճանաչիր ինքդ քեզ և ճանաչիր քո թշնամուն, և երբեք չես պարտվի»։ Ով էլ որ առաջինն ասած լինի այս խոսքերը, դրանք կարող են ամենահարմար կերպով կիրառվել ձեզ վրա։ Կարճ ասած՝ պետք է ճանաչեք ինքներդ ձեզ, նախքան կարողանաք ճանաչել ձեր թշնամիներին, և միայն երկուսն էլ անելուց հետո կհաղթեք յուրաքանչյուր ճակատամարտում։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնք պետք է անեք։ Անկախ այն բանից՝ ինչ է Աստված պահանջում քեզանից, պետք է միայն ողջ ուժդ ներդնես դրա մեջ, և հուսով եմ՝ ցույց կտաս քո նվիրումն Աստծուն Նրա առաջ այս վերջին օրերում։ Քանի դեռ կարող ես տեսնել Աստծու գոհունակ ժպիտը, մինչ Նա նստած է Իր գահին, նույնիսկ եթե այս պահը քո մահվան ժամն է, պետք է ծիծաղես և ժպտաս, երբ փակես աչքերդ։ Քանի դեռ ողջ ես, պետք է կատարես քո վերջին պարտավորությունն Աստծու համար։ Անցյալում Պետրոսը գլխիվայր խաչվեց հանուն Աստծու, բայց դու պետք է բավարարես Աստծուն այս վերջին օրերում և սպառես քո ողջ եռանդը հանուն Նրա։ Ի՞նչ կարող է արարածն անել Աստծու համար։ Հետևաբար պետք է նախապես անձնատուր լինես Աստծուն, որ Նա ներդաշնակեցնի քեզ այնպես, ինչպես Ինքն է կամենում։ Եթե դա ուրախացնում և գոհացնում է Աստծուն, ապա թույլ տուր՝ Նա անի քեզ հետ այն, ինչ կամենում է։ Մարդն ի՞նչ իրավունք ունի բողոքի խոսքեր ասելու։