Գլուխ 17
Ճշմարտությունն այն է, որ բոլոր արտահայտումները, որոնք դուրս են գալիս Աստծու բերանից, անհայտ են մարդկանց. դրանք բոլորն այնպիսի լեզու են, որը մարդիկ չեն լսել։ Ուստի կարելի է ասել, որ Աստծու խոսքերն ինքնին խորհուրդ են։ Մարդկանց մեծամասնությունը սխալմամբ հավատում է, որ խորհուրդները միայն այնպիսի բաներ են ներառում, որոնք մարդկային պատկերացումները չեն կարող ըմբռնել, երկնքի հարցեր, որոնք Աստված այժմ թույլ է տալիս մարդկանց իմանալ, կամ այն բանի ճշմարտությունը, թե ինչ է Աստված անում հոգևոր ոլորտում։ Սրանից ակնհայտ է դառնում, որ մարդիկ հավասարապես չեն վերաբերվում Աստծու բոլոր խոսքերին, ոչ էլ բարձր են գնահատում դրանք. ավելի շուտ նրանք կենտրոնանում են այն բանի վրա, ինչ իրենք են «խորհուրդներ» կարծում։ Սա ապացուցում է, որ մարդիկ չգիտեն՝ ինչ են Աստծու խոսքերը կամ ինչ են խորհուրդները. պարզապես կարդում են Նրա խոսքերն իրենց իսկ պատկերացումների շրջանակում։ Իրականությունն այն է, որ Աստծու խոսքերը ճշմարտապես սիրող ոչ մի մարդ չկա, և ճիշտ սա է Նրա այն խոսքի արմատը, թե «մարդիկ Ինձ հիմարացնելու փորձագետներ են»։ Այնպես չէ, որ Աստված մարդկանց ներկայացնում է որպես որևէ արժանիքից զուրկ կամ լիակատար խառնաշփոթի մեջ գտնվող. սա նկարագրում է մարդկության փաստացի վիճակը։ Մարդիկ իրենք էլ այնքան հստակ չգիտեն, թե իրականում որքան տեղ է Աստված զբաղեցնում իրենց սրտերում. միայն Աստված Ինքը լիովին գիտի դա։ Հետևաբար, այս պահին մարդիկ նման են ծծկեր մանուկների։ Թե ինչու են նրանք կաթ խմում և ինչու պետք է ողջ մնան, լիովին անտեղյակ են։ Միայն մայրն է հասկանում մանկան կարիքները․ նա թույլ չի տա, որ մանուկը սովամահ լինի, ոչ էլ որ ուտելով իրեն մահվան հասցնի։ Աստված ամենից լավ գիտի մարդկանց կարիքները, ուստի երբեմն Նրա սերն է մարմնավորվում Իր խոսքերում, երբեմն Նրա դատաստանն է բացահայտվում դրանցում, երբեմն դրանք խոցում են մարդկանց մինչև նրանց սրտերի խորքը, իսկ երբեմն անկեղծ են և լուրջ։ Սա թույլ է տալիս մարդկանց զգալ Աստծու բարությունն ու հասանելիությունը, և որ Նա իրենց երևակայության մեջ եղող այն ազդեցիկ կերպարը չէ, որին հնարավոր չէ դիպչել։ Ոչ էլ մարդկանց մտքերում եղող Երկնքի Որդին է, ում երեսին հնարավոր չէ ուղիղ նայել, և առավել ևս դահիճ չէ, ով մորթում է անմեղներին մարդկանց պատկերացրածի պես։ Աստծու ողջ բնույթը բացահայտվում է Նրա գործում. այսօր մարմնացած Աստծու բնույթը դեռևս մարմնավորվում է Նրա գործի միջոցով։ Այսպիսով՝ Աստծու սպասավորությունը խոսքերի սպասավորություն է․ խնդիրն այն չէ, թե ինչ է Նա անում կամ ինչպես է արտաքուստ երևում։ Ի վերջո յուրաքանչյուր ոք խրատ ձեռք կբերի Աստծու խոսքերից և դրանց շնորհիվ ավարտուն կդարձվի։ Իրենց փորձառության մեջ, Աստծու խոսքերով ուղղորդվելով, մարդիկ կիրարկման ուղի կստանան և Աստծու բերանից ելած խոսքերի միջոցով կճանաչեն Նրա ողջ բնույթը։ Նրա խոսքերի շնորհիվ Աստծու ողջ գործը կիրականանա, մարդիկ կկենդանանան, և բոլոր թշնամիները կպարտվեն։ Սա է հիմնական գործը, որը ոչ ոք չի կարող անտեսել։ Եկեք նայենք Նրա խոսքերին. «Իմ արտահայտումները հնչում են որպես որոտ՝ լույս սփռելով բոլոր ուղղություններով և ողջ երկրի վրա, և որոտի ու կայծակի մեջ մարդը տապալվում է։ Ոչ ոք երբեք հաստատուն չի մնացել որոտի և կայծակի մեջ. մեծամասնությունը սաստիկ սարսափած է Իմ լույսի գալստից և չգիտի՝ ինչ անի»։ Հենց որ Աստված բացում է Իր բերանը, խոսքեր են դուրս գալիս։ Նա ամեն ինչ իրագործում է խոսքերի միջոցով, բոլոր բաները փոխակերպվում են դրանցով, և բյուրավոր մարդիկ նորոգվում են դրանց միջոցով։ Ինչի՞ն են վերաբերում «որոտն ու կայծակը»։ Եվ ինչի՞ն է վերաբերում «լույսը»։ Ոչ մի բան չի կարող խուսափել Աստծու խոսքերից։ Նա դրանք օգտագործում է՝ մերկացնելու մարդկանց մտքերը և նկարագրելու համար նրանց տգեղությունը․ Նա խոսքեր է օգտագործում՝ էտելու նրանց հին բնությունները և ավարտուն դարձնելու Իր բոլոր մարդկանց։ Մի՞թե ճիշտ սա չէ Աստծու խոսքերի կարևորությունը։ Ողջ տիեզերքում, առանց Աստծու խոսքերի, որոնք աջակցում և սատարում են նրանց, ողջ մարդկությունը վաղուց կործանված կլիներ և կդադարեր գոյություն ունենալուց։ Սա է Աստծու արածի սկզբունքը և այն եղանակը, որով Նա գործում է Իր վեցհազարամյա տնօրինման ծրագրի ընթացքում։ Սա պարզ է դարձնում Աստծու խոսքերի կարևորությունը։ Դրանք խոցում են ուղիղ մարդկանց հոգիների խորքերը։ Հենց որ մարդիկ տեսնում են Նրա խոսքերը, ապշահար ու սարսափահար են լինում և շտապով փախչում են։ Նրանք ցանկանում են խուսափել Նրա խոսքերի իրականությունից, ինչն էլ այն պատճառն է, որ այս «փախստականներին» կարելի է տեսնել ամենուր։ Հենց որ Աստծու խոսքերն արձակվում են, մարդիկ դիմում են փախուստի։ Սա մարդկության տգեղության պատկերի մի տեսանկյունն է, որն Աստված նկարագրում է։ Հենց հիմա բոլոր մարդիկ աստիճանաբար արթնանում են իրենց թմբիրից. կարծես բոլորը նախկինում թուլամտություն էին զարգացրել և հիմա, երբ տեսնում են Աստծու խոսքերը, կարծես տառապում են այդ հիվանդության մնացորդային հետևանքներից և անկարող են վերականգնել իրենց նախկին վիճակները։ Իրականում բոլոր մարդիկ այսպիսին են, և սա նաև այս խոսքերի ճշմարիտ նկարագրությունն է. «Շատ մարդիկ, ազդված այս թույլ լուսարձակումից, ակնթարթորեն արթնանում են իրենց պատրանքներից։ Սակայն ոչ ոք երբեք չի գիտակցել, որ եկել է այն օրը, երբ Իմ լույսն իջնում է երկրի վրա»։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Մարդկանց մեծամասնությունը պապանձվում է լույսի հանկարծակի գալստից»։ Այսպես ասելը միանգամայն տեղին է։ Մարդկության՝ Աստծու նկարագրությունը ոչ մի ճեղք չունի, նույնիսկ ասեղի ծայրի չափ, և Նա իսկապես այն ճշգրտորեն և անսխալ է ձևակերպել, ինչի շնորհիվ բոլոր մարդիկ լիովին համոզված են։ Ավելին՝ առանց հասկանալու՝ նրանց սերն Աստծու հանդեպ սկսել է կուտակվել իրենց սրտերի խորքից։ Միայն այսպես է Աստծու դիրքն այնտեղ դառնում էլ ավելի իրական, և սա նաև այն ճանապարհներից մեկն է, որով Աստված գործում է։
«Մարդկանց մեծամասնությունը պարզապես շփոթահար է. լույսը խոցում է նրանց աչքերը և տապալում ցեխի մեջ»։ Քանի որ նման մարդիկ դեմ են գնում Աստծու կամքին (այսինքն՝ դիմակայում են Աստծուն), երբ Նրա խոսքերը գալիս են, նրանք հանդիմանություն են կրում իրենց ըմբոստության պատճառով․ ահա թե ինչու է ասվում, որ նրանց աչքերը վնասվում են լույսից։ Նման մարդիկ արդեն հանձնվել են Սատանային. ուստի նոր գործի մեջ մտնելիս նրանք ո՛չ լուսավորություն ունեն, ո՛չ էլ լուսավորում։ Բոլոր նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգու գործը, գրավվել են Սատանայի կողմից, և նրանց սրտերի խորքում Աստծու համար տեղ չկա։ Ուստի ասվում է, որ այս մարդիկ «տապալվում են ցեխի մեջ»։ Այս իրադրությունում գտնվող բոլոր մարդիկ խառնաշփոթի վիճակում են։ Նրանք չեն կարողանում ճիշտ ուղու վրա մտնել, ոչ էլ կարող են վերականգնել բնականոնությունը․ նրանց բոլոր մտքերը հակասում են միմյանց։ Երկրի վրա յուրաքանչյուր ոք ծայրաստիճան ապականվել է Սատանայի կողմից։ Նրանք կենսունակություն չունեն և դիակների գարշահոտություն են արձակում։ Երկրի բոլոր մարդիկ գոյատևում են մանրէների համաճարակի մեջ, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Նրանք չեն ցանկանում գոյատևել երկրի վրա, բայց միշտ զգում են, որ ավելի մեծ բան է տեղի ունենալու, որպեսզի մարդիկ տեսնեն իրենց սեփական աչքերով․ ուստի բոլոր մարդիկ իրենց ստիպում են շարունակել ապրել։ Շատ երկար ժամանակ նրանք իրենց սրտերում ուժ չեն ունեցել․ նրանք պարզապես իրենց անտեսանելի հույսերը որպես հոգևոր հենասյուն են օգտագործում և այդպիսով պահում են իրենց գլուխները՝ ձևացնելով, թե մարդ են, և վատնում են երկրի վրա իրենց օրերը։ Կարծես բոլոր մարդիկ մարմնացած դևի որդիներ լինեն։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Անկարգությունը ծածկում է երկիրը՝ անտանելիորեն ողորմելի մի տեսարան, որը մոտիկից զննելիս մարդուն անմիջապես լցնում է մելամաղձությամբ»։ Քանի որ այս իրավիճակն է առաջացել, Աստված ողջ տիեզերքում սկսեց «ցանել Իմ Հոգու սերմերը» և սկսեց իրականացնել փրկության Իր գործը ողջ երկրի վրա։ Հենց այս գործի առաջխաղացման պատճառով է, որ Աստված սկսեց ամեն տեսակ աղետներ տեղալ՝ դրանով իսկ փրկելով կարծրասիրտ մարդկանց։ Աստծու գործի փուլերում փրկությունը դեռևս տարբեր աղետների ձև է ընդունում, և դատապարտվածներից ոչ ոք չի կարող խուսափել դրանցից, որպեսզի ի վերջո հնարավոր լինի երկրի վրա հասնել մի իրավիճակի, որն «այնքան խաղաղ է, որքան երրորդ երկինքը։ Այստեղ մեծ ու փոքր արարածները համագոյակցում են ներդաշնակության մեջ՝ երբեք չներքաշվելով «բերանի և լեզվի ընդհարումների» մեջ»։ Աստծու գործի մի տեսանկյունն Իր խոսքերի միջոցով ողջ մարդկությանը նվաճելն ու ընտրյալ մարդկանց ձեռք բերելն է, մյուսը՝ զանազան աղետների միջոցով ապստամբության բոլոր որդիներին նվաճելը։ Սա Աստծու մեծամասշտաբ գործի մի մասն է։ Միայն այսկերպ կարելի է լիովին հասնել երկրի վրա այն թագավորությանը, որն Աստված է ցանկանում, և սա Նրա գործի այն մասն է, որը մաքուր ոսկի է։
Աստված մշտապես պահանջում է, որ մարդիկ ընկալեն երկնքի շարժումները։ Կարո՞ղ են նրանք իսկապես հասնել դրան։ Իրականությունն այն է, որ ելնելով մարդկանց ներկայիս, փաստացի վիճակից, երբ ավելի քան 5900 տարի ապականվել են Սատանայի կողմից, նրանք չեն կարող համեմատվել Պետրոսի հետ․ ուստի պարզապես չեն կարող հասնել դրան։ Սա Աստծու գործի եղանակներից մեկն է։ Նա չէր ցանկանա, որ մարդիկ պասիվ կերպով սպասեն․ փոխարենը կցանկանար, որ ակտիվորեն փնտրեն։ Միայն այսպես Աստված հնարավորություն կունենա գործելու մարդկանց մեջ։ Լավ կլիներ քեզ փոքր-ինչ ավելի շատ բացատրություն տալ. հակառակ դեպքում մարդիկ պարզապես մակերեսային հասկացողություն կունենան։ Այն բանից հետո, երբ Աստված ստեղծեց մարդկությանը և նրանց հոգիներ շնորհեց, կարգադրեց, որ եթե չկանչեն Իրեն, ապա չեն կարողանա կապվել Իր Հոգու հետ, և ուստի երկնքից եկող «արբանյակային հեռուստատեսությունը» անհնար կլինի ընդունել երկրի վրա։ Երբ Աստված այլևս մարդկանց հոգիներում չէ, դատարկ տեղ է մնում այլ բաների համար, և Սատանան այսպիսով օգտվում է ներս մտնելու հնարավորությունից։ Երբ մարդիկ իրենց սրտերով կապվում են Աստծու հետ, Սատանան անմիջապես խուճապի է մատնվում և շտապում է փախչել։ Մարդկության աղաղակների միջոցով Աստված շնորհում է նրանց այն, ինչի կարիքն ունեն, բայց սկզբում չի «բնակվում» նրանց ներսում։ Պարզապես մշտական օգնություն է ցուցաբերում նրանց իրենց աղաղակների պատճառով, և այդ ներքին ուժից մարդիկ տոկունություն են ձեռք բերում, այնպես որ Սատանան չի համարձակվում ներս մտնել՝ իր կամքով «խաղալու»։ Ուստի, եթե մարդիկ շարունակաբար կապվում են Աստծու Հոգու հետ, Սատանան չի համարձակվում գալ և անհանգստություններ պատճառել։ Առանց Սատանայի անհանգստությունների՝ բոլոր մարդկանց կյանքը բնականոն է, և Աստված այդ ժամանակ հնարավորություն է ունենում անարգել գործելու նրանց ներսում։ Այսպիսով՝ այն, ինչ Աստված ցանկանում է անել, կարող է իրագործվել մարդկանց միջոցով։ Սրանից կարելի է իմանալ, թե ինչու է Աստված մարդկանցից միշտ պահանջել մեծացնել իրենց հավատը, և նաև ասել է. «Ես համապատասխան պահանջներ եմ ներկայացնում՝ ըստ երկրի վրա մարդու հասակի։ Ես երբեք ոչ մեկին դժվարությունների մեջ չեմ գցել, ոչ էլ երբևէ որևէ մեկին խնդրել եմ հանուն Իմ հաճույքի «քամել իր արյունը»։ Մարդկանց մեծամասնությունը շփոթված է Աստծու պահանջներից։ Նրանք զարմանում են, թե ինչու է Աստված շարունակում պահանջներ ներկայացնել իրենց՝ հաշվի առնելով, որ մարդիկ չունեն այդ կարողությունը և անդառնալիորեն ապականվել են Սատանայի կողմից։ Մի՞թե սա Աստծու՝ մարդկանց դժվար կացության մեջ դնել չէ։ Տեսնելով նրանց լուրջ դեմքերը, իսկ հետո տեսնելով նրանց անշնորհք հայացքները՝ չես կարող չծիծաղել։ Մարդկանց զանազան տգեղ արտաքիններն ամենածիծաղելին են․ երբեմն նրանք նման են երեխաների, որոնք սիրում են խաղալ, մինչդեռ երբեմն նման են փոքրիկ աղջկա, ով «մայրիկ» է խաղում։ Երբեմն նրանք նման են մուկ ուտող շան։ Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի նրանց այս բոլոր տգեղ վիճակների վրա, և հաճախ, որքան քիչ են մարդիկ կարողանում ընկալել Աստծու մտադրությունները, այնքան ավելի հակված են փորձանքի մեջ ընկնելու։ Ուստի Աստծու հետևյալ խոսքերը՝ «Մի՞թե Ես այն Աստված եմ, ով պարզապես լռություն է պարտադրում Իմ արարչագործության բաներին», բավարար են ցույց տալու համար, թե որքան հիմար են մարդիկ, և նաև ցույց են տալիս, որ ոչ մի մարդ չի կարող հասկանալ Աստծու մտադրությունները։ Նույնիսկ եթե բարձրաձայնում է, թե որոնք են Իր մտադրությունները, նրանք անկարող են հաշվի առնել դրանք։ Նրանք միայն կատարում են Աստծու գործը՝ ըստ մարդկային մտադրությունների։ Ուստի ինչպե՞ս կարող են ըմբռնել Նրա մտադրությունները։ «Ես քայլում եմ երկրի վրա՝ ամենուր տարածելով Իմ բուրմունքը, և ամեն վայրում Ես թողնում եմ Իմ կերպարանքը։ Յուրաքանչյուր վայր արձագանքում է Իմ ձայնի հնչյունով։ Մարդիկ ամենուր կարոտով կանգ են առնում երեկվա գեղեցիկ տեսարանների վրա, քանզի ողջ մարդկությունը հիշում է անցյալը…»։ Սա կլինի իրավիճակը, երբ թագավորությունը ձևավորվի։ Իրականում, մի քանի վայրերում Աստված արդեն մարգարեացել է թագավորության իրագործման գեղեցկության մասին, և այս ամենը միասին կազմում են թագավորության ամբողջական պատկերը։ Սակայն մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում դրան․ նրանք պարզապես դիտում են այն, կարծես մուլտֆիլմ լինի։
Սատանայի հազարամյակների ապականության պատճառով մարդիկ միշտ ապրել են խավարում, ուստի չեն անհանգստանում դրանից, ոչ էլ տենչում են լույսը։ Սա հանգեցրել է հետևյալին, հետևաբար, երբ լույսն այսօր գալիս է, «նրանք բոլորը զզվում են Իմ գալստից և վանում են լույսի գալը, կարծես Ես մարդու երկնային թշնամին լինեի։ Մարդն Ինձ ողջունում է իր աչքերի պաշտպանողական լույսով»։ Թեև մարդկանց մեծամասնությունը փորձում է ճշմարիտ սրտով սիրել Աստծուն, Նա դեռևս բավարարված չէ և դեռևս դատապարտում է մարդկությանը։ Սա շփոթեցնող է մարդկանց համար։ Քանի որ նրանք ապրում են խավարում, դեռևս ծառայում են Աստծուն այնպես, ինչպես կանեին լույսի բացակայության պայմաններում։ Այսինքն՝ բոլոր մարդիկ ծառայում են Աստծուն՝ օգտագործելով իրենց սեփական պատկերացումները, և երբ Նա գալիս է, այսպիսին է նրանց իրադրությունը, և նրանք անկարող են ծառայել Նրան՝ ընդունելով նոր լույսը․ ավելի շուտ, նրանք ծառայում են Նրան այն ողջ փորձառությամբ, որն ունեցել են։ Աստված հաճույք չի ստանում մարդկության «նվիրվածությունից», ուստի լույսը չի կարող հավանության արժանանալ խավարում գտնվող մարդկանց կողմից։ Ահա թե ինչու Աստված ասաց վերոհիշյալ խոսքերը․ սա բացարձակապես չի հակասում իրականությանը, և սա Աստծու՝ մարդկությանը վատ վերաբերվելը չէ, ոչ էլ նրանց հանդեպ անարդար գտնվելն է։ Աշխարհի արարչագործությունից ի վեր ոչ մի մարդ ճշմարտապես չի ճաշակել Աստծու ջերմությունը․ մարդիկ բոլորը պաշտպանողական են եղել Աստծու հանդեպ՝ խորապես վախենալով, որ Նա կտապալի և կկործանի իրենց։ Այսպիսով՝ այս 6000 տարիների ընթացքում Աստված միշտ մարդկանց անկեղծության դիմաց ջերմություն է տվել և շարունակել է համբերատարությամբ ուղղորդել նրանց ամեն քայլափոխի։ Սա այն պատճառով է, որ մարդիկ շատ տկար են և անկարող են լիովին ճանաչել Աստծու մտադրությունները կամ սիրել Նրան իրենց սրտի ուզածի չափ, ուստի ակամայից ենթարկվում են Սատանայի մանիպուլյացիային։ Այնուամենայնիվ, Աստված մնում է համբերատար և մի օր՝ այսքան համբերատար լինելուց հետո, այսինքն՝ երբ Նա նորոգի աշխարհը, այլևս մոր պես չի խնամի մարդկանց։ Փոխարենը մարդկանց իրենց համապատասխանող հատուցումներ կտա։ Այս պատճառով այնուհետև տեղի կունենա հետևյալը. «Օվկիանոսի մակերևույթին լողում են մարդկանց դիակները», մինչդեռ «անջուր վայրերում ուրիշ մարդիկ ծիծաղի և երգի մեջ դեռևս վայելում են այն խոստումները, որոնք շնորհել եմ նրանց»։ Սա համեմատություն է պատժվածների և վարձատրվածների նշանակության վայրերի միջև։ «Օվկիանոսի մակերևույթը» վերաբերում է մարդկության հանդիմանության անհատակ անդունդին, որի մասին Աստված խոսել է։ Դա Սատանայի նշանակության վայրն է և այն «հանգստավայրը», որն Աստված պատրաստել է բոլոր նրանց համար, ովքեր դիմակայում են Իրեն։ Աստված միշտ ցանկացել է մարդկության անկեղծ սերը, սակայն մարդիկ չգիտեն դա և անզգա են դրա հանդեպ և դեռևս անում են իրենց սեփական գործը։ Այդ պատճառով Իր բոլոր խոսքերում Աստված միշտ բաներ է պահանջում մարդկանցից և մատնանշում նրանց թերությունները և նրանց համար մատնանշում կիրարկման ուղին, որպեսզի կիրարկեն ըստ այս խոսքերի։ Նա մարդկանց ցույց է տվել Իր սեփական վերաբերմունքը. «Սակայն Ես երբեք անփութորեն չեմ վերցրել ոչ մի մարդկային կյանք՝ խաղալու համար, կարծես այն խաղալիք լիներ։ Ես գիտակցում եմ մարդու տառապանքը և ցավում եմ այն գնի համար, որը վճարել է։ Երբ կանգնած է Իմ առջև, չեմ ցանկանում անակնկալի բերել մարդուն՝ նրան հանդիմանելու համար, ոչ էլ ցանկանում եմ նրան անցանկալի բաներ տալ։ Փոխարենն այս ողջ ընթացքում Ես միայն մատակարարել եմ մարդուն և տվել նրան»։ Երբ մարդիկ կարդում են Աստծու այս խոսքերը, անմիջապես զգում են Նրա ջերմությունը և մտածում են. «Իսկապես, անցյալում գին եմ վճարել Աստծու համար, բայց նաև ձևականորեն եմ վերաբերվել Նրան և երբեմն գանգատվել եմ Նրանից։ Աստված միշտ ուղղորդել է ինձ Իր խոսքերով և այնքան մեծ ուշադրություն է դարձնում իմ կյանքին, սակայն ես երբեմն խաղում եմ դրա հետ, կարծես խաղալիք լինի։ Իսկապես չպետք է դա անեմ։ Աստված այնքան շատ է սիրում ինձ, ուստի ինչո՞ւ չեմ կարող բավականաչափ ջանք թափել»։ Երբ նման մտքեր են ծագում, մարդիկ իսկապես ուզում են ապտակել իրենց իսկ դեմքին, իսկ որոշ մարդկանց քթերն անգամ ջղաձգվում են, և նրանք բարձրաձայն լաց են լինում։ Աստված հասկանում է, թե ինչ են մտածում և խոսում է համապատասխանաբար, և այս մի քանի խոսքերը, որոնք ո՛չ կոշտ են, ո՛չ էլ մեղմ, ոգեշնչում են մարդկանց սերը Նրա հանդեպ։ Ի վերջո Աստված մարգարեացավ Իր գործի փոփոխության մասին, երբ թագավորությունը ձևավորվի երկրի վրա. երբ Աստված երկրի վրա է, մարդիկ կկարողանան ազատ լինել աղետներից ու արհավիրքներից և կկարողանան վայելել շնորհը. սակայն, երբ սկսի մեծ օրվա դատաստանը, դա կլինի այն ժամանակը, երբ Նա հայտնվում է բյուրավոր մարդկանց մեջ, և երկրի վրա Նրա ողջ գործը կավարտվի։ Այդ ժամանակ, քանի որ օրը եկած կլինի, ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում. «Ամբարիշտը թող ամբարշտանա, պիղծը պղծություն անի, արդարը՝ արդար գործեր, սուրբը՝ սրբանա»։ Անարդարները կգան հանդիմանության, իսկ սրբերը կգան գահի առջև։ Ոչ մի մարդ չի կարողանա արժանանալ Աստծու ներողամտությանը, նույնիսկ թագավորության որդիներն ու մարդիկ։ Այս ամենն Աստծու արդարությունն է, և այս ամենը Նրա բնույթի հայտնությունն է։ Նա երկրորդ անգամ հոգատարություն չի ցուցաբերի մարդկության տկարությունների հանդեպ։