Գլուխ 14
Մարդիկ երբեք ոչինչ չեն ընկալել Աստծու խոսքերից։ Փոխարենը պարզապես «բարձր են գնահատում» Աստծու խոսքերի արտաքին կողմը՝ առանց հասկանալու դրանց իրական իմաստը։ Հետևաբար, թեև մարդկանց մեծ մասը սիրում է Նրա խոսքերը, Աստված նշում է, որ իրականում նրանք չեն փայփայում դրանք։ Դրա պատճառն այն է, որ Աստծու տեսանկյունից՝ թեև Իր խոսքերը գանձեր են, մարդիկ չեն ճաշակել դրանց իրական քաղցրությունը։ Որպես այդպիսին՝ նրանք կարող են միայն «սալորների մասին մտքերով հագեցնել իրենց ծարավը»՝ դրանով իսկ ազատվելով իրենց ագահ սրտերից։ Ոչ միայն Աստծու Հոգին է գործում բոլոր մարդկանց մեջ, այլև նրանց, իհարկե, Աստծու խոսքից լուսավորություն է շնորհվում. պարզապես նրանք չափազանց անփույթ են՝ դրա էությունն իսկապես ընկալել կարողանալու համար։ Մարդկանց մտքերում հենց հիմա այն դարաշրջանն է, որում թագավորությունը լիովին իրականանում է, բայց ըստ էության, դա այդպես չէ։ Թեև Աստված մարգարեանում է այն, ինչ իրագործել է, փաստացի թագավորությունը դեռ լիովին չի եկել երկրի վրա։ Փոխարենը մարդկության փոխվելուն պես, գործի զարգացմանը զուգընթաց, և երբ կայծակը դուրս է գալիս Արևելքից, այսինքն՝ երբ Աստծու խոսքը խորանում է, թագավորությունը կամաց-կամաց ի հայտ կգա երկրի վրա՝ աստիճանաբար, բայց ամբողջությամբ իջնելով այս աշխարհի վրա։ Թագավորության գալու գործընթացը նաև երկրի վրա աստվածայնության գործելու գործընթացն է։ Մինչդեռ տիեզերքում Աստված սկսել է մի գործ, որը չի արվել դարերի ընթացքում՝ վերակազմավորել երկիրն իր ամբողջության մեջ։ Օրինակ՝ տիեզերքում ահռելի փոփոխություններ են ընթանում՝ ներառյալ փոփոխություններն Իսրայել պետությունում, պետական հեղաշրջումն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փոփոխությունները Եգիպտոսում, փոփոխությունները Խորհրդային Միությունում և Չինաստանի տապալումը։ Երբ ողջ տիեզերքը հանդարտվի և վերականգնվի բնականոն վիճակի, հենց այդ ժամանակ երկրի վրա Աստծու գործը կավարտվի. հենց այդ ժամանակ թագավորությունը կգա երկիր։ Սա է հետևյալ խոսքերի իրական իմաստը. «Երբ աշխարհի բոլոր ազգերը բաժանվեն, հենց այդ ժամանակ Իմ թագավորությունը կկառուցվի ու կձևավորվի, ինչպես նաև հենց այդ ժամանակ Ես կկերպարանափոխվեմ և կշրջվեմ դեպի ողջ տիեզերքը»։ Աստված ոչինչ չի թաքցնում մարդկությունից. Նա մարդկանց շարունակաբար պատմել է Իր ողջ առատության մասին, սակայն նրանք չեն կարողանում հասկանալ, թե Նա ինչ նկատի ունի, և պարզապես հիմարների պես են ըմբռնում Նրա խոսքը։ Գործի այս փուլում մարդիկ իմացել են Աստծու անըմբռնելիությունը և, առավել ևս, այժմ կարող են գնահատել Նրան հասկանալու առաջադրանքի դժվարությունը. այս պատճառով նրանք զգացել են, որ այս օրերին Աստծուն հավատալն ամենադժվար բանն է, որը նման է խոզին երգել սովորեցնելուն։ Նրանք լիովին անօգնական են ճիշտ ինչպես ծուղակն ընկած մկները։ Իսկապես, անկախ նրանից, թե որքան էներգիա ունի մարդը կամ որքան հմուտ վարպետ է, կամ նույնիսկ եթե մարդն անսահմանափակ կարողություններ ունի, երբ բանը հասնում է Աստծու խոսքին, նման բաներն անօգուտ են։ Կարծես թե մարդկությունն Աստծու աչքերում ընդամենը վառված թղթի մոխրակույտ է՝ լիովին զուրկ որևէ արժեքից, էլ չասած՝ որևէ օգուտից։ Սա հետևյալ խոսքերի իրական իմաստի կատարյալ լուսաբանում է. «Նրանց տեսանկյունից Ես ավելի ու ավելի թաքնված և գնալով ավելի անըմբռնելի եմ դարձել»։ Սրանից ակնհայտ է, որ Աստծու գործը հետևում է բնականոն ընթացքի և կատարվում է ըստ այն բանի, ինչ մարդկային ունակությունները կարող են ընկալել։ Երբ մարդկության բնությունը հաստատուն է և անսասան, Աստծու արտահայտած խոսքերը լիովին համապատասխանում են նրանց պատկերացումներին, և այս պատկերացումները կարծես գրեթե համընկնում են Աստծու հետ՝ առանց նվազագույն տարբերության։ Սա մարդկանց որոշ չափով տեղյակ է դարձնում «Աստծու գործնականությանը», բայց դա Նրա առաջնային նպատակը չէ։ Աստված թույլ է տալիս մարդկանց հանդարտվել՝ նախքան երկրի վրա Իր իրական գործը պաշտոնապես սկսելը։ Հետևաբար այս սկզբի ընթացքում, որն այնքան շփոթեցնող է մարդկանց համար, նրանք գիտակցում են, որ իրենց նախկին գաղափարները սխալ էին, և որ Աստված ու մարդկությունը այնքան տարբեր են, որքան երկինքն ու երկիրը և բոլորովին նման չեն։ Քանի որ Աստծու խոսքերն այլևս չեն կարող գնահատվել մարդկային պատկերացումների հիման վրա, մարդիկ անմիջապես սկսել են այլ կերպ նայել Աստծուն. արդյունքում նրանք զարմանքով են նայում Աստծուն, կարծես գործնական Աստված այնքան անմատչելի է, որքան անտեսանելի և անշոշափելի Աստված, և կարծես մարմնացած Աստծու մսեղին ընդամենը արտաքին պատյան է՝ զուրկ Նրա էությունից։ Թեև Նա Հոգու մարմնացում է, իբր կարող է ցանկացած պահի վերափոխվել Հոգու ձևի և հեռանալ. հետևաբար մարդիկ որոշակիորեն զգուշավոր մտածելակերպ են զարգացրել։ Աստծուն հիշատակելիս նրանք իրենց պատկերացումներով զարդարում են Նրան ՝ պնդելով, որ Նա կարող է սլանալ ամպերի ու մշուշի վրայով, քայլել ջրի վրայով և հանկարծակի հայտնվել ու անհետանալ մարդկանց շրջանում։ Ոմանք նույնիսկ ավելի պատկերավոր բացատրություններ ունեն։ Մարդկանց տգիտության և ներըմբռնման պակասի պատճառով Աստված ասաց. «Երբ նրանք հավատում են, որ դիմակայել են Ինձ կամ խախտել են Իմ կառավարչական հրամանագրերը, Ես դեռևս անտեսում եմ դա»։
Աստված անսխալ ճշգրտությամբ մերկացնում է մարդկության տգեղ արտաքինն ու նրանց ներաշխարհը՝ երբեք չվրիպելով նույնիսկ ամենաչնչին չափով։ Կարելի է նույնիսկ ասել, որ Նա երբեք ոչ մի սխալ չի թույլ տալիս։ Սա ապացույց է, որը լիովին համոզում է մարդկանց։ Աստծու գործի սկզբունքի պատճառով՝ Նրա խոսքերից ու գործերից շատերը դժվար ջնջվող տպավորություն են թողնում, և մարդիկ կարծես դրա շնորհիվ ավելի խոր հասկացողություն են ձեռք բերում Նրա մասին, ասես ավելի թանկարժեք բաներ են հայտնաբերել Նրա մեջ. «Նրանց հիշողություններում Ես կա՛մ Աստված եմ, ով ողորմություն է ցուցաբերում մարդկանց նրանց հանդիմանելու փոխարեն, կա՛մ հենց Աստված Ինքն եմ, ով չի պահում Իր խոսքը։ Սրանք բոլորը մարդկային մտքից ծնված երևակայություններ են և չեն համապատասխանում փաստերին»։ Թեև մարդկությունը երբեք որևէ կարևորություն չի տվել Աստծու իրական դեմքին, իր հինգ մատի պես գիտի «Նրա բնույթի մյուս կողմը». նրանք միշտ թերություններ են փնտրում Աստծու խոսքերում և գործողություններում։ Դա այն պատճառով է, որ մարդիկ միշտ այնքան պատրաստակամ են ուշադրություն դարձնելու բացասական բաներին և անտեսելու դրականները՝ պարզապես արհամարհանքով նայելով Աստծու գործերին։ Որքան շատ է Աստված ասում, որ խոնարհաբար թաքցնում է Իրեն Իր բնակատեղում, այնքան ավելի մեծ են այն պահանջները, որ մարդկությունը ներկայացնում է Նրան։ Նրանք ասում են՝ «Եթե մարմնացած Աստված դիտարկում է մարդկության յուրաքանչյուր գործը և փորձառաբար ապրում է մարդկային կյանքը, ինչո՞ւ է այնպես, որ ժամանակի մեծ մասն Աստված չգիտի մեր փաստացի իրավիճակի մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված իսկապես թաքնված է»։ Թեև Աստված դիտարկում է մարդու սրտի խորքերը, դեռևս գործում է ըստ մարդկության իրական վիճակների ՝ լինելով ո՛չ վերացական, ո՛չ էլ գերբնական։ Նրանց հին խառնվածքներն ամբողջությամբ էտելու համար՝ Աստված փորձել է հնարավոր ամեն միջոց՝ Իր խոսքը տարբեր տեսանկյուններից ասելու համար՝ մերկացնելով մարդկանց իրական դեմքերը, դատաստան տեսնելով նրանց ըմբոստության նկատմամբ, մի պահ ասելով, որ գործ կունենա բոլորի հետ, իսկ հաջորդ պահին ասելով, որ կփրկի մի խումբ մարդկանց, կա՛մ պահանջներ ներկայացնելով մարդկանց, կա՛մ նախազգուշացումներ տալով նրանց, երբեմն մանրամասն վերլուծելով նրանց ներքինը, իսկ երբեմն՝ բուժում տրամադրելով։ Այսպիսով՝ Աստծու խոսքերի ուղղորդման ներքո ասես մարդիկ ճամփորդել են երկրի յուրաքանչյուր անկյուն և մտել են մի առատ այգի, որտեղ յուրաքանչյուր ծաղիկ մրցում է ամենագեղեցիկը լինելու համար։ Ինչ էլ որ Աստված ասի, մարդկությունը կմտնի Նրա խոսքի մեջ, ճիշտ այնպես, ասես Աստված մագնիս լիներ, որն Իրեն է ձգում երկաթ պարունակող ցանկացած բան։ Կարդալով այս խոսքերը. «Մարդիկ Ինձ վրա ուշադրություն չեն դարձնում, ուստի Ես նույնպես նրանց լուրջ չեմ ընդունում։ Նրանք ուշադրություն չեն դարձնում Ինձ վրա, ուստի Ես նույնպես կարիք չունեմ ավելի շատ ջանք գործադրելու նրանց վրա։ Մի՞թե սա լավագույն լուծումը չէ երկուսի համար էլ»՝ Աստծու ողջ ժողովուրդը ասես նորից նետվում է անհատակ անդունդը և մեկ անգամ ևս խոցվում է մինչև հոգու խորքն իրենց ճակատագրական արատի առումով՝ մնալով լիովին ցնցված։ Այսպիսով՝ նրանք կրկին մտնում են եղանակի մեջ. Նրանք հատկապես շփոթված են հետևյալ խոսքերի կապակցությամբ. «Եթե ի վիճակի չեք հավատարիմ մնալու ձեր պարտավորություններին որպես թագավորությունում Իմ ժողովրդի անդամներ, ապա արհամարհանքով կմերժվե՛ք Իմ կողմից»։ Մարդկանց մեծ մասն այնքան վիրավորված է զգում, որ արտասվում է՝ մտածելով. «Մեծ դժվարությամբ դուրս մագլցեցի անհատակ անդունդից, ուստի բոլորովին հույս չէի ունենա, եթե նորից ընկնեի դրա մեջ։ Ես ոչինչ ձեռք չեմ բերել մարդկային աշխարհում և կյանքումս ամեն տեսակ փոթորիկներ ու դժվարություններ եմ հաղթահարել։ Մասնավորապես, հավատքի գալուց ի վեր փորձառաբար ապրել եմ սիրելիների մերժում, հալածանք ընտանիքիս կողմից և զրպարտություն աշխարհի մարդկանց կողմից, և չեմ վայելել աշխարհի երջանկություններից ոչ մեկը։ Եթե նորից ընկնեմ անհատակ անդունդը, մի՞թե կյանքս էլ ավելի զուր ապրած չեմ լինի»։ (Որքան շատ է մարդը մտածում այս մասին, այնքան ավելի տխուր է զգում։) «Բոլոր հույսերս հանձնվել են Աստծու ձեռքերին։ Եթե Նա լքի ինձ, կարող եմ հենց հիմա էլ մեռնել… Լավ ամեն ինչ կանխորոշված էր Աստծու կողմից, ուստի հիմա կարող եմ միայն փնտրել Աստծուն սիրելը. մնացած ամեն ինչ երկրորդական է։ Ինչո՞ւ է սա իմ ճակատագիրը»։ Որքան շատ են մարդիկ այսպես մտածում, այնքան ավելի են մոտենում Աստծու չափանիշին և Նրա խոսքերի նպատակին։ Այսպիսով՝ Նրա խոսքերի նպատակն իրագործվում է։ Այն բանից հետո, երբ մարդիկ տեսնում են Աստծու խոսքերը, բոլորը ներքին գաղափարախոսական պայքար են փորձառաբար ապրում։ Նրանց միակ ընտրությունը ճակատագրի թելադրածին հնազանդվելն է, և այսկերպ Աստծու նպատակն իրագործվում է. որքան խիստ են Աստծու խոսքերը, այնքան ավելի բարդ է դառնում մարդկանց ներաշխարհը որպես արդյունք։ Սա ճիշտ նման է վերքին դիպչելուն. որքան ուժեղ են դրան դիպչում, այնքան ավելի շատ է ցավում, այն աստիճան, որ մարդիկ տատանվում են կյանքի և մահվան միջև և նույնիսկ կորցնում են ողջ մնալու վստահությունը։ Որպես այդպիսին՝ միայն այն ժամանակ, երբ մարդիկ ամենաշատն են տառապում և գտնվում են անհուսության խորքերում, կարող են իրենց ճշմարիտ սրտերը հանձնել Աստծուն։ Մարդկային բնությունն այնպիսին է, որ եթե նույնիսկ հույսի մի նշույլ է մնում, նրանք չեն գնա Աստծու մոտ օգնության համար, այլ փոխարենը ինքնաբավ եղանակներ կորդեգրեն՝ բնականոն կերպով ողջ մնալու համար։ Դա այն պատճառով է, որ մարդկության բնությունն ինքնարդար է, և մարդիկ հակված են արհամարհանքով նայելու մյուսներին։ Հետևաբար Աստված ասաց. «Ոչ մի մարդ ի վիճակի չի եղել նաև հարմարավետության վիճակում Ինձ սիրելու. ոչ մի մարդ չի եկել Ինձ մոտ խաղաղության և երջանկության ժամանակ, որպեսզի մասնակցեմ նրանց ուրախությանը»։ Սա իսկապես սարսափելի վհատեցնող է. Աստված ստեղծեց մարդկությանը, բայց երբ գալիս է մարդկանց աշխարհ, մարդիկ ամեն ջանք գործադրում են Նրան դիմադրելու համար և վտարում են Նրան իրենց տարածքից, ասես նա պարզապես աշխարհով մեկ թափառող որբ լիներ կամ աշխարհի մարդ՝ առանց հայրենիքի։ Ոչ ոք կապվածություն չի զգում Աստծու հանդեպ, ոչ ոք ճշմարտապես չի սիրում Նրան, և ոչ ոք երբեք չի ողջունել Նրա գալուստը։ Փոխարենը, տեսնելով Աստծու գալուստը, ուրախ դեմքերը մի ակնթարթում ծածկվում են ամպերի ստվերով, կարծես հանկարծակի փոթորիկ է մոտենում, կամ կարծես Աստված կարող է խլել նրանց ընտանիքների երջանկությունը, և կարծես Աստված երբեք չի օրհնել մարդկանց, այլ փոխարենը միայն աղետ է բերել նրանց։ Հետևաբար, մարդկանց կարշիքով Աստված ոչ մի օգուտ չի տալիս, այլ ավելի շուտ Մեկն է, ով միշտ անիծում է նրանց։ Այս պատճառով մարդիկ ուշադրություն չեն դարձնում Նրան կամ չեն ողջունում Նրան. միշտ սառն են Նրա հանդեպ, և դա միշտ այդպես է եղել։ Քանի որ մարդիկ իրենց սրտերում կրում են այս բաները, Աստված ասում է, որ մարդկությունը զուրկ են ողջամտությունից և բարոյական արդարությունից։ Նրանց մեջ չի կարող նկատվել այն զգացմունքների նշույլն անգամ, որոնցով մարդիկ իբր օժտված են։ Մարդիկ անզգա են Աստծու հանդեպ, բայց փոխարենն այպես կոչված «արդարություն» են օգտագործում՝ Աստծու հետ գործ ունենալու համար։ Երկար տարիներ նրանք այսպիսին են եղել, և այդ պատճառով Աստված ասել է, որ նրանց խառնվածքները չեն փոխվել։ Սա ցույց է տալիս, որ մի բուռ փետուրից ավելի բուն էություն չունեն։ Կարելի է ասել, որ մարդիկ անարժեք թշվառականներ են, քանի որ իրենք իրենց չեն գնահատում։ Եթե նույնիսկ չեն սիրում իրենց՝ փոխարենը ոտնահարելով իրենք իրենց, ապա մի՞թե սա ցույց չի տալիս նրանց անարժեքությունը։ Մարդկությունը նման է պոռնիկի, ով խաղեր է խաղում ինքն իր հետ և ինքնակամ կերպով հանձնվում ուրիշներին՝ ոտնահարվելու համար։ Նույնիսկ այդ դեպքում մարդիկ դեռ չեն գիտակցում, թե որքան ստոր են իրենք։ Նրանք հաճույք են գտնում ուրիշների համար աշխատելու կամ ուրիշների հետ խոսելու մեջ՝ իրենց ուրիշների վերահսկողության տակ դնելով. մի՞թե սա ճշգրտորեն մարդկության կեղտոտությունը չէ։ Թեև մարդկության շրջանում կյանք փորձառաբար չեմ ապրել կամ մարդկային կյանք ճշմարտապես փորձառաբար չեմ ապրել, շատ հստակ հասկացողություն եմ ձեռք բերել նրանց յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր խոսքի և յուրաքանչյուր գործի մասին։ Նույնիսկ ի վիճակի եմ մանրամասն վերլուծելու մարդկանց մինչև նրանց խորագույն ամոթը այն աստիճան, որ նրանք այլևս չեն համարձակվում ցուցադրել իրենց սեփական խորամանկությունները կամ տրվել իրենց ցանկասիրությանը։ Խխունջների պես, որոնք քաշվում են իրենց պատյանների մեջ, նրանք այլևս չեն համարձակվում ի ցույց դնել իրենց սեփական տգեղությունը։ Քանի որ մարդիկ չեն ճանաչում իրենք իրենց, նրանց ամենամեծ թերությունը ուրիշների առջև իրենց հմայքը ցուցադրելու պատրաստակամությունն է՝ ի ցույց դնելով իրենց տգեղ արտաքինը. սա մի բան է, որն Աստված ամենաշատն է ատում։ Դա այն պատճառով է, որ մարդկանց միջև հարաբերություններն անբնականոն են, և մարդկանց միջև բացակայում են բնականոն միջանձնային հարաբերությունները, էլ չասած՝ նրանց և Աստծու միջև բնականոն հարաբերությունների մասին։ Աստված այնքան շատ բան է ասել, և դա անելով՝ Նրա հիմնական նպատակը մարդկանց սրտերում տեղ զբաղեցնելն է եղել, որպեսզի կարողանան ազատվել բոլոր կուռքերից, որոնք բնակություն են հաստատել այնտեղ։ Դրանից հետո Աստված կարող է իշխանություն բանեցնել ողջ մարդկության վրա և իրագործել երկրի վրա Իր գոյության նպատակը։