Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը
Դու ունա՞կ ես փոխանցելու Աստծու` յուրաքանչյուր դարաշրջանում արտահայտած բնույթը կոնկրետ ձևով՝ տվյալ դարաշրջանին համապատասխան և դրա կարևորությունը կրող լեզվով։ Դու, որ փորձառում ես Աստծու վերջին օրերի գործը, կարո՞ղ ես մանրամասն նկարագրել Աստծու արդար բնույթը։ Կարո՞ղ ես հստակ և ճշգրիտ կերպով վկայել Աստծու բնույթի մասին։ Ինչպե՞ս ես պատմելու այն, ինչ տեսել և փորձառել ես այդ ողորմելի, աղքատ և բարեպաշտ կրոնական հավատացյալներին, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության և սպասում են, որ դու հովվություն անես նրանց։ Ինչպիսի՞ մարդիկ են սպասում, որ դու հովվություն անես իրենց։ Կարո՞ղ ես պատկերացնել։ Գիտակցո՞ւմ ես արդյոք քո ուսերին դրված բեռը, քո հանձնարարությունը և քո պատասխանատվությունը։ Որտե՞ղ է քո պատմական առաքելության զգացումը։ Ինչպե՞ս ես պատշաճ կերպով ծառայելու որպես հաջորդ դարաշրջանի տիրակալ։ Դու ունե՞ս տիրակալ լինելու ուժեղ զգացողություն։ Ինչպե՞ս պետք է բացատրել, թե ով է ամեն ինչի տիրակալը։ Արդյո՞ք նա իսկապես աշխարհի բոլոր կենդանի արարածների և բոլոր նյութական բաների տիրակալն է։ Ի՞նչ ծրագրեր ունես աշխատանքի հաջորդ փուլի առաջընթացի համար։ Քանի՞ մարդ է սպասում, որ դու հովվություն անես նրանց։ Քո հանձնարարությունը ծա՞նր է։ Նրանք աղքատ են, ողորմելի, կույր և մոլորված, ողբում են խավարի մեջ՝ որտե՞ղ է ճանապարհը։ Ինչպե՜ս են նրանք տենչում լույսի, կարծես մի ընկնող աստղի, որը հանկարծ կիջնի և կցրի այն խավարի ուժերը, որոնք տարիներ շարունակ ճնշել են մարդուն։ Նրանք անհամբեր սպասում են դրան և օր ու գիշեր փափագում. ո՞վ կարող է սա լիովին իմանալ։ Նույնիսկ այն օրը, երբ լույսը փայլատակում է և անցնում, այդ խորապես տառապող մարդիկ մնում են խավարի զնդանում առանց ազատության հույսի․ ե՞րբ նրանք կդադարեն սգալ։ Սարսափելի է այդ փխրուն հոգիների դժբախտությունը, որոնց երբեք հանգիստ չի տրվել, և որոնք երկար ժամանակ կապված են պահվել անողոք կապանքներով և սառեցված պատմությամբ։ Իսկ ո՞վ է լսել նրանց լացի ձայնը։ Ո՞վ է տեսել նրանց թշվառ վիճակը։ Երբևէ մտածե՞լ ես, թե որքան վշտացած և անհանգիստ է Աստծու սիրտը։ Ինչպե՞ս կարող է Նա դիմանալ՝ տեսնելով, որ անմեղ մարդկությունը, որին Իր սեփական ձեռքերով է ստեղծել, այսպիսի տանջանքներ է կրում։ Մարդկությունն ի վերջո այն դժբախտներն են, որոնք թունավորվել են։ Եվ թեև մարդկությունը ողջ է մնացել է մինչ օրս, ո՞վ կարող էր իմանալ, որ մարդկությունը վաղուց թունավորված է չարի կողմից։ Մի՞թե մոռացել ես, որ զոհերից մեկն էլ դու ես։ Մի՞թե դու չես ուզում քո՝ Աստծու հանդեպ սիրուց դրդված, պայքարել՝ փրկելու բոլոր այս ողջ մնացածներին։ Մի՞թե չես ցանկանում քո ողջ ուժը որպես հատուցում նվիրել Աստծուն, ով սիրում է մարդուն, ինչպես Իր սեփական միսն ու արյունը։ Ինչպե՞ս ես հասկանում, թե ինչ է նշանակում Աստծու կողմից օգտագործվել, որպեսզի ապրես քո արտասովոր կյանքը։ Իրո՞ք ունես վճռականություն և հավատ ապրելու իմաստալից կյանքդ որպես բարեպաշտ, Աստծուն ծառայող մարդ։