Աղոթքի Կիրարկման Մասին
Դուք կարևորություն չեք տալիս աղոթքին ձեր առօրյա կյանքում։ Մարդն անտեսում է աղոթքի հարցը։ Նախկինում աղոթքները դարձել էին մակերեսային՝ մարդը պարզապես ձևականորեն էր հանդես գալիս Աստծու առջև։ Ոչ ոք երբեք իր սիրտը լիովին չի նվիրաբերել Աստծու առջև և ոչ էլ ճշմարիտ աղոթքով հաղորդակցվել Աստծու հետ։ Մարդն Աստծուն կանչում էր միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ուներ։ Այս ամբողջ ընթացքում դու երբևէ ճշմարտապես աղոթե՞լ ես Աստծուն։ Երբևէ եղե՞լ է, որ ցավագին արցունքներ թափես Աստծու առջև։ Եղե՞լ է ժամանակ, որ դու ինքնաճանաչողության հասնես Նրա առջև։ Երբևէ ունեցե՞լ ես ի խորոց սրտի աղոթք Աստծու հետ։ Աղոթքը գալիս է կիրարկման միջոցով․ եթե դու սովորաբար տանը չես աղոթում, ապա եկեղեցում աղոթելու ճանապարհը չես գտնի և եթե սովոր չես աղոթել փոքր հավաքույթներում, ապա անկարող կլինես աղոթել մեծ հավաքույթներում։ Եթե դու կանոնավոր կերպով չես մոտենում Աստծուն կամ չես խորհում Աստծու խոսքերի շուրջ, ապա աղոթքի պահին ասելիք չես ունենա, և նույնիսկ եթե աղոթես, դա կլինի լոկ դատարկ խոսքեր․ դա չի լինի ճշմարիտ աղոթք։
Ի՞նչ է ճշմարիտ աղոթքը։ Դա այն է, երբ դու Աստծուն պատմում ես սրտումդ եղածը, ընկալում ես Աստծու մտադրությունները և հաղորդակցվում Նրա հետ․ երբ հաղորդակցվում ես Աստծու հետ Նրա խոսքերի շուրջ՝ զգալով առանձնահատուկ մտերմություն Նրա հանդեպ, զգալով քո առջև Նրա ներկայությունը, զգում ես, որ ասելիք ունես Նրան․ սիրտդ լցվում է անասելի պայծառությամբ և զգում ես, թե որքան սիրելի է Աստված․ դա քեզ հատուկ ոգևորությամբ է լցնում։ Քեզ լսելը վայելք է պարգևում եղբայրներին ու քույրերին։ Նրանք զգում են, որ քո ասած խոսքերը հենց իրենց սրտի խոսքերն են՝ այն խոսքերը, որոնք իրենք են փափագում ասել, և որ քո խոսքերը փոխարինում են իրենց սեփականին։ Ահա թե որն է ճշմարիտ աղոթքը։ Ճշմարիտ աղոթքում ներգրավվելուց հետո քո սրտում խաղաղություն և վայելք կտիրի։ Աստծուն սիրելու ուժը կարող է աճել, և դու կզգաս, որ կյանքում չկա ավելի մեծ արժեք կամ նշանակություն ունեցող ոչինչ, քան Աստծուն սիրելը։ Այս ամենը վկայում է, որ քո աղոթքներն արդյունավետ են եղել։ Երբևէ այդպես աղոթե՞լ ես։
Իսկ ի՞նչ կասես աղոթքի բովանդակության մասին։ Քո աղոթքը պետք է ընթանա քայլ առ քայլ՝ սրտիդ իրական վիճակին և Սուրբ Հոգու գործին համահունչ․ և դու պետք է հաղորդակցվես Աստծու հետ՝ համաձայն Նրա մտադրությունների և այն ամենի, ինչ Նա պահանջում է մարդուց։ Երբ սկսես վարժվել աղոթելու, նախ սիրտդ տուր Աստծուն։ Մի՛ ձգտիր ընկալելու Աստծու մտադրությունները․ պարզապես ձգտիր Աստծուն ասելու քո սրտի խոսքերը։ Երբ գաս Աստծու առաջ, խոսիր այսպես․ «Աստվա՛ծ, միայն այսօր եմ գիտակցում, որ ես ապստամբել եմ Քո դեմ։ Ես իրապես ապականված եմ ու ատելի։ Ես միայն զուր վատնել եմ կյանքս։ Այսօրվանից կապրեմ Քեզ համար։ Ես կապրեմ իմաստալից կյանքով և կբավարարեմ Քո մտադրությունները։ Թող Քո Հոգին մշտապես գործի իմ մեջ և անդադար լուսավորի և լուսավորություն բերի ինձ՝ հնարավորություն տալով ինձ Քո առջև հզոր և հնչեղ վկայություն տալու և թույլ տալով Սատանային մեր մեջ տեսնել Քո փառքը, Քո վկայությունը և Քո հաղթանակի ապացույցը»։ Երբ այսպես աղոթես, սիրտդ լիովին կազատվի։ Այսպես աղոթելուց հետո սիրտդ ավելի մոտ կլինի Աստծուն, և եթե հաճախ կարողանաս այսպես աղոթել, Սուրբ Հոգին անխուսափելիորեն կգործի քո մեջ։ Եթե մշտապես այսպես կանչես Աստծուն և Նրա առջև վճռական լինես, կգա մի օր, երբ քո վճռականությունն ընդունելի կլինի Աստծու առջև, երբ սիրտդ և ողջ գոյությունդ ձեռք կբերվեն Աստծու կողմից, և ի վերջո կդառնաս Աստծու կողմից կատարելագործված մարդ։ Ձեզ համար աղոթքը գերագույն կարևորություն ունի։ Երբ աղոթես և ընդունես Սուրբ Հոգու գործը, Աստված կշարժի քո սիրտը, և Աստծուն սիրելու զորություն կբխի քո ներսից։ Եթե սրտանց չաղոթես և սիրտդ չբացես Աստծու հետ հաղորդակցվելու համար, ապա Աստված քո մեջ գործելու ոչ մի հնարավորություն չի ունենա։ Եթե աղոթելուց և սրտիդ խոսքերն ասելուց հետո Աստծու Հոգին չսկսի Իր գործը, և դու ոչ մի ոգեշնչում չստանաս, ապա դա ցույց է տալիս, որ սրտիդ մեջ անկեղծություն չկա, քո խոսքերը ճշմարիտ չեն և դեռ անմաքուր են։ Եթե աղոթելուց հետո վայելելու զգացում ունես, ապա քո աղոթքներն ընդունելի են եղել Աստծուն, և Աստծու Հոգին գործում է քո մեջ։ Որպես Աստծու առջև ծառայող՝ չես կարող առանց աղոթքի։ Եթե դու ճշմարտապես համարում ես, որ Աստծու հետ հաղորդակցությունն արդարև իմաստալից ու արժեքավոր է, ապա կարո՞ղ ես հրաժարվել աղոթքից։ Ոչ ոք չի կարող լինել առանց Աստծու հետ հաղորդակցության։ Առանց աղոթքի դու ապրում ես մսեղի կյանքով՝ Սատանայի կապանքների տակ․ առանց ճշմարիտ աղոթքի դու ապրում ես խավարի ազդեցության տակ։ Հուսով եմ՝ եղբայրնե՛ր և քույրե՛ր, որ դուք ի վիճակի եք ամեն օր ներգրավվելու ճշմարիտ աղոթքի մեջ։ Սա կանոններին հետևելու մասին չէ, այլ պետք է որոշակի արդյունքի հասնել։ Հոժա՞ր ես հրաժարվելու մի քիչ քնելուց և հաճույքներից՝ վաղ առավոտյան վեր կենալու, աղոթելու և հետո Աստծու խոսքերը վայելելու համար։ Մաքուր սրտով աղոթելը և Աստծու խոսքերն այսկերպ ուտելը և խմելը ավելի ընդունելի է Նրա համար։ Եթե ամեն առավոտ կիրարկես սա, եթե ամեն օր ինքդ քեզ վարժես քո սիրտն Աստծուն տալուն, Նրա հետ հաղորդակցվելուն ու մերձենալուն, ապա Աստծու մասին քո ճանաչումն արդարև կավելանա, և դու ավելի ընդունակ կլինես ընկալելու Աստծու մտադրությունները։ Ասում ես․ «Աստվա՛ծ։ Ես հոժար եմ կատարելու իմ պարտավորությունը։ Իմ ամբողջ գոյությունը կարող եմ միայն ընծայել Քեզ, որպեսզի Քո փառքը մեզանով դրսևորվի, և որպեսզի վայելես մեր՝ այս խմբի վկայությունը։ Աղաչում եմ Քեզ՝ գործի՛ր մեզ վրա, որպեսզի ես ընդունակ լինեմ ճշմարտապես սիրելու, գոհացնելու և ձգտելու Քեզ՝ որպես իմ նպատակի»։ Երբ հանձն առնես այս հոգսը, Աստված անշուշտ կկատարելագործի քեզ։ Չպետք է միայն աղոթես քեզ համար, այլ պետք է աղոթես նաև Աստծու կամքին հետևելու և Նրան սիրելու համար։ Սա է աղոթքի ամենաճշմարիտ կերպը։ Արդյո՞ք դու այն մարդկանցից ես, որոնք աղոթում են՝ հանուն Աստծու կամքին հետևելու։
Անցյալում դուք չգիտեիք, թե ինչպես աղոթել, և անտեսում էիք աղոթքի հարցը։ Այժմ դուք պետք է շատ աշխատեք, որպեսզի վարժվեք աղոթելուն։ Եթե ի վիճակի չես քո մեջ ուժ գտնել՝ Աստծուն սիրելու համար, ապա ինչպե՞ս ես աղոթում։ Ասում ես. «Աստվա՛ծ, իմ սիրտն անկարող է ճշմարտապես սիրել Քեզ։ Ուզում եմ սիրել Քեզ, բայց ուժս չի պատում։ Ի՞նչ պետք է անեմ։ Թող բացես իմ հոգևոր աչքերը, և Քո Հոգին հուզի իմ սիրտը։ Այնպես արա, որ Քո առջև ձերբազատվեմ բոլոր բացասական վիճակներից, դադարեմ կաշկանդված լինել որևէ մարդով, իրադարձությամբ կամ բանով, և սիրտս ամբողջապես բացեմ Քո առջև, և այնպես արա, որ իմ ողջ գոյությունն ընծայեմ Քեզ։ Ինչպիսի փորձության էլ ենթարկես ինձ, հոժար եմ։ Այժմ ես ուշադրություն չեմ դարձնում իմ ապագայի ուղուն և մահվան լծի տակ չեմ գտնվում։ Քեզ սիրող սրտով պատրաստակամ եմ փնտրելու կյանքի ուղին։ Բոլոր իրադարձությունները և բոլոր բաները Քո ձեռքերում են․ իմ ճակատագիրը Քո ձեռքերում է, և իմ կյանքը նույնիսկ ավելի շատ է Քո ձեռքի ափի մեջ։ Այժմ ձգտում եմ Քեզ սիրելուն, և անկախ նրանից՝ Դու թույլ ես տալիս ինձ սիրել Քեզ, թե ոչ, անկախ նրանից, թե Սատանան ինչպես էլ անհանգստություն պատճառի, հաստատապես վճռել եմ սիրել Քեզ»։ Երբ բախվես այս խնդրին, այսպես աղոթի՛ր։ Եթե ամեն օր այսպես աղոթես, Աստծուն սիրելու զորությունն աստիճանաբար կաճի քո մեջ։
Ինչպե՞ս է մարդը մտնում ճշմարիտ աղոթք։
Աղոթելիս պետք է ունենաս սիրտ, որ Աստծու առջև անխռով է և անկեղծ սիրտ․ պետք է ճշմարտապես հաղորդակցվես Աստծու հետ և ճշմարտապես աղոթես Նրան․ քեզնից չի պահանջվում հաճոյախոսություններով շողոքորթել Աստծուն։ Աղոթքը պետք է կենտրոնանա այն ամենի շուրջ, ինչ Աստված կամենում է իրագործել հենց հիմա։ Խնդրի՛ր Աստծուն, որ ավելի շատ լուսավորում ու լուսավորություն շնորհի քեզ, և երբ աղոթում ես, քո իրական վիճակներն ու դժվարությունները բեր Նրա առջև՝ ներառյալ այն վճռականությունը, որ արտահայտել ես Աստծու առջև։ Աղոթքը ընթացակարգին հետևելը չէ․ այն անկեղծ սրտով Աստծուն փնտրելն է՝ խնդրելով, որ Աստված պահպանի քո սիրտը, որպեսզի սիրտդ հաճախ անխռով լինի Նրա առջև և որպեսզի այն շրջապատում, որ Նա դասավորել է քեզ համար, կարողանաս ճանաչել ինքդ քեզ, ատել ինքդ քեզ և ապստամբել ինքդ քո դեմ՝ այդպիսով թույլ տալով քեզ բնականոն հարաբերություններ ունենալ Աստծու հետ և ճշմարտապես դառնալ մեկը, որ սիրում է Աստծուն։
Ո՞րն է աղոթքի նշանակությունը։
Աղոթքը ճանապարհ է, որով մարդը համագործակցում է Աստծու հետ, այն միջոցը, որով մարդը կանչում է Աստծուն և այն գործընթացը, որով մարդը ներգործվում է Աստծու Հոգուց։ Կարելի է ասել, որ առանց աղոթքի մարդիկ մեռյալներ են, որոնք զուրկ են հոգուց, ինչն ապացուցում է, որ նրանք չունեն այն օրգանը, որը մարդուն հնարավորություն է տալիս ներգործվելու Աստծու կողմից։ Առանց աղոթքի անհնար կլիներ վարել բնականոն հոգևոր կյանք, առավել ևս՝ համընթաց քայլել Սուրբ Հոգու գործին։ Առանց աղոթքի լինել՝ նշանակում է խզել հարաբերություններն Աստծու հետ, ինչի դեպքում անհնար կլինի արժանանալ Աստծու հավանությանը։ Որքան որևէ մեկը՝ որպես հավատացյալ, շատ աղոթի, այսինքն՝ որքան շատ հուզվի Աստծուց, այնքան ավելի մեծ վճռականություն կունենա և այնքան ավելի ի վիճակի կլինի ընդունելու Աստծու ամենանոր լուսավորությունը։ Արդյունքում, միայն այդպիսի մարդը կարող է հնարավորինս արագ կատարյալ դարձվել Սուրբ Հոգու կողմից։
Ի՞նչ արդյունքների է հասնում աղոթքը։
Մարդը կարող է կիրառել աղոթքը և հասկանալ աղոթքի նշանակությունը, բայց աղոթքի արդյունավետ լինելը պարզ գործ չէ։ Աղոթքը ձևականորեն գործելու, ընթացակարգին հետևելու կամ Աստծու խոսքերը վերարտադրելու հարց չէ։ Ասել է թե՝ աղոթքը որոշ խոսքեր թութակի պես կրկնելը չէ և ոչ էլ այլոց նմանակելը։ Աղոթքը պետք է հասնի մարդու՝ իր սիրտն Աստծուն տալու կետին և մարդու՝ իր սիրտն Աստծու առջև բացելուն, որպեսզի այն ներգործվի Նրա կողմից։ Եթե աղոթքը պետք է լավ արդյունքի հասնի, ապա այն պետք է հիմնված լինի Աստծու խոսքերի ընթերցման վրա։ Միայն Աստծու խոսքերի մեջ աղոթելով կարելի է ստանալ ավելի շատ լուսավորություն և լույս։ Ճշմարիտ աղոթքի դրսևորումներն են՝ ունենալ Աստծու բոլոր պահանջները տենչացող սիրտ և, ավելին, Նրա պահանջները կատարելու պատրաստակամություն, ատել այն, ինչ Աստված է ատում, այնուհետև, այս հիմքի վրա կառուցելով, որոշակի հասկացողություն և հստակ ճանաչողություն ձեռք բերել Աստծու հայտնած ճշմարտությունների վերաբերյալ։ Այնպիսի հանգամանքներում, ուր կա կամք, հավատ, ճանաչում և աղոթքին հետևող կիրարկման ուղի, միայն այդ ժամանակ այն կարելի է անվանել ճշմարիտ աղոթք, և միայն այդպիսի աղոթքն է հասել իր արդյունքին։ Այնուամենայնիվ, աղոթքը պետք է հիմնված լինի Աստծու խոսքերը վայելելու վրա, պետք է հաստատված լինի Աստծու խոսքերում Նրա հետ հաղորդակցվելու հիմքի վրա, և սիրտը պետք է կարողանա փնտրել Աստծուն և խաղաղ լինել Նրա առջև։ Այսպիսի աղոթքն արդեն մուտք է գործել Աստծու հետ ճշմարիտ հաղորդակցության փուլ։
Աղոթքի վերաբերյալ ամենահիմնական գիտելիքը․
1. Կուրորեն մի՛ ասեք այն մի քանի բառերը, որ անցնում են ձեր մտքով։ Ձեր սրտում պետք է մի հոգս լինի, այսինքն՝ երբ աղոթում եք, պետք է նպատակ ունենաք։
2. Աղոթքը պետք է պարունակի Աստծու խոսքերը․ այն պետք է հիմնված լինի Աստծու խոսքերի վրա։
3. Երբ աղոթում եք, չպետք է հին, մաշված դարձվածքներով խոսեք։ Ձեր աղոթքները պետք է կենտրոնանան Աստծու ընթացիկ խոսքերի շուրջ, և երբ աղոթեք, պատմե՛ք Աստծուն ձեր սրտի ամենախորին մտքերը։
4. Հավաքական աղոթքը պետք է պտտվի մի կենտրոնի շուրջ, որը պետք է լինի Սուրբ Հոգու ներկա գործը։
5. Բոլոր մարդիկ պետք է սովորեն բարեխոսական աղոթքը։ Սա նույնպես միջոց է՝ Աստծու մտադրությունները հաշվի առնելու համար։
Անհատի աղոթական կյանքը խարսխված է աղոթքի նշանակության հասկացողության և դրա մասին ընդհանուր գիտելիքների վրա։ Առօրյա կյանքում հաճախ աղերսի՛ր և աղոթի՛ր Աստծուն քո իսկ թերությունների առնչությամբ և աղոթի՛ր Աստծու խոսքերի մասին քո ունեցած գիտելիքի հիման վրա՝ կյանքիդ խառնվածքի փոփոխությունն իրականացնելու համար։ Յուրաքանչյուր ոք պետք է հաստատի իր սեփական աղոթական կյանքը, պետք է աղոթի հանուն Աստծու խոսքերը ճանաչելու և պետք է աղոթի՝ Աստծու գործի մասին գիտություն փնտրելու համար։ Անթաքույց բա՛ց արա փաստացի հանգամանքներդ Աստծու առջև և եղիր գործնական և իրական՝ առանց աղոթելու ձևով համակված լինելու. առանցքային հարցը ճշմարիտ հասկացողության հասնելն ու Աստծու խոսքերի գործնական փորձառություն ձեռք բերելն է։ Տարբեր ձևերով աղոթելն այն է, ինչին պետք է հասնի հոգևոր կյանք մուտք գործելուն ձգտող մարդը։ Լռելյայն աղոթքը, Աստծու խոսքերի շուրջ խորհելը, Աստծու գործը ճանաչելը՝ սրանք բոլորը հանուն բնականոն հոգևոր կյանք մուտք գործելու կատարվող հոգևոր հաղորդակցության նպատակասլաց աշխատանքի օրինակներ են, ինչը մշտապես բարելավում է մարդու պայմանն Աստծու առջև և մղում նրան կյանքում է՛լ ավելի մեծ առաջընթացի։ Կարճ ասած՝ այն ամենը, ինչ անում ես՝ լինի դա Աստծու խոսքերն ուտելն ու խմելը, լռելյայն աղոթելը, թե բարձրաձայն հռչակելը, նպատակ ունի հնարավորություն տալու քեզ, որ հստակորեն տեսնես Աստծու խոսքերը, Նրա գործը և այն, ինչին Նա կամենում է հասնել քո մեջ։ Որ ավելի կարևոր է՝ այն ամենը, ինչ անում ես, արվում է Աստծու պահանջած չափանիշներին հասնելու և քո կյանքը նոր բարձունքների բերելու նպատակով։ Աստծու՝ մարդուց պահանջվող նվազագույն չափանիշն այն է, որ մարդը կարողանա իր սիրտը բացել Նրան։ Եթե մարդն իր ճշմարիտ սիրտն ընծայի Աստծուն և խոսի այն, ինչն իսկապես իր սրտում է, ապա Աստված հոժար կլինի գործելու նրա մեջ։ Աստված ոչ թե մարդու խոտոր սիրտն է կամենում, այլ մաքուր և ազնիվ սիրտը։ Եթե մարդը սրտաբուխ չխոսի Աստծու հետ, ապա Աստված չի հուզի նրա սիրտը, ոչ էլ կգործի նրա մեջ։ Ուստի աղոթքի կարևորագույն մասն Աստծու հետ սրտաբուխ խոսելն է՝ Նրան հայտնելով քո թերությունները կամ ապստամբ խառնվածքը, ամբողջապես բացվելով Նրա առջև. միայն այդժամ Աստված կհետաքրքրվի քո աղոթքներով, այլապես կթաքցնի Իր երեսը քեզնից։ Աղոթքի նվազագույն չափանիշն այն է, որ դու պետք է կարողանաս սիրտդ անխռով պահել Աստծու առջև, և այն չպետք է հեռանա Աստծուց։ Հնարավոր է, որ այս փուլում դու նոր կամ ավելի բարձր ներըմբռնում չստանաս, բայց այդժամ պետք է օգտագործես աղոթքը՝ ներկա վիճակը պահպանելու համար. չպետք է հետընթաց ապրես։ Սա այն նվազագույնն է, որին պետք է հասնես։ Եթե նույնիսկ սա չես կարողանում կատարել, ապա դա վկայում է այն մասին, որ քո հոգևոր կյանքը ճիշտ ուղու վրա չէ։ Արդյունքում այլևս չես կարողանա կառչել սկզբում ունեցածդ տեսիլքից, կկորցնես հավատդ Աստծու հանդեպ, և վճռականությունդ հետագայում կցրվի։ Հոգևոր կյանքի մեջ մտած լինելու կամ չլինելու նշաններից մեկն այն է, թե աղոթքներդ արդյոք ճիշտ ուղու վրա են։ Բոլոր մարդիկ պետք է մտնեն այս իրականության մեջ. նրանք բոլորը պետք է գիտակցաբար աշխատեն կրթել իրենց աղոթքի մեջ՝ ոչ թե անգործ սպասելով, այլ գիտակցաբար փնտրելով Սուրբ Հոգուց հուզվելը։ Միայն այդժամ նրանք կլինեն մարդիկ, որոնք ճշմարտապես փնտրում են Աստծուն։
Երբ սկսում ես աղոթել, անիրատեսական մի՛ եղիր և մի՛ ակնկալիր, թե միանգամից կհասնես ամեն ինչի։ Դու չես կարող խելքից դուրս պահանջներ ներկայացնել՝ ակնկալելով, թե հենց բերանդ բացես, Սուրբ Հոգին կհուզի քեզ, կամ թե լուսավորություն և լուսավորում կստանաս, կամ էլ Աստված առատ շնորհ կպարգևի քեզ։ Նման բան տեղի չի ունենա. Աստված գերբնական բաներ չի անում։ Աստված մարդու աղոթքները բավարարում է Իր իսկ սահմանած ժամանակին։ Երբեմն Նա փորձում է քո հավատքը՝ տեսնելու, թե արդյոք հավատարիմ ես Իր առջև։ Աղոթելիս պետք է ունենաս հավատք, հաստատակամություն և վճռականություն։ Մարդկանց մեծամասնությունը, երբ նոր է սկսում կրթվել, հեշտությամբ հուսահատվում է, որովհետև նրանց չի հաջողվում զգալ Սուրբ Հոգու հպումը։ Այդպես չի՛ լինի։ Դու պետք է հաստատակամ լինես. պետք է կենտրոնանաս Սուրբ Հոգու հպումը զգալու, փնտրելու և ուսումնասիրելու վրա։ Երբեմն քո կիրարկման ուղին ճիշտ չէ, և երբեմն էլ քո անձնական շարժառիթներն ու պատկերացումները չեն կարողանում հաստատուն մնալ Աստծու առջև, ուստի Աստծու Հոգին չի հուզում քեզ։ Այլ պահերի էլ Աստված ստուգում է՝ հավատարի՞մ ես արդյոք, թե ոչ։ Կարճ ասած, կրթվելիս դու պետք է ավելի բարձր գին վճարես։ Եթե նկատում ես, որ քո կիրարկման ուղու մեջ շեղումներ կան, կարող ես փոխել աղոթելուդ ձևը։ Քանի դեռ փնտրում ես անկեղծ սրտով ու փափագում ես ստանալ, Սուրբ Հոգին անշուշտ քեզ կտանի դեպի այդ իրականությունը։ Երբեմն դու աղոթում ես անկեղծ սրտով, բայց չես զգում, թե քեզ Սուրբ Հոգին առանձնահատուկ կերպով հուզել է։ Նման պահերին պետք է ապավինես հավատքին՝ վստահ լինելով, որ Աստված զննում է աղոթքներդ. դու պետք է հաստատակամություն դրսևորես քո աղոթքներում։
Եղի՛ր ազնիվ մարդ. աղոթի՛ր Աստծուն, որպեսզի ազատվես քո նենգ սրտից։ Ամեն ժամանակ աղոթքով մաքրագործվի՛ր և աղոթքի միջոցով հուզվի՛ր Աստծու Հոգով։ Այսպիսով, քո խառնվածքն աստիճանաբար կփոխվի։ Ճշմարիտ հոգևոր կյանքն աղոթական կյանքն է․ դա Սուրբ Հոգուց հուզվելու կյանքն է Սուրբ Հոգուց սիրտը շարժվելու գործընթացը մարդու խառնվածքի փոփոխության գործընթացն է։ Այն կյանքը, որտեղ մարդը չի հուզվում Սուրբ Հոգուց, հոգևոր կյանք չէ. այն դեռևս կրոնական ծիսակատարության կյանք է։ Միայն նրանք են մուտք գործել հոգևոր կյանք, ում սիրտը հաճախ է շարժվում Սուրբ Հոգուց, ինչպես նաև լուսավորություն և լուսավորում են ստանում Սուրբ Հոգու կողմից։ Մարդու խառնվածքն անդադար փոխվում է, երբ նա աղոթում է։ Որքան շատ է նա ներգործվում Աստծու Հոգու կողմից, այնքան ավելի շատ են դրականության ու հնազանդության տարրերը նրա ներսում։ Նույնպես և նրա սիրտն աստիճանաբար կմաքրագործվի, և նրա խառնվածքն աստիճանաբար կփոխվի։ Ահա թե ինչպիսին է ճշմարիտ աղոթքի արդյունքը։