Անվանումների և ինքնության վերաբերյալ
Եթե ցանկանում ես պիտանի լինել Աստծու կողմից օգտագործվելու համար, պետք է իմանաս Աստծու գործը, պետք է իմանաս նախկինում նրա արած գործը (Նոր և Հին Կտակարաններում), և առավել ևս պետք է իմանաս Նրա այսօրվա գործը, այսինքն՝ պետք է իմանաս 6000 տարվա ընթացքում կատարված Աստծու գործի երեք փուլերը։ Եթե քեզ խնդրեն քարոզել ավետարանը, ապա առանց Աստծու գործն իմանալու չես կարողանա դա անել։ Ինչ-որ մեկը կարող է հարցնել քեզ․ «Ի՞նչ է իրենից ներկայացնում Աստվածաշունչը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հին Կտակարանը։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հիսուսի արած գործն ու այն ժամանակ նրա ասած խոսքերը։ Ի՞նչ է ասում ձեր Աստված այս բաների մասին»։ Եթե չկարողանաս նրանց պատմել Աստվածաշնչի հետևում թաքնված իրական պատմությունը, ապա նրանք չեն համոզվի։ Այն ժամանակ Հիսուսն Իր աշակերտների հետ շատ էր խոսում Հին Կտակարանի մասին։ Այն ամենը, ինչ նրանք կարդում էին, Հին Կտակարանից էր։ Նոր Կտակարանը Հիսուսի խաչվելուց մի քանի տասնամյակ անց է միայն գրվել։ Ավետարանը քարոզելու համար պետք է գլխավորապես ընկալեք Աստվածաշնչի հետևում թաքնված իրական պատմությունն ու Աստծու գործն Իսրայելում, որը Եհովայի կատարած գործն է, ու նաև պետք է հասկանաք Հիսուսի կատարած գործը։ Սրանք են բոլորին ամենաշատ հուզող հարցերը, ու գործի այդ երկու փուլերի իրական պատմությունը նրանք չեն լսել։ Ավետարանը քարոզելիս նախ մի կողմ դրեք Սուրբ Հոգու այսօրվա գործի մասին խոսակցությունը։ Գործի այս փուլը նրանց հասու չէ, քանզի այն, ինչին ձգտում եք՝ Աստծու ճանաչողություն ու Սուրբ Հոգու գործի ճանաչողություն, ամենավեհն է․ սրանցից ավելի վեհ բան չկա։ Եթե նախ խոսես այն մասին, ինչը վեհ է, չափազանց շատ կլինի նրանց համար, քանզի ոչ ոք փորձառաբար չի ապրել Սուրբ Հոգու այդպիսի գործը․ այն նախադեպ չունի, ու մարդկանց համար հեշտ չէ ընդունել այն։ Նրանց փորձառություններն անցյալի հին բաներ են, որտեղ երբեմն առկա է Սուրբ Հոգու որոշակի գործ։ Այն, ինչ նրանք փորձառաբար ապրում են, Սուրբ Հոգու ներկայիս գործը կամ Աստծու ներկայիս մտադրությունները չեն։ Նրանք դեռևս ըստ հին գործելակերպի են գործում՝ առանց նոր լույսի ու նոր բաների։
Հիսուսի դարաշրջանում Սուրբ Հոգին Իր գործը հիմնականում Հիսուսի մեջ էր կատարում։ Նրանք, ովքեր տաճարում քահանայական հանդերձներով ծառայում էին Եհովային, դա անում էին լիասիրտ հավատարմությամբ ու նաև ունեին Սուրբ Հոգու գործը։ Պարզապես նրանք ի վիճակի չէին ընկալելու Աստծու ներկայիս մտադրությունները։ Նրանք ուղղակի հին գործելակերպի համաձայն հավատարիմ էին մնում Եհովային, բայց նոր ուղղորդում չունեին։ Հիսուսը եկավ ու նոր գործ բերեց, սակայն տաճարում ծառայողները ո՛չ նոր ուղղորդում ունեին, ո՛չ էլ նոր գործ։ Տաճարում ծառայելով՝ լոկ կարող էին պահպանել հին գործելակերպն ու առանց տաճարից հեռանալու պարզապես անկարող էին որևէ նոր մուտք ունենալ։ Հիսուսը բերեց նոր գործն ու Իր գործն անելու համար չգնաց տաճար։ Նա Իր գործն արեց միայն տաճարից դուրս, քանզի Աստծու գործի շրջանակը վաղուց փոխվել էր, ու Նա այլևս տաճարի ներսում չէր գործում։ Երբ մարդն այնտեղ ծառայում էր Աստծուն, դա ծառայում էր միայն ամեն ինչ նույնությամբ պահպանելուն և չէր կարող որևէ նոր գործ առաջ բերել։ Նմանապես, կրոնավոր մարդիկ այսօր դեռևս պաշտում են Աստվածաշունչը։ Եթե նրանց քարոզես ավետարանը, կվիճեն քեզ հետ Աստվածաշնչի խոսքերի շուրջ ու շատ ապացույցներ կգտնեն՝ քեզ ապշեցնելով ու պապանձեցնելով ։ Ապա կպիտակավորեն քեզ՝ կարծելով, թե հավատքդ բթացած է։ Կասեն․ «Նույնիսկ Աստվածաշունչը՝ Աստծու խոսքը չգիտես, ուրեմն ինչպե՞ս կարող ես ասել, որ հավատում ես Աստծուն»։ Ապա կարհամարհեն քեզ ու նաև կասեն․ «Քանզի Նա, Ում հավատում եք, Աստված է, ինչո՞ւ Նա ձեզ չի ասում, թե ինչ են իրենցից ներկայացնում Հին ու Նոր Կտակարանները։ Քանզի Նա Իր փառքն Իսրայելից բերել է Արևելք, ինչո՞ւ չգիտի Իսրայելում կատարված գործը։ Ինչո՞ւ չգիտի Հիսուսի գործը։ Եթե չգիտեք, ապա դա ապացուցում է, որ ձեզ չեն ասել։ Քանզի Նա Հիսուսի երկրորդ մարմնացումն է, ինչպե՞ս կարող էր չիմանալ այս բաները։ Հիսուսը գիտեր Եհովայի կատարած գործը։ Ինչպե՞ս կարող էր Նա չիմանալ»։ Երբ ժամանակը գա, նրանք բոլորը քեզ այսպիսի հարցեր կտան։ Նրանց գլուխները լի են նման բաներով։ Ինչպե՞ս կարող են չհարցնել։ Ձեզանից նրանք, ովքեր այս հոսքի մեջ են, չեն կենտրոնանում Աստվածաշնչի վրա, քանզի քայլել եք Աստծու այսօրվա կատարած գործի յուրաքանչյուր քայլին համընթաց, ձեր սեփական աչքերով ականատես եք եղել գործի յուրաքանչյուր քայլին ու հստակ տեսել եք գործի երեք փուլերը, ուստի ստիպված եք եղել մի կողմ դնել Աստվածաշունչն ու դադարել ուսումնասիրել այն։ Բայց նրանք չեն կարող չուսումնասիրել այն, քանզի գիտելիք չունեն այս քայլ առ քայլ կատարված գործի մասին։ Ոմանք կհարցնեն․ «Ո՞րն է մարմնացած Աստծու կատարած գործի և անցյալի մարգարեների ու առաքյալների կատարած գործի տարբերությունը։ Դավիթը կոչվում էր տեր, իսկ Հիսուսը՝ Տերը։ Թեև նրանց կատարած գործը տարբեր էր, նրանք նույն կերպ էին կոչվում։ Ասա՛ ինձ, ինչո՞ւ նրանց ինքնությունները նույնը չէին։ Այն, ինչ Հովհաննեսը տեսավ, տեսիլք էր, որը նույնպես գալիս էր Սուրբ Հոգուց, և նա կարողացավ ասել այն խոսքերը, որոնք Սուրբ Հոգին էր մտադիր ասել։ Ինչո՞ւ էր Հովհաննեսի ինքնությունը տարբերվում Հիսուսի ինքնությունից»։ Հիսուսի ասած խոսքերն ի զորու էին լիովին ներկայացնելու Աստծուն և լիովին ներկայացնում էին Աստծու գործը։ Այն, ինչ Հովհաննեսը տեսավ, տեսիլք էր, և նա անկարող էր ամբողջությամբ ներկայացնելու Աստծու գործը։ Ինչո՞ւ Հովհաննեսը, Պետրոսը և Պողոսը Հիսուսի պես շատ խոսքեր ասացին, և այնուամենայնիվ չունեին նույն ինքնությունը, ինչ Հիսուսը։ Դա գլխավորապես այն պատճառով է, որ նրանց կատարած գործը տարբեր էր։ Հիսուսը ներկայացնում էր Աստծու Հոգին և ուղղակիորեն գործող Աստծու Հոգին էր։ Նա նոր դարաշրջանի գործն էր կատարում, այն գործը, որը նախկինում ոչ ոք չէր արել։ Նա նոր ճանապարհ բացեց, Նա ներկայացնում էր Եհովային ու ներկայացնում էր հենց Իրեն՝ Աստծուն, մինչդեռ Պետրոսը, Պողոսն ու Դավիթը, անկախ այն բ անից, թե ինչպես էին կոչվում, ներկայացնում էին միայն արարածի ինքնությունն ու ուղարկված էին Հիսուսի կամ Եհովայի կողմից։ Ուստի, անկախ այն բ անից, թե որքան գործ արեցին, անկախ այն բ անից, թե որքան մեծ հրաշքներ գործեցին, միեւնույն է` պարզապես արարածներ էին ու անկարող էին ներկայացնել Աստծու Հոգին։ Նրանք Աստծու անունից էին գործում կամ գործում էին Աստծու կողմից ուղարկվելուց հետո, ավելին, գործում էին Հիսուսի կամ Եհովայի կողմից սկզբնավորված դարաշրջաններում և ուրիշ ոչ մի գործ չէին անում։ Ի վերջո, նրանք լոկ արարածներ էին։ Հին Կտակարանում շատ մարգարեներ մարգարեություններ էին անում կամ մարգարեության գրքեր գրում։ Ոչ ոք չասաց, որ նրանք Աստված են, բայց հենց որ Հիսուսը սկսեց գործել, Աստծու Հոգին վկայեց Նրա մասին՝ որպես Աստծու։ Ինչո՞ւ է այդպես։ Այժմ արդեն պետք է իմանա ս։ Նախկինում առաքյալներն ու մարգարեները տարբեր թղթեր գրեցին ու շատ մարգարեություններ արեցին։ Հետագայում մարդիկ ընտրեցին դրանցից մի քանիսը Աստվածաշնչում դնելու համար, իսկ որոշներն էլ կորան։ Քանզի կան մարդիկ, ովքեր ասում են, որ նրանց ասած ամեն ինչ գալիս էր Սուրբ Հոգուց, ապա ինչո՞ւ է դրանց մի մասը համարվում լավ, իսկ մի մասը՝ վատ։ Եվ ինչո՞ւ որոշներն ընտրվեցին, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դրանք իսկապես Սուրբ Հոգու ասած խոսքերը լինեին, արդյո՞ք կարիք կլիներ, որ մարդիկ ընտրեին դրանք։ Ինչո՞ւ են Հիսուսի ասած խոսքերի ու Նրա կատարած գործի արձանագրությունները տարբեր Չորս Ավետարաններից յուրաքանչյուրում։ Մի՞թե սա դրանք արձանագրողների մեղքը չէ։ Ոմանք կհարցնեն․ «Քանի որ Պողոսի ու Նոր Կտակարանի մյուս հեղինակների գրած թղթերն ու նրանց կատարած գործը մասամբ բխում էին մարդու կամքից և խառնակված էին մարդու պատկերացումներով, ապա արդյո՞ք մարդկային աղավաղումներ չկան այն խոսքերում, որոնք Դու (Աստված) ասում ես այսօր։ Արդյո՞ք դրանք իսկապես մարդու ոչ մի պատկերացում չեն պարունակում»։ Աստծու կատարած գործի այս փուլը լիովին տարբերվում է Պողոսի և բազմաթիվ առաքյալների ու մարգարեների կատարած գործից։ Ոչ միայն ինքնության տարբերություն կա, այլև, գլխավորապես, տարբերություն կա իրականացվող գործի մեջ։ Այն բանից հետո, երբ Պողոսը տապալվեց և ընկավ Տիրոջ առաջ, Սուրբ Հոգին նրան առաջնորդեց գործելու, ու նա դարձավ ուղարկված մեկը։ Ուստի նա թղթեր գրեց եկեղեցիներին, և այդ բոլոր թղթերը շարունակում էին Հիսուսի ուսմունքները։ Պողոսն ուղարկվել էր Տիրոջ կողմից՝ գործելու Տեր Հիսուսի անունով, բայց երբ Աստված Ինքը եկավ, Նա չգործեց որևէ անունով և Իր գործում չներկայացրեց ոչ մեկին, բացի Աստծու Հոգուց։ Աստված եկավ ուղղակիորեն կատարելու Իր գործը։ Նա չկատարելագործվեց մարդու կողմից, և Նրա գործը չիրականացվեց որևէ մարդու ուսմունքների հիման վրա։ Գործի այս փուլում Աստված չի առաջնորդում խոսելով Իր անձնական փորձառությունների մասին, այլ փոխարենն Իր գործն իրականացնում է ուղղակիորեն՝ ըստ Իր ունեցածի։ Օրինակ՝ ծառայություն մատուցողների փորձությունը, հանդիմանության ժամանակը, մահվան փորձությունը, Աստծուն սիրելու ժամանակը… Այս ամենը մի գործ է, որը նախկինում երբեք չի արվել, և մի գործ է, որը պատկանում է ներկա դարաշրջանին, այլ ոչ թե մարդու փորձառություններին։ Իմ ասած խոսքերում որո՞նք են մարդու փորձառությունները։ Մի՞թե դրանք բոլորն ուղղակիորեն Հոգուց չեն գալիս, և մի՞թե դրանք չեն արտահայտվում Հոգու կողմից։ Պարզապես որակդ այնքան ցածր է, որ անկարող ես թափանցել ճշմարտության մեջ։ Կյանքի գործնական ճանապարհը, որի մասին Ես խոսում եմ, ուղին ցույց տալու համար է, և նախկինում երբեք ոչ ոքի կողմից չի ասվել, ոչ էլ որևէ մեկը երբևէ փորձառաբար անցել է այս ուղին կամ իմացել այս իրականության մասին։ Նախքան Իմ`այս խոսքերն արտաբերելը, ոչ ոք երբեք չէր ասել դրանք։ Ոչ ոք երբևէ չէր խոսել նման փորձառությունների մասին, ոչ էլ երբևէ այսպիսի մանրամասներ էր ասել, և, ավելին, ոչ ոք երբևէ նման վիճակներ չէր մատնանշել այս բաները մերկացնելու համար։ Ոչ ոք երբևէ չէր առաջնորդել այն ուղով, որով Ես առաջնորդում եմ այսօր, և եթե մարդն առաջնորդեր, նոր ճանապարհ չէր լինի։ Վերցնենք, օրինակ, Պողոսին և Պետրոսին։ Նրանք իրենց անձնական փորձառությունները չունեին, մինչև Հիսուսը չառաջնորդեց ուղին։ Միայն այն բանից հետո, երբ Հիսուսն առաջնորդեց ուղին, նրանք փորձառաբար ապրեցին Հիսուսի ասած խոսքերն ու անցան Նրա առաջնորդած ուղին. դրանից նրանք շատ փորձառություններ ձեռք բերեցին ու գրեցին թղթերը։ Եվ այսպես, մարդու փորձառությունները նույնը չեն, ինչ Աստծու գործը, և Աստծու գործը նույնը չէ, ինչ մարդու պատկերացումները կամ այն գիտելիքը, որով մարդը կիսվում է` հիմնվելով իր փորձառությունների վրա։ Ես բազմիցս ասել եմ, որ այսօր նոր ուղի եմ առաջնորդում ու նոր գործ եմ անում, և Իմ գործն ու արտահայտումները տարբերվում են Հովհաննեսի և բոլոր մյուս մարգարեների գործից ու արտահայտումներից։ Ես երբեք նախ փորձառություններ չեմ ձեռք բերում և ապա խոսում դրանց մասին. դա ամենևին այդպես չէ։ Եթե այդպես լիներ, մի՞թե դա վաղուց չէր ուշացնի ձեզ։ Նախկինում այն գիտելիքը, որի մասին շատերը խոսում էին, նույնպես բավականին վեհ էր, բայց նրանց բոլոր խոսքերն ասվում էին միայն այսպես կոչված հոգևոր կերպարների հիման վրա։ Նրանք չէին առաջնորդում ուղին, այլ գալիս էին իրենց փորձառություններից, գալիս էին իրենց տեսածից և իրենց գիտելիքից։ Որոշները նրանց պատկերացումներից էին, իսկ որոշներն էլ բաղկացած էին այն փորձառությունից, որը նրանք քաղել էին։ Այսօր Իմ գործի բնույթը լիովին տարբերվում է նրանց գործի բնույթից։ Ես փորձառաբար չեմ ապրել ուրիշների կողմից առաջնորդվելը, ոչ էլ ընդունել եմ ուրիշների կողմից կատարելագործվելը։ Ավելին, այն ամենը, ինչ Ես ասել եմ ու հաղորդակցվել, նման չէ որևէ մեկի ասածին ու երբեք չի ասվել ուրիշ որևէ մեկի կողմից։ Այսօր, անկախ նրանից, թե ով եք, գործն իրականացվում է Իմ ասած խոսքերի հիման վրա։ Առանց այս արտահայտումների ու գործի, ո՞վ ի վիճակի կլիներ փորձառաբար ապրելու այս բաները (ծառայություն մատուցողների փորձությունը, հանդիմանության ժամանակը…), և ո՞վ ի վիճակի կլիներ խոսելու նման գիտելիքի մասին։ Արդյո՞ք իսկապես անկարող ես տեսնել սա։ Անկախ գործի քայլից, հենց Իմ խոսքերն ասվում են, սկսում եք հաղորդակցվել ըստ Իմ խոսքերի ու գործել դրանց համաձայն, և դա որևէ մեկիդ մտածած ճանապարհը չէ։ Այսքան հեռու գալով՝ արդյո՞ք դեռևս անկարող ես տեսնել նման հստակ ու պարզ հարցը։ Դա մի ճանապարհ չէ, որն ինչ-որ մեկը հնարել է, ոչ էլ հիմնված է որևէ հոգևոր կերպարի վրա։ Դա նոր ճանապարհ է, և նույնիսկ Հիսուսի ասած հնացած խոսքերից շատերն անվավեր են դարձել։ Այն, ինչ Ես ասում եմ, նոր դարաշրջան բացելու գործն է, և դա առանձին ուրույն գործ է. գործը, որ Ես անում եմ, և խոսքերը, որ Ես խոսում եմ, բոլորը նոր են։ Մի՞թե սա այսօրվա նոր գործը չէ։ Հիսուսի գործը նույնպես այսպիսին էր։ Նրա գործը նույնպես տարբերվում էր տաճարի մարդկանց գործից, ու այն նաև տարբերվում էր փարիսեցիների գործից, ոչ էլ որևէ նմանություն ուներ Իսրայելի ողջ ժողովրդի կատարած գործի հետ։ Դրան ականատես լինելուց հետո մարդիկ չէին կարողանում կողմնորոշվել։ «Արդյո՞ք դա իսկապես արվել էր Աստծու կողմից»։ Հիսուսը չհետևեց Եհովայի օրենքին. երբ Նա եկավ մարդուն խրատելու․ այն ամենը, ինչ Նա ասաց, նոր էր ու տարբերվում էր Հին Կտակարանի հնագույն սրբերի ու մարգարեների ասածից, ու դրա պատճառով մարդիկ մնացին անորոշության մեջ։ Սրա պատճառով է մարդու հետ գործ ունենալն այդքան դժվար դառնում։ Նախքան գործի այս նոր փուլն ընդունելը, մեծամասնությունը քայլում էր անցյալի այդ հոգևոր կերպարների դրած հիմքի վրա գործնականում կիրառելու և մտնելու ուղով։ Բայց այսօր իմ կատարած գործը մեծապես տարբերվում է, և ուստի դուք անկարող եք որոշել՝ ճիշտ է այն, թե ոչ։ Ինձ չի հուզում, թե նախկինում ինչ ուղով ես քայլել, ոչ էլ հետաքրքրում է, թե ում «կերակուրն» ես կերել, կամ ում ես ընդունել որպես «հայր»։ Քանիզի Ես եկել ու մարդուն առաջնորդելու համար նոր գործ եմ բերել, բոլոր Ինձ հետևողները պետք է Իմ ասածի պես անեն։ Ինչքան էլ հզոր «ընտանիքից» սերես, պետք է հետևես Ինձ, չպետք է գործես նախկին գործելակերպի համաձայն, քո «խնամատար հայրը» պետք է զիջի իր տեղը, և դու պետք է գաս քո Աստծու առաջ՝ փնտրելու քեզ իրավամբ հասանելիք բաժինը։ Քո ամեն ինչն Իմ ձեռքերում է, և չպետք է չափից շատ կուրորեն հավատաս խնամատար հորդ. նա չի կարող լիովին վերահսկել քեզ։ Այսօրվա գործն ուրույն, առանձին գործ է։ Այն ամենը, ինչ այսօր ասում եմ, ակնհայտորեն անցյալի հիմքի վրա չէ հիմնված. դա նոր սկիզբ է։ Եթե ասում ես, որ այն մարդու ձեռքով է ստեղծված, ապա այնքան կույր ես, որ անհնար է քեզ փրկել։
Եսային, Եզեկիելը, Մովսեսը, Դավիթը, Աբրահամը և Դանիելը Իսրայելի ընտրյալ ժողովրդի առաջնորդողներն ու մարգարեներն էին։ Ինչո՞ւ չէին նրանք Աստված կոչվում։ Ինչո՞ւ Սուրբ Հոգին չվկայեց նրանց մասին։ Ինչո՞ւ Սուրբ Հոգին վկայեց Հիսուսի մասին, հենց որ Նա սկսեց Իր գործն ու սկսեց ասել Իր խոսքերը։ Եվ ինչո՞ւ Սուրբ Հոգին չվկայեց ուրիշների մասին։ Նրանք՝ մսեղիից մարդիկ, բոլորը կոչվում էին «տեր»։ Անկախ նրանից, թե ինչպես էին նրանք կոչվում, նրանց գործը ներկայացնում է, թե ինչ են նրանք ու նրանց էությունը, իսկ նրանց ինչ լինելն ու էությունը ներկայացնում են նրանց ինքնությունը։ Նրանց էությունը կապված չէ նրանց անվանումների հետ. այն ներկայացվում է նրանց արտաբերած խոսքերով ու կյանքով արտահայտածով։ Հին Կտակարանում տեր կոչվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկար, և մարդը կարող էր կոչվել ցանկացած կերպ, բայց նրանց էությունն ու ներհատուկ ինքնությունն անփոփոխ էին։ Այդ կեղծ քրիստոսների, կեղծ մարգարեների և մոլորեցնողների մեջ մի՞թե չկան նաև այնպիսիները, ովքեր կոչվում են «Աստված»։ Եվ ինչո՞ւ չեն նրանք Աստված։ Քանզի նրանք անկարող են կատարել Աստծու գործը։ Իրենց արմատով նրանք մարդ են, մարդկանց մոլորեցնողներ, ոչ թե Աստված, և ուստի, նրանք չունեն Աստծու ինքնությունը։ Մի՞թե Դավիթը նույնպես տեր չէր կոչվում տասներկու ցեղերի մեջ։ Հիսուսը նույնպես Տեր էր կոչվում. ինչո՞ւ միայն Հիսուսը կոչվեց մարմնացած Աստված։ Մի՞թե Երեմիան նույնպես «մարդու որդի» չէր կոչվում։ Եվ մի՞թե Հիսուսը չէր կոչվում մարդու Որդի։ Ինչո՞ւ Հիսուսը կարողացավ խաչվել հանուն Աստծու։ Մի՞թե պատճառն այն չէ, որ Նրա էությունը տարբեր էր։ Մի՞թե պատճառն այն չէ, որ Նրա կատարած գործը տարբեր էր։ Արդյո՞ք անվանումը նշանակություն ունի։ Թեև Հիսուսը նաև կոչվում էր մարդու Որդի, Նա Աստծու առաջին մարմնացումն էր, Նա եկել էր ստանձնելու իշխանությունն ու իրագործելու փրկագնման գործը։ Սա ապացուցում է, որ Հիսուսի ինքնությունն ու էությունը տարբերվում էին մյուսներից, ովքեր նույնպես կոչվում էին մարդու որդի։ Այսօր ձեզանից ո՞վ կհամարձակվի ասել, որ Սուրբ Հոգու կողմից գործածվածների ասած բոլոր խոսքերը գալիս էին Սուրբ Հոգուց։ Որևէ մեկը համարձակվո՞ւմ է նման բաներ ասել։ Եթե իսկապես նման բաներ ես ասում, ապա ինչո՞ւ Եզրասի մարգարեության գիրքը դուրս թողնվեց, և ինչո՞ւ նույն բանն արվեց այդ հնագույն սրբերի և մարգարեների գրքերի հետ։ Եթե դրանք բոլորը գալիս էին Սուրբ Հոգուց, ապա ինչո՞ւ եք համարձակվում նման կամայական ընտրություններ կատարել։ Արդյո՞ք որակավորված ես՝ ընտրելու Սուրբ Հոգու գործը։ Իսրայելից շատ պատմություններ նույնպես դուրս թողնվեցին։ Եվ եթե հավատում ես, որ անցյալի այս գրվածքները բոլորը գալիս էին Սուրբ Հոգուց, ապա ինչո՞ւ որոշ գրքեր դուրս թողնվեցին։ Եթե դրանք բոլորը գալիս էին Սուրբ Հոգուց, ապա դրանք բոլորը պետք է պահվեին և ուղարկվեին եկեղեցիների եղբայրներին ու քույրերին կարդալու համար, այլ ոչ թե կամայականորեն ընտրվեին կամ դուրս թողնվեին մարդկային կամքով. միայն սա ճիշտ կլիներ։ Ասելը, որ Պողոսի ու Հովհաննեսի փորձառությունները խառնված էին նրանց անձնական պատկերացումներով, չի նշանակում, որ նրանց փորձառական գիտելիքը գալիս էր Սատանայից, այլ միայն այն, որ նրանց մեջ որոշ բաներ կային իրենց անձնական փորձառություններից և պատկերացումներից։ Նրանց գիտությունը հիմնված էր այն ժամանակվա նրանց փաստացի փորձառությունների վրա։ Ո՞վ կարող էր վստահորեն ասել, որ դա ամբողջությամբ գալիս էր Սուրբ Հոգուց։ Եթե Չորս Ավետարանները բոլորը գալիս էին Սուրբ Հոգուց, ապա ինչո՞ւ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը յուրաքանչյուրը տարբեր բաներ էին ասում Հիսուսի գործի մասին։ Եթե չեք հավատում սրան, ապա նայեք Աստվածաշնչի արձանագրություններին այն մասին, թե ինչպես Պետրոսը երեք անգամ ուրացավ Տիրոջը։ Դրանք բոլորը տարբեր են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական առանձնահատկությունները։ Շատ տգետներ ասում են․ «Մարմնացած Աստված նույնպես մարդ է, ուստի կարո՞ղ են Նրա ասած խոսքերն ամբողջությամբ գալ Սուրբ Հոգուց։ Եթե Պողոսի և Հովհաննեսի խոսքում մարդկային կամք կար խառնված, ապա արդյո՞ք Նրա ասած խոսքերում իսկապես մարդկային կամք չկա խառնված»։ Նման բաներ ասող մարդիկ կույր են ու տգե՛տ։ Ուշադիր կարդացեք Չորս Ավետարանները․ Հիսուսի ասածի և արածի վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրություն գրեթե ամբողջությամբ տարբերվում է մարդուց մարդ, ընդ որում յուրաքանչյուր գրող ունի իր սեփական տեսակետները։ Եթե այս գրքերի հեղինակների գրածն ամբողջությամբ Սուրբ Հոգուց գար, ապա այն պետք է ամբողջությամբ նույնը ու հետևողական լիներ։ Ապա ինչո՞ւ անհամապատասխանություններ կան։ Մի՞թե մարդը ծայրաստիճան հիմար չէ, որ անկարող է տեսնել սա։ Եթե քեզ խնդրեն վկայել Աստծու մասին, ի՞նչ վկայություն կարող ես տրամադրել։ Կարո՞ղ ես վկայել Աստծու մասին այս հասկացողությամբ։ Եթե ուրիշները հարցնեն քեզ․ «Եթե Հովհաննեսի և Ղուկասի արձանագրություններում մարդկային կամք է խառնված, ապա արդյո՞ք ձեր Աստծու ասած խոսքերում մարդկային կամք խառնված չէ», կկարողանայի՞ր արդյոք հստակ պատասխան տալ։ Այն բանից հետո, երբ Ղուկասն ու Մատթեոսը լսեցին Հիսուսի խոսքերն ու տեսան Հիսուսի գործը, նրանք խոսեցին իրենց սեփական գիտելիքի մասին՝ հուշագրերի ձևով արձանագրելով Հիսուսի կատարած գործի որոշ փաստեր։ Կարո՞ղ ես ասել, որ նրանց գիտելիքն ամբողջությամբ բացահայտվել էր Սուրբ Հոգու կողմից։ Աստվածաշնչից դուրս շատ հոգևոր կերպարներ կային, ովքեր նրանցից ավելի բարձր գիտելիք ունեին, ուստի ինչո՞ւ նրանց խոսքերը չընդունվեցին հետագա սերունդների կողմից։ Մի՞թե նրանք նույնպես չէին գործածվում Սուրբ Հոգու կողմից։ Իմացի՛ր, որ այն գործը, որ Ես անում եմ այսօր, Հիսուսի գործի վրա Իմ սեփական պատկերացումներով կառուցելը չէ, ոչ էլ Հիսուսի գործը որպես հիմք վերցնելն ու ապա Իմ սեփական գիտելիքով կիսվելն է։ Ի՞նչ գործ արեց Հիսուսն այն ժամանակ։ Եվ ի՞նչ գործ եմ Ես անում այսօր։ Այն, ինչ Ես անում և ասում եմ, նախադեպ չունի։ Այն ուղին, որով Ես այսօր քայլում եմ, նախկինում երբեք չի տրորվել, դրանով երբեք չեն քայլել անցյալ դարաշրջանների և սերունդների մարդիկ։ Այսօր այն հարթվել է, և մի՞թե սա Հոգու գործը չէ։ Թեև դա Սուրբ Հոգու գործն էր, անցյալի առաջնորդողները բոլորն իրենց գործն իրականացնում էին ուրիշների դրած հիմքի վրա. սակայն, Աստծու գործը տարբեր է։ Հիսուսի գործի փուլը նույնն էր։ Նա նոր ճանապարհ բացեց։ Երբ Նա եկավ, Նա քարոզեց երկնքի թագավորության ավետարանն ուասաց, որ մարդը պետք է ապաշխարի ու խոստովանի։ Երբ Հիսուսն ավարտեց Իր գործը, Պետրոսը, Պողոսն ու ուրիշներն սկսեցին շարունակել Հիսուսի գործը։ Երբ Հիսուսը գամվեց խաչին ու համբարձվեց երկինք, նրանք ուղարկվեցին Հոգու կողմից՝ քարոզելու խաչի ուղին։ Թեև Պողոսի խոսքերը վեհ էին, դրանք նույնպես հիմնված էին Հիսուսի ասածի վրա, ինչպիսիք են համբերությունը, սերը, տառապանքը, գլխածածկույթը, մկրտությունը կամ այլ կանոններ, որոնց պետք է հետևել։ Այս ամենն ասվեց Հիսուսի խոսքերի հիման վրա։ Նրանք անկարող էին նոր ճանապարհ բացել, քանզի նրանք բոլորն Աստծու կողմից գործածվող մարդիկ էին։
Երբ Հիսուսը խոսում և գործում էր այն ժամանակ, Նա չէր հետևում կանոններին. Նա Իր գործը չէր իրականացնում Հին Կտակարանի օրենքի գործի համաձայն։ Այն իրականացվում էր այն գործի համաձայն, որը պետք է արվեր Շնորհքի դարաշրջանում։ Նա իրականացրեց Իր գործը համաձայն Իր առաջ բերած գործի, Իր սեփական ծրագրի և Իր սպասավորության։ Նա չէր գործում Հին Կտակարանի օրենքի համաձայն։ Նրա արածներից ոչ մեկը Հին Կտակարանի օրենքի համաձայն չէր, և Նա չեկավ գործելու՝ մարգարեների խոսքերն իրականացնելու համար։ Աստծու գործի յուրաքանչյուր փուլ հատկապես հնագույն մարգարեների մարգարեություններն իրականացնելու համար չէր կատարվում, և Նա չեկավ կանոններին հետևելու կամ հնագույն մարգարեների մարգարեությունները միտումնավոր իրագործելու։ Սակայն Նրա գործողությունները չխաթարեցին հնագույն մարգարեների մարգարեությունները, ոչ էլ խանգարեցին այն գործին, որը Նա նախկինում արել էր։ Նրա գործի կարևորագույն կետը որևէ կանոնի չհետևելն էր և փոխարենն այն գործն անելը, որն Ինքը պետք է աներ։ Նա մարգարե կամ գուշակ չէր, այլ գործող, ով իրականում եկավ անելու այն գործը, որը պետք է աներ, և սկսելու Իր նոր դարաշրջանն ու իրականացնելու Իր նոր գործը։ Իհարկե, երբ Հիսուսն եկավ Իր գործն անելու, Նա նաև իրականացրեց Հին Կտակարանում հնագույն մարգարեների ասած խոսքերից շատերը։ Այդպես էլ այսօրվա գործն է իրականացրել Հին Կտակարանի հնագույն մարգարեների մարգարեությունները։ Պարզապես Ես հղում չեմ անում այդ «հին օրացույցին», և վերջ, որովհետև ավելի շատ գործ կա, որ Ես պետք է անեմ, և ավելի շատ խոսքեր, որ Ես պետք է ասեմ ձեզ, որոնք երկուսն էլ շատ ավելի մեծ կարևորություն ունեն, քան Աստվածաշնչից հատվածներ բացատրելը, և որովհետև նման գործը ձեզ համար մեծ նշանակություն կամ արժեք չունի և չի կարող օգնել կամ փոխել ձեզ։ Ես նոր գործ կանեմ ոչ Աստվածաշնչից որևէ հատված իրականացնելու համար։ Եթե Աստված երկիր գար միայն Աստվածաշնչի հնագույն մարգարեների խոսքերն իրականացնելու համար, ապա ո՞վ է ավելի մեծ՝ մարմնացած Աստվա՞ծը, թե՞ այդ հնագույն մարգարեները։ Ի վերջո, մարգարեներն ե՞ն ղեկավարում Աստծուն, թե՞ Աստված է ղեկավարում մարգարեներին։ Ինչպե՞ս ես բացատրում այս խոսքերը։
Սկզբում, երբ Հիսուսը դեռ պաշտոնապես չէր իրականացրել Իր սպասավորությունը, Իրեն հետևող աշակերտների պես Նա նույնպես երբեմն տաճարում մասնակցում էր հավաքույթների, օրհներգեր էր երգում, գովաբանում էր ու կարդում Հին Կտակարանը։ Մկրտվելուց ու ջրից դուրս գալուց հետո Հոգին պաշտոնապես «իջավ Նրա վրա» ու սկսեց գործել՝ բացահայտելով Նրա ինքնությունն ու այն սպասավորությունը, որը Նա պետք է ստանձներ։ Նախքան սա, բացի Մարիամից ոչ ոք չգիտեր Նրա ինքնությունը, նույնիսկ Հովհաննեսը։ Հիսուսը 29 տարեկան էր, երբ մկրտվեց։ Նրա մկրտության ավարտից հետո երկինքը բացվեց, ու մի ձայն ասաց․ «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ Երբ Հիսուսը մկրտվեց, Սուրբ Հոգին սկսեց այս կերպ վկայել Նրա մասին։ Նախքան 29 տարեկանում մկրտվելը, Նա բնականոն մարդու կյանքով էր ապրել․ կերել էր, երբ պետք է ուտեր, քնել ու հագնվել էր բնականոն կերպով, և Նրա մեջ ոչինչ չէր տարբերվում ուրիշներից, թեև, իհարկե, սա միայն մարդու մսեղավոր աչքերի համար էր։ Երբեմն Նա նույնպես թույլ էր ու չէր կարողանում ըմբռնել որոշ բաներ հենց այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում։ Նրա իմաստությունն աճեց տարիքի հետ։ Այս խոսքերը լոկ ցույց են տալիս, որ Նա սովորական ու բնականոն մարդկայնություն ուներ և որ առանձնապես չէր տարբերվում այլ բնականոն մարդկանցից։ Նա նաև մեծացել էր որպես բնականոն մարդ, ու Նրա մեջ ոչ մի յուրահատուկ բան չկար։ Սակայն Նա գտնվում էր Աստծու խնամքի ու պաշտպանության ներքո։ Մկրտվելուց հետո Նա սկսեց փորձվել, ինչից հետո սկսեց իրականացնել Իր սպասավորությունն ու գործել, և օժտվեց զորությամբ, իմաստությամբ ու իշխանությամբ։ Սա չի նշանակում, որ Սուրբ Հոգին Նրա մեջ չէր գործում նախքան Նրա մկրտությունը կամ Նրա ներսում չէր։ Նախքան մկրտությունը նույնպես Սուրբ Հոգին բնակվում էր Նրա ներսում, բայց պաշտոնապես չէր սկսել գործել, քանզի կան սահմաններ, թե երբ է Աստված անում Իր գործը, և, ավելին, բնականոն մարդիկ մեծանալու բնականոն գործընթաց ունեն։ Սուրբ Հոգին միշտ ապրել էր Նրա ներսում։ Երբ Հիսուսը ծնվեց, Նա տարբերվում էր ուրիշներից, ու մի առավոտյան աստղ հայտնվեց Նախքան Նրա ծնունդը, մի հրեշտակ երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց, որ Մարիամը պետք է արու մանուկ ծնի, և որ երեխան բեղմնավորվել է Սուրբ Հոգուց։ Հիսուսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին սկսեց Իր գործը, բայց սա չէր նշանակում, որ Սուրբ Հոգին նոր էր իջել Հիսուսի վրա։ Այն ասույթը, թե Սուրբ Հոգին աղավնու պես իջավ Նրա վրա, վերաբերում է Նրա սպասավորության պաշտոնական սկզբին։ Աստծու Հոգին նախկինում Նրա ներսում էր, բայց դեռ չէր սկսել գործել, քանզի ժամանակը չէր հասել, և Հոգին չսկսեց հապճեպ գործել։ Հոգին վկայեց Նրա մասին մկրտության միջոցով։ Երբ դուրս եկավ ջրից, Հոգին սկսեց պաշտոնապես գործել Նրա մեջ, ինչը նշանակում էր, որ Աստծու մարմնացած մսեղին կսկսի կատարել Իր սպասավորությունն ու կսկսի փրկագնման գործը, այսինքն՝ պաշտոնապես կսկսվի Շնորհքի դարաշրջանը։ Եվ այսպես, Աստծու գործի համար ժամանակ կա, անկախ նրանից, թե ինչ գործ է անում։ Իր մկրտությունից հետո Հիսուսի մեջ ոչ մի առանձնահատուկ փոփոխություն չեղավ։ Նա դեռևս Իր սկզբնական մսեղիի մեջ էր։ Նա պարզապես սկսեց Իր գործն ու բացահայտեց Իր ինքնությունը, ու նա լի էր իշխանությամբ ու զորությամբ։ Այս առումով Նա առաջվա պես չէր։ Նրա ինքնությունը տարբեր էր, ինչը նշանակում է, որ Նրա կարգավիճակի մեջ ակնհայտ փոփոխություն կար․ սա Սուրբ Հոգու վկայությունն էր ու մարդու կատարած գործը չէր։ Սկզբում մարդիկ չգիտեին ու միայն մի քիչ իմացան, երբ Սուրբ Հոգին այս կերպ վկայեց Հիսուսի մասին։ Եթե Հիսուսը մեծ գործ արած լիներ նախքան Սուրբ Հոգու՝ Նրա մասին վկայելը, բայց հենց Իր՝ Աստծու ոչ մի վկայություն չլիներ, ապա որքան էլ մեծ լիներ Նրա գործը, մարդիկ երբեք չէին իմանա Նրա ինքնության մասին, քանզի մարդկային աչքն անկարող կլիներ տեսնել այն։ Բացարձակապես անհրաժեշտ էր անցնել Սուրբ Հոգու վկայության այս քայլով, հակառակ դեպքում ոչ ոք չէր կարող ճանաչել Նրան որպես մարմնացած Աստծու։ Եթե Հիսուսն Իր մասին Սուրբ Հոգու վկայելուց հետո շարունակեր գործել նույն կերպ՝ առանց որևէ տարբերության, ապա դա այդ ազդեցությունը չէր ունենա։ Սա հիմնականում նաև բացահայտում է Սուրբ Հոգու գործի կողմը։ Հիսուսի մասին Սուրբ Հոգու վկայությունից հետո Սուրբ Հոգին պետք է դրսևորվեր, որպեսզի կարողանայիր հստակ տեսնել, որ Նա Աստված էր, որ Նրա ներսում Աստծու Հոգին կար, և որ Աստծու վկայությունը սխալ չէր։ Սա կարող էր ապացուցել, որ Նրա վկայությունը ճիշտ էր։ Եթե Նրա գործը Սուրբ Հոգու վկայությունից առաջ և հետո նույնը լիներ, ապա Նրա մարմնացած սպասավորությունն ու Սուրբ Հոգու գործը չէին ընդգծվի․ այդ դեպքում մարդն անկարող կլիներ ճանաչել Սուրբ Հոգու գործը, քանզի ոչ մի հստակ տարբերություն չէր լինի։ Վկայելուց հետո Սուրբ Հոգին պետք է պահպաներ այս վկայությունը և ուստի, պետք է դրսևորեր Իր իմաստությունն ու իշխանությունը Հիսուսի մեջ, ինչը տարբերվում էր անցյալ ժամանակներից։ Իհարկե, սա մկրտության ազդեցությունը չէր․ մկրտությունը լոկ արարողություն է․ պարզապես մկրտության միջոցով ցույց տրվեց, որ ժամանակն էր իրականացնելու Իր սպասավորությունը։ Նման գործն Աստծու մեծ զորությունը պարզ դարձնելու համար էր, Սուրբ Հոգու վկայությունը պարզ դարձնելու համար, և Սուրբ Հոգին պատասխանատվություն կկրեր այս վկայության համար մինչև վերջ։ Նախքան Իր սպասավորությունն իրականացնելը, Հիսուսը նաև քարոզներ էր լսում, քարոզներ էր կարդում և ավետարան էր քարոզում տարբեր վայրերում։ Նա ոչ մի մեծ գործ չարեց, քանզի դեռ չէր եկել Իր սպասավորությունն իրականացնելու ժամանակը, ու նաև քանզի Աստված Ինքը խոնարհաբար թաքնվեց մարմնի մեջ և ոչ մի գործ չարեց, մինչև ժամանակը չհասունացավ։ Նա մկրտությունից առաջ գործ չարեց երկու պատճառով․ մեկը, քանզի Սուրբ Հոգին պաշտոնապես չէր «իջել» Նրա վրա՝ գործելու (այսինքն՝ Սուրբ Հոգին չէր շնորհել Հիսուսին նման գործ անելու զորությունն ու իշխանությունը), և նույնիսկ, եթե իմացած լիներ Իր սեփական ինքնությունը, Հիսուսն անկարող կլիներ անել այն գործը, որը պետք է աներ հետագայում և ստիպված կլիներ սպասել մինչև Իր մկրտության օրը։ Սա Աստծու ժամանակն էր, և ոչ ոք չէր կարող հակադրվել դրան, նույնիսկ Ինքը՝ Հիսուսը․ նա չէր կարող խաթարել Իր սեփական գործը։ Իհարկե, սա Աստծու խոնարհությունն էր ու նաև Աստծու գործի կարգապահությունը. եթե Աստծու Հոգին չգործեր, ոչ ոք չէր կարող անել Նրա գործը։ Երկրորդ՝ նախքան մկրտվելը, Նա պարզապես շատ հասարակ ու սովորական մարդ էր ու չէր տարբերվում այլ բնականոն ու սովորական մարդկանցից. սա մարմնացած Աստծու ոչ գերբնական լինելու կողմերից մեկն է։ Մարմնացած Աստված չհակադրվեց Աստծու Հոգու կարգավորումներին. Նա գործում էր կարգապահ կերպով և գործում էր շատ բնականոն։ Միայն մկրտությունից հետո էր, որ Նրա գործն իշխանություն ու զորություն ունեցավ։ Այսինքն՝ թեև Նա մարմնացած Աստված էր, Նա ոչ մի գերբնական արարք չկատարեց ու մեծացավ նույն կերպ, ինչպես այլ բնականոն մարդիկ։ Եթե Հիսուսն արդեն իմացած լիներ Իր սեփական ինքնությունը, նախքան Իր մկրտությունը մեծ գործ արած լիներ ողջ երկրով մեկ և տարբերված լիներ բնականոն մարդկանցից՝ ցույց տալով Իրեն որպես արտասովոր մեկի, ապա ոչ միայն Հովհաննեսի համար անհնար կլիներ իր գործն անելը, այլև Աստված Իր գործի հաջորդ քայլը սկսել չէր կարողանա։ Հետևաբար, սա կապացուցեր, որ Աստծու արածը սխալ էր ընթացել, ու մարդուն կթվար, թե Աստծու Հոգին ու Աստծու մարմնացած մսեղին նույն աղբյուրից չէին գալիս։ Ուստի, Աստվածաշնչում արձանագրված Հիսուսի գործն այն գործն է, որն իրականացվեց Նրա մկրտվելուց հետո․ գործ, որն արվեց երեք տարվա ընթացքում։ Աստվածաշունչը չի արձանագրում, թե ինչ է Նա արել նախքան մկրտվելը, քանզի Նա այս գործը նախքան մկրտվելը չի արել։ Նա լոկ սովորական մարդ էր ու ներկայացնում էր սովորական մարդու. նախքան Հիսուսի՝ Իր սպասավորությունն իրականացնել սկսելը, Նա չէր տարբերվում բնականոն մարդկանցից, և ուրիշները ոչ մի տարբերություն չէին կարող տեսնել Նրա մեջ։ Միայն 29 տարեկան դառնալուց հետո Հիսուսն իմացավ, որ եկել է ավարտելու Աստծու գործի մի փուլ. նախկինում Նա Ինքը չգիտեր դա, քանզի Աստծու կատարած գործը գերբնական չէր։ Երբ տասներկու տարեկանում Նա մասնակցում էր ժողովարանի հավաքույթին, Մարիամը փնտրում էր Նրան, ու Նա պարզապես մի նախադասություն ասաց՝ ցանկացած այլ երեխայի պես․ «Մա՛յր, չգիտեի՞ր, որ Ես պետք է Իմ Հոր կամքն ամեն ինչից վեր դասեմ»։ Իհարկե, քանզի Նա բեղմնավորվել էր Սուրբ Հոգուց, մի՞թե Հիսուսն ինչ-որ կերպ յուրահատուկ չէր լինի։ Բայց Նրա յուրահատկությունը չէր նշանակում, որ Նա գերբնական էր, այլ լոկ այն, որ Նա սիրում էր Աստծուն ավելի, քան ցանկացած այլ մանուկ։ Թեև Նա արտաքնապես մարդ էր, Նրա էությունը դեռևս յուրահատուկ էր ու տարբերվում էր ուրիշներից։ Սակայն միայն մկրտությունից հետո Նա իսկապես զգաց Իր մեջ գործող Սուրբ Հոգուն, զգաց, որ Ինքը Աստված Ինքն է։ Միայն 33 տարեկան դառնալով Նա իսկապես գիտակցեց, որ Սուրբ Հոգին մտադիր էր Իր միջոցով իրականացնել խաչելության գործը։32 տարեկանում Նա իմացել էր որոշ թաքնված փաստեր, ճիշտ ինչպես գրված է Մատթեոսի Ավետարանում․ «Եվ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»» (Մատթեոս 16:16), և «Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթեոս 16։21)։ Նա նախապես չգիտեր, թե ինչ գործ պետք է աներ, դրա համար որոշակի ժամանակ կար։ Նա լիովին չգիտեր դա հենց ծնվելու պահից. Սուրբ Հոգին աստիճանաբար էր գործում Նրա մեջ, և գործն ուներ իր ընթացքը։ Եթե հենց սկզբից Նա գիտեր, որ Ինքն Աստված է և Քրիստոս, և մարմնացած մարդու Որդին, որ Ինքը պետք է իրագործեր խաչելության գործը, ապա ինչո՞ւ Նա նախկինում չէր գործում։ Ինչո՞ւ միայն Իր աշակերտներին Իր սպասավորության մասին պատմելուց հետո Հիսուսը տխրություն զգաց ու ջերմեռանդորեն աղոթեց դրա համար։ Ինչո՞ւ Հովհաննեսը ճանապարհ բացեց Նրա համար ու մկրտեց Նրան, նախքան Նա կհասկանար շատ բաներ, որոնք չէր հասկացել։ Սա ապացուցում է, որ դա մսեղիում մարմնացած Աստծու գործն էր, ուստի Նրա հասկանալու և իրագործելու համար գործընթաց կար, քանզի Նա Աստծու մարմնացած մսեղին էր, Ում գործը տարբերվում էր ուղղակիորեն Հոգու արած գործից։
Աստծու գործի յուրաքանչյուր քայլ միևնույն հոսքին է հետևում, ուստի Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրում աշխարհի հիմնադրումից մինչև այսօր յուրաքանչյուր քայլին սերտորեն հաջորդել է մյուսը։ Եթե ոչ ոք չլիներ, որ ճանապարհը հարթեր, ապա չէր լինի ոչ ոք, որ հետո կգար. քանզի կան հետո եկողներ, կան ճանապարհը հարթողներ։ Այսպես է գործը փոխանցվել քայլ առ քայլ․ յուրաքանչյուր քայլ ծառայել է որպես նախորդի շարունակություն։ Եթե չլիներ մեկը, որ բացեր ճանապարհը, անհնար կլիներ սկսել գործը, և Աստված Իր գործն առաջ տանելու ոչ մի միջոց չէր ունենա։ Ոչ մի քայլ չի խաթարում մյուսին, և յուրաքանչյուրը հաջորդում է մյուսին ըստ հերթականության՝ հոսք կազմելով. այս ամենն արվում է նույն Հոգու կողմից։ Բայց անկախ նրանից, թե ինչ-որ մեկը բացում է ճանապարհը, թե շարունակում է մեկ ուրիշի գործը, սա չի որոշում նրանց ինքնությունը։ Մի՞թե սա ճիշտ չէ։ Հովհաննեսը բացեց ճանապարհը, իսկ Հիսուսը շարունակեց նրա գործը, ուստի արդյո՞ք սա ապացուցում է, որ Հիսուսի ինքնությունն ավելի ցածր է, քան Հովհաննեսինը։ Եհովան Իր գործն իրականացրեց Հիսուսից առաջ, ուստի կարո՞ղ ես ասել, որ Եհովան ավելի մեծ է, քան Հիսուսը։ Կարևոր չէ ճանապարհ են հարթել, թե ուրիշների գործն են շարունակել. ամենակարևորը նրանց գործի էությունն է ու նրանց ներկայացրած ինքնությունը։ Մի՞թե սա ճիշտ չէ։ Քանզի Աստված մտադիր էր գործել մարդկանց մեջ, Նա պետք է բարձրացներ մարդկանց, ովքեր կարող էին անել ճանապարհ հարթելու գործը։ Երբ Հովհաննեսը նոր էր սկսել քարոզել, նա ասաց․ «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները»։ «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Նա այսպես խոսեց հենց սկզբից և ինչո՞ւ ի վիճակի եղավ ասելու այս խոսքերը։ Այս խոսքերի ասվելու հերթականության առումով՝ Հովհաննեսն էր, որ առաջինը խոսեց երկնքի թագավորության ավետարանի մասին, իսկ Հիսուսը խոսեց հետո։ Մարդու պատկերացումների համաձայն՝ Հովհաննեսն էր, որ բացեց նոր ճանապարհը, ուստի, իհարկե, Հովհաննեսն ավելի մեծ էր, քան Հիսուսը։ Բայց Հովհաննեսը չասաց, որ ինքը Քրիստոսն է, և Աստված չվկայեց նրա մասին որպես Աստծու սիրելի Որդու, այլ լոկ օգտագործեց նրան՝ ճանապարհ բացելու ու Տիրոջ համար ճանապարհ պատրաստելու նպատակով։ Նա ճանապարհ հարթեց Հիսուսի համար, բայց նա չէր կարող գործել Հիսուսի անունից։ Մարդու ողջ գործը նույնպես պահպանվում էր Սուրբ Հոգու կողմից։
Հին Կտակարանի դարաշրջանում Եհովան էր, որ առաջնորդում էր ուղին, ու Եհովայի գործն էր ներկայացնում Հին Կտակարանի ողջ դարաշրջանն ու Իսրայելում կատարված ողջ գործը։ Մովսեսը լոկ պահպանում էր այս գործը երկրի վրա, ու նրա գործը համարվում է մարդու ցուցաբերած համագործակցություն։ Այն ժամանակ Եհովան էր, որ խոսեց՝ կանչելով Մովսեսին, և բարձրացրեց Մովսեսին Իսրայելի ժողովրդի մեջ ու ստիպեց նրան առաջնորդել նրանց դեպի անապատ ու դեպի Քանան։ Սա հենց Մովսեսի գործը չէր, այլ այն, ինչն անձամբ ուղղորդվում էր Եհովայի կողմից, և ուստի, Մովսեսը չի կարող Աստված կոչվել։ Մովսեսը նաև օրենքը սահմանեց, բայց այս օրենքն անձամբ հրամանագրվել էր Եհովայի կողմից։ Նա պարզապես հանձնարարեց Մովսեսին արտահայտել այն։ Հիսուսը նույնպես պատվիրաններ ստեղծեց և վերացրեց Հին Կտակարանի օրենքն ու սահմանեց նոր դարաշրջանի պատվիրանները։ Ինչո՞ւ է Հիսուսն Ինքը՝ Աստված։ Որովհետև Մովսեսի գործն ու Հիսուսի գործը նույն բանը չեն։ Այն ժամանակ Մովսեսի կատարած գործը չէր ներկայացնում դարաշրջանը, ոչ էլ նոր ճանապարհ էր բացում․ Եհովան էր առաջնորդում ուղին ու ղեկավարում Մովսեսի գործը, իսկ Մովսեսը լոկ մեկն էր, ով օգտագործվում էր Աստծու կողմից։ Երբ Հիսուսն եկավ, Հովհաննեսն իրականացրել էր ճանապարհ հարթելու գործի մի քայլ ու սկսել էր քարոզել երկնքի թագավորության ավետարանը (Սուրբ Հոգին էր սկսել սա)։ Երբ Հիսուսն եկավ, նա ուղղակիորեն արեց Իր սեփական գործը, բայց մեծ տարբերություն կար Նրա գործի և Մովսեսի գործի միջև։ Եսային նույնպես շատ մարգարեություններ արեց, սակայն ինչո՞ւ նա Ինքը՝ Աստված չէր։ Հիսուսն այդքան շատ մարգարեություններ չարեց, սակայն ինչո՞ւ էր Նա Ինքը՝ Աստված։ Ոչ ոք չհամարձակվեց ասել, որ Հիսուսի գործն այն ժամանակ ամբողջությամբ գալիս էր Սուրբ Հոգուց, ոչ էլ համարձակվեցին ասել, որ այն ամբողջությամբ գալիս էր մարդկային կամքից, կամ որ դա ամբողջությամբ հենց Իր՝ Աստծու գործն էր։ Մարդը նման բաները վերլուծելու ոչ մի միջոց չուներ։ Կարելի է ասել, որ Եսայիի կատարած գործն ու նրա արած մարգարեությունները բոլորը գալիս էին Սուրբ Հոգուց։ Դրանք ուղղակիորեն հենց Եսայիից չէին գալիս, այլ ներշնչանքներ էին Եհովայից։ Հիսուսը մեծ քանակությամբ գործ չարեց ու շատ խոսքեր չասաց, ոչ էլ շատ մարգարեություններ արեց։ Մարդուն Նրա քարոզչությունը առանձնապես վեհ չէր թվում, սակայն Նա Ինքը՝ Աստված էր, և սա անբացատրելի է մարդու համար։ Ոչ ոք երբևէ չի հավատացել Հովհաննեսին, կամ Եսայիին, կամ Դավթին, ոչ էլ որևէ մեկը երբևէ նրանց Աստված է կոչել, կամ Դավիթ Աստված, կամ Հովհաննես Աստված․ ոչ ոք երբեք այսպես չի խոսել, և միայն Հիսուսն է երբևէ կոչվել Քրիստոս։ Այս դասակարգումն արվում է համաձայն Աստծու վկայության, Նրա ստանձնած գործի ու Նրա իրականացրած սպասավորության։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչի մեծ մարդկանց՝ Աբրահամին, Դավթին, Հեսուին, Դանիելին, Եսայիին, Հովհաննեսին ու Հիսուսին, նրանց կատարած գործի միջոցով կարող ես ասել, թե ով է Ինքը՝ Աստված, և որ տեսակի մարդիկ են մարգարեներ, ու որոնք՝ առաքյալներ։ Թե ով է օգտագործվում Աստծու կողմից, և ով է Ինքը՝ Աստված, տարբերակվում և որոշվում է նրանց կատարած գործի էությամբ և տեսակով։ Եթե անկարող ես տարբերությունը տեսնել, ապա սա ապացուցում է, որ չգիտես, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն։ Հիսուսն Աստված է, քանզի այդքան շատ խոսքեր ասաց և այդքան շատ գործ արեց՝ մասնավորապես բազմաթիվ հրաշքների ցուցադրումը։ Նմանապես Հովհաննեսը նույնպես շատ գործ արեց ու շատ խոսքեր ասաց, ինչպես և Մովսեսը։ Ինչո՞ւ նրանք Աստված չկոչվեցին։ Ադամն ստեղծվել էր ուղղակիորեն Աստծու կողմից։ Ինչո՞ւ նա Աստված չկոչվեց՝ լոկ արարած կոչվելու փոխարեն։ Եթե ինչ-որ մեկն ասի քեզ․ «Այսօր Աստված այնքան շատ գործ է արել և այնքան շատ խոսքեր է ասել։ Նա Ինքը՝ Աստված է։ Ուրեմն, քանզի Մովսեսն այդքան շատ խոսքեր է ասել, նա նույնպես պետք է Ինքը՝ Աստված լիներ», պետք է հարցնես նրանց ի պատասխան․ «Այդ դեպքում ինչո՞ւ Աստված Հիսուսի մասին վկայեց որպես Իրեն՝ Աստծու, այլ ոչ թե Հովհաննեսի։ Մի՞թե Հովհաննեսը Հիսուսից առաջ չեկավ։ Ո՞րն էր ավելի մեծ՝ Հովհաննեսի՞, թե՞ Հիսուսի գործը։ Մարդուն Հովհաննեսի գործն ավելի մեծ է թվում, քան Հիսուսինը, բայց ինչո՞ւ Սուրբ Հոգին վկայեց Հիսուսի մասին, այլ ոչ թե Հովհաննեսի»։ Նույն բանը տեղի է ունենում այսօր։ Այն ժամանակ, երբ Մովսեսն առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին, Եհովան խոսում էր նրա հետ ամպերի միջից։ Մովսեսն ուղղակիորեն չէր խոսում, այլ փոխարենն ուղղակիորեն ուղղորդվում էր Եհովայի կողմից։ Սա Հին Կտակարանի գործն էր Իսրայելում։ Մովսեսի ներսում չկար Հոգին, ոչ էլ Աստծու էությունը։ Նա չէր կարող անել այդ գործը, և ուստի մեծ տարբերություն կա նրա կատարած գործի ու Հիսուսի կատարած գործի միջև։ Եվ սրա պատճառն այն է, որ նրանց կատարած գործը տարբեր էր։ Արդյոք ինչ-որ մեկը օգտագործվում է Աստծու կողմից, թե մարգարե է, առաքյալ կամ Ինքը՝ Աստված, կարելի է զանազանել նրա գործի բնույթով, ու սա վերջ կդնի կասկածներիդ։ Աստվածաշնչում գրված է, որ միայն Գառը կարող է բացել յոթ կնիքները։ Դարերի ընթացքում այդ մեծ կերպարների մեջ Սուրբ Գրքի շատ մեկնիչներ են եղել, ուստի կարո՞ղ ես ասել, որ նրանք բոլորը Գառն են։ Կարո՞ղ ես ասել, որ նրանց մեկնաբանությունները բոլորն Աստծուց են գալիս։ Նրանք լոկ մեկնաբաններ են։ Նրանք չունեն Գառի ինքնությունը։ Ինչպե՞ս կարող էին նրանք արժանի լինել բացելու յոթ կնիքները։ Ճիշտ է, որ «Միայն Գառը կարող է բացել յոթ կնիքները», բայց Նա չի գալիս միայն յոթ կնիքները բացելու համար։ Այս գործն էական չէ։ Այն արվում է ի միջի այլոց։ Նա կատարելապես հստակ գիտի Իր սեփական գործը։ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ Նա շատ ժամանակ ծախսի Սուրբ Գիրքը մեկնաբանելու վրա։ Արդյո՞ք «Սուրբ Գիրքը մեկնաբանող Գառի դարաշրջանը» պետք է ավելացվի վեցհազարամյա գործին։ Նա գալիս է նոր գործ անելու ու միայն մի փոքր բացահայտում է անցյալ ժամանակների գործը՝ օգնելով մարդկանց հասկանալ վեցհազարամյա գործի ճշմարտությունը։ Կարիք չկա չափազանց շատ հատվածներ բացատրելու Աստվածաշնչից։ Ներկայիս գործն է, որ առանցքային է, որ կարևոր է։ Պետք է իմանաս, որ Աստված չի գալիս հատկապես յոթ կնիքները կոտրելու, այլ գալիս է փրկության գործն անելու համար։
Դու միայն գիտես, որ Հիսուսը պիտի գա վերջին օրերին, բայց կոնկրետ ինչպե՞ս Նա կգա։ Քեզ պես մեղավորը, որ նոր է փրկագնվել և դեռ չի փոխվել կամ կատարելագործվել Աստծուց, կարո՞ղ ես արդյոք Աստծու մտադրություններին համապատասխան լինել։ Ինչ վերաբերում է քեզ, դու դեռևս քո հին անձն ես, ճիշտ է, փրկվել ես Հիսուսի կողմից և Աստծու փրկության շնորհիվ այլևս մեղքից չես, բայց դա չի ապացուցում, որ արդեն առանց մեղքի կամ կեղտի ես։ Ինչպե՞ս կարող ես սրբացվել, եթե փոփոխության չես ենթարկվել։ Ներքուստ դու լի ես կեղտով, եսասիրությամբ ու ստորությամբ ու դեռ ցանկանում ես գալ Հիսուսի հետ։ Բախտդ այդքան չի բերի։ Առ Աստված քո հավատի մեջ մի քայլ բաց ես թողել․ դու պարզապես փրկագնվել ես, բայց փոփոխության չես ենթարկվել։ Որպեսզի Աստծու մտադրություններին համապատասխանես, Աստված անձամբ պետք է գործի՝ քեզ փոխելու և մաքրագործելու համար․ այլապես դու միայն փրկագնված ես և ոչ մի կերպ չես կարող սրբացվել։ Այդ դեպքում դու արժանի չես Աստծու հետ վայելելու հրաշալի օրհնությունները, քանզի մի քայլ հետ ես մնացել Աստծու՝ մարդու տնօրինման գործից, որն էլ հենց մարդու փոփոխության ու կատարելագործման հանգուցային քայլն է։ Ուստի դու, որպես նոր փրկագնված մեղավոր, անկարող ես ուղղակիորեն ստանալ Աստծու ժառանգությունը։
Առանց գործի այս նոր փուլի սկզբի, ո՞վ գիտի, թե որքան հեռու կգնայիք դուք՝ ավետարանիչներդ, քարոզիչներդ, մեկնաբաններդ ու այսպես կոչված մեծ հոգևոր մարդիկ։ Առանց գործի այս նոր փուլի սկզբի, մի՞թե դեռևս չէիք խոսի միայն հնացած, ժամկետանց բաների մասին․ կա՛մ գահ բարձրանալու մասին, կա՛մ թագավոր դառնալու պատրաստվելու, կա՛մ սեփական անձն ուրանալու, կա՛մ սեփական մարմինը ճնշման ենթարկելու, կա՛մ համբերատար լինելու, կա՛մ բոլոր բաներից դասեր քաղելու, կա՛մ խոնարհության, կա՛մ սիրո։ Մի՞թե սա նույն հին երգը երգելը չէ։ Դա պարզապես նույն բանը տարբեր անունով կոչել է։ Կա՛մ մեկի գլուխը ծածկել ու հաց կտրել, կա՛մ ձեռքեր դնել ու աղոթել, և հիվանդներին բժշկել ու դևեր հանել։ Կարո՞ղ էր արդյոք որևէ նոր գործ լինել։ Կարո՞ղ էր արդյոք զարգացման որևէ հեռանկար լինել։ Եթե շարունակես առաջնորդել այս կերպ, քեզ հետևողները խստորեն կհետևեն կանոններին կամ կհետևեն սովորույթին։ Հավատում եք, որ ձեր գործն այդքան վեհ է, բայց մի՞թե չգիտեք, որ դա ամբողջությամբ փոխանցվել և ուսուցանվել է հնագույն ժամանակների այդ «հին մարդկանց» կողմից։ Մի՞թե այն ամենն, ինչ ասում ու անում եք, այդ հին մարդկանց վերջին խոսքերը չեն։ Մի՞թե դա այն չէ, ինչ պատվիրել էին այս հին մարդիկ նախքան իրենց մահանալը։ Կարծում ես, թե ձեր գործողությունները գերազանցո՞ւմ են անցյալ սերունդների առաքյալների ու մարգարեների գործողություններն ու նույնիսկ գերազանցում են բոլոր բաները։ Գործի այս փուլի սկիզբը վերջ է դրել Ուիթնես Լիի՝ թագավոր դառնալու ու գահ բարձրանալու ձգտման գործի հանդեպ ձեր պաշտամունքին և այն կասեցրել է ձեր լկտի ամբարտավանությունը, այնպես որ անկարող եք միջամտել գործի այս փուլին։ Առանց գործի այս փուլի, կսուզվեիք ավելի ու ավելի խորը, մինչև այլևս հնարավոր չլիներ ձեզ փրկել։ Ձեր մեջ չափազանց շատ հին բան կա։ Բարեբախտաբար, այսօրվա գործը ետ է բերել ձեզ, հակառակ դեպքում, ո՞վ գիտի, թե ինչ ուղղություն կվերցնեիք։ Քանզի Աստված մի Աստված է, Ով միշտ նոր է ու երբեք հին չէ, ինչո՞ւ նոր բաներ չես փնտրում։ Ինչո՞ւ ես միշտ կառչում հին բաներից։ Եվ ուստի, Սուրբ Հոգու այսօրվա գործն իմանալը չափազանց կարևոր է։