Գլուխ 9
Քանի որ Իմ տան ժողովրդի մեջ ես և քանի որ նվիրվածություն ես ցուցաբերում Իմ թագավորությունում, քո արած ամեն ինչում պետք է համապատասխանես Իմ պահանջած չափանիշներին։ Ես չեմ պահանջում, որ լոկ թափառող ամպ լինես, այլ որ փայլող ձյուն լինես և ունենաս դրա էությունը և առավել ևս՝ արժեքը։ Պատճառն այն է, որ Ես սուրբ երկրից եմ ելնում և նման չեմ լոտոսին, որը միայն անուն ունի, բայց չունի էություն, քանի որ տիղմից է ելնում, այլ ոչ թե սուրբ երկրից։ Այն ժամանակը, երբ նոր երկինքն իջնում է երկրի վրա, և նոր երկիրը տարածվում է երկնակամարի վրայով, նաև ճշգրտորեն այն ժամանակն է, երբ Ես պաշտոնապես գործում եմ մարդկանց մեջ։ Մարդկության մեջ ո՞վ է ճանաչում Ինձ։ Ո՞վ տեսավ Իմ գալստյան պահը։ Ո՞վ է տեսել, որ Ես ոչ միայն անուն ունեմ, այլև, առավել ևս, էություն։ Ես Իմ ձեռքով քշում-տանում եմ սպիտակ ամպերը և ուշադրությամբ դիտարկում եմ երկնակամարը. տիեզերքում չկա ոչինչ, որ Իմ ձեռքով կարգավորված չլինի, իսկ դրա ներքո չկա մեկը, ով իր չնչին ջանքը չներդնի Իմ մեծ գործի իրագործման համար։ Ես ծանր պահանջներ չեմ դնում երկրի վրա գտնվող մարդկանց առջև, քանի որ ի բնե գործնական Աստված եմ, և քանի որ Ես Ամենակարողն եմ, ով ստեղծել է մարդկանց և լավ գիտի նրանց։ Մարդկության մեջ ո՞վ Ամենակարողի տեսադաշտում չէ, և նույնիսկ եթե նրանք երկրի ծայրերում կամ ծովի անկյուններում են, ինչպե՞ս կարող են խուսափել Իմ Հոգու զննումից։ Թեև մարդիկ «ճանաչում են» Իմ Հոգին, դեռ վիրավորում են Իմ Հոգին։ Իմ խոսքերը մերկացնում են բոլոր մարդկանց տգեղ դեմքերը, ինչպես նաև նրանց մտքերն ու գաղափարները՝ ստիպելով, որ երկրի վրա բոլորը բացահայտվեն Իմ լույսով և ընկնեն Իմ զննման մեջ։ Չնայած ընկնելուն՝ նրանց սրտերը չեն համարձակվում հեռանալ Ինձնից։ Արարածների մեջ ո՞վ Իմ գործերի արդյունքում «սեր» չի զարգացնում Իմ հանդեպ։ Ո՞վ Իմ խոսքերի արդյունքում «փափագի» սիրտ չի զարգացնում։ Ո՞ւմ մեջ կապվածության զգացումներ չեն ծնվում Իմ սիրո արդյունքում։ Միայն Սատանայի ապականության պատճառով է, որ մարդիկ չեն կարողացել հասնել այն վիճակին, որը Ես պահանջում եմ։ Նրանք նույնիսկ «կասկածներ» են դրսևորում Իմ պահանջած ամենացածր չափանիշների վերաբերյալ, էլ չասած այսօրվա՝ այս դարաշրջանի մասին, որտեղ Սատանան մոլեգնում է և խիստ բռնակալական է, կամ այն ժամանակի, երբ Սատանան այնքան է ոտնատակ տվել մարդկանց, որ նրանց մարմիններն ամբողջովին պատված են կեղտով։ Ինչպե՞ս կարող եմ չվշտանալ այն փաստից, որ մարդիկ ընկել են և հաշվի չեն առնում Իմ սիրտը։ Մի՞թե Ես խղճում եմ Սատանային։ Մի՞թե Ես սխալվում եմ Իմ սիրո մեջ։ Երբ մարդիկ ըմբոստանում են Իմ դեմ, Իմ սիրտը գաղտնի լալիս է. երբ նրանք դիմակայում են Ինձ, Ես հանդիմանում եմ նրանց։ Երբ նրանք փրկվում են Իմ կողմից և հարություն առնում մեռելներից, Ես մեծագույն խնամքով սնուցում եմ նրանց. երբ նրանք հնազանդվում են Ինձ, Իմ սիրտը մեծապես հանգստություն է զգում, և Ես անմիջապես մեծ փոփոխություններ եմ զգում երկինքներում ու երկրի վրա և բոլոր բաներում։ Երբ մարդիկ գովաբանում են Ինձ, ինչպե՞ս կարող եմ չվայելել դա։ Երբ նրանք վկայություն են կրում Ինձ համար և ձեռք են բերվում Իմ կողմից, ինչպե՞ս կարող եմ փառք ձեռք չբերել։ Մի՞թե այն ամենը, ինչ մարդիկ անում են, չի կառավարավում Իմ կողմից և չի գալիս Իմ մատակարարումից։ Եթե Ես ցուցումներ չեմ տալիս, մարդիկ պարապ նստում են՝ անելու ոչինչ չունենալով. ավելին՝ «Իմ թիկունքում» նրանցից յուրաքանչյուրը ներգրավվում է այդ «գովելի» կեղտոտ գործարքների մեջ։ Կարծում ես՝ մսեղին, որով Ես հանդերձավորվել եմ, ոչինչ չգիտի՞ քո արարքների, քո պահվածքի և քո խոսքերի մասին։ Շատ տարիներ Ես դիմացել եմ քամուն ու անձրևին և նաև փորձառաբար ապրել եմ մարդկային աշխարհի դառնությունը. սակայն ավելի ուշադիր խորհելիս ոչ մի տառապանք չի կարող մսեղիի մարդկանց մղել կորցնելու հույսը Իմ հանդեպ, առավել ևս ոչ մի քաղցրություն չի կարող ստիպել նրանց սառչել, վհատվել կամ թողնել Ինձ։ Մի՞թե նրանց սերն Իմ հանդեպ իսկապես սահմանափակվում է դառնության և քաղցրության բացակայությամբ։
Այսօր Ես բնակվում եմ մսեղիում և պաշտոնապես սկսել եմ իրականացնել այն գործը, որը պետք է անեմ։ Թեև մարդիկ վախենում են Իմ Հոգու արտահայտումից, նրանք ըմբոստանում են Իմ Հոգու էության դեմ։ Կարիք չկա, որ Ես բացահայտորեն ասեմ, որ մարդկանց համար շատ դժվար է Իմ խոսքերից մսեղիում գտնվող «Ինձ» ճանաչելը։ Ինչպես նախկինում ասել եմ, Ես խիստ չեմ Իմ պահանջներում և չեմ պահանջում, որ դուք հասնեք Իմ մասին լիակատար գիտության (քանի որ մարդիկ թերանում են. սա բնածին իրադրություն է, և ոչ մի ձեռքբերովի իրադրություն չի կարող լրացնել այն)։ Դուք պետք է միայն իմանաք այն ամենը, ինչ անում և ասում եմ Ես մսեղիում։ Քանի որ Իմ պահանջները խիստ չեն, հույս ունեմ՝ բոլորդ կարող եք ճանաչել այս գործերն ու խոսքերը և հասնել դրան։ Դուք պետք է ազատվեք ձեր անմաքրությունից այս կեղտոտ աշխարհում, պետք է ձգտեք առաջընթաց գրանցելու այս հետամնաց «կայսրերի ընտանիքում» և երբեք չպետք է թուլացնեք ձեր ջանքերը։ Անգամ փոքր-ինչ ներողամիտ չպետք է լինեք ինքներդ ձեր հանդեպ։ Դու պետք է մեծ ժամանակ և ջանք նվիրես, որպեսզի ճանաչես այն, ինչ Ես արտահայտում եմ մեկ օրում, և կպահանջվի մի ամբողջ կյանք՝ Իմ ասած նույնիսկ մեկ նախադասությունը փորձառաբար ապրելու և դրանից գիտություն ձեռք բերելու համար։ Խոսքերը, որոնք Ես ասում եմ, աղոտ չեն. դրանք դատարկ խոսակցություն չեն։ Որքա՜ն մարդիկ հույս ունեն ձեռք բերելու Իմ խոսքերը, բայց Ես ուշադրություն չեմ դարձնում նրանց։ Որքա՜ն մարդիկ են ծարավ Իմ պարարտությանը, բայց Ես նրանց նույնիսկ մի փոքր չեմ տալիս։ Որքա՜ն մարդիկ են ցանկանում տեսնել Իմ դեմքը, սակայն Ես միշտ թաքցրել եմ այն։ Որքա՜ն մարդիկ են ուշադիր լսում Իմ ձայնը, բայց Ես փակում եմ աչքերս և հետ եմ տանում գլուխս՝ անտարբեր մնալով նրանց «փափագի» հանդեպ։ Որքա՜ն մարդիկ են վախենում Իմ ձայնի հնչյունից, բայց Իմ խոսքերը միշտ «հարձակողական» են։ Որքա՜ն մարդիկ են սարսափում Իմ դեմքը տեսնելուց, բայց Ես դիտավորյալ կերպով հայտնվում եմ, որպեսզի տապալեմ նրանց։ Մարդիկ երբեք ճշմարտապես չեն տեսել Իմ դեմքը, ոչ էլ երբևէ ճշմարտապես լսել են Իմ ձայնը. դա նրանից է, որ նրանք ճշմարտապես չեն ճանաչում Ինձ։ Նույնիսկ եթե նրանք տապալվեն Իմ կողմից, եթե լքեն Ինձ և հանդիմանվեն Իմ ձեռքով, նրանք դեռ չգիտեն՝ արդյոք իրենց արարքներն ու պահվածքը ճշմարտապես համապատասխանում են Իմ սրտին և դեռ անտեղյակ են, թե հատկապես ում եմ Ես հայտնի դարձնում Իմ սիրտը։ Աշխարհի արարչագործությունից ի վեր ոչ ոք երբեք ճշմարտապես չի ճանաչել Ինձ կամ ճշմարտապես չի տեսել Ինձ, և թեև Ես այսօր մսեղի եմ դարձել, դուք դեռ չեք ճանաչում Ինձ։ Մի՞թե սա փաստ չէ։ Դու երբևէ տեսե՞լ ես մսեղիում Իմ գործերի և բնույթի թեկուզ մի փոքր մասը։
Երկնքում մի վայր կա, որտեղ Ես պառկում եմ. երկնքի ներքո մի վայր կա, որտեղ Ես հանգիստ եմ գտնում։ Ես բնակվելու տեղ ունեմ և ունեմ ժամանակ, երբ ցուցադրում եմ Իմ զորությունները։ Եթե Ես երկրի վրա չլինեի, եթե չթաքցնեի Ինձ մսեղիի ներսում և եթե խոնարհ ու թաքնված չլինեի, մի՞թե երկինքն ու երկիրը վաղուց արդեն փոխված չէին լինի։ Մի՞թե դուք՝ Իմ մարդիկ, վաղուց արդեն «վերցված և օգտագործված» չէիք լինի Իմ կողմից։ Սակայն Իմ գործողություններում իմաստություն կա և թեև մարդկանց նենգությունից լիովին տեղյակ եմ, Ես չեմ հետևում նրանց օրինակին, այլ դրա փոխարեն նրանց ինչ-որ բան եմ տալիս։ Իմ իմաստությունը հոգևոր ոլորտում անսպառ է, բայց Իմ իմաստությունը մսեղիում հավերժական է։ Մի՞թե սա հենց այն պահը չէ, երբ Իմ գործերը հայտնի են դարձվում։ Ես շատ անգամներ ներել և թողություն եմ տվել մարդկանց մեղքերին՝ ընդհուպ մինչև այսօր՝ Թագավորության դարաշրջանում։ Կարո՞ղ էի արդյոք ավելի հետաձգել Իմ ժամանակը։ Թեև փոքր-ինչ ավելի ողորմած եմ եղել «փխրուն» մարդկանց հանդեպ, երբ Իմ գործն ավարտվի, կարո՞ղ եմ արդյոք դեռ խաթարել Իմ սեփական գործը՝ անելով հին գործը։ Ես գիտակցաբար թույլ կտայի՞, որ Սատանան մեղադրի Ինձ։ Ես չեմ պահանջում, որ մարդիկ որևէ բան անեն՝ բացի Իմ խոսքերի փաստացի իրականությունը և դրանց բնօրինակ իմաստն ընդունելուց։ Թեև Իմ խոսքերը պարզ են, ըստ էության՝ դրանք բարդ են, քանի որ դուք չափազանց փոքր եք և չափազանց թմրած։ Երբ մսեղիում Ես ուղղակիորեն բացում եմ Իմ խորհուրդները և հայտնի եմ դարձնում Իմ մտադրությունները, դուք չեք հասկանում. լոկ լսում եք Իմ խոսքերի հնչյունը, բայց չեք ընկալում դրանց իմաստը։ Իմ սիրտը լցված է խոր վշտով։ Թեև Ես մսեղիում եմ, ի վիճակի չեմ անելու մսեղիի սպասավորության գործը։
Ո՞վ է Իմ խոսքերից և գործողություններից ճանաչել Իմ գործերը մսեղիում։ Եթե գրավոր բացահայտում եմ Իմ խորհուրդները կամ բարձրաձայն ասում եմ դրանք, մարդիկ բոլորը պապանձվում են. Նրանք լռությամբ փակում են իրենց աչքերը։ Ինչո՞ւ այն, ինչ Ես ասում եմ, անհասկանալի է մարդկանց համար։ Ինչո՞ւ են Իմ խոսքերն այդքան անըմբռնելի նրանց համար։ Ինչո՞ւ են նրանք այդքան կույր Իմ գործերի հանդեպ։ Ո՞վ է ի վիճակի տեսնելու Ինձ և երբեք չմոռանալու։ Նրանցից ո՞վ է ի վիճակի լսելու Իմ ձայնը և թույլ չտալու, որ այն անցնի իրենց կողքով։ Ո՞վ է ի վիճակի զգալու Իմ մտադրությունները և գոհացնելու Իմ սիրտը։ Ես ապրում և շարժվում եմ մարդկանց մեջ՝ փորձառաբար ապրելու մարդկային կյանքը. թեև Ես զգացի, որ բոլոր բաները լավն էին, երբ դրանք ստեղծեցի մարդկության համար, Ես մարդկանց մեջ կյանքը որպես վայելք չեմ ընդունում, ոչ էլ հաճույք եմ ստանում մարդկային աշխարհի օրհնություններից։ Ես արհամարհանքով չեմ մերժում մարդկանց, բայց կապված էլ չեմ նրանց հետ, քանի որ մարդիկ չեն ճանաչում Ինձ։ Նրանք դժվարանում են տեսնել Իմ դեմքը խավարի մեջ. ողջ աղմուկի մեջ նրանք դժվարությամբ են լսում Իմ ձայնը և անկարող են զանազանել այն, ինչ Ես ասում եմ։ Այսպիսով՝ այն ամենում, ինչ անում եք, արտաքուստ հնազանդվում եք Ինձ, բայց ձեր սրտերում ըմբոստանում եք Իմ դեմ։ Կարելի է ասել, որ հենց այսպիսին է ողջ մարդկության հին բնությունը։ Ո՞վ է բացառություն։ Ո՞վ Իմ հանդիմանության առարկաների մեջ չէ։ Սակայն ո՞վ չի ապրում Իմ հանդուրժողականության ներքո։ Եթե մարդիկ բոլորը ոչնչացվեին Իմ ցասումով, ո՞րը կլիներ երկինքն ու երկիրն Իմ ստեղծելու իմաստը։ Ես ժամանակին շատ մարդկանց եմ նախազգուշացրել, շատ մարդկանց եմ հորդորել և շատ մարդկանց եմ բացահայտորեն դատել. մի՞թե սա շատ ավելի լավ չէ, քան մարդկանց ուղղակիորեն ոչնչացնելը։ Իմ նպատակը մարդկանց մահվան մատնելը չէ, այլ ստիպելը, որ նրանք ճանաչեն Իմ բոլոր գործերն Իմ դատաստանի մեջ։ Երբ բարձրանաք անհատակ անդունդից, այսինքն՝ երբ «խուսափեք» Իմ դատաստանից, ձեր անձնական նկատառումներն ու ծրագրերը բոլորը կանհետանան, և յուրաքանչյուր ոք կվճռի բավարարել Ինձ։ Մի՞թե սրանով Ես հասած չեմ լինի Իմ նպատակին։
1992 թ. մարտի 1