Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին․ Գլուխ 5
Իմ Հոգու արտահայտումն Իմ ամբողջ բնույթի արտահայտությունն է։ Արդյոք սա պա՞րզ է ձեզ համար։ Այս հարցում հստակություն չունենալը համարժեք կլինի Ինձ ուղղակիորեն դիմակայելուն։ Մի՞թե իսկապես տեսել եք դրանում առկա կարևորությունը։ Մի՞թե իսկապես գիտեք, թե որքան ջանք, որքան եռանդ եմ ծախսում ձեզ վրա։ Մի՞թե իսկապես համարձակվում եք Իմ առաջ ի ցույց դնել այն, ինչ արել եք և ինչպես պահել եք ձեզ։ Եվ դուք պետք է լինեք Իմ ժողովուրդն Իմ առաջ․ ամոթ չունեք, առավել ևս՝ առողջ դատողություն։ Վաղ թե ուշ ձեզ նման մարդիկ դո՛ւրս կթողնվեն Իմ տնից։ Մի՛ փորձիր ի ցույց դնել քո ավագությունը՝ ենթադրելով, թե հաստատուն ես կանգնել Ինձ համար քո վկայության մեջ։ Մի՞թե սա մի բան է, որ մարդկությունն ի վիճակի է անելու։ Եթե քո մտադրություններից ու նպատակներից ոչինչ չմնար, վաղուց արդեն այլ ուղի բռնած կլինեիր։ Կարծում ես՝ Ես չգիտե՞մ, թե որքան բան կարող է տեղավորել մարդու սիրտը։ Այսուհետ ամեն ինչում պետք է մտնես կիրարկման իրականության մեջ․ պարզապես լեզվին տալը, ինչպես արել ես անցյալում, այլևս չի օգնի քեզ։ Նախկինում մարդկանց մեծ մասը ձրիակերություն էր անում Իմ հարկի տակ. այն փաստը, որ նրանք այսօր ի վիճակի են հաստատուն կանգնելու, ամբողջովին Իմ խոսքերի խստության շնորհիվ է։ Կարծում ես՝ Ես խոսում եմ պատահական և առանց նպատակի՞։ Անհնա՛ր է։ Ես բարձունքից նայում եմ բոլոր բաներին և բարձունքից իշխում բոլոր բաների նկատմամբ։ Նույն կերպ իրականացրել եմ Իմ փրկությունը երկրի վրա։ Երբեք չի լինում մի պահ, որ Իմ գաղտնարանից չհետևեմ մարդկանց յուրաքանչյուր շարժմանը և այն ամենին, ինչ նրանք ասում ու անում են։ Մարդիկ Ինձ համար բաց գրքեր են․ Ես տեսնում և ճանաչում եմ նրանց բոլորին՝ առանց բացառության։ Գաղտնարանն Իմ բնակավայրն է, իսկ ողջ երկնակամարն այնտեղ է, որտեղ Ես գտնվում եմ։ Սատանայի ուժերը չեն կարող հասնել Ինձ, քանզի Ես լի եմ մեծափառությամբ, արդարությամբ և դատաստանով։ Անասելի խորհուրդ կա Իմ խոսքերում։ Երբ ասում եմ այս խոսքերը, դառնում եք հենց նոր ջուրը նետված հավերի պես՝ համակված շփոթությամբ, կամ մանուկների պես, որ քիչ առաջ են վախեցել, կարծես ոչինչ չգիտեն, որովհետև ձեր հոգին թմրել է։ Ինչո՞ւ եմ ասում, որ գաղտնարանն Իմ բնակավայրն է։ Գիտե՞ս արդյոք Իմ խոսքերի ավելի խոր իմաստը։ Մարդկանցից ովքե՞ր են ի վիճակի ճանաչելու Ինձ։ Ովքե՞ր են ի վիճակի ճանաչելու Ինձ այնպես, ինչպես ճանաչում են սեփական հորն ու մորը։ Իմ բնակավայրում հանգիստ առնելով՝ Ես ուշադիր դիտարկում եմ. Երկրի վրայի բոլոր մարդիկ եռանդուն վազվզում են, «շրջում աշխարհով մեկ» և շտապում հետ ու առաջ՝ բոլորը հանուն իրենց ճակատագրի ու ապագայի։ Սակայն ոչ մեկն իր ավելցուկային եռանդը չի նվիրում Իմ թագավորության կառուցմանը, անգամ այնքան ջանք, որքան պահանջվում է շունչ քաշելու համար։ Ես արարեցի մարդկանց և բազմիցս փրկել եմ նրանց նեղությունից, սակայն այս մարդիկ բոլորն ապերախտներ են. նրանցից ոչ մեկն ի վիճակի չէ ամբողջությամբ թվարկելու Իմ փրկարար շնորհը։ Այնքան տարիներ են անցել, այնքան դարեր՝ աշխարհի արարչագործությունից մինչև մեր օրերը․ Ես այնքան նշաններ ու հրաշքներ եմ գործել և Իմ իմաստության այնքան մեծ մասն եմ դրսևորել։ Այնուամենայնիվ, մարդիկ բթամիտ են ու թմրած՝ հոգեկան հիվանդների պես, և երբեմն անգամ նման են անտառում անկառավարելիորեն շարժվող վայրի գազանների՝ առանց Իմ գործերին ուշադրություն դարձնելու նվազագույն մտադրության։ Բազմիցս Ես մահապատժի վճիռ եմ կայացրել մարդկանց համար և դատապարտել նրանց մահվան, բայց Իմ տնօրինման ծրագիրը ոչ ոք չի կարող փոխել։ Եվ հետևաբար Իմ ձեռքերում մարդիկ շարունակում են բացահայտել այն հին բաները, որոնցից նրանք կառչում են։ Իմ գործի քայլերի պատճառով Ես ևս մեկ անգամ փրկել եմ ձեզ՝ էակներիդ, որոնք ծնվել են այլասերված, անբարո, կեղտոտ ու պիղծ մի մեծ ընտանիքում։
Իմ ծրագիրն ու Իմ գործը շարունակում են առաջ ընթանալ՝ առանց րոպե անգամ դադարելու։ Մտնելով Թագավորության դարաշրջան և տանելով ձեզ Իմ թագավորություն՝ որպես Իմ ժողովուրդ՝ Ես այլ պահանջներ կունենամ ձեզնից. այսինքն՝ Ես կսկսեմ հռչակել ձեզ համար Իմ սահմանադրությունն այս ժամանակների համար։
Քանի որ դուք կոչվում եք Իմ ժողովուրդը, պետք է կարողանաք փառավորել Իմ անունը, այսինքն՝ փորձությունների ժամանակ հաստատուն կանգնել վկայության մեջ։ Եթե որևէ մեկը փորձի խաբել Ինձ և բաներ թաքցնել Ինձնից կամ Իմ մեջքի հետևում անվայելուչ գործարքներով զբաղվել, այդպիսի մարդիկ անխտիր կվտարվեն և կհեռացվեն Իմ տնից՝ սպասելու, որ Ես լուծեմ նրանց հարցը։ Նրանք, ովքեր նախկինում անհավատարիմ են եղել Ինձ և զավակին անհարիր պահվածքով, և ովքեր այժմ ոտքի են կանգնում՝ բացահայտորեն դատելու Ինձ, նույնպես կվտարվեն Իմ տնից։ Նրանք, ովքեր Իմ մարդիկ են, պետք է մշտապես հաշվի առնեն Իմ հոգսերը, ինչպես նաև ձգտեն ճանաչել Իմ խոսքերը։ Միայն այսպիսի մարդկանց Ես լուսավորություն կբերեմ, և նրանք անշուշտ կապրեն Իմ ուղղորդման ու լուսավորության ներքո՝ երբեք չբախվելով հանդիմանության։ Նրանք, ովքեր հաշվի չեն առնում Իմ հոգսերը և փոխարենը կենտրոնանում են իրենց սեփական ապագան ծրագրելու վրա, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց գործողություններով նպատակ չունեն բավարարելու Իմ սիրտը, այլ ավելի շուտ ողորմություն են փնտրում․ այս մուրացկանանման արարածներին Ես բացարձակապես հրաժարվում եմ օգտագործել, որովհետև ծնված օրվանից նրանք ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է նշանակում հաշվի առնել Իմ հոգսերը, և բնականոն ողջամտությունից զուրկ մարդիկ են։ Այդպիսի մարդիկ տառապում են ուղեղի «թերսնուցումից» և պետք է տուն գնան որոշակի «սնուցում» ստանալու համար։ Ես նման մարդկանց կարիքը չունեմ։ Իմ ժողովրդի մեջ յուրաքանչյուրից կպահանջվի Ինձ ճանաչելը համարել որպես պարտադիր պարտավորություն, որը պետք է կատարել մինչև վերջ, ինչպես ուտելը, հագնվելը և քնելը, մի բան, որի մասին մարդ երբեք չի մոռանում ոչ մի ակնթարթ, այնպես որ ի վերջո Ինձ ճանաչելը կդառնա նույնքան սովորական, որքան ուտելը՝ մի բան, որն արվում է առանց ջանք գործադրելու, հմուտ ձեռքով։ Ինչ վերաբերում է Իմ ասած խոսքերին, պետք է հաստատապես հավատալ ամեն մեկին և լիովին յուրացնել դրանք․ չեն կարող լինել ձևական կիսամիջոցներ։ Ցանկացած ոք, ով ուշադրություն չի դարձնում Իմ խոսքերին, կհամարվի Ինձ ուղղակիորեն դիմակայող․ ցանկացած ոք, ով չի ուտում Իմ խոսքերը կամ չի ձգտում ճանաչել դրանք, կհամարվի Ինձ վրա ուշադրություն չդարձնող և ուղղակիորեն կհեռացվի Իմ տնից։ Սրա պատճառն այն է, որ, ինչպես ասել եմ նախկինում, Իմ ուզածը ոչ թե մեծ թվով մարդիկ են, այլ՝ գերազանցություն։ Եթե հարյուր մարդուց միայն մեկն է ի վիճակի ճանաչելու Ինձ Իմ խոսքերի միջոցով, ապա Ես կնախընտրեի դուրս թողնել բոլոր մյուսներին՝ կենտրոնանալու այս միակին լուսավորություն բերելու և լուսավորելու վրա։ Սրանից կարող եք տեսնել, որ պարտադիր չէ՝ միայն բազմություններ կարողանան դրսևորել Ինձ և կյանքով արտահայտել Ինձ։ Իմ ուզածը ցորեն է (նույնիսկ եթե հատիկները լիքը չլինեն), և ոչ թե որոմ (նույնիսկ երբ հատիկները բավականաչափ լիքն են՝ հիացմունք առաջացնելու համար)։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում իրենց ձգտմանը, այլ փոխարենն իրենց պահում են անփույթ կերպով, նրանք պետք է հեռանան իրենց սեփական կամքով․ Ես այլևս չեմ ցանկանում տեսնել նրանց, որպեսզի չշարունակեն անպատվություն բերել Իմ անվանը։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ եմ պահանջում Իմ ժողովրդից, Ես առայժմ կկանգնեմ այս կանոնների վրա և կսպասեմ հետագա պատժամիջոցներ կիրառելուն՝ կախված հանգամանքների փոփոխության կերպից։
Անցյալում մարդկանց ճնշող մեծամասնությունը կարծում էր, թե Ես իմաստության Աստված Ինքն էի, թե Ես էի հենց այն Աստված, որ դիտարկում էր մարդկանց սրտի խորքերը. սակայն սա լոկ մակերեսային խոսակցություն էր։ Եթե մարդիկ իսկապես ճանաչեին Ինձ, չէին հանդգնի հապճեպ եզրակացություններ անել, այլ փոխարենը կշարունակեին փորձել ճանաչել Ինձ Իմ խոսքերի միջոցով։ Միայն այն ժամանակ, երբ նրանք հասած լինեին մի փուլի, որտեղ իսկապես կտեսնեին Իմ գործերը, արժանի կլինեին Ինձ Իմաստուն կամ Հրաշալի կոչելու։ Իմ մասին ձեր գիտությունը չափազանց մակերեսային է։ Դարերի ընթացքում այնքան շատ մարդիկ են ծառայել Ինձ բազում տարիներ և տեսել Իմ գործերը՝ իսկապես բավականաչափ գիտություն ձեռք բերելով Իմ մասին։ Այս պատճառով նրանք միշտ Ինձ հնազանդվող սիրտ են ունեցել և չեն համարձակվել Ինձ դիմակայելու նվազագույն մտադրություն անգամ տածել, քանի որ Իմ հետքերը փնտրելն այնքան դժվար է։ Եթե Իմ ուղղորդումը բացակայեր այս մարդկանց մեջ, նրանք չէին համարձակվի անխոհեմաբար գործել։ Հետևաբար, երկար տարիների փորձառություն ապրելուց հետո նրանք ի վերջո ընդհանրացրին Իմ մասին գիտության մի մասը՝ կոչելով Ինձ Իմաստուն, Հրաշալի և Խորհրդական, ասելով, որ Իմ խոսքերը նման են երկսայր սրի, որ Իմ գործերը մեծ, ապշեցուցիչ և հրաշալի են, որ մեծափառություն է հագիս, որ Իմ իմաստությունը հասնում է երկնակամարից էլ վեր, և այլ ներըմբռնումներ։ Այսօր, սակայն, Իմ մասին ձեր գիտությունը հիմնված է լոկ նրանց դրած հիմքի վրա, ուստի ձեր ճնշող մեծամասնությունը՝ թութակների պես, պարզապես կրկնում է այն խոսքերը, որ նրանք են ասել։ Միայն այն պատճառով, որ Ես հաշվի եմ առնում, թե որքան մակերեսային է Ինձ ճանաչելու ձեր կերպը, և որքան խղճուկ է ձեր «կրթությունը», խնայել եմ ձեզ այդքան շատ հանդիմանությունից։ Նույնիսկ այդ դեպքում ձեր ճնշող մեծամասնությունը դեռ չի ճանաչում ինքն իրեն կամ կարծում է՝ իր գործերով արդեն համապատասխանել է Իմ մտադրություններին և այդ պատճառով խուսափել է դատաստանից, կամ որ մսեղի դառնալուց հետո Ես լիովին կորցրել եմ մարդկության արարքների հետքը, և որ այդ պատճառով նույնպես խուսափել եք հանդիմանությունից, կամ որ այն «Աստված», որին հավատում եք, գոյություն չունի տիեզերքի լայնարձակ տարածություններում, և ուստի Աստծուն ճանաչելուն վերաբերվել եք որպես ձեր ազատ ժամանակ արվող միապաղաղ գործի, այլ ոչ թե մի բանի, որը պետք է պահել ձեր սրտերում որպես պարտավորություն, որը պետք է կատարվի՝ օգտագործելով Աստծու հանդեպ հավատը որպես ժամանակն անցկացնելու միջոց, որն այլապես կվատնվեր պարապության մեջ։ Եթե Ես հաշվի չառնեի ձեր որակավորումների, ողջամտության և խորաթափանցության պակասը, ապա բոլորդ կկորչեիք Իմ հանդիմանության մեջ՝ ջնջվելով գոյությունից։ Այնուամենայնիվ, մինչև երկրի վրա Իմ գործի ավարտը, Ես ներողամիտ կմնամ մարդկության հանդեպ։ Սա մի բան է, որի մասին բոլորդ պետք է գիտելիք ունենաք․ մի՛ շարունակեք չգնահատել ձեր հանդեպ ցուցաբերված բարությունը։
1992 թ. փետրվարի 25