Հավելված 2։ Աստված իշխանություն ունի ողջ մարդկության ճակատագրի նկատմամբ
Որպես մարդկային ցեղի անդամներ և բարեպաշտ քրիստոնյաներ՝ մեր բոլորիս պարտքն ու պատասխանատվությունն է ընծայել մեր միտքն ու մարմինն Աստծու հանձնարարության կատարմանը, քանի որ մեր ամբողջ էությունն Աստծուց է և այն գոյություն ունի Աստծու գերիշխանության շնորհիվ։ Եթե մեր միտքն ու մարմինը նվիրված չլինեն Աստծու հանձնարարությանը և մարդկության արդար գործին, ապա մեր հոգիները կամաչեն նրանց առջև, ովքեր նահատակվել են հանուն Աստծու հանձնարարության, և առավել ևս կամաչեն Աստծու առջև, որ ապահովել է մեզ ամեն ինչով։
Աստված ստեղծեց այս աշխարհը, Նա ստեղծեց այս մարդկությունը և, ավելին, Նա էր հին հունական մշակույթի ու մարդկային քաղաքակրթության ճարտարապետը։ Միայն Աստված է մխիթարում այս մարդկությանը, և միայն Աստված է զօրուգիշեր հսկում այս մարդկությանը։ Մարդկային զարգացումն ու առաջընթացն անբաժան են Աստծու գերիշխանությունից, իսկ մարդկության պատմությունն ու ապագան չեն կարող խուսափել Աստծու ձեռքով արված կարգավորումներից։ Եթե ճշմարիտ քրիստոնյա ես, ապա անկասկած կհավատաս, որ յուրաքանչյուր երկրի կամ ազգի վերելքն ու անկումն Աստծու կարգավորումների ներքո են։ Միայն Աստված գիտի յուրաքանչյուր երկրի կամ ազգի ճակատագիրը, և միայն Աստված է վերահսկում այս մարդկության ընթացքը։ Եթե մարդկությունը ցանկանում է ունենալ լավ ճակատագիր, եթե որևէ երկիր ցանկանում է ունենալ լավ ճակատագիր, ապա բոլորը պետք է խոնարհվեն Աստծու առաջ, պաշտեն Նրան և գան Աստծու առաջ՝ զղջալու և իրենց մեղքերը խոստովանելու Նրան, այլապես մարդու ճակատագիրն ու նշանակության վայրը անխուսափելի արհավիրք կլինի։
Հետահայաց նայիր այն ժամանակներին, երբ Նոյը կառուցում էր տապանը։ Մարդկությունը խորապես ապականված էր և հեռացել էր Աստծու օրհնություններից, այլևս չէր գտնվում Նրա հովանու ներքո և զրկվել էր Աստծու խոստումներից։ Մարդիկ ապրում էին խավարի մեջ՝ առանց Աստծու լույսի։ Ապա նրանք բնույթով սանձարձակ դարձան ու այլանդակության աստիճանի անառակացան։ Նման մարդիկ այլևս չէին կարող ստանալ Աստծու խոստումը. նրանք արժանի չէին տեսնելու Աստծու երեսը կամ լսելու Աստծու ձայնը, քանզի լքել էին Աստծուն, մի կողմ էին նետել Նրա շնորհած ամեն ինչը և մոռացել էին Աստծու ուսուցման խոսքերը։ Նրանց սրտերն ավելի ու ավելի էին հեռացել Աստծուց, և արդյունքում՝ նրանք փչացել էին այն աստիճանի, որ կորցրել էին իրենց ողջամտությունն ու մարդկայնությունը և դարձել ավելի ու ավելի չար։ Ապա նրանք քայլել էին դեպի մահ և ընկել Աստծու ցասման ու պատժի տակ։ Միայն Նոյն էր պաշտում Աստծուն և խուսափում չարից, ուստի նա կարողացավ լսել Աստծու ձայնը և լսել Նրա հրահանգները։ Նա կառուցեց տապանն Աստծու խոսքի հրահանգների համաձայն և այնտեղ հավաքեց բոլոր տեսակի կենդանի արարածներին։ Այս կերպ, երբ ամեն ինչ պատրաստ էր, Աստված սկսեց աշխարհը կործանելու Իր գործը։ Միայն Նոյը և նրա ընտանիքի մյուս յոթ անդամը փրկվեցին կործանումից, քանզի Նոյը պաշտում էր Եհովային և խուսափում չարից։
Այժմ նայիր ներկա դարաշրջանին. Նոյի նման արդար մարդիկ, որոնք կարող էին երկրպագել Աստծուն և խուսափել չարից, այլևս գոյություն չունեն։ Սակայն Աստված, միևնույն է, գթասիրտ է այս մարդկության հանդեպ և, միևնույն է, ներողամտություն է ցուցաբերում այս վերջին դարաշրջանի մարդկության նկատմամբ։ Աստված փնտրում է նրանց, ովքեր տենչում են Նրա հայտնվելը, ովքեր ուշադիր են լինում Նրա խոսքերին, ովքեր չեն մոռանում Նրա հանձնարարությունը և իրենց սրտերն ու մարմիններն ընծայում են Նրան, և նրանց, ովքեր Նրա առաջ մանկան պես հնազանդվող են և ընդդիմացող չեն։ Եթե նվիրվես Աստծուն՝ առանց որևէ ուժի խոչընդոտի, ապա Աստված բարեհաճությամբ կվերաբերվի քեզ և կշնորհի Իր օրհնությունները։ Եթե ունես բարձր կարգավիճակ, մեծ համբավ, հարուստ գիտելիքներ, մեծ ունեցվածք և շատ մարդկանց աջակցությունը, սակայն մնում ես անխռով այս բաներից և, այնուամենայնիվ, գալիս ես Աստծու առաջ՝ ընդունելու Նրա կանչն ու հանձնարարությունը և անելու այն, ինչ Աստված պահանջում է քեզանից, ապա այն ամենը, ինչ անում ես, կլինի երկրի վրա ամենաիմաստալից գործը և մարդկության ամենաարդարադատ ձեռնարկումը։ Եթե մերժես Աստծու կանչը՝ հանուն կարգավիճակի կամ քո սեփական նպատակների, քո արած ամեն ինչը կանիծվի և, առավել ևս, զզվելի կլինի Աստծու համար։ Գուցե նախագահ ես, գիտնական, պաստոր կամ երեց, բայց որքան էլ բարձր լինի պաշտոնդ, եթե քո կարողությունն ու գիտելիքն օգտագործես սեփական ձեռնարկումդ իրականացնելու համար, ապա միշտ ձախողված կլինես և միշտ կզրկվես Աստծու օրհնություններից, որովհետև Աստված քո արածներից ոչինչ չի ընդունի, և Նա չի ճանաչի, որ քո ձեռնարկումն արդարադատ է կամ չի ընդունի, որ աշխատում ես հանուն մարդկության բարօրության։ Նա կասի, որ քո արած ամեն ինչը մարդկային գիտելիքի ու ուժի օգտագործումն է՝ փորձելով մարդուց վանել Աստծու պաշտպանությունը, և որ դա Աստծու օրհնությունների ժխտում է։ Նա կասի, որ մարդկությանն առաջնորդում ես դեպի խավարը, դեպի մահը և դեպի անսահման մի գոյության սկիզբը, որտեղ մարդն առանց Աստծու է և կորցրել է Նրա օրհնությունները։
Հասարակական գիտությունների ի հայտ գալուց ի վեր մարդու սիրտը զբաղված է դարձել գիտությամբ ու ճանաչողությամբ։ Ապա գիտությունն ու գիտելիքը դարձել են մարդկությանը կառավարելու գործիքներ՝ մարդու մեջ բավարար տեղ չթողնելով՝ Աստծուն երկրպագելու համար, և զրկելով Աստծուն երկրպագելու նպաստավոր պայմաններից։ Մարդու սրտում Աստծու դիրքն ավելի ու ավելի է իջել։ Առանց Աստծու համար իր սրտում տեղ ունենալու՝ մարդու ներաշխարհը խավար, անհույս և դատարկ է։ Ավելի ուշ բազմաթիվ հասարակագետներ, պատմաբաններ և քաղաքական գործիչներ ասպարեզ են իջել՝ արտահայտելու հասարակական գիտությունների տեսություններ, մարդու էվոլյուցիայի տեսությունը և այլ տեսություններ, որոնք հակասում են ճշմարտությանը, որ Աստված է ստեղծել մարդուն՝ մարդկության սրտերն ու մտքերը դրանցով լցնելու համար։ Եվ այս կերպ, նրանք, ովքեր հավատում են, որ Աստված է ստեղծել ամեն ինչ, է՛լ ավելի են պակասել, իսկ նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիայի տեսությանը, է՛լ ավելի են շատացել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ Հին Կտակարանի դարաշրջանում Աստծու գործի և Նրա խոսքերի մասին գրառումներին վերաբերվում են որպես առասպելների ու լեգենդների։ Իրենց սրտերում մարդիկ անտարբեր են դառնում Աստծու արժանապատվության ու մեծության նկատմամբ և նրանք անտարբեր են դառնում Աստծու գոյության և այն սկզբունքի հանդեպ, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների վրա։ Մարդկության գոյատևումն ու երկրների և ազգերի ճակատագիրն այլևս կարևոր չեն նրանց համար, և մարդն ապրում է դատարկ աշխարհում՝ մտահոգված միայն ուտելով, խմելով և հաճույքներ հետապնդելով։ … Քչերն են սեփական նախաձեռնությամբ սկսում փնտրել, թե որտեղ է Աստված այսօր կատարում Իր գործը կամ որոնել, թե ինչպես է Նա գերիշխանություն ունենում մարդու նշանակության վայրի վրա և կարգավորում այն։ Այս կերպ, մարդու համար աննկատ, մարդկային քաղաքակրթությունը գնալով ավելի քիչ է կարողանում համապատասխանել մարդու ցանկություններին, և նույնիսկ կան շատ մարդիկ, որոնք կարծում են, թե նման աշխարհում ապրելով՝ պակաս երջանիկ են, քան նրանք, ովքեր արդեն հեռացել են այս կյանքից։ Նույնիսկ նախկինում բարձր քաղաքակրթություն ունեցող երկրների մարդիկ են նման դժգոհություններ արտահայտում։ Քանի որ առանց Աստծու ուղղորդման՝ նույնիսկ եթե իշխանավորներն ու հասարակագետները ջանք չխնայեն մարդկային քաղաքակրթությունը պահպանելու համար, դա ապարդյուն կլինի։ Ոչ մի մարդ չի կարող լրացնել մարդու սրտի դատարկությունը, քանի որ ոչ մի մարդ չի կարող լինել մարդու կյանքը, և ոչ մի հասարակական տեսություն չի կարող ազատել մարդուն դատարկության նեղություններից։ Գիտությունը, գիտելիքը, ազատությունը, ժողովրդավարությունը, հաճույքն ու հարմարավետությունը մարդուն միայն ժամանակավոր մխիթարություն են բերում։ Նույնիսկ ունենալով այս ամենը՝ մարդը, միևնույն է, անխուսափելիորեն մեղանչում և բողոքում է հասարակության անարդարությունից։ Այս բաներն ունենալը չի կարող խոչընդոտել ուսումնասիրելու հանդեպ մարդու փափագն ու ցանկությունը։ Դա այն պատճառով է, որ մարդը ստեղծվել է Աստծու կողմից, և նրա անիմաստ զոհողություններն ու որոնումները կարող են միայն ավելի ու ավելի մեծ վիշտ բերել նրան և ստիպել մարդուն լինել մշտական անհանգստության վիճակում՝ չիմանալով, թե ինչպես դիմակայել մարդկության ապագային կամ ինչպես դիմակայել առջևում ընկած ուղուն, այն աստիճանի, որ մարդը նույնիսկ սկսում է վախենալ գիտությունից ու գիտելիքից և առավել ևս վախենալ դատարկության զգացումից։ Այս աշխարհում, անկախ նրանից՝ ապրում ես ազատ, թե առանց մարդու իրավունքների երկրում, լիովին անկարող ես խուսափել մարդկության ճակատագրից։ Անկախ նրանից՝ իշխող ես, թե ենթակա, բացարձակապես անկարող ես խուսափել մարդկության ճակատագիրը, առեղծվածներն ու նշանակության վայրն ուսումնասիրելու ցանկությունից, առավել ևս անկարող ես խուսափել դատարկության անբացատրելի զգացումից։ Նման երևույթները, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար, հասարակագետները կոչում են սոցիալական երևույթներ, սակայն ոչ մի մեծ մարդ չի կարող դուրս գալ՝ լուծելու նման խնդիրները։ Մարդը, ի վերջո, մարդ է, և Աստծու կարգավիճակն ու կյանքը չեն կարող փոխարինվել որևէ մարդու կողմից։ Այն, ինչ մարդկությանն անհրաժեշտ է, պարզապես արդար հասարակություն չէ, որտեղ բոլորը կուշտ են, հավասար և ազատ. այն, ինչ մարդկությանն անհրաժեշտ է, Աստծու կողմից փրկությունն է և Նրա կողմից մարդուն կյանքի ապահովումը։ Միայն երբ մարդն ստանա Աստծու կողմից կյանքի ապահովումը և Նրա փրկությունը, նրա կարիքները, ուսումնասիրելու նրա ցանկությունը և նրա սրտի դատարկությունը կարող են լուծվել։ Եթե որևէ երկրի ժողովուրդը կամ ազգն ի վիճակի չէ ստանալու Աստծու փրկությունն ու հսկողությունը, ապա նման երկիրը կամ ազգը կշարժվի դեպի անկում, դեպի խավար, և արդյունքում այն կբնաջնջվի Աստծու կողմից։
Գուցե քո երկիրը ներկայում բարգավաճում է, բայց եթե թույլ տաս, որ քո ժողովուրդը շեղվի Աստծուց, ապա քո երկիրը գնալով կզրկվի Աստծու օրհնություններից, նրա քաղաքակրթությունն ավելի ու ավելի կոտնահարվի մարդկանց կողմից, և շուտով նրա ժողովուրդը ոտքի կկանգնի Աստծու դեմ և կանիծի Երկինքը։ Այսպիսով՝ մի երկրի ճակատագիրն աննկատ կերպով կկործանվի։ Աստված ոտքի կհանի հզոր երկրների՝ հակադրվելու Աստծու կողմից անիծված այդ երկրներին, և նույնիսկ կարող է ջնջել դրանք երկրի երեսից։ Երկրի կամ ազգի բարգավաճման կամ կործանման բանալին այն է, թե արդյոք նրա ղեկավարները պաշտում են Աստծուն, և արդյոք նրանք առաջնորդում են իրենց ժողովրդին՝ մոտ գալու Աստծուն և երկրպագելու Նրան։ Բայց այս վերջին դարաշրջանում, քանի որ Աստծուն անկեղծորեն փնտրողներն ու երկրպագողները գնալով պակասում են, Աստված հատուկ բարեհաճություն է շնորհում այն երկրներին, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն է։ Նա համախմբում է այդ երկրները՝ կազմելով աշխարհի համեմատաբար արդարադատ ճամբարը, մինչդեռ աթեիստ երկրները և այն երկրները, որոնք չեն պաշտում ճշմարիտ Աստծուն, դառնում են արդարադատ ճամբարի հակառակորդները։ Այս կերպ՝ Աստված ոչ միայն տեղ ունի մարդկության մեջ, որտեղ Նա կարող է կատարել Իր գործը, այլև միևնույն ժամանակ, Նա ձեռք է բերում երկրներ, որոնք արդարադատ իշխանություն են գործադրում՝ թույլ տալով պատժամիջոցներ և սահմանափակումներ կիրառել Իրեն դիմակայող երկրների նկատմամբ։ Չնայած դրան՝ Աստված դեռևս ի վիճակի չէ ձեռք բերելու ավելի շատ մարդկանց, որոնք կպաշտեն Իրեն, որովհետև մարդը չափազանց շատ է հեռացել Նրանից և չափազանց երկար ժամանակ մոռացել է Աստծուն, և այս երկրագնդի վրա կան լոկ երկրներ, որոնք արդարադատություն են գործադրում և դիմադրում անարդարադատությանը։ Բայց դա հեռու է Աստծու ցանկություններին հասնելուց, քանի որ որևէ երկրի ղեկավար թույլ չի տա, որ Աստված իշխի իր ժողովրդին, և ոչ մի երկրի քաղաքական կուսակցություն չի համախմբի իր ժողովրդին՝ Աստծուն մեծարելու համար. Աստված կորցրել է Իր օրինական տեղը յուրաքանչյուր երկրի, ազգի, իշխող կուսակցության և նույնիսկ յուրաքանչյուր մարդու սրտում։ Թեպետ այս աշխարհում գոյություն ունեն որոշ արդարադատ ուժեր, ցանկացած իշխանություն, որտեղ Աստված տեղ չունի մարդու սրտում, շատ փխրուն է, և քաղաքական ասպարեզը, որը զուրկ է Աստծու օրհնությունից, խառնաշփոթի մեջ է և անկարող է դիմանալ անգամ մեկ հարվածի։ Մարդկության համար Աստծու օրհնությունից զուրկ լինելը հավասարազոր է առանց արևի լինելուն։ Անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար են ղեկավարներն աջակցություն ցուցաբերում իրենց ժողովրդին, քանի արդարադատ համաժողով է մարդկությունն անցկացնում միասին, այդ ամենից ոչ մեկը չի շրջի հոսանքը կամ չի փոխի մարդկության ճակատագիրը։ Մարդը կարծում է, որ այն երկիրը, որտեղ մարդիկ կուշտ են և հագնված, խաղաղ ապրում են միասին, լավ երկիր է և ունի լավ ղեկավարություն։ Բայց Աստված այդպես չի կարծում։ Նա կարծում է, որ երկիրը, որտեղ ոչ ոք չի պաշտում Իրեն, այն երկիրն է, որն Ինքը պետք է բնաջնջի։ Մարդու մտքերը միշտ մեծապես տարբերվում են Աստծու մտքերից։ Ուստի, եթե երկրի ղեկավարը չի պաշտում Աստծուն, ապա այդ երկրի ճակատագիրը կլինի շատ ողբերգական, և այդ երկիրը չի ունենա նշանակության վայր։
Աստված չի մասնակցում մարդու քաղաքականությանը, սակայն վերահսկում է յուրաքանչյուր երկրի և ազգի ճակատագիրը, Նա վերահսկում է այս աշխարհն ու ողջ տիեզերքը։ Մարդկության ճակատագիրն ու Աստծու ծրագիրը սերտորեն կապված են, և ոչ մի մարդ, երկիր կամ ազգ չի կարող խուսափել Աստծու գերիշխանությունից։ Եթե մարդը ցանկանում է իմանալ իր ճակատագիրը, ապա պետք է գա Աստծու առաջ։ Աստված բարգավաճում կպարգևի նրանց, ովքեր հետևում և պաշտում են Իրեն, և անկում ու կործանում կբերի նրանց, ովքեր դիմակայում և մերժում են Իրեն։
Վերհիշիր Աստվածաշնչի այն դրվագը, երբ Աստված կործանման բերեց Սոդոմին, և մտածիր նաև այն մասին, թե ինչպես Ղովտի կինն աղե արձան դարձավ։ Հետ նայիր, թե ինչպես Նինվեի մարդիկ ապաշխարեցին և խոստովանեցին իրենց մեղքերը՝ քուրձ ու մոխրով։ Հիշիր, թե ինչ վախճանի արժանացան հրեաները 2000 տարի առաջ Հիսուսին խաչելուց հետո. նրանք վտարվեցին Իսրայելից և փախան աշխարհի տարբեր երկրներ, շատերը սպանվեցին, և ողջ հրեա ազգը ապրեց իր երկրի կործանման աննախադեպ ցավը։ Նրանք խաչել էին Աստծուն՝ գործելով զարհուրելի մեղք, և բորբոքել Աստծու բնույթը։ Նրանք պետք է վճարեին իրենց արածի համար և պետք է կրեին իրենց արարքների բոլոր հետևանքները։ Նրանք դատապարտեցին Աստծուն, մերժեցին Աստծուն, և ուստի ունեին միայն մեկ ճակատագիր՝ պատժվել Աստծուց։ Սա էր այն դառը հետևանքն ու աղետը, որ նրանց ղեկավարները բերեցին իրենց երկրին և ազգին։
Այսօր Աստված վերադարձել է մարդկանց մեջ՝ կատարելու Իր գործը, և Իր գործի առաջին կանգառը բռնապետությունների մարմնացում Չինաստանն է՝ աթեիզմի ամուր հենարանը։ Աստված Իր իմաստությամբ և զորությամբ ձեռք է բերել մի խումբ մարդկանց ։ Այս ընթացքում Նա ամեն կերպ հալածվել է Չինաստանի իշխող կուսակցության կողմից և ենթարկվել ամեն տեսակ տառապանքի՝ չունենալով Իր գլուխը դնելու տեղ և ապաստան։ Չնայած դրան՝ Աստված, միևնույն է, շարունակում է այն գործը, որ Նա մտադիր է անել. Նա խոսում և արտահայտում է խոսքեր և տարածում ավետարանը։ Որևէ անձ չի կարող ըմբռնել Աստծու ամենակարողությունը։ Չինաստանում՝ մի երկրում, որն Աստծուն համարում է թշնամի, Աստված երբեք չի դադարեցրել Իր գործը։ Փոխարենը՝ ավելի շատ մարդիկ են ընդունել Նրա գործն ու խոսքը, քանի որ Աստված փրկում է մարդկության յուրաքանչյուր անդամին հնարավոր առավելագույն չափով։ Մենք բոլորս հավատում ենք, որ ոչ մի երկիր կամ ուժ չի կարող խոչընդոտել այն, ինչ Աստված մտադիր է իրագործել, և որ նրանք, ովքեր փորձում են խանգարել Աստծու գործին, ովքեր դիմակայում են Աստծու խոսքին, և ովքեր անհանգստացնում ու փորձում են վնասել Աստծու ծրագիրը, ի վերջո կպատժվեն Աստծուց։ Ցանկացած մարդ, որը դիմակայում է Աստծու գործին, Աստծու կողմից կվտարվի դժոխք. ցանկացած երկիր, որը դիմակայում է Աստծու գործին, կկործանվի Աստծու կողմից. ցանկացած ազգ, որը ոտքի է կանգնում՝ հակադրվելու Աստծու գործին, Աստծու կողմից կջնջվի այս երկրից և կդադարի գոյություն ունենալ։ Ես հորդորում եմ բոլոր ազգերի և բոլոր երկրների և նույնիսկ բոլոր ոլորտների մարդկանց գալ և լսել Աստծու ձայնը, գալ և տեսնել Աստծու գործը և ուշադրություն դարձնել մարդկության ճակատագրին՝ այսպիսով դարձնելով Աստծուն ամենասուրբը, ամենապատվավորը, ամենաբարձրը և երկրպագության միակ առարկան մարդկության մեջ, և հնարավորություն տալով ողջ մարդկությանն ապրել Աստծու օրհնությունների մեջ, ճիշտ այնպես, ինչպես Աբրահամի սերունդներն ապրեցին Եհովայի խոստման ներքո, և ճիշտ այնպես, ինչպես Ադամն ու Եվան, որոնց Աստված ստեղծեց սկզբում, ապրեցին Եդեմի պարտեզում։
Աստծու գործը առաջ է սլանում հզոր ալիքի պես։ Ոչ ոք չի կարող ետ պահել Նրան, և ոչ ոք չի կարող կասեցնել Նրա ընթացքը։ Միայն նրանք, ովքեր ուշադիր լսում են Նրա խոսքերը, և ովքեր փնտրում ու ծարավ են Նրան, կարող են հետևել Նրա հետքերին և ստանալ Նրա խոստումը։ Նրանք, ովքեր չեն անում դա, կենթարկվեն անհաղթահարելի աղետի և արժանի պատժի։