Աստված է մարդու կյանքի աղբյուրը
Այն պահից, երբ լացով գալիս ես այս աշխարհ, դու սկսում ես կատարել քո պարտականությունները։ Հանուն Աստծու ծրագրի և Նրա սահմանման դու կատարում ես քո դերը և սկսում քո կյանքի ուղին։ Ինչպիսին էլ լինի քո կյանքի նախապատմությունը, և ինչպիսին էլ լինի քո առջև բացվող ուղին, միևնույն է, ոչ ոք չի կարող խուսափել Երկնքի ներդաշնակեցումից ու կարգավորումից, և ոչ ոք չի կարող տնօրինել իր սեփական ճակատագիրը, քանզի միայն Նա, ով գերիշխում է ամեն բանի վրա, կարող է կատարել այդպիսի գործ։ Մարդու գոյության սկզբից ի վեր Աստված մշտապես այս կերպ է իրականացրել Իր գործը՝ տնօրինելով տիեզերքը և ղեկավարելով ամեն բանի փոփոխության օրենքներն ու դրանց շարժման ուղեգիծը։ Ինչպես բոլոր բաները, մարդն էլ լուռ ու անգիտակցաբար սնուցվում է Աստծուց եկող քաղցրությամբ, անձրևով ու ցողով։ ինչպես ամեն բան, մարդն էլ անգիտակցաբար ապրում է Աստծու ձեռքի ներդաշնակեցման ներքո։ Մարդու սիրտն ու հոգին Աստծու ձեռքում են, և նրա կյանքի ամեն բան Աստծու աչքի առաջ է։ Անկախ նրանից՝ հավատում ես այս ամենին, թե ոչ, ամեն բան՝ կենդանի թե անկենդան, կշարժվի, կփոխվի, կնորանա և նույնիսկ կանհետանա Աստծու մտադրությունների համաձայն։ Ահա այսպես է Աստված գերիշխում ամեն բանի վրա։
Երբ գիշերն աննկատ մոտենում է, մարդը չի գիտակցում դա, քանզի մարդու սիրտը չի կարող զգալ, թե ինչպես է գիշերը գալիս և որտեղից է այն սկիզբ առնում Երբ գիշերն աննկատ հեռանում է, մարդը դիմավորում է ցերեկվա լույսը, սակայն որտեղից է գալիս լույսը, և ինչպես է այն հեռացնում գիշերվա խավարը, մարդու սիրտն ավելի անտեղյակ է, ավելի չգիտակցող։ Գիշերվա և ցերեկվա այս կրկնվող հերթափոխերը մարդկությանը տանում են մի ժամանակաշրջանից մյուսը, մի դարաշրջանի համատեքստից մյուսը՝ միաժամանակ ապահովելով, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում կատարվի Աստծու գործը, և յուրաքանչյուր դարում իրականացվի Նրա ծրագիրը։ Մարդն անցել է այս բոլոր տարբեր ժամանակաշրջաններով՝ հետևելով Աստծուն, սակայն չգիտի, որ Աստված գերիշխում է ամեն բանի և բոլոր կենդանի էակների ճակատագրի վրա, և չգիտի, թե ինչպես է Աստված ներդաշնակեցնում ու ուղղորդում ամեն բան։ Սա անհասանելի է այսօրվա մարդուն և նույնիսկ անցյալի մարդուն։ Իսկ թե ինչու, դրա պատճառը ոչ թե այն է, որ Աստծու գործերը չափազանց քողարկված են, կամ Աստծու ծրագիրը դեռ պետք է իրագործվի, այլ այն, որ մարդու սիրտն ու հոգին չափազանց հեռու են Աստծուց, այն աստիճան, որ մարդը մնում է Սատանայի ծառայության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ «հետևում է Աստծուն» և դեռևս չի գիտակցում դա։ Ոչ ոք ակտիվորեն չի որոնում Աստծու հետքերը ու Աստծու հայտնվելը, և ոչ ոք չի ցանկանում գոյություն ունենալ Աստծու հոգածության և պաշտպանության ներքո։ Փոխարենը նրանք պատրաստ են ընդունել Սատանայի՝ չար դևի քայքայումը՝ այս աշխարհին հարմարվելու համար և այն գոյության կանոններին, որոնց հետևում է այս չար մարդկությունը։ Այդժամ մարդու սիրտն ու հոգին դառնում են այն տուրքը, որը մարդը մատուցում է Սատանային, և դառնում են Սատանայի կերակուրը։ Ավելին, մարդու սիրտն ու հոգին դառնում են մի վայր, որտեղ բնակվում է Սատանան, ինչպես նաև իրեն իրավամբ պատկանող խաղավայրը։ Այսպես է մարդն անգիտակցաբար կորցնում անձնական վարքի սկզբունքների, ինչպես նաև մարդկային գոյության արժեքի և նշանակության իր հասկացողությունը։ Աստծու օրենքները և Աստծու ու մարդու միջև ուխտն աստիճանաբար մշուշվում են մարդու սրտում, և նա այլևս չի փնտրում Աստծուն ու ուշադրություն չի դարձնում Նրան։ Ժամանակի ընթացքում մարդը կորցրել է Աստծու կողմից իրեն ստեղծելու իմաստի հասկացողությունը և չի հասկանում Աստծու բերանից ելած խոսքերը և այն ամենը, ինչ Աստծուց է գալիս։ Այնուհետև մարդն սկսում է դիմակայել Աստծու օրենքներին ու կանոնադրություններին, և նրա սիրտն ու հոգին բթանում են… Աստված կորցնում է մարդուն, որին ստեղծել էր սկզբում, իսկ մարդը կորցնում է այն արմատը, որն ի սկզբանե ուներ. սա է այս մարդկության ողբերգությունը։ Իրականում, հենց սկզբից մինչ այժմ, Աստված մարդկության համար մի ողբերգություն է բեմադրել, որտեղ մարդը և՛ գլխավոր դերակատարն է, և՛ զոհը։ Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ով է այս ողբերգության բեմադրիչը։
Աշխարհի անծայրածիր տարածության մեջ անհաշիվ անգամ օվկիանները տիղմով լցվելով դարձել են դաշտեր, իսկ դաշտերը հեղեղվելով՝ օվկիաններ։ Բացի Նրանից, ով գերիշխանություն ունի բոլոր բաների մեջ ամեն ինչի վրա, չկա մեկը, որ կարող է առաջնորդել և ուղղորդել այս մարդկությանը։ Չկա «հզոր մեկը», որ տքնի կամ պատրաստություններ տեսնի այս մարդկության համար, առավել ևս, չկա մեկը, որ կարող է այս մարդկությանը առաջնորդել դեպի լուսավոր հանգրվան և ազատել մարդկային աշխարհի անարդարություններից։ Աստված ողբում է մարդկության ապագայի համար, Նա վշտանում է մարդկության անկման պատճառով և ցավ է ապրում, որ մարդկությունը քայլ առ քայլ գնում է դեպի քայքայում և անվերադարձ ճանապարհ։ Ոչ ոք երբևէ չի խորհել այս մասին. ո՞ւր է գնում այսպիսի մարդկությունը, որը խորապես կոտրել է Աստծու սիրտը և լքել Նրան՝ չարին որոնելու համար։ Հենց այս պատճառով է, որ ոչ ոք չի փորձում զգալ Աստծու բարկությունը, ոչ ոք չի փնտրում այն ուղին, որը հաճելի է Աստծուն և ոչ ոք չի փորձում մոտենալ Նրան, և, առավել ևս, որ ոչ ոք չի փորձում ապրումակցել Աստծու վշտին ու ցավին։ Նույնիսկ Աստծու ձայնը լսելուց հետո մարդը շարունակում է գնալ իր սեփական ճանապարհով, շարունակում է երես թեքել Աստծուց՝ խուսափելով Աստծու շնորհքից ու հոգածությունից և խուսանավելով Նրա ճշմարտությունից՝ նախընտրելով իրեն վաճառել Սատանային՝ Աստծու թշնամուն։ Եվ ո՞վ է երբևէ մտածել այս մասին, որ եթե մարդը շարունակի համառել, ինչպե՞ս կվարվի Աստված այս մարդկության հետ, որն այսպես բացարձակ անտեսում է Նրան։ Ոչ ոք չգիտի, որ Աստծու՝ մարդուն ուղղված կրկնվող հիշեցումների և հորդորների պատճառն այն է, որ Նա արդեն Իր ձեռքերում պատրաստել է մինչ այժմ չտեսնված արհավիրքներ՝ այնպիսիք, որոնք անտանելի կլինեն մարդու մսեղիի և հոգու համար՝ ոչ միայն մսեղիի պատիժ, այլև ուղղված մարդու հոգուն։ Դու պիտի իմանաս սա․ ինչպիսի՞ բարկություն կթափի Աստված, երբ Նրա ծրագիրը ի դերև ելնի, և երբ Նրա հիշեցումներն ու հորդորներն անպատասխան մնան։ Դա կլինի մի բան, որի նմանը երբևէ ոչ մի արարած փորձառաբար չի ապրել ու չի իմացել։ Ուստի, ասում եմ՝ այս արհավիրքներն աննախադեպ են և երբեք չեն կրկնվի։ Քանզի Աստծու ծրագիրն է միայն մեկ անգամ ստեղծել մարդկություն և միայն մեկ անգամ փրկել այն։ Սա առաջին անգամն է ու նաև՝ վերջինը։ Ուստի, ոչ ոք չի կարող խորապես ըմբռնել Աստծու՝ այս անգամ մարդկությանը փրկելու հոգատար մտադրություններն ու բուռն ակնկալիքը։
Աստված ստեղծեց այս աշխարհն ու այստեղ բերեց մարդուն՝ մի կենդանի էակի, որին կյանք պարգևեց։ Հետո մարդը ծնողներ ու ազգականներ ունեցավ ու այլևս միայնակ չէր։ Այն պահից, երբ մարդն առաջին անգամ տեսավ այս նյութական աշխարհը, նրան վիճակված էր գոյություն ունենալ Աստծու սահմանման ներքո։ Աստծուց եկող կյանքի շունչն է, որ սատարում է յուրաքանչյուր կենդանի էակի՝ նրա հասունանալու և չափահաս դառնալու ողջ ընթացքում։ Այս ընթացքում ոչ ոք չի զգում, որ մարդը գոյություն ունի ու մեծանում է Աստծու հոգածության ներքո, այլ կարծում են, թե մարդը մեծանում է ծնողական դաստիարակության շնորհիվ, և որ նրա սեփական կյանքի բնազդն է, որ մղում է իր աճը։ Դա այն պատճառով է, որ մարդը չգիտի, թե ով է իրեն կյանք պարգևել, կամ որտեղից է այն ծագել, առավել ևս այն ուղին, որով կյանքի բնազդը հրաշքներ է գործում։ Նա միայն գիտի, որ սնունդն է այն հիմքը, որի վրա իր կյանքը շարունակվում է, որ հաստատակամությունն է նրա կյանքի գոյության աղբյուրը, և որ նրա մտքում եղած համոզմունքներն այն կապիտալն են, որից նրա գոյատևումը կախված է։ Մարդը բոլորովին անտեղյակ է Աստծու շնորհքի ու ապահովման մասին, և ահա այսպես է նա վատնում Աստծուց իրեն պարգևված կյանքը… Ոչ մի մարդ, որին Աստված օր ու գիշեր հսկում է, ինքնակամ չի գալիս Նրան երկրպագելու։ Աստված պարզապես գործ է կատարում այն մարդու վրա, որից որևէ ակնկալիք չկա, ինչպես Ինքը ծրագրել է։ Նա այդպես է անում այն հույսով, որ մի օր մարդը կարթնանա իր երազից ու հանկարծ կհասկանա կյանքի արժեքն ու իմաստը, այն գինը, որն Աստված վճարել է այն ամենի համար, որ Նա շնորհել է նրան, և այն փափագը, որով Աստված խորապես տենչում է, որ մարդը դարձի գա դեպի Իրեն։ Ոչ ոք երբևէ չի ուսումնասիրել մարդու կյանքի ծագման և շարունակության գաղտնիքները։ Միայն Աստված, ով հասկանում է այս ամենը, լուռ տանում է Աստծուց ամեն ինչ ստացած, բայց անշնորհակալ մարդու հասցրած ցավն ու հարվածները։ Մարդը կյանքի պարգևած ամեն ինչ վայելում է որպես միանգամայն բնական բան, և նույն կերպ Աստծու՝ մարդու կողմից դավաճանվելը, մոռացվելն ու շորթվելը ևս «միանգամայն բնական բան» է համարվում։ Մի՞թե Աստծու ծրագիրն իսկապես այդքան կարևոր է։ Մի՞թե Աստծու ձեռքից սկիզբ առած այս կենդանի էակը՝ մարդը, իսկապես այդքան կարևոր է։ Աստծու ծրագիրն անկասկած կարևոր է․ այնուամենայնիվ, Աստծու ձեռքով ստեղծված այս կենդանի էակը գոյություն ունի հանուն Նրա ծրագրի։ Ուստի, Աստված չի կարող կործանել Իր ծրագիրը մարդկության հանդեպ ունեցած ատելության պատճառով։ Հանուն Իր ծրագրի և Իր բերանից արտաշնչած շնչի է, որ Աստված կրում է բոլոր տառապանքները ոչ թե մարդու մսեղիի այլ մարդու կյանքի համար։ Նա այդպես է անում, որպեսզի հետ վերցնի ոչ թե մարդու մսեղին, այլ այն կյանքը, որն Ինքը շնչեց նրա մեջ։ Սա է Նրա ծրագիրը։
Բոլոր նրանք, ովքեր գալիս են այս աշխարհ, պետք է անցնեն կյանքի և մահվան միջով, և նրանց մեծ մասն անցել է մահվան ու վերածննդի շրջապտույտի միջով։ Ողջերը շուտով կմեռնեն, իսկ մեռածները շուտով կվերադառնան։ Այս ամենը յուրաքանչյուր կենդանի էակի համար Աստծու կարգավորած կյանքի ընթացքն է։ Սակայն հենց այս ընթացքն ու այս շրջապտույտն են այն փաստը, որ Աստված ցանկանում է՝ մարդը տեսնի․ որ Աստծու կողմից մարդուն պարգևված կյանքն անվերջ է, սահմանափակված չէ մարմնականության, ժամանակի կամ տարածության մեջ։ Այդպիսին է Աստծու կողմից մարդուն պարգևված կյանքի խորհուրդը և ապացույցը, որ կյանքը Նրանից է եկել։ Թեև շատերը կարող են չհավատալ, որ Աստված է մարդուն կյանք տվել, մարդն անխուսափելիորեն վայելում է այն ամենը, ինչ գալիս է Աստծուց՝ անկախ նրանից՝ հավատում է Նրա գոյությանը, թե ժխտում է այն։ Եթե հանկարծ մի օր Աստված փոխի Իր մտադրությունները ու ցանկանա հետ վերցնել երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան ու Իր տված կյանքը, ապա այլևս ոչինչ չի լինի։ Աստված Իր կյանքով է սնում ամեն բան՝ և՛ կենդանի, և՛ անկենդան՝ Իր մեծ զորության ու իշխանության շնորհիվ ամեն ինչ կարգի բերելով. սա մի փաստ է, որը ոչ ոք չի կարող պատկերացնել կամ ըմբռնել։ Այս անըմբռնելի փաստերը հենց Աստծու կյանքի ուժի դրսևորումն ու վկայությունն են։ Հիմա արի քեզ մի գաղտնիք ասեմ․ Աստծու կյանքի մեծությունն ու Նրա կյանքի զորությունն անըմբռնելի են ցանկացած արարածի համար։ Այդպես է հիմա, այդպես է եղել անցյալում, և այդպես էլ կլինի գալիք ժամանակներում։ Երկրորդ գաղտնիքը, որ ուզում եմ հայտնել, սա է. բոլոր արարածների կյանքի ակունքն Աստված է։ Ինչքան էլ նրանք տարբերվեն իրենց կենսաձևով ու կառուցվածքով, և անկախ նրանից, թե ինչ տեսակի կենդանի էակ են, ոչ մի արարած չի կարող հակառակ գնալ Աստծու կողմից սահմանված կյանքի ուղեգծին։ Ինչևէ, իմ միակ ցանկությունն այն է, որ մարդը հասկանա սա. առանց Աստծու հոգածության, պաշտպանության ու ապահովման մարդը չի կարող ստանալ այն ամենը, ինչ նախատեսված է իր համար, որքան էլ ջանասիրաբար փորձի կամ որքան էլ անխոնջ մաքառի։ Առանց Աստծու կողմից կյանքի ապահովման մարդը կորցնում է ապրելու արժեքն ու կյանքի իմաստը։ Ինչպե՞ս կարող էր Աստված թույլ տալ, որ մարդը, որ զուր տեղը վատնում է Իր կյանքի արժեքը, այդքան անհոգ լինի։ Ինչպես արդեն ասել եմ, մի՛ մոռացիր, որ Աստված է քո կյանքի ակունքը։ Եթե մարդը չփայփայի այն ամենը, ինչ Աստված պարգևել է, Աստված ոչ միայն հետ կվերցնի այն, ինչ տվել էր սկզբում, այլև մարդուց կրկնակի հատուցում կպահանջի Իր պարգևած ամեն ինչի դիմաց։
2003 թ. մայիսի 26