Աստված Տերն է բոլոր արարածների
Երկու նախորդ դարաշրջանների գործի մեկ փուլն իրականացվել էր Իսրայելում, իսկ մյուսը՝ Հրեաստանում։ Ընդհանուր առմամբ, այդ գործի ոչ մի փուլ դուրս չի եկել Իսրայելի սահմաններից, և յուրաքանչյուրն իրականացվել է առաջին ընտրյալ ժողովրդի վրա։ Արդյունքում, իսրայելացիները հավատում են, որ Եհովա Աստվածը միայն իսրայելացիների Աստվածն է։ Քանի որ Հիսուսը գործել է Հրեաստանում, որտեղ Նա ավարտին է հասցրել խաչելության գործը, հրեաները Նրան դիտում են որպես հրեա ժողովրդի Փրկագնողը։ Նրանք կարծում են, թե Նա բացառապես հրեաների Թագավորն է, ոչ թե որևէ այլ ժողովրդի, որ Նա բրիտանացիներին փրկագնող Տերը չէ, ոչ էլ ամերիկացիներին փրկագնող Տերը, այլ այն Տերը, ով փրկագնում է իսրայելացիներին, և որ հենց հրեաներին է Նա փրկագնել Իսրայելում։ Իրականում Աստված է բոլոր բաների Գերիշխանը։ Նա է բոլոր արարածների Աստվածը։ Նա միայն իսրայելացիների կամ հրեաների Աստվածը չէ, Նա բոլոր արարածների Աստվածն է։ Նրա գործի նախորդ երկու փուլերը տեղի են ունեցել Իսրայելում, և մարդիկ որոշակի պատկերացումներ են ձևավորել դրա արդյունքում։ Նրանք հավատում են, որ Եհովան Իր գործը կատարել է Իսրայելում, որ Հիսուսն Ինքն իրականացրել է Իր գործը Հրեաստանում և, ավելին, որ Հիսուսը կատարել է Իր գործը մսեղիում։ Ինչ էլ որ եղած լիներ, նրանք կարծում են, որ այդ գործն Իսրայելի սահմաններից դուրս չի տարածվել։ Աստված չգործեց եգիպտացիների կամ հնդիկների վրա, այլ միայն իսրայելացիների վրա։ Այսպիսով, մարդիկ ձևավորում են տարբեր պատկերացումներ և սահմանափակում Աստծու գործը որոշակի շրջանակով։ Նրանք ասում են, որ երբ Աստված գործում է, Նա պարտադիր պետք է դա անի ընտրյալ ժողովրդի վրա և Իսրայելում. իսրայելացիներից բացի Աստված ուրիշների վրա չի գործում, ոչ էլ Նրա գործի շրջանակն է ավելի մեծ։ Նրանք հատկապես խիստ են, երբ խոսքը վերաբերում է մարմնացյալ Աստծուն սահմանների մեջ պահելուն, և թույլ չեն տալիս, որ Նա դուրս գա Իսրայելի սահմաններից։ Արդյո՞ք այս ամենը պարզապես մարդկային պատկերացումներ չէ։ Աստված ստեղծել է երկինքները ու երկիրը և բոլոր բաները, Նա ստեղծել է բոլոր արարածներին, ուստի ինչպե՞ս կարող էր Իր գործը սահմանափակել միայն Իսրայելով։ Եթե այդպես լիներ, ապա ի՞նչ իմաստ կունենար բոլոր արարածների ստեղծումը։ Նա ստեղծել է ամբողջ աշխարհը և Իր վեցհազարամյա տնօրինման ծրագիրն իրականացրել է ոչ միայն Իսրայելում, այլ տիեզերքի յուրաքանչյուր մարդու վրա։ Անկախ նրանից՝ չինացի ես, ամերիկացի, բրիտանացի, թե ռուս, յուրաքանչյուր մարդ Ադամի հետնորդն է, և բոլորն էլ Աստծու կողմից ստեղծված են։ Նրանցից ոչ մեկը չի կարող դուրս գալ արարած լինելու սահմաններից, և ոչ մեկն էլ չի կարող իրեն զատել «Ադամի հետնորդ» կոչումից։ Նրանք բոլորը արարածներ են, բոլորն էլ Ադամի սերունդն են և միևնույն ժամանակ Ադամի ու Եվայի ապականված ժառանգները։ Միայն իսրայելացիները չեն, որ արարածներ են, այլ բոլոր մարդիկ. պարզապես ոմանք անիծյալ են, ոմանք էլ՝ օրհնյալ։ Իսրայելացիներին առնչվող շատ ընդունելի բաներ կան. սկզբում Աստված գործում էր նրանց վրա, քանզի նրանք ամենաքիչն էին ապականված։ Չինացիները չեն կարող համեմատվել նրանց հետ. նրանք շատ ավելի ցածր որակի են։ Ուստի, Աստված սկզբում գործել էր Իսրայելի ժողովրդի մեջ, և Նրա աշխատանքի երկրորդ փուլն իրականացվել էր միայն Հրեաստանում, ինչի արդյունքում մարդկանց մեջ ձևավորվել են բազմաթիվ պատկերացումներ և կանոններ։ Իրականում, եթե Աստված գործեր մարդկանց պատկերացումների համաձայն, ապա Նա կլիներ միայն իսրայելացիների Աստված և չէր կարողանա Իր աշխատանքը տարածել հեթանոս ազգերի մեջ, որովհետև այդ դեպքում Նա կլիներ միայն իսրայելացիների Աստված, բայց ոչ բոլոր արարածների Աստված։ Մարգարեություններում ասվում է, որ Եհովայի անունը բարձր կլինի հեթանոս ազգերի մեջ, և որ այն կտարածվի հեթանոսների մեջ։ Ինչո՞ւ էր սա մարգարեացվել։ Եթե Աստված միայն իսրայելացիների Աստված լիներ, ապա Նա կգործեր միայն Իսրայելում։ Ավելին, Նա չէր տարածի այս աշխատանքը և նման մարգարեություն չէր անի։ Քանի որ Նա իսկապես արել է այս մարգարեությունը, ապա անպայմանորեն Իր գործը կտարածի հեթանոս ազգերի մեջ՝ յուրաքանչյուր երկրում և բոլոր վայրերում։ Քանի որ Նա ասել է սա, ապա պետք է կատարի. սա Նրա ծրագիրն է, քանզի Նա է Տերը, ով ստեղծել է երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, և Նա է Աստված բոլոր արարածների։ Անկախ նրանից՝ Նա գործում է իսրայելացիների վրա, թե ամբողջ Հրեաստանում, այն աշխատանքը, որը Նա իրականացնում է, ամբողջ տիեզերքի և ողջ մարդկության գործն է։ Այն գործը, որ Նա այսօր կատարում է մեծ կարմիր վիշապի երկրում՝ հեթանոս ազգի մեջ, դեռևս ողջ մարդկության գործն է։ Իսրայելը կարող էր լինել Նրա աշխատանքի հիմքը երկրի վրա․ նույն կերպ Չինաստանը կարող է լինել Նրա աշխատանքի հիմքը հեթանոս ազգերի մեջ։ Արդյո՞ք Նա այժմ չի իրականացրել այն մարգարեությունը, որ «Եհովայի անունը բարձր կլինի հեթանոս ազգերի մեջ»։ Հեթանոս ազգերի մեջ Նրա աշխատանքի առաջին քայլը հենց այս գործն է, այն գործը, որը Նա կատարում է մեծ կարմիր վիշապի երկրում։ Այն, որ մարմնացած Աստված պետք է գործի այս երկրում և գործի այս անիծյալ ժողովրդի վրա, հատկապես հակասում է մարդկային պատկերացումներին. նրանք ամենացածրն են բոլոր մարդկանցից, նրանք արժեք չունեն և ի սկզբանե լքված էին Եհովայի կողմից։ Մարդիկ կարող են լքվել այլ մարդկանց կողմից, բայց եթե լքվել են Աստծու կողմից, ապա ոչ ոք նրանցից ավելի ցածր կարգավիճակ չունի, ոչ ոք ավելի քիչ արժեք չունի։ Արարածի համար Սատանայի տիրապետության տակ լինելը կամ մարդկանց կողմից լքվելը շատ ցավալի է, սակայն Արարչի կողմից լքված լինելն արարածի համար նշանակում է, որ նա այլևս չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ։ Մովաբի սերունդներն անիծվել և ծնվել էին այս հետամնաց երկրում. անկասկած, խավարի ազդեցության տակ գտնվող բոլոր մարդկանցից Մովաբի սերունդներն ունեն ամենացածր կարգավիճակը։ Քանի որ այս մարդիկ մինչ այժմ եղել են ամենացածր կարգավիճակում, նրանց վրա կատարվող աշխատանքը ամենից շատ է խափանում մարդկային պատկերացումները, ինչպես նաև ամենաշատն է նպաստում Աստծու վեցհազարամյա տնօրինման ամբողջ ծրագրին։ Այս մարդկանց վրա նման աշխատանք իրականացնելը ամենից լավ է կարողանում կոտրել մարդկային պատկերացումները, և սրանով Աստված սկսում է մի դարաշրջան, սրանով Նա խափանում է բոլոր մարդկային պատկերացումները, սրանով Նա ավարտում է ամբողջ Շնորհքի դարաշրջանի աշխատանքը։ Նրա սկզբնական գործն իրականացվել էր Հրեաստանում՝ Իսրայելի սահմանների ներսում․ նոր դարաշրջան սկսելու համար հեթանոս ազգերի մեջ Նա որևէ գործ չէր կատարել։ Աշխատանքի վերջին փուլը կատարվում է ոչ միայն հեթանոսների վրա, այլ առավել ևս անիծյալների վրա։ Այս փաստն ամենահզոր ապացույցն է, որը կարող է նվաստացնել Սատանային, և այսպիսով, Աստված «դառնում է» տիեզերքի բոլոր արարածների Աստված, բոլոր բաների Տերը, կյանք ունեցող ամեն բանի երկրպագության օբյեկտը։
Այսօր կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում, թե Աստված ինչ նոր աշխատանք է սկսել։ Հեթանոս ազգերի մեջ Աստված մեկնարկեց նոր սկիզբ։ Նա սկսեց նոր դարաշրջան և նախաձեռնեց նոր գործ, և Նա իրականացնում է այս աշխատանքը Մովաբի սերունդների վրա։ Արդյոք սա Նրա նորագույն գործը չէ՞։ Մինչ այդ դարերի և սերունդների ընթացքում ոչ ոք երբևէ փորձառաբար չի ապրել այս գործը։ Ոչ ոք նույնիսկ չի լսել դրա մասին, առավել ևս՝ չի գնահատել այն։ Աստծու իմաստությունը, Աստծու հրաշքը, Աստծու անըմբռնելիությունը, Աստծու մեծությունը և Աստծու սրբությունը՝ բոլորը հայտնի են դարձվում այս՝ վերջին օրերի գործի փուլում։ Արդյոք սա նոր գո՞րծ չէ, գործ, որը կոտրում է մարդկային պատկերացումները։ Կան մարդիկ, ովքեր մտածում են այսպես. «Քանի որ Աստված անիծել էր Մովաբին և ասել, որ կլքի Մովաբի սերունդներին, ապա ինչպե՞ս կարող էր այժմ փրկել նրանց»։ Սրանք այն հեթանոսներն են, ովքեր անիծվել էին Աստծու կողմից և վտարվել Իսրայելից. իսրայելացիները նրանց կոչում էին «հեթանոս շներ»։ Բոլորի աչքերում նրանք ոչ միայն հեթանոս շներ են, այլ նույնիսկ ավելի վատ՝ որդիներ, որոնք կորչելու են, այսինքն՝ նրանք Աստծու ընտրյալ մարդիկ չեն։ Թեև նրանք սկզբնապես ծնվել են Իսրայելի սահմաններում, նրանք Իսրայելի ժողովրդի մաս չեն և արտաքսվել էին հեթանոս ազգերի մեջ։ Նրանք բոլոր մարդկանցից ամենացածրն են։ Հենց այս պատճառով, որ նրանք մարդկության մեջ ամենացածրն են, Աստված նրանց վրա է իրականացնում Իր՝ նոր դարաշրջան մեկնարկելու գործը, քանի որ նրանք ապականված մարդկության ներկայացուցիչներն են։ Աստծու գործն ընտրություն չունեցող և աննպատակ չէ. այն գործը, որը Նա այսօր կատարում է այս մարդկանց վրա, նույնպես կատարվում է արարածների վրա։ Նոյն արարած էր, ինչպես և նրա սերունդները։ Աշխարհում յուրաքանչյուրը, ով միս ու արյունից է, արարած է։ Աստծու աշխատանքն ուղղված է բոլոր արարածներին. այն կախված չէ նրանից՝ որևէ մեկը անիծյալ է արարումից հետո, թե ոչ։ Նրա տնօրինման գործն ուղղված է բոլոր արարածներին, այլ ոչ այն ընտրյալ մարդկանց, որոնք անիծյալ չեն։ Քանի որ Աստված մտադիր է Իր գործը կատարել Իր արարածների վրա, Նա անպայման հաջողությամբ կավարտի այն և կգործի այն մարդկանց վրա, ովքեր օգտակար են Նրա աշխատանքի համար։ Ուստի, երբ Նա աշխատում է մարդկանց վրա, Նա խախտում է բոլոր կանոնները. «անիծված», «պատժված» և «օրհնված» բառերը գոյություն չունեն Նրա համար։ Հրեաները լավն են, ինչպես Իսրայելի ընտրյալ մարդիկ. նրանք բարձր որակի և լավ մարդկայնության տեր մարդիկ են։ Սկզբում հենց նրանց վրա Եհովան սկսեց Իր գործը և կատարեց Իր առաջին աշխատանքը, բայց նրանց այսօր նվաճման գործի հասցեատերեր դարձնելն անիմաստ կլիներ։ Նրանք նույնպես կարող են արարածների մի մասը լինել, և նրանք կարող են ունենալ շատ դրական կողմեր, սակայն գործի այս փուլը նրանց վրա իրականացնելն աննպատակ կլիներ. այն չէր կարողանա նվաճել մարդկանց, ոչ էլ կկարողանար համոզել բոլոր արարածներին։ Հենց սա է իմաստը, որ Նա Իր գործը տեղափոխում է դեպի մեծ կարմիր վիշապի երկրի այս մարդիկ։ Այստեղ ամենամեծ նշանակությունն ունեն Նրա՝ նոր դարաշրջան սկսելը, բոլոր կանոնները և մարդկային բոլոր պատկերացումները կոտրելը, ինչպես նաև ողջ Շնորհքի դարաշրջանի գործն ավարտելը։ Եթե Նրա ընթացիկ գործը դեռևս կատարվեր իսրայելացիների վրա, ապա երբ Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագիրը հասներ ավարտին, բոլորը կհավատային, թե Աստված միայն իսրայելացիների Աստված է, թե միայն իսրայելացիներն են Աստծու ընտրյալ ժողովուրդը, և միայն նրանք են արժանի ժառանգելու Աստծու օրհնությունն ու խոստումը։ Վերջին օրերին Աստծու մարմնացումը մեծ կարմիր վիշապի հեթանոսական երկրում ավարտին է հասցնում բոլոր արարածների Աստված լինելու Իր գործը, ավարտում է Իր տնօրինման ամբողջ գործը և ավարտին է հասցնում Իր տնօրինման գործի կենտրոնական մասը մեծ կարմիր վիշապի երկրում։ Աշխատանքի այս երեք փուլի առանցքը մարդու փրկությունն է, այսինքն՝ բոլոր արարածներին Արարչին պաշտողներ դարձնելը։ Ուստի աշխատանքի յուրաքանչյուր փուլն ունի մեծ նշանակություն. Աստված երբեք չի անում մի բան, որը չունի իմաստ կամ արժեք։ Մի առումով՝ աշխատանքի այս փուլը սկիզբ է դնում նոր դարաշրջանի և ավարտում նախորդ երկու դարաշրջանները, մյուս առումով՝ այն կոտրում է բոլոր մարդկանց պատկերացումները և բոլոր մարդկանց հավատալու և բաները հասկանալու բոլոր հին ձևերը։ Նախորդ երկու դարաշրջանի աշխատանքը կատարվում էր տարբեր մարդկային պատկերացումների համաձայն, սակայն այս փուլն ամբողջությամբ վերացնում է մարդկային պատկերացումները՝ այսպիսով բացարձակապես նվաճելով մարդուն։ Նվաճելով Մովաբի սերունդներին, իրականացնելով գործը Մովաբի հետնորդների վրա՝ Աստված կնվաճի ողջ տիեզերքի մարդկանց։ Սա է Նրա գործի այս փուլի ամենախոր նշանակությունը, և սա է Նրա գործի այս փուլի ամենաարժեքավոր կողմը։ Նույնիսկ եթե այժմ գիտես, որ քո սեփական դիրքը ցածր է, և քո արժեքը ցածր է, դու, միևնույն է, կզգաս, որ ժառանգել ես այնպիսի մեծ օրհնություն և ստացել ես այնպիսի մեծ խոստում և որ կարող ես օգնել Աստծու՝ այս մեծ գործի իրականացմանը, տեսնել Աստծու իրական դեմքը, ճանաչել Աստծու ներհատուկ բնույթը և հետևել Աստծու կամքին, որը դու համարում ես ամենաուրախալի բանը։ Աստծու գործի նախորդ երկու փուլը իրականացվել է Իսրայելում։ Եթե վերջին օրերին Նրա գործի այս փուլը ևս կատարվեր իսրայելացիների վրա, ապա ոչ միայն բոլոր արարածները կհավատային, թե միայն իսրայելացիներն են Աստծու ընտրյալ ժողովուրդը, այլև Աստծու ամբողջ տնօրինման ծրագիրը չէր հասնի իր ցանկալի արդյունքին։ Այն ժամանակահատվածում, երբ Իսրայելում իրականացվում էր Նրա գործի երկու փուլը, հեթանոս ազգերի մեջ ոչ մի նոր գործ և ոչ էլ նոր դարաշրջան սկսող գործ չէր կատարվում։ Աշխատանքի այսօրվա փուլը՝ նոր դարաշրջան սկսելու գործը, սկզբնապես իրականացվում է հեթանոս ազգերի մեջ և առավել ևս՝ սկզբում կատարվում է Մովաբի սերունդների վրա՝ այսպիսով սկսելով ամբողջ դարաշրջանը։ Աստված կոտրել է մարդկային պատկերացումների մեջ եղած ամբողջ գիտելիքը՝ չթողնելով ոչինչ։ Իր նվաճման գործում Նա կոտրել է մարդկային պատկերացումները և բաները հասկանալու մարդկանց հին, վաղեմի միջոցները։ Նա թույլ է տալիս մարդկանց՝ տեսնեն, որ Աստծու մոտ կանոններ չկան, որ Աստծու մեջ հին ոչինչ չկա, որ Նրա արած գործը լիովին ազատագրված է, ամբողջովին ազատ, և որ Նա ճիշտ է այն ամենում, ինչ անում է։ Դու պետք է ամբողջությամբ հնազանդվես ցանկացած գործին, որը Նա իրականացնում է արարածների վրա։ Նրա կատարած բոլոր գործերն ունեն իմաստ և իրականացվում են Իր սեփական մտադրությունների և իմաստության համաձայն, այլ ոչ թե մարդկային ընտրությունների և պատկերացումների։ Եթե ինչ-որ բան օգտակար է Նրա գործին, Նա անում է այն, իսկ եթե օգտակար չէ, Նա չի անում՝ որքան էլ այն լավը լինի։ Նա գործում է և, համաձայն Իր գործի իմաստի և նպատակի, ընտրում Իր աշխատանքն ընդունողներին ու դրա վայրը։ Իր գործում Նա չի կառչում անցյալի կանոններից և չի հետևում հին բանաձևերին։ Փոխարենը՝ Նա ծրագրում է Իր գործն ըստ դրա նշանակության։ Վերջին հաշվով, Նա կհասնի իրական արդյունքի և ակնկալվող նպատակին։ Եթե դու չհասկանաս այս բաներն այսօր, ապա այս գործը քո մեջ արդյունք չի ունենա։